ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.05.2014

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Գուրգեն Մահարի

Ես նորից քեզ հետ եմ, ուսուցիչ, ինձ դառը բախտ վիճակվեց թերթելու քո թղթերը և գրելու դրանց մասին: 
Անհատի պաշտամունքի ամենադաժան շրջանը: Դու զինվեցիր լավատեսությամբ, աշունն անգամ դու երգեցիր որպես ուրիշ մի աշուն, որը բերեց իմաստության երգեր և ոչ թե մուժ ու մահ և անկումի գուժում: Ավաղ, մուժ եղավ ու մահ, անկումի գուժում: Ո՞րն էր ամենից սարսափելին այդ սև իրադարձություններում: Այդ մասին, ահա, քո տողերը՝ գրված քեզ հատուկ հոռետեսությամբ:
«Չկա ավելի ամեհի պատիժ, քան այն, երբ մարդուն դատապարտում են իբրև դավաճանողի մի գաղափարի դեմ, որը հենց նրա միակ սրբազան ու նրա կյանքի միակ գործն ու իմաստը կազմող գաղափարի գործն է: Եվ չկա ոչ մի միջոց այդ հասարակ, լույսի պես պարզ ճշմարտությունը ապացուցելու»:
Դուրսը նստած՝ ինչպես ճիշտ ես գուշակել դու, թե հիրավի, ինչ է կատարվում դաժան ներսում, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ բարոյական ու ֆիզիկական սպանդանոց: Դու պայծառ տողերով ողբացիր կամա-ակամա նահատակների մահու կորուստը: Դեռ տարիներ կապրես իբրև մասունք թաքուն կամ մի անցած հեռու նաիրյան միֆ: Այսպես երգեցիր դու եղեռնամահ Աղասի Խանջյանին ու Ակսել Բակունցին՝պայծառ նահատակ, մինչև հասար ու հավասարվեցիր նրանց: 
Որքան ճիգ, որքան ջանք ու ժամանակ ես վատնել դու ապացուցելու համար, որ դու այն ես, ինչ որ կաս և ոչ թե այն, ինչ քո հակառակորդները պատկերացրել են: Որքան մեծ ես դու և բյուրեղյա քո ոգորումների մեջ և որքան խեղճ, թշվառ ու անզոր քո հակառակորդների դեմ: 
1937թ. մարտի 28-ին, այսինքն՝ իր մահվանից ութ ամիս առաջ նա գրում է. «Զվարթ գիտություն. իմ քառասնամյա տարեդարձի օր: Այսօր լրանում է նաև իմ գրական գործունեության քսանհինգ տարին: Եվ ահա այսպես. քսանհինգ տարի ստեղծագործական աշխատանքով հայրենի ոգեկան հերկը հերկելուց հետո տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը մենակ ու հալածական պոետ, աքսորյալ սեփական հայրենիքում, դեռ մնացած մի քանի խեղճերի հախուռն ցնծության ներքո»: 
Կար այդ հախուռն ցնծությունը, և կային հախուռն ցնծացողներ... Չէր կարող երկար հնչել առնական, ազնիվ ձայնը ստալինյան դաժան 37 թվականի ահավոր մթնոլորտում, և ահա նույն թվականի հուլիսյան շոգ մի օր նա մեկնում է ամբաստանության փոսը: Բայց նա խորապես համոզված էր, որ ամենակարող ժամանակը հաշվի կնստի բռնության ասպետների հետ, և կբարձրանա ինքը հայ ժողովրդի սրտի պատվանդանին: Այդպես էլ եղավ: 
Հեռացար դու կյանքից, ուսուցիչ: Բայց մեր կյանքը, մեր գրական կյանքը լեցուն է քեզնով: Դու այնտեղ ես, որտեղ մի լավ բանաստեղծություն է գրվում: Դու ժպտում ես, երբ մի լավ գիրք է լույս տեսնում: Մենք քեզնով հպարտ ենք և աշխատում ենք, ստեղծագործում այնպես, որ դու միշտ ժպտաս: Ուսուցիչ, ընկեր և բարեկամ լավի, ազնիվի, առաջավորի:

(Կ. Թերզյանի «Բույլ մեծաց» գրքից)

ԱՂԲՅՈՒՐ՝   Ֆիմինե

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets