ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.06.2014

ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր երրորդ/

ՍԿԻԶԲԸ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՏԵՂ՝  /օր երկրորդ/

17 մարտ: Երկուշաբթի:
Կեսօրին մեկնեցի Այնճար: 
Մինչ մեկնելս Բուրջհամուդի նեղլիկ փողոցներով անցնելիս անակնկալ հանդիպում էի մարդկաց ում արդեն ճանաչում էի համացանցից: Շատերին նույնիսկ չէի հիշում, բայց ինչպես ասեց ընկերներիցս մեկը. «Ես մեկն եմ, իրենք շատ» /սա ծիծաղելու համար էր, ու մի լավ ծիծաղեցինք/:
Առավոտյան Կիրակոսի /Կիրօյի/ աշխատավայրում հանդիպեցի ինձ համար թանկ ընկերներիցս մեկին՝ Սերոբ Յակուբյանին: Աշխատավայրում նաեւ պիտի ծանոթանայի Համբիկ Պիլալյանին ու հոգումս գեղեցիկ հուշեր տանեի նրանից: Մի մարդուց, ում հայաշունչ խոսքը ես մի քանի անգամ տեղադրել էի իմ կայքում:
Ինձ համար անհատականություն դարձած այս մարդիկ պիտի ոգեւորության աղբյուր դառնային: Նրանց մեջ ես տեսա Հայրենիք: Նրանց աչքերում տեսա կարոտ ու փափագ, բայց միեւնուն ժամանակ վճռականություն ու սկզբունք:
Հեղափոխական երգերի մեկնաբան Մհեր Սարգսյանին շատ կուզեի հանդիպել: Ժողովրդի մեջ մի խոսք կա որ ասում է. -Եթե մի բանը շատ ես ուզում ուրեմն կստանաս: Ահա փողոցում հանկարծ մեկը կողքիս կանգնած բացականչեց. -Արա՞: Արա՜: Անակնկալները շարունակվում են, մտածեցի ես ու շրջվեցի... Մհերն էր: Իմ սիրելի ընկերը, որի հետ բախտ եմ ունեցել շփվելու նորագույն տեխնիկայի միջոցով /SKYPE-ով/: -Սիրելի՛ Արա վերջապես հանդիպեցինք, ասեց նա ու մենք գրկախառնվեցինք: Այնքան մոտ էի զգում ընկերոջը, որ հարազատի նման գրկել էր մեջքս ու ամուր սեղմում էր: Ի՞նչ էր սա, կարո՞տ... Հարգա՞նք... որ տածում էինք միմյանց հանդեպ... թե՞ պարզապես քաղաքավարության դրսեւորման սկզբունք: Ամեն դեպքում ես զգացի, որ նա էլ անակնկալի էր եկել ու չէր սպասում: Չէր սպասում, որ մի օր ինձ կհանդիպի Բուրջհամուդի մարդաշատ փողոցներում: 
Ընկերս ինձ հրավերք արեց, սակայն ես պիտի չկարողանայի ընդունել այն, որոնհետեւ րոպերեն անց պիտի մեկնեյի Այնճար:

Այնճա՜ր...
Գեղեցիկ, մաքուր, պարզ ու հայաշունչ այս գյուղաքաղաքը ինձ զարմացրեց իր ազգային կոլորիտով: Այստեղ ամեն ինչ հայկական էր:
Մեքենան կանգնեց Հովհաննես Խոշյանի տան դիմաց:
Ամեն ինչ այնքա՜ն հարազատ էր, կարծես 100 տարի եւ ավելին արդեն ճանաչում էի թե՞ տեղավայրը, թե՛ հյուրընկալող բարեկամներիս:
«Գայուստ Գյուլբենկյան» վարժարանի պատմություն առարկայի այս համեստ վարժապետը, կամ ինչպես ասում էին նրան՝ պարոնը ինձ ընդունեց ու հրավիրեց ներս:
Այստեղ այնքան հարազատ ու ազատ էի , որ մի պահ ինձ թվաց թե իմ ազգականներից մեկի տանն էի:
Խոսք ու զրույցից, հյուրասիրությունից հետո միասին դուրս եկանք եւ մի փոքր էքսկուրս անելով գյուղաքաղաքի «թագավորության» տարածքով գնացինք Այնճարում, պեղումների արդյունքում հայտնաբերված բերդաքաղաք: Դարերի խորքից մեզ հասած այս հոյակերտ քաղաքը իր ճարտարապետական ոճի մեջ, իր լուծումներով զարմացրեց ու միեւնույն ժամանակ հիացրեց ինձ: Գիդը, որ Այնճարցի մի համեստ երիտասարդ էր, շշմելու աստիճան ինձ հիացրեց իր բարձր իմացությամբ: Մանրամասն ներկայացրեց ու նկարագրեց քաղաքը, այնպե՞ս, որ ես մի պահ կորցրեցի իմ ժամանակի ու տեւողության զգացումը: Մեծ բավականություն ստացա այդ կարճ, բայց եւ բովանդակալից այցելությունից:
...Ահա մեքենան կանգնեց Ժակ Տաղլյանի խանութի դիմաց: 
Վերջապես հանդիպեցի մի մարդու, ով քիչ թե շատ պատմեց Լիզբոնի Վաչեի կյանքի ու գործի մասին: Մարդ, որ մի ամբողջ հավերժություն կողք կողքի ապրել է Վաչեի հետ ու կիսել նրա ամեն մտայնություններն ու իմացությունը: Կիսել հացի վերջին պատառը, խաղացել ու կռվել...
...Այս զրույցի ընթացքում ես ինձ համար շա՜տ ու շա՜տ հարցերի սպառիչ պատասխաններ ստացա: Միայն ցավում եմ, որ չպիտի կարողանամ զրույցը ներկայացնել մանրամասնորեն, որոշ նկատառումներից ելնելով:
Ինչեւէ...
«Պարոն» Հովհաննեսի հետ մեկնեցինք Այնճարի ազգային գերեզմանատուն, ուր ես կանգնեցի նորագույն ազատագրական պայքարի առաջին փամփուշտներն արձակող հայորդիներից մեկի՝ Պետիկ Ինջեյանի շիրմաքարի դեմ դիմաց ու...
Հպարտ էի կանգնած, բայց միեւնույն ժամանակ ամաչում էի: Ամաչում էի, որ ես միայն վերջին շրջանում էի իմացել այս ժողովրդային հերոսին, նոր-նոր էի ծանոթացել նրա գործին ու սխրանքին:
...Բարեւ Պետիկ, ներողություն եմ խնդրում իմ ու հարյուրավոր հայրենակիցներիդ անունից, որ քեզ չէինք կարողացել կարդալ... Սիրելի ընկերս, խոստանում եմ այսուհետ քեզ իմ մեջ պահել... Պատմել քո մասին: Խոսել ու նկարագրել քեզ: Ների՛ր ընկեր, ների՛ր, որ քեզ ծաղիկներ չեմ բերել: Չնայած նրան, որ դու այսուհետ թարմ ես մնալու հիշողությանս մեջ...
Ձեռքս հպելով շիրմաքարին մտքումս, եւ ապա շշնջալով միայն կարողացա արտաբերել այս մեկ երկու նախադասությունը: Ես հպարտ էի, հպարտ էի, որ գոնե տարիներ հետո միայն կարողացա տեսնել ազգիս վրիժառու բազուկի շարունակողին: Տեսա ու...
Երեկոյացավ... Մեքենան կանգնեց «Ժողովրդային տան» դիմաց:
Շենքի ներսում հավաքվել էին գյուղաքաղաքի հիմնականում տարեց բնակիչներն ու խմբերի բաժանված խոսում, կիսվում էին առօրյա հոգսերով ու միայն թեթեւանում սեղանի տարբեր խաղերի շուրջ:
Ընկեր Հովհաննեսի հետ բարձրացանք երկրորդ հարկ ուր իրենց առանձնասենյակում էին հավաքվել «Կարմիր Լեռ» կոմիտեի քարոզադաստիարակչական հանձնախումը: Սենյակում տեսա նաեւ Հայրենիքի մեջ Լիզբոնի գործողության 30 ամյակի շրջանակներում Սասնաշեն գյուղում ացկացրած միջոցառմանը ներկա ընկեր Հակոբ Այնթափլյանին: Կարոտս խեղդելու համար ամուր գրկեցի ընկերոջն ու աչքերս փայլեցին:
Այս ի՞նչ է  աստված իմ, այսքան մոտիկ ու հարազատ զգացու՞մ: Ինչու՞ մարդիկ երբեք չեն կարողանում մոռանալ միմյանց...
...Ընկերների հետ խոսեցինք, զրուցեցինք, կիսվեցինք մտքերով, քննարկեցինք անցած ու գալիք միջոցառումների ծրագրերն ու անելիքները: Պայմանավորվեցինք օգտակար լինել միմյանց, որ կարողանանք ազգային գետնի վրա որոշակի հաջողություններ արձանագրել: Հանձնախմբի ընկերները ինձ համար երբեւէ ցանկալի նվերներ էին պատրաստել... Գրքեր... գրքեր, որոնք պատմում էին Էրգրի, պատմական Կիլիկիայի, Այնճարի ու Մուսա լեռան մասին:
...Այդ երեկո ես նաեւ ձեքսի մեջ պիտի առնեի Լիզբոնի իմ ընկերներից մեկի՝ Սիմոնի անձնական զենքը: Որի համար շնորհակալ եմ սիրելի ընկերոջս այս իրը որպես սրբալույս մասունքը սիրելու եւ պահելու համար: 
...Շնորհակալ եմ աստված իմ, որ ինձ ամեն օրս մոտեցնում ես ազգային դաստիարակությանը: Նրա մեջ կոփվելու եւ ամրանալու համար...

/շարունակելի/



















































































1 комментарий:

  1. Արա ջան լավ հուշեր են, անմոռաց կմնան միշտ հիշողությանդ մեջ,,,,
    Շնորհակալություն, որ կիսվում ես մեզ հետ, հաղորդակից դարձնելով Լիբանահայ անց ու դարձին, նրանց հայրինասիրական ձեռնարկներին,,,

    ОтветитьУдалить

Blogger Widgets