ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.06.2014

ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր չորորդ/

ՍԿԻԶԲԸ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՏԵՂ՝  /օր երրորդ/

...Առավոտյան, Յակոբ Այնթապլեանի ու Յովհաննես Խօշեանի ուղեկցությամբ այցելեցի Հայ Ավետարանական եկեղեցուն կից՝ դպրոց: Դպրոցի տարածքում փոքրիկ էքսկուրս անցնելուց հետո, բակում ծանոթացա մի խումբ աշխատակիցների ու տնօրենի հետ: 
Այստեղ պիտի ասեմ, որ առաջին հայացքից ինձ գրավեցին նրանք, իրենց աշխատասիրությամբ, հավատքով ու նվիրվածությամբ: Բնության այս խաղաղ անկյունում մի պահ ուր վերանում ես ամեն տեսակի մեղքի զգացումից հանկարծ ամեն ինչ խախտվեց, երբ դասի ընթացքն ավարտելու զանգ-հրամանը հնչեց: 
Աշակերտները մի մարդու նման հայտնվեցին բակում: 
Ապշած նայում էի թե ի՞նչ ոգեւորվածությամբ էին խմբվել ու քննարկում անցած դասի թեման: Ի՞նչ սովորեցին ու ի՞նչ են տանում իրենց հետ: 
Դպրոցականի այդ ուրիշներից տարբերվող հագուստը, որ նկատեցի նաեւ բոլոր դպրոցներում ուր ես եղա, ինձ միանգամից 30 տարի հետ տարավ հիշելու համար իմ երբեմնի մանկությունս: 
Հիշեցի... 
Հիշեցի, որ մենք էլ, ես էլ, մի ժամանակ նման կերպ էի հագնվում ու, որ դա էր իմ՝ աշակերտիս պատիվն ու հպարտությունը, հարգանքն ու պարտավորվածությունը այլոց նկատմամբ: 
Մի բուռ նախանձ գողանալով կրոնական այս փոքրամասնիկ համայնքի կրթական հիմնարկից նստեցի մեքենան ու հեռացանք մայրուղով: Մինչ մեքենան հեռանու՞մ էր ճանապարհով ես  ակնապիշ նայում էի կամաց կամաց հեռացող դպրոցից ու աշակերտներից: Չէի կարողանում կտրվել հետաքրքիր ու սիրառատ բնության այդ գողտրիկ անկյունից, անվերջ մտաբերելով ու հիշելով իմ պատանեկան դպրոցահասակ վիճակը: 
...Քաղաքապետարանի շենքի ճիշտ հետեւի մասում, մի քանի մետր հեռավորության վրա էր գտնվում Խաչէր Եահնիեանի արդեն թանգարան դարձած տունը: 
Խաչէր Եահնիեան: Մարդ, որ լույս աշխարհ բերեց Սիմոն անունով մանկանը, որն հետո պիտի իր արյան կանչի ձանյով գնար դեպի Լիզբոն ու, որ պիտի իր պայթունով ցնցեր ողջ հայությունը: 
Տան դուռը փակ էր: Բանալին ընտանիքի բարեկամներից մեկի՝ Եսայի Աբրահամեանի, մոտ էր: 
Ընկեր Յակոբը սեղմեց պարոն  Եսայի Աբրահամեանի տան դռա զանգի կոճակը: Դուռը բացվեց... Դռների արանքում կանգնած էր մի սեւամորթ եթովպիացի ժպտադեմ պարմանուհի: 
-Եսային տա՞նն է. -Հարցրեցին ընկերներս գրեթե միաբերան ու ավելացրեցին. -կանչիր գա: 
Աղջիկը, որն արդեն տեւանակ ժամանակ է ապրում էր այս տանն ու ընտելացել էր շրջապատին, հանկարծ հայերենով ձայն տվեց. -պապա՜... կանչում են...: Մի պահ ես ափշեցի: Չգիտեի թե ով էր այս աղջնակը եւ արդյո՞ք իր հայրն էլ է սեւամորթ... Ճիշտն ասած հայերենի վրա չզարմացա ու գիտե՞ք ինչու... Այնճարը, լիբանանյան այն միակ գյուղն է, որտեղ արաբին հանդիպելիս տեղացիները կատակով ասաում են. «դրսից ներմուծված է»: Էլ ու՞ր մնաց, որ եթովպիացին հայերեն չխոսեր... 
Մի խոսքով ահա դեպի մեզ մոտեցավ թավշյա բեղերով գեղեցկադեմ մի հայորդի: Տեսնելով ընկերներիս միանգամից արձագանքեց թե ի՞նչ բան է, որ հիշել են իրեն: 
Ընկերներս մատնացույց անելով ինձ, ասեցին, որ Հայաստանից հյուր կա եւ շատ է ուզում  Սիմոնի ապրած տունը տեսնի: Եսային, կամ ինչպես ասում են մտերիմները՝ Եսուկը հանկարծ շրջվեց դեպի ինձ ու մի պահ քարացավ: Ապա աջ ձեռքի ցուցամատն ուղղելով իմ կողմը ասաց. -Արա Նախշքարյա՞ն... Դու Արան ե՞ս: Վա՜յ, ընկեր ջան, հարազատ մարդ: 
Ողջագուրվեցինք... Նե՛րս մտեք: Համեցե՜ք ներս: Չնայած, որ անքաղաքավարություն է, երբ արդեն բարեկամդ դարձած անծանոթն առաջին անգամ քեզ հրավիրում է իր տուն ու դու մերժում ես, բայց այլ ընտրանք չունեինք չմերժելու ընկերոջ հրավերը, քանզի շատ կարճ ժամանակ էր մնում այցելելու Այնճարի քաղաքապետին: Ու այդ ընթացքում պիտի հասցնեինք հնարավորինս ամեն ինչ: 
...Արագ քայլերով շտապեցինք դեպի հավերժության ճանապարհին ընկած, բայց եւ անմահացած Լիզբոնի իմ ընկեր Սիմոնենց տուն: 
Նեղ աստիճանաշարքով բարձրացանք երկրորդ հարկ: 
Ներսում խորհրդավոր լռություն էր: Ներկաներս էլ շշուկով էինք խոսում: Ոչ մի կերպ տառս բառ չէր դառնում: Ոչինչ չէի կարող արտասանել: Շրջեցի սենյակներով՝ միջանցք, խոհանոց, հյուրասենյակ, ննջարաններ: 
-Ահա այստեղ է քնել Սիմոնը: Ցույց տալով մահճակալի խնամքով հարդարված անկողինը, խոսեց Եսային, որ քաջ ծանոթ ու մտերիմ էր, թե՛ Սիմոնին, թե՛ ընտանիքին: 
Հյուրասենյակում դրված, հին, բայց խնամքով պահպանված բազմոցին նստեցի: -Սա էլ Սիմոնի սուրճի բաժակն է, -ավելացրեց Եսային: Ձեռքիս մեջ սուրճի այդ փոքրիկ բաժակը դարձավ կրակ ու այրեց հոգիս: Թախիծ ու ափսոսանքի հետ բախվեցին հպարտությունն ու ազգային ոգին: Մի կողմից տխրում ու ափսոսում էի, որ Սիմոնի պես տղին չհասցրեցի, չկարողացա ճանաչել, բայց մյուս կողմից հպարտ էի, որ նրա ազգային ոգու շնորհիվ, կատարած գործի գնահատողն էի: 
...Սիրելի՜ ընկեր... ահա ես քո տանն եմ, ձե՛ր տանն եմ: Ականջներիս չեմ հավատում... տե՜ր աստված, դու խոսում ես... քո վերջին բառեն են ականջներիս մեջ. «Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ...»: Լսում եմ ձայնդ, Սիմո՜ն, ի՜մ ընկեր... Դու այստե՞ղ ես, Սիմոն: Նստել ես կողքիս ու... Ո՛չ, ո՛չ... սպասի՛ր, Սիմոն... մի՛ գնա... Բարի՜ ճանապարհ ընկեր... Քեզ կկարոտեմ: 
-Գնացի՞նք...: Ընկերոջս ձայնն ինձ սթափեցրեց: -Շտապե՛նք այցելել քաղաքապետին... 
Քաղաքապետարանում, ինչպես ազգային գողտրիկ մի անկյունում... Ամեն ինչ հայկական էր, Էրգիր հիշեցնող նկարները, որ փակցված էին շենքի բոլոր պատերին ինձ ափշեցրեց:
-Աշխարհի ոչ մի հայկական քաղաքի պետական շենքերում այսքան, հայրենիք հիշեցնող, նկարներ դեռ չեմ տեսել: Մտածեցի ես ու մենք ներս մտանք քաղաքապետ՝ պարոն Կարո Փամբուկեանի աշխատասենյակ: Քաղաքապետն ինձ սիրով ընդունեց: Որպես հուշ նրան նվիրեցի ազգային երգերի ձայնասկավառակ ու «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» գրքույկը, որն ավցած տարի համայն հայության օժանդակությամբ կարողացա տպագրել 3000 օրինակ ու աշխարհի մոտ 30 պետություններում գոնե մեկական օրինակ տարածել: Քաղաքապետի հետ կիսվեցի արված ու արվելիք ծրագրերի, գործերի ու գաղափարների մասին: Սուրճի սեղանի շուրջ շատ մտքեր առաջ եկան, նոր իդեալներ ու մտահաղացումներ: 
...Այսչափ մտերմիկ զրույցը ավարտեցինք ու դուս եկանք, ժամանակը սպառնում էր ինձ: Այս կարճ ընթացքում, հագեցած էր օրս ու, որ հաջորդ առավոտ նորից պիտի մեկնեի Բեյրութ: 
Աշխարհի ոչ մի քաղաքապետ իր աշխատանքային ժամերին չէր թողնի իր գրասեղանն ու ինձ մինչեւ շենքի բակը ճանապարհեր: Պարոն Փամբուկեանն հակառակն ապացուցեց: Ու մինչեւ մեր մեքենան ուղեկցեց: 
Շտապում էինք... Դպրոց պիտի այցելեի: Այնճարի ազգային «Յառաջ Գալուստ Կիւլպէնկեան» վարժարան, որտեղ իր դասի հերթական մասը պիտի անցկացներ իմ ընկեր «Պարոնը»՝ Յովհաննես Խօշեանը: 
Ճանապարհին այցելեցինք Հայ Առաքելական սբ. Պօղոս Եկեղեցի: Խոստովանեմ, որ ներս չմտանք, չստացվեց, չկարողացանք: Ներսում թե՞ բարեկարգման, թե՞ մաքրման ինչ-որ աշխատանքներ էին ընթանում: Փոխարենը, մոտեցանք եկեղեցու բակում տեղադրված Մովսես Տեր-Գայուստեանի եւ Պատվելի Անդրիասեանի շիրիմներին, խաչքարերին ու Մուսա լեռան հերոսամարտի զոհերի հուշարձան-համալիրին, որտեղ եւ հարգանքի իմ տուրքը մատուցեցի այդ հերոսամարտում ընկածների հիշատակին ու լուռ հեռացա համալիրից, ինձ հետ տանելով զոհվածների վրեժի ձայնը: 
Դպրոցի բակում աշակերտական եռուզեռ էր: 
Ներս մտա: Հափշտակող հայացքով նայում էի շուրջս: Կարծես թե մտել էի այնպիսի մի տեղ, որտեղ միայն «ԴԵՊԻ ԷՐԳԻՐ» էր դարձած հրամայականը: 
Մինչ կհանդիպեի դպրոցի տնօրեն՝ Արմէն Թաշճեանի հետ, հերթով շրջեցի դպրոցի սենյակներով: Ծանոթացա ուսուցչանոցի, դասասենյակների ու գրադարանի հետ: Գրադարանը թեպետ եւ աղքատիկ չէր, բայց եւ այնպես նոր գրքերով համալրելու կարիք կար: Գրքի հանդեպ ազգային սերն ու նվիրվածությունը, որն Հայրենիքում այլեւս պակասել է, աշակերտներին ստիպում էր աշխույժորեն օգտվել գրադարանից: 
Տնօրենի աշխատասենյակում առաջին անգամ հանդիպեցի ընկեր Աբրահամ Մալգճեանին:
Մտերմիկ զրույցից հետո թույլտվություն վերցրեցինք տնօրենից, որ կարողանամ ներկա գտնվել «Պարոն» Յովհաննեսի դասի ընթացքին: 
Դասամիջոցն ավարտված է: Զանգի ձայնն ազդարարեց դասի սկիզբը: Մինչ դասի սկսվելն արդեն աշակերտները դասարանում էին եւ ուշացում չպիտի լիներ: «Պարոնն» ինձ ներկայացրեց իր աշակերտներին: Ծիծաղկոտ աչքերով ժպտադեմ ինձ էին նայում պատանիներն ու պարմանիները: Նրանք այդ օրը իրենց թեմայից շեղվել էին ու ներկայացնում էին թե՛ Գյումրին, թե՛ Ջավախքը: Ի դեպ նշեմ որ այս երկու թեմաներն էլ առանձին առանձին երկու տարբեր դասարաններում էր: 
Աշակերտների ներկայացնելուց հետո խոսեցի ես: Խոսեցի շատ պատկերավոր, ըմբռնելի, խորհրդավոր: Ուզեցի, որ աշակերտների մեջ Հայրենիք ձգտելու անմար կրակը մշտապես լուսավորի իրենց «ԴԷՊԻ ԷՐԳԻՐԸ»: 
Աշակերտների ուշադիր հայացքները ինձ սպառնում էին ավելի զգուշանալ ու ճիշտ կառուցել մտքիս իմաստ դարձած խոսքը: 
Երկու 45 րոպեներ... կարճ, բայց միեւնույն ժամանակ գոնե ինձ համար հավերժություն դարձած ընթացք... 
Դասերն ավարված են... Բոլորն շտապում են տուն, հանգստանալու եւ պատրաստվելու հաջորդ օրվան... 
Մենք էլ անմասն չմնալով հետեւեցինք աշակերտների օրինակին, բայց ոչ թե տու՞ն, այլ գյուղաքաղաք մտնող ջրի ակունքի մոտ գտնվող հոլիկ: Ուր եւ պիտի ծանոթանայի Այնճարի տարեց բնակիչ, ինչպես իր այցեքարտում էր նշված՝ «Կաղամբի Թագաւոր» ԹԻՒՃԱՐ ՊՈՊՈՒԿԻ հետ: 81 ամյա զարմանալի այս պապիկը՝ Սարգիս Այնթապլեանը ծնվել է 1933 թվականի ապրիլի 27 -ին Մուսալեռում: 
Պիտի խոստովանեմ, որ հենց առաջին հայացքից տարվեցի նրանով: Մտածում էի, որ դժավ թե այս համեստ ու պատկառելի դիմագծով պապիկը միայն սահմանափակված լինի իր առաքինի կերպարի մեջ: 
Հետո, սեղանի շուրջ մտածումս պիտի հաստատվեր, երբ Սարգիս պապուկ Այնթապլեանը սկսեց երգել: 
Հավաքույթին ներկա էին ինձ համար արդեն հարազատ դարձած ընկերներս՝ Գէորգ Քէրքէզեանը, Յովհաննէս Թասլաքեանը, Յակոբ Այնթապլեան, Րաֆֆի Շաննագեանն, ու Յովհաննէս Խօշեանը:
Ընկերս՝ Րաֆֆին մի երգիչ-գուսան, թառի սիրահար: Անվերջ երգում էր ու մեծ բավականություն պարգեւում ներկաներիս: Րաֆֆին իմ հիշողության մեջ մնաց, որպես սիրո երգիչ: /ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ/
Հավաքույթի ընթացքում Յովհաննես Խօշեանին զանգեց բեյրութցի ընկերս՝ Կիրօն, ու հայտնեց, որ մարտի 20-ին, այսինքն իմ այցելության վեցերորդ օրը, նախապես պայմանավորված այցելությունս պիտի կայացա ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆՍՕՏՏ Արամ Ա Վեհափառի հետ: Այեմ, որ այս հարցում ինձ օգնեցին ընկերներ Յակոբ Աբրահամեանն ու Գօգո Սարգիսեանը, որ առաջին օրը, երբ պատմեցի ցանկությանս մասին ու նրանք առանց ժամանակ կորցնելու հեռախոսով կապվեցին Մայրավանքի դիվանապետին՝ պարոն Խաչէրին ու խոսեցին հարցի կարգավորման շուրջ:
Ես երբեք այսքան չէի ուրախացել ուրախությունց: Հպարտություն, ոգու ուժ, ու սեր ստացա ընկերներից:
Հավաքույթից հետո, օրվա վերջում, հրավիրվեցի իմ երբեմնի ամենատարեց ընկերոջս՝ «Թիւճար Պապուկի» ու իր որդի Յակոբի տուն: Ես այնտեղ եւս պիտի շարունակեի զարմանալ, երբ իր իսկ ձեռքով գրված բանաստեղծությունների տետրը հանկարծ վերցրեցի ձեռքս: Պապուկին խնդրեցի, որ ինքն իր բանաստեղծություններից արտասանի: Պապուկը նույնիսկ չերկմտեց ու սկսեց. 
Սիրելի ընթերցող, սիրով ներկայացնում եմ այդ բանաստեղծությունների մի փոքրիկ պատառիկը, որպես հիշողության, գոհության, սիրո, ուժի եւ հավատի դրսեւորում: ԼՍԵԼ ԱՅՍՏԵՂ 
Եկեք սովորենք մեծերից միեւնույն ժամանակ լինել մեծ, ու հենց մեծ լինելու պահին այնքա՜ն փոքրիկ: 
Քեզ երկա՜ր ու առողջ կյանք սիրելի՛ Թիւճար Պապուկ... 
...Խնջույքն ավարտվեց... Բայց դեռ շարունակվում էր այցելություններս ընտանիքներին ու ՀՅԴ «ԿԱՐՄԻՐ ԼԵՌ» կոմիտե: 
Իսկ հիմա հերթով... 
«ԿԱՐՄԻՐ ԼԵՌ» կոմիտեի աշխատասենյակում էին հավաքվել կոմիտեի ընկերներն ու հանձնախմբերի պատասխանատունեը: Ընկերները ինձ մանրակրկիտ ներկայացրեցին ընդհանրապես Լիբանանի, Այնճարի ու հայության վիճակն ու պատրաստակամության վճռականությունը ավելի լավը լինելու գործում: Ես էլ քիչ թե շատ, ինչքան կարողացա պատմեցի Հայրենիքից, հայրենի ժողովրդից, իշխանություններից...: Այսինքն այն ամենը ինչ հետաքրքրում էր ընկերներիս: 
Հանդիպումն ավարտվեց, բայց ես դեռ այնքա՜ն բան ունեմ անելու... Պիտի այցելեմ ընկեր Յակոբին ու Թիւճար Պապուկին, հրավերք ստացա նաեւ իմ նոր ընկեր Եսայի Աբրահամեանից, եւ, որ անպայման պիտի այցելեմ նրան, եթե ոչ, ապա այդ հպարտ մարդուն նեղեցարած կլինեմ: 
Քանի որ մի քիչ շտապել էի ու արդեն պատմեցի ձեզ Թիւճար Պապուկից ու իր գեղեցիկ ընտանիքից, որտեղ եւ ես Յակոբ Այնթապլեանից ստացա ընդհանրապես բոլոր դաշնակցականների համար ընդունելի եւ սիրելի՝ Ռուբէնի «Հայ յեղափոխականի մը յիշատակարանը» գրքերի ամբողջական հատորյակը, տպագրված՝ 2004 թվականին Բեյրությում: Սիրով ընդունեցի այս գանձն ու հիմա այն հարստացնում է իմ գրադարակը: 
Խնայելով ընթերցողիդ, միանգամից ասեմ, որ Եսուկի տունն ու ընտանիքն էլ, ինչպես բոլոր այն ընտանիքները ուր ես եղա, շատ հոգեհարազատ եւ ուրախ միջավայր եղավ ինձ համար: Այստեղ ավելի շատ ես ինձ զգացի կարծես իմ մտերիմ բարեկամներիցս մեկի տանը: 
Ժամանակն անխնա ծախսում էր օրվա տեւողությունը... բավականին ուշ էր, բայց դեռ չէինք կարողանում բաժանվել միմյանցից: Քննարկման թեմաներն այնքան հարազատ էին, որ կիսատ թողնել կնշանակեր սպանել միտքը: 
...Առավոտյան պիտի մեկնեմ Բեյրութ, որտեղ եւ ինձ նորից պիտի սպառնար անակնկալներով լի օրերս... 

/շարունակելի/




































































































































































Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets