ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.06.2014

ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր հինգերորդ/

ՍԿԻԶԲԸ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՏԵՂ՝  /օր չորորդ/


...Առավոտ էր, Անյճարի թախծոտ առավոտներից մեկը... արթնացա ու կամաց-կամաց պատրաստվեցի նորից Բեյրութ մեկնելուն: 

Մեքենան կանգնեց Յովհաննես Խօշեանի տան դիմաց ու ազդանշան տվեց: Մեքենայի ազդանշանի հետ ես մի կերպ կարողացա թաքցնել հուզնմունքս, որ լցվել էր այս երկու կարճ ու հավերժական օրերին: Ընկերս՝ Յովհաննեսը հայտնեց, որ մեքենան արդեն սպասում է, եւ, որ ես կարող եմ շարժվել: 
Գրկախառնվեցինք... 
Ես, տխուր էի... 
Կարծես հայրական օջախից էի բաժանվում: Իմ ամենամտերիմ հարազատից էի կտրվում: 
Կարծես... 
-Հաջողություն եւ շնորհակալություն ինձ հյուր ընդունելու եւ անմոռանալի երկու օր նվիրելու համար, սիրելի՛ ընկեր Յովհաննես: 
-Մինչ տեսություն ընկե՛ր... 
Ակնթարթ էր այս ամենը, բայց մեկ ակնթարթն ինձ բավական էր հավիտյան հիշելուս համար: 
Ակնթարթներն հավերժանում են, երբ սրտիդ ցանկությամբ են հայտնվում: 
Ակնթարթն ամենասարսափելին է ժամանակի մեջ... ամենավտանգավորն է չափի ու տարածության մեջ... 
...Մեքենան սլանում էր Այնճար-Բեյրութ մայրուղով... 
Ամբողջ ճամապարհին մտաբերում էի հավերժություն դարձած ակնթարթները՝ բերդաքաղաք, «Ժողովրդային տուն», Ազգային գերեզմանոց, քաղաքապետարան, Վաչէի իրական դեմքն ու Սիմոնի հայրական տունը, Թիւճար Պապուկին: 
Աստված մի... մտածեցի ես, ինչքան բան ունեմ ինձ հետ Հայրենիք տանելու: Այսքան հիշողություն մեկ մարմնու՞մ... 
Հեռվում Բեյրութը... 
Բարձրահարկ շենքերն ու ցամաքից այն կողմ կապու՜յտ. կապու՜յտ ծովը: 
Ահա եւ Բուրջհամուդը... Թաղամասի նեղլիկ ու մարդաշատ փողոցներով անցնելով մեքենան մի կերպ հասավ իր վերջին կանգառին ուր եւ ինձ էր սպասում ընկերս՝ Կիրօն: 
Ոտքով բարձրանում էինք «Շաղզոյեան» կեդրոն, ընկերոջս հեռախոսի զանգը անակնկալ փոխեց մեր ուղղությունը: 
Սուրբ Մարկոսի անվան Բուրջհամուդի ախտորոշման /դիագնոստիկ/ կեդրոնի բուժքույր՝ Հուրի Գալայճեանն էր: 
Ընկերոջս խնդրեց, որ եթե ազատ ժամանակ ունենանք, ապա անպայման այցելենք իրեն, քանի որ խիստ զբաղված լինելու պատճառով ինքը չի կարողանում թողնել աշխատավայրը: Ու, որ շատ է ցանկանում հանդիպել ինձ: Ընկերս փոխանցեց ինձ Հուրիի խնդրանքն ու ես միանգամից հավանություն տվեցի եւ շարժվեցինք դեպի ընկերուհու աշխատավայր: 
Հուրիի հետ հանդիպումս չնայած միակն ու վերջին անգամ էր, բայց անչափ ուրախ էի, որ այս ժպտերես հայուհուն կարողացա ինչ որ կերպ ուրախացնել իմ ներկայությամբ: Ճիշտն ասած ես չափից շատ էի սկսել զարմանալն ու մտածելը, թե ինչու՞ են մարդիկ այսքան շատ հետաքրքրված ինձանով: Արդյոք կա՞ մեկ ընդհանուր բան, որ հարազատորեն կապում է մեզ ամուր կապերով: 
Հուրիին ծանոթ էի սոցիալական ցանցերից, մասնավորապես FACEBOOK-ից, բայց ինձ համար մշտապես դժվար է եղել հիշել մարդկանց, առավել եւս, որ շատերին պարզապես համացանցից եմ ճանաչել, եւ ոչ մի կենդանի շփում չի կարողացել հավերժացնել ծանոթությունը: 
Բայց մի ընդհանուր բան կար, որ մարդուս դարձնում է ավելի մտերմիկ ու հարազատ... 
Վարդգես Պետրոսյանն իր ստեղծագործություններից մեկում՝ «ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ» ստեղծագործության մեջ այսպես է ընդգծում ծանոթության վերաբերյալ բանաձեւվը. «...Ծանոթության նվազագույն չափը կոչվում է ԲԱՐԵՎ...»: Ահա այս բանաձեւը անընդհատ ուղեղիս մեջ էր այս ամբողջ ընթացքում ու, որ, երբ հանդիպում էի մի անծանոթի եւ արժանանում նրա բարեւին, հասկանում էի, որ այլեւս մենք ծանոթներ ենք ու, որ դժվար թե անծանոթին հենց այնպես բարեւես ու սկսես զրուցել... 
Այս գիտակցությամբ էլ մտել էի Հուրիի աշխատասենյակ ու հյուրասիրության սեղանի շուջ մտերմիկ զրուցում էինք: Մարդ աստծո, մտածում էի ես, այս աղջկան կարծես թե 100 տարի է գիտեմ: Այս ի՞նչ է: Ինչու՞ են մարդիկ ինձ այսքան հարազատ: Ինչու՞ են շատերն ինձ այսքան մտերիմ: Մտածում էի ու պատասխանները միայն ստանում էի հրաժեշտի, կամ բաժանման պահերին երբ ընդհանուր ափսոսանք էի նկատում... 
-Վստահ եմ նորից հանդիպելու սիրելի ընկերուհի, -ասացի ու մենք քայլեցինք դեպի դուռը: -Հաջողություն ընկերս, ավելացրեց Հուրին ու մենք դուրս եկանք: 
Ահա եւ «Շաղզոյեան» կեդրոնը... Այստեղ են տեղակայված «ԱԶԴԱԿ» օրաթերթի խմբագրատունն ու տպարանը, «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» գրատունը, «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ցուցասրահը, «ՎԱՆԱ ՁԱՅՆ» ռադիոխմբագրությունը: 
Այստեղ, ես ինձ իմ տանն զգացի: Այստեղ փոքրիկ Հայաստանն էր: Այստեղ... 
Փողոցի մյուս կողմից շտապող քայլերով մեզ էր մոտենում «ԱԶԴԱԿ» օրաթերթի խմբագրապետ՝ Շահան Գանտահարեանը: Բարեւեցինք ու մի կարճ զրույցի բռնվեցինք: Ապա զրույցը շարունակեցինք արդեն իր աշխատասենյակում, ուր եւ մեզ միացավ նաեւ ազգային բարերար՝ պարոն Չեմպերեճեանը:
Խոհեմ ու կշռադատող այս խելացի խմբագիրը իմ մեջ տպավորվեց, որպես մի անհատականություն: Ընկեր Շահանին շատ առիթներ էի ունեցել լսելու եւ դիտելու հայկական հեռուստաալիքներով, իսկ բոլորովին վերջերս նաեւ ընկերներ էինք սոցիալական ցանցում, սակայն երբեք առիթ չէի ունեցել այսքան մոտիկից լսելու եւ շփվելու: Հայրենասեր այս անհատականությունը իր մեջ դարեր էր տանում: Այնքան հոգեհարազատ զրույցը ավարտեցինք, մեկ երկու օրից նորից հանդիպելու պայմանով: 
...Հյուրընկալվեցի ընկեր Համբիկ Խաչատուրին... Վերջինս՝ Մարալ Եահնիեանի ամուսինն էր: Մարալը՝ Սիմոնի քույրը, ինձ ուրախությամբ դիմավորեց տան դռան արանքում ու հրավիրեց ներս: Դեռ չէի սթափվել Այնճարի իրենց ապրած տան հիշողությունից ու հանկարծ նորից այստեղ ամեն ինչ ինձ վերադարձրեց Այնճար: Պատից կախված գծանկարից ինձ էր նայում Սիմոնը: Անվեջ ու հեռուն գնացող հայացքի հետ ես նորից ապրեցի հիշողության այդ հպարտ վայրկյանները: Սեղանին դրված ընտանեկան լուսանկարն ավելի էր մոտեցնում ինձ այս ընտանիքին: Փոքրիկ Նարոտիկը, որ ընկեր Համբիկի ու ընկերուհի Մարալի միակ աղջնակն է անընդհատ փորձում էր ինձ հետ զրույցի բռնվել, ուզում էր ու կարողացավ ինձ ավելի մտերիմ դառնալ: Ես սիրեցի այդ փոքրիկ հրաշքին, ինչպես կսիրեի իմ երեխաներին: 
Մարալն ինձ բերեց իրենց ընտանեկան ալբոմները Սիմոնի, Զարեհի ու իր մանկություն հիշեցնող լուսանկարներում ես կարոտ ու սեր էի ապրում: Ի դեպ Զարեհի հետ ծանոթացա Գյումրիի մեջ իր աշխատանքի վայրում ու մինչեւ օրս ընկերներ ենք: Այդ համեստ տղան իր մեջ հայրենիի ոգին ունի ու խիստ վճռական է: Չի սիրում, երբ իր սեփական պատմությունը ոտնատակ են անում: Չի ներում նրանց ովքեր ազգային արժեքները փոխում են որեւէ օտարածին աղբի հետ: Այս բանը հստակ էր նաեւ Լիբանանում ապրող հայերի մոտ: Իսկ հայրենիքու՞մ... Հայրենիքում հայրենասիրությունը առեւտրային հոգեբանությունից այն կողմ չի անցնում: 
...Երեկոյացավ... Հակոբ Աբրահամեանին պիտի հանդիպեի ու ընկեր Կիրօի հետ գնացիք պայմանավորված վայրը: Երկու բարեկամ ընտանիքների հյուրը լինելու պատիվն ունեցա ռեստորանի մեջ: Ուր եւ անընդհատ միտքս դեպի Սաքոն էր տանում: Խոսում էի, զրուցում, կիսվում, ուրախանում, բայց միտքս ծանրացել էր... 
...Սիրելի Սաքո, ահա ես հարազատներիդ մեջ եմ, եղբորդ կողքին... մի քանի օր առաջ նաեւ քրոջդ՝ Վանտայի տանն էի... Այնտեղ էլ, ինչպես ամենուր դու ապրում էիր: Բացակայությունդ, ներկայի տպավորության պես էր, ապագայի նման էր... Գիտե՞ս, ինձ համար դժվար է: Առաջին հայացքից ինձ ու ընդհանրապես մարդկանց նայող հարազատներիդ աչքերը ժպտում են, բայց ես նրանց մեջ թախիծ ու կարոտ եմ նշմարում: Ընկե՜րս, Սաքո՜, երանի՜ կարողանայի քեզ հետ էլ կիսել հացի այս պատառը: Մի քանի օր առաջ մինչեւ Լիզբոն գնալուդ օրվա մանկությանդ ալբոմներն էի թերթում ու հավատա՛ ընկեր, քեզ կարոտում էի... Ոչ մի կերպ չեմ կարողանում թաքցնել հուզմունքս, որ խեղդում է հոգիս... Սաքո՜, իմ ազնիվ ընկեր... Վերադարձիդ պիտի անպայման հանդիպեմ քեզ... Քեզ չճանաչել, նշանակում է թքել գեղեցիկի աչքերին... Սաքո՛, իմ ընկեր, իմ խենթ ընկեր... Դու կանչեցիր ինձ ու ես եկա... Հիշու՞մ ես, երբ վերջին անգամ ինձ պատգամ թողեցիր, որ գամ ու միանամ քեզ... Ես եկա ընկեր, իմ խենթ ու խելառ ընկեր: Հայրենիքի կարոտ իմ բարի ընկեր... Երբ լուսանկարիդ հետեւում կարդում էի գրություններդ մարմինս դողում էր: Քեզ կարդալու անվերջ ցանկությունն ինձ անընդհատ սպառնում էր: Սաքո իմ ընկեր ես քեզ ապրեցի իմ մեջ ու հիմա քո ամենամոտ հարազատի կողքին ես ինձ ապահով եմ զգում: Քո փոխարեն հիմա ես նրա կողքին եմ ու հարգանքի քո սերն եմ տածում... 
Սաքո՜... 
...Ուշ երեկո էր, զեփյուռը մեղմ դողոցքվ հպվում էր դեմքիս... Հրաժեշտ տվեցինք միմյանց ու ընկերոջս՝ Կիրօյի ու ընկերուհի Նորայի հետ գնացինք տուն... Առավոտյան, ըստ պայմանավորվածության պիտի մեկնեի Անթիլիաս, ուր եւ պիտի բախտ ունենայի այցելել Մայրավանք ու հանդիպեի ինձ համար գերագույն արժեք ունեցող Արամ Ա Վեհափառին:

/շարունակելի/















2 комментария:

  1. Анонимный12 июня 2014 г., 15:59

    .Սիրելի Սաքո, ահա ես հարազատներիդ մեջ եմ, եղբորդ կողքին... մի քանի օր առաջ նաեւ քրոջդ՝ Վանտայի տանն էի... Այնտեղ էլ, ինչպես ամենուր դու ապրում էիր: Բացակայությունդ, ներկայի տպավորության պես էր, ապագայի նման էր... Գիտե՞ս, ինձ համար դժվար է: Առաջին հայացքից ինձ ու ընդհանրապես մարդկանց նայող
    հարազատներիդ աչքերը ժպտում են, բայց ես նրանց մեջ թախիծ ու կարոտ եմ նշմարում: Ընկե՜րս, Սաքո՜, երանի՜ կարողանայի քեզ հետ էլ կիսել հացի այս պատառը: Մի քանի օր առաջ մինչեւ Լիզբոն գնալուդ օրվա մանկությանդ ալբոմներն էի թերթում ու հավատա՛ ընկեր, քեզ կարոտում էի... Ոչ մի կերպ չեմ կարողանում թաքցնել հուզմունքս, որ խեղդում է հոգիս... Սաքո՜, իմ ազնիվ ընկեր... Արա ջան կարդում եմ հուշերդ և քո հուզմունքը փոխանցվում է ինձ, կոկորդս սեղմվում է, աչքերիցս հոսում է արցունքը,,,
    Արա ջան շնորհակալ եմ, որ քո ուխտագնացությանդ մանրամասները գրի առար ու կիսվեցիր մեզ հետ...
    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալե մ տիկին Սոնա գրությանդ համար: Վստահ եմ, որ կարողանում եմ տպավորությունս կիսել Ձեզ հետ

      Удалить

Blogger Widgets