ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.06.2014

ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր վեցերորդ/

ՍԿԻԶԲԸ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՏԵՂ՝  /օր հինգերորդ/


...Օրը բացվեց: Բոլորն ինչպես միշտ շտապում են... Մենք էլ դուրս եկանք տնից ու ընկերուհի Նորային ուղեկցեցինք աշխատավայր: Ապա, շտապեցինք Մայրավանք: 09:15 րոպե պիտի լինեինք տեղում, ուր եւ հանդիպում պիտի ունենայի ինձ համար երբեմնի ամենատաք մարդկանցից մեկի՝ Արամ Վեհափառի հետ: 
Ճանապարհին Մար Մխայէլ շրջանի մեջ, ուր նաեւ գտնվում էր ՀՅԴ «Տիգրան Ծամհուր» ակումբը, ընկերս մեքենան կանգնեցրեց մի խանութի դիմաց, ծխախոտ առնելու պատրվակով: Այդ միջոցին մեզ մոտեցան երկու երիտասարդ՝ Հայկ եւ Սերոբ Թապագեանները ու բարեւելուց անմիջապես հետո բռնվեցինք ջերմ զրույցի: Պարզվեց, որ երիտասարդները եղբայրներ են ու, որ հետաքրքրությամբ են հետեւում իմ աշխատանքներին ու գոհունակ դեմքով շնորհակալություն հայտնեցին կատարածս գործի համար: Որպես կանոն, ես էլ նրանց ասեցի, որ պետք չի շնորհակալ լինել ինձ, այլ այն ազգին ու ժողովրդին, ովքեր այդ պատմության կերտողներն են:

Անթիլիաս։ 
Ըստ էության Բեյրութի արվարձանն է, մոտավորապես 5 կմ հեռավորության վրա է, դեպի հյուսիս, Միջերկրական ծովի ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 10 մետր է։ Բնակիչները հիմնականում քրիստոնյաներ են՝ հայեր, մարոնիտներ, Հույն կաթողիկե եւ Հույն ուղղափառ եկեղեցիների հետեւորդներ։ 
Անթիլիասում է տեղակայված Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը։ 
Ահա եւ Մայրավանքի գմբեթներն հեռվից նշմարվեցին... 
Ներս մտնելուն պես մեքենան կայանեցինք ու, քանի որ դեռ որոշակի ժամանակ ունեինք ապա մի քիչ պտույտ կատարեցինք Մայրավանքի տարածքում: 
Գլխավոր տաճարից մտանք ներս: Լուռ զրույց ունեցա ինքս իմ մեջ ու... ու դուրս եկանք: 
Տաճարի անմիջապես կողքին էր «Սրբոց Նահատակած» մատուռը, ուր եւ Դեր Զորի անապատներից հավաքված ու խնամքով պահվում էին պապերիս ոսկորները: 
«Կիլիկիա թանգարան»... Ահա այստեղ ցուցադրության են ներկայացված ազգային ամեն տեսակի արժեք, որ մշակույթ ու հիշողություն են համարվում: 
Բակում, վրանի տակ Կաթողիկոսարանի կողմից կազմակերպված ու Վեհափառի բարձր հովհաննու ներքո անցկացվող ամենամյա «ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ» վաճառքն էր անցկացվում, որտեղ ներկայացված էին հարյուրավոր գրքեր՝ ստեղծագործություններ, ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գրողներից: 
Շրջեցինք, ծանոթացանք նոր հրատարակություններին... 
...Կաթողիկոսարանի ընդունարանում ծանոթացա դիվանապետ Խաչիկ Տէտէյեանի հետ: Վերջինս՝ ընկերներիս խնդրանքով կազմակերպել էր իմ եւ Վեհափառի հանդիպումը, ուր եւ ես սպասում էի այդ պանծալի րոպեին: 
Քարտուղարությունում ասեցին, որ արդեն կարող եմ հանդիպել Վեհափառին: Սրտիս զարկերն արագացան, տրամադրությունս փոխվեց: Արդեն հասկանում էի, որ պիտի հանդիպեմ մեկին, ով իր պատկառելի կեցվածքով ինձ համար մշտապես ոգեւորության աղբյուր է հանդիսացել: 
Սարկավագի ուղեկցությամբ բարձրացանք երկրորդ հարկ ու մոտեցանք Վեհափառի աշխատասենյակի դռանը: Դուռը թակելուց հետո ներս մտավ սարկավագն ու հայտնեց, որ ես արդեն այստեղ եմ ու որ արդյոք կարո՞ղ եմ ներս մտնել: Հավանություն ստանալուց հետո սարկավագն ասեց, որ Վեհափառը սպասում է Ձեզ: 
-Աստված օգնական Վեհափառ, ասեցի ես ու մոտեցա վեհափառին, խոնարհվելու համար այդ Մեծության Աջին: 
-Աստված պահապան: Հետեւեց Վեհափառի պատասխանը: -Ուրկե գուկաս... շարունակեց Վեհափառը: 
-Հայաստանից եմ Վեհափառ, Գյումրիից: Այլ կերպ ասաց Կումայրի: Ես անցած տարի համայն հայության օժանդակությամբ կազմակերպեցի Լիզբոնի տղաների նահատակության 30-ամյակին նվիրված «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» գրքույկի լույսընծայումը: Եւ որը տպագրվեց 3000 օրինակով ու տարածվեց աշխարհի մոտ 30 երկրներում: Հիմա գրքույկից մեկ օրինակ բերել եմ: Բերել եմ, որ անձամբ նվիրեմ Ձեզ, ստանամ Հայրական օրհնությունն ու հեռանամ, Վեհափառ: -Գիրքը մեկնելով Վեհափառին խոսեցի ես: Գրքի հետ Վեհափառին նվիրեցի նաեւ Գուսան Հայկազունու երգերի ձայնասկավառակն ու Սահակ Սահակյանի «ԼՈՒՍԱԿՆ» ամսագրի վերջին համարը:
Վեհափառը վերցրեց գիրքը, սկսեց աջ ու ձախ պտտել: Թերթեց: Նայեց լուսանկերներն ու նյութը: Ապա գլուխը վեր քաշելով հարցրեց. 
-Ասոնք քո ընկերնե՞րն են: 
Դեմքին, խորհրդավոր հայացքի տակ ես հասկացա, որ Վեհափառը հենց այնպես չհարցրեց: Ինչ որ բան ուզում էր ճշտել: Ուզում էր հասկանալ թե ես ինչքան եմ տիրապետում ինձ համար արդեն վաղու՜ց հարազատ դարձած ընկերներիս: 
-Այո՛, Վեհափառ, իմ ընկերներն են: Ասեմ ավելին, նրանք իմ հարազատներն են: Ու, որ ես մշտապես կարոտում եմ նրանց, թեպետ երբեք չեմ տեսել: Փոքր էի, պատանի, հիշում եմ, որ առաջին անգամ «Գարուն» ամսագրում կարդացի այս պայծառ տղաների մասին: Ծանոթացա գործին ու հավանեցի՛, սիրեցի՛, տարվեցի՛ նրանցով, ու որ այդ օրից սկսած ես ամեն տարի իրենց հիշատակման օրը ինչ որ նախաձեռնությամբ էի ներկայանում: Այս հոբելյանական տարում որոշեցի, որ պիտի համայն հայության սեղանին առաջարկեմ դնել հայոց նորագույն ազատագրական պայքարի այս հրաշք քրմերի մասին պատմող գրքույկը, այն համարելով հայոց աստվածաշնչի մի գտնված գլուխը: 
Վեհափառը, որ մինչ այդ դեռ քրքրում էր գրքույկը, հանկարծ նայեց աչքերիս: 
-Դու ո՞վ ես... 
-Արա Նախշքարյան, մի շատ սովորական հայ երիտասարդ, որ ամեն օր ապրում է հայրենիքով: 
-Ի՞նչ զբաղմունք ունիս: 
-Աշխատում եմ դպրոցում, Վեհափառ: Ունեմ նաեւ իմ սեփական կայքէջը, ավելի ճիշտ համացանցային օրագիրը, որտեղից ամեն օր մատուցում եմ ազգայինը, իմ կարծիքով ուսուցողական ու ճանաչողական ազգային դիմագիծ ունեցող նյութեր: 
Վեհափառը միացրեց իր ձեռքի համակարգիչն ու խնդրեց, որ հասցեն ասեմ: 
-nakhshkaryan.blogspot.com: -Հավանաբար դժվարացավ հասցեն հավաքելու մեջ ու համակարգիչը մոտեցրեց ինձ որ ես փորձեմ: 
Մատի դանդաղ հպումով թերթում էր կայքիս նյութերը: Վեր ու վար անում էջը: Մտնում բաժիններ ու արագ ծանոթանալով վերնագրերի հետ թերթում էր մեկ այլ բաժինը դիտելու համար: 
-Ինձանից նյութեր կա՞ն կայքում... 
-Այո՛, Վեհափառ, բայց միայն ազգային ոգի ներշնչող Ձեր պատգամ-քարոզները: Քրիստոնեական բաժնին չեմ անդրադարձել կամ շատ հպանցիկ եմ ներկայացրել... 
-Ի՞նչ ընտանիք ունիս... 
-Հայրս 88-ի երկրաշարժին զոհվեց, ունեմ մայր ու եղբայր: Ամուսնացած եմ եւ ունեմ երկու զավակ՝ տղա ու աղջիկ: Ապրում ենք հայի շատ սովորական կյանքով: Ընտանիքում մեծ տեղ եմ հատկացրել ազգային դաստիարակությանը: Չնայած սպառնացող դրությանը, չեմ ուզում, որ երեխաներս աշխարհաքաղաքացիներ ձեւավորվեն: 
Զրույցքը տաքացել էր ու չհասկացանք թե ինչպես անցավ ինձ համար այդ 40 հավերժական րոպեները: Վեհափառն ուրիշ հանդիպումներ էլ ուներ, ու որ ես արդեն պիտի դուրս գայի, չխանգարելու համար այդ Վեհ մարդուն աշխատելուց: 
-Երկու օրից մեկնում եմ Հայաստան: Այսինքն վերադառնում եմ հայրենիք, Վեհափառ: Ինձ հետ տանելով իմ ամենանվիրական երեք երազանքները: Ձեզ տեսնելուց հետո, այլեւս կարող եմ ասել, որ երեք փափագներս էլ կատարված են: Այն էր՝ խոնհարվել Լիզբոնի տղերքի շիրիմներին, այցելել Այնճար ու հանդիպել Վեհափառին: 
Այս լսելուն պես Վեհափառը ժպտաց: 
-Աստված պահապան զավակս: Գնա խաղաղությամբ: 
Դուրս գալուց վայրկյաններ առաջ մտքումս արտաբերեցի Հովհ. Թումանյանի «Երկու Հայր» պատմվածքն ու նայելով Վեհափառի աչքերին, որ արդեն կանգնած էր դռների արանքում եւ իր Հայրական օրհնանքն էր փոխանցում, ասեցի այդ մասին ու ժպտացող հայացքով նայեցի պայծառ դեմքին: -Միայն մի տարբերությամբ Վեհափառ: Մեր պարագային Դուք Վեհափառ, ես՝ հասարակ երիտասարդ: Շնորհակալ եմ Վեհափառ, որ հնարավորություն տվեցիք ինձ հանդիպելու համար իմ ամենատաք մարդուն: 
Մոտենալով աստիճաններին. մի վերջին հայացք գցելով այդ խոհեմ մարդու դեմքին շտապեցի ուրախությունս կիսելու ընկերոջս հետ, որ բակում սպասում էր ինձ: 
Մայրավանքի բակում ծանոթացա Թորոս Հելվաճեանին, ում հետ հետո պիտի մտերմանայի նորագույն տեխնիկայի շնորհիվ... 
...Բուրջհամուդի սալապատ ու նեղ փողոցներով հասանք Հայկազունի Զեթլյանի խանութ: Ժպտերես այս մարդը դաշնակցության նորագույն շրջանի նահատակ ռահվիրաներից մեկի՝ Սարգիս Զեթլյանի եղբայրն էր: 
Ուրախ ժպիտով դիմավորելով մեզ, նստեցինք մի համով զրույցի: Ընկեր Հայկազունին խոսում էր ու ես ոչ մի կերպ հայացքս չէի կտրում նրա ոգեւորությունից կնճռոտված դեմքից: Պատմում էր համայնքից, հայրենիքից, ընկեր Սարգսից... 
Ժամանակի սղության պատճառով ոչ մի կերպ չէի կարողանում լիարժեք վայելել ընկերներիս: 
Ընկեր Հայկազունին ինձ փոխանցեց մի քանի ձայնագրություններ Սարգիս Զեթլյանից, սկավառակի տեսքով: Խոստացա, որ այս հայրենաչունչ պատգամները համացանցում կտարածեմ, որ նոր սերունդը գաղափարի հողի մեջ սերմեր ցանի ու ծառ եւ պտուղ ունենանք հետագայում ազգային դաստիարակություն ստանալու եւ լիարժեք քաղաքացիներ ձեւավորվելու ճանապարհին: 
Ընկեր Կիրօյի օգնությամբ ծանոթացա Հայաստանից տարիներ առաջ Լիբանան փոխադրված մի արտակարգ քանդակագործի՝ Վարդան Ավեսյանի հետ: Արվեստանոցում մի քանի քանդակներ կային, որոնք կարծես թե խոսում էին, պատմում: Լու՜ռ զրույցի էի բռնվել հայոց մեծերի քանդակների հետ... 
Կոնյակի բաժակները զնգացին օդում: Խմեցինք ծանոթության, նոր բարեկամության, գործի ու գաղափարի եւ նպատակի համար: Մաղթելով քաջառողջություն վարպետին, դուրս եկանք արվեստանոցից: Պիտի հանդիպեի նախապես պայմանավորվածություն ձեռք բերված Քույր Անաիսին:
...Բարի դեմքով այս Քույրը Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանին կից սբ. Ագնես դպրոցի տեսչուհին էր, տեսչապետը: 
Չգիտեի, զարմանայի՞, թե՞ արդեն զարմանալու հատկությունս պիտի կորցրած լինեի, այսքան ազգային ոգիների հետ շփվելուց: Քյուր Անաիսից, որ տեսա առաջին ու վերջին անգամ մի բան հաստատ սովորեցի, գողացա: Դա ազգային գաղափարին նվիրվածության իր վճռականությունն էր: Ամեն բան անում էր, որ հայ պատանին, կամ պարմանուհին իր դպրոցում դաստիարակվի միայն ու միայն որպես հայ: Հայի կատարյալ տեսակ: Ազգային մշակույթի կրող ու տարածող սերմնացան... 
...Կրկին Բուրջհամուդ, նորից սալապատ ու մարդաշատ փողոցներ, ամենուր խանութներ ու կրպակներ... 
...Փողոցում պատահաբար հանդիպեցի արդեն համացանցից հարազատ դարձած ընկերոջս՝ Սաքո Գրաճեանին: Այս սիրելի ընկերն ինձ ծնոթ էր եւ, որ ինքն էլ իր համեստ մասնակցությունն էր ունեցել արդեն տպագրված, իմ կողմից հեղինակած գրքույկի լույսընծայման գործին: 
...Յակոո Հանտեանի համակարգչային խանութում հանդիպեցի հայ ոստիկան՝ Իշխան Շահինեանին, որն ինչպես հետո պարզվեց իմ սիրելի ընկերներից մեկի՝ Սիմոն Գաֆալեանի մանկության ընկերն էր: 
Խոսք ու զրույցից հետո շտապեցի Համբիկ Խաչատուրի հետ հանդիպմանը: Վերջինիս ընտանիքի հետ դուրս եկանք շրջապտույտի եւ մեկնեցինք Հարիսա կոչվող, մարոնիտների սրբավայր: Աստվածամոր այդ նրբագեղ արձանը գրեթե ճանապարհի ամբողջ ընթացքում երեւում էր: Այս արձանը հայտնի է նաև Our Lady of Lebanon կամ Notre Dame du Liban անուններով: Արձանի ներքեւի մասում, պատվանդանի տակ մոմավառության համար նախատեսված մատուռ կար: Անմիջապես կողքին, ահռելի չափերի հասնող մի եկեղեցի: Որը նաև ուխտատեղի էր: Տեսարժան այս գեղատեսիլ վայրը զբոսաշրջության համար ամենագայթակղիչն էր: Այդ բարձունքից բացվող տեսարանն ամբողջովին թույլ էր տալիս պատկերացում կազմելու համար Լիբանանի, ու այդ երկրի մշակույթի մասին: 
...Վերադարձին ընկերուհի Մարալին խնդրեցի, որ զանգի Հեղինե մայրիկին ու պայմանավորվի, եւ փոխանցի իրեն այցելելու ցանկությանս մասին: Հեղինե մայրիկը, որ Լիզբոնի իմ ընկերներից՝ Արայի մայրն էր ցավոք ի վիճակի չեղավ ինձ ընդունելու, որովհետեւ երկու օր էր ինչ դուրս էր գրվել հիվանդանոցից ու, որ վիրահատական միջամտության էր ենթարկվել: Եվ միայն խնդրեց որ եթե հնարավոր է մի քանի օրից միայն հանդիպեմ: Սակայն ես պիտի չկարողանայի իրականացնել Հեղինե մայրիկի խնդրանքը, որովհետեւ ինձ մնում էր միայն մեկ օր մնալ այս երկրում ու իմ տեսակի կողքին: 
...Մտքով խոսեցի Հեղինե մայրիկի հետ. «Ի՜նչ լավ էիր խոսել տղայիդ նահատակության օր, ինչ ոգեւորիչ էիր խոսել, մայրի՛կ: Հիշում ես չէ՞, որ ասեցիր թե. «անկարելի է բացատրել մօր մը ցաւն ու զգացումները, երբ ան կը կորսնցնէ իր զաւակը…. ինծի համար մխիթարութիւնը այն է, որ իմ զաւակս պարզ մահով չմեռաւ. ան իր գարուն կեանքը զոհեց ու նահատակուեցաւ իր ընկերներուն հետ, իր ազգին ու հայրենիքին ազատութեան ճամբուն վրայ …ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը ցաւիմ, որ շատ զաւակներ չեմ ունեցած՝ ուրիշ զինուորներ ալ տրամադրելու ազգիս համար»։ Շնորհակալություն մայրի՛կ... Ու նրան մտովի միայն առողջություն ու արագ ապաքինում ցանկացա, հաջորդ անգամվա այցելությանս անպայման հանդիպելու տեսլականով...
...Երեկոյան ՀՅԴ «Շուշի» Կոմիտեի սրահում ընկերային հավաք էր կազմակերպված: Հանդիպմանը պիտի խոսեի ես: Ներկայացնեի իմ գործունեությունը: Պատասխանեի ընկերներին հետաքրքրող հարցերին: 
Ընկերները ոգեւորված ու հափշտակող հայացքներով ունկնդրում էին: Փորձում էի ինչքան հնարավոր է խոսեի պարզ ու հստակ, ավելորդ անգամ ընկերների մեջ անպատասխան հարցեր չթողնելու համար: 
Հանդիպումն ավարտվեց... Ընկերները գոհունակ հեռանում էին սրահից... 
Ուշ գիշերին, հյուրընկալվեցի արդեն հարազատ ընկերոջս՝ Գոգո Սարգսեանին: Այս աշխույժ, ժպտերես ու հայրենասեր հայորդին իր մասնակցությունն էր բերել նաեւ Արցախյան ազատամարտին... Ընտանիքի անդամների հետ ուր նաեւ հրավիրված էր հարեւանը, «Համազգայինի» Բարսեղ Կանաչեան երաժշտանոցի տնօրեն՝ Արմէն Քէչէկը, հյուրասենյակում բռնվեցինք զրույցի... Կիսեցի ստացած տպավորություններս: Պատմեցինք ուրախ ու զվարճալի պատմություններ: Ես, սիրեցի՛ այդ ընտանիքը...
Կեսգիշերն անց հրաժեշտ տալով այս ուրախ, համեստ ու հայրենասեր ընտանիքին, ընկերոջս՝ Կիրօյի ու իր կնոջ՝ Նորայի հետ մեկնեցինք տուն:












































































1 комментарий:

  1. Анонимный13 июня 2014 г., 19:47

    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
    Արա ջան ուզում եմ ասել,-
    Ուխտդ ընդունելի լինի: Երկու անգամ եմ կարդացել Հուշագրությանդ 6-րդ օրը, քանզի Արամ Վեհափառի անձի հանդեպ ունեցած իմ սերն ու հարգանքը անսահման են: Վեհափառին հարգում եմ ոչ միայն իրավմամբ էությամբ որպես հոգևոր առաջնորդի, այլ նաև անմնացորդ հայրենասերի ու Հայ-դատի պահանջատիրության առաջամարտիկի... Վստահ եմ, որ Վեհափառը վայելում է ոչ միայն սփյուռքահայության սերն ու հարգանքը, այլ ողջ Հայ ժողովրդի:
    Քեզ ուղղած Վեհափառի հարցին,-
    - Ինձանից նյութեր կա՞ն կայքում...
    -Այո՛, Վեհափառ, բայց միայն ազգային ոգի ներշնչող Ձեր պատգամ-քարոզները:
    Արա ջան ես էլ մեծ հպարտությամբ եմ դիտում Վեհափառի բոլոր բոցաշունչ ելույթների տեսաերիզները. հատկապես հայ-թուրքական ազգադավ արձանագրություններին առընչվող . ... Վեհափառը փայլում է նաև հռետորական արվեստով...
    Վեհափառի ավանդը մեծ է նաև հայապահպանման, Քրիստոնեական հավատքի ամրապնդման գործում... Երկար , առողջ կյանք եմ մաղթում մեր շատ սիրելի Վեհափառին...
    Ուզում եմ նաև անդրադառնալ հուշագրությանդ 6-րդ օրվա ավարտին Լիզբոնի նահատակներից Արայի մոր՝ Հեղինե մայրիկի տղայի նահատակության լուրը լսած հանրահայտ խոսքերին, որը երևակայությունից վեր է.
    «Անկարելի է բացատրել մօր մը ցաւն ու զգացումները, երբ ան կը կորսնցնէ իր զաւակը…. ինծի համար մխիթարութիւնը այն է, որ իմ զաւակս պարզ մահով չմեռաւ. ան իր գարուն կեանքը զոհեց ու նահատակուեցաւ իր ընկերներուն հետ, իր ազգին ու հայրենիքին ազատութեան ճամբուն վրայ …ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը ցաւիմ, որ շատ զաւակներ չեմ ունեցած՝ ուրիշ զինուորներ ալ տրամադրելու ազգիս համար»
    Փառք այն ժողովրդին, որի մայրն իր զավակի նահատակումով պարծենում է ու ափսոսում, որ շատ զավակներ չի ծնել ազգին մատաղ անելու համար,,,
    Արա ջան շնորհակալ եմ, որ հաղորդ դարձրեցիր քո ուխտագնացությանը և ես քեզ հետ մտովի շրջագայեցի Լիբանանում ու ծանոթացա մեր շատ հայրենակիցների,,,
    ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՇԱՏ,,,

    ОтветитьУдалить

Blogger Widgets