ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.06.2014

ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր յոթերորդ/

ՍԿԻԶԲԸ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՏԵՂ՝ /օր վեցերորդ/

...Բացվող առավոտն իր հետ բերում էր անցած օրերիս հիշողությունները: Մի տեսակ վերլուծական պտույտ էի կատարում հիշողությանս ճամփաներով: Այս ամբողջ ընթացքում անընդհատ մտածում էի, որ հանկարծ ոչինչ բաց չթողնեմ: Բայց ինչպես հետո պիտի հիշեի, շատ բան կար, որ որ էդպես էլ չկարողացա հասցնել կամ խիստ զբաղվածությանս պատճառով հետաձգվեց ու մնաց անկատար: Սակայն հաջորդ անգամ նորից այստեղ լինելու եւ, ապա շարունակելու կիսատ թողածը ինձ ամրացնում էր: 
...-Այսօր, շրջագայությանս վերջին օրը պիտի հանդիպեմ տղերքին, -մտածեցի ես, - մի վերջին զրույցի նստենք ու մի վերջին անգամ նրանց ապրեմ ու ապրելով պահեմ հոգուս հեռուներում: 
...Ընկերոջս՝ Կիրօյի հետ դուրս եկանք տնից ու մեքենա նստելով շտապեցինք Ֆըրն Շըպպէքի ազգային հին գերեզմանատուն: Որտեղ պիտի հանդիպեի յուրաքանչյուր հայի համար մեծագույն արժեք ներկայացնող Մեծերին՝ Լեւոն Շանթին, Նիկոլ Աղբալյանին, խմբապետ Մուշեղին, Սարգիս Տխրունուն, Բարսեղ Կանաչյանին, Հրաչ Փափազյանին, Վարդան Շահբազին, Արշակ Հովհաննիսյանին եւ այլոց... 
...Հպարտությունից փայլում էի: Յուրաքանչյուրի շիրմաքարին պարտադիր ձեռքս դնում էի, բարեւում, ու նոր լիցքեր ստանում: Ամեն մի շիրմաքարի մոտենալիս մարմնովս դողոցք էր անցնում: Անընդհատ մտածում էի արդյոք արժանի՞ եմ այս Մեծերի թեկուզ շիրմաքարի կողքին կանգնելու համար: 
...-Մե՜ր պապեր, ահա ես կանգնած եմ Ձեր մեջ ու բոլորի փոխարեն: Ես եկել ու ինձ հետ Ձեր ժողովրդի տաք համբույրներն եմ բերել: Փա՜ռք Ձեզ... Փառք Ձեր անմահ հիշատակին: 
...Մեկ առ մեկ մոտենում էի շիրիմներին, մեկ առ մեկ համբուրում ու լիցքավորվում: Մեկ առ մեկ մտաբերում էի ամեն մեկի աշխատանքը, արված գործը: Հիշում ու ափսոսում էի, որ նոր սերունդի համար գրեթե անհասանելի են դարձել... Ինչու՞... ինչպե՞ս կարելի է փոխարինել Մեծը փոքրով, ինչպե՞ս կարելի է ջնջել հիշողությունը... Շանթին փոխարինել Արթյուր Ռեմբոյով... Կանաչյանին՝ Շակիրայով կամ Սպիտակցի Հայկոյով... Ինչպե՞ս կարելի է փոխարինել խմբապետ Մուշեղին՝ Նիկոյով ու ... Աստված իմ էս ի՞նչ արեցիր ազգիս հետ: Ինչու՞ դեռ չսովորեցինք, որ փոքր ազգերը ինքնապահպանման կարիք ունեն: 
-Խմբապե՛տ, -մոտենալով Մուշեղի տաք շիրիմին դիմեցի նրան: 
-Ես եկել եմ խմբապետ, եկել եմ միանալու քո խմբին: Քո բազկի մի ավելորդ զարկը դառնալու համար եմ եկել... Ընդունի՛ր ինձ, խմբապե՛տ... Ամոթի խա՛չով չեմ եկել խմբապետ... Վահագնի կանչով եմ եկել... Եկել եմ... Եկել եմ ասեմ... ընդունի՛ր ինձ խմբապետ... 
...Դանդա՜ղ քայլերով հեռանում էի Մեծերից, ու ավելի՛ մեծանում... 
Գերեզմանատան դարպասներից ներս մի հպարտ հայացք նետեցի բաժանվող շիրիմներից ու հեռացա... մի վերջին այցի պիտի գնայի Բուրջհամուդի Ազգային գերեզմանատանն ամփոփված, նորագույն ազատագրական պայքարի ընթացքում նահատակ հսկաներին... 
...Նահատակությունիցդ 38 տարի անց ահա ես կանգնած եմ կողքիդ, ընկե՛ր... Նահատակությունիցդ 38 տարի հետո ես միայն պիտի կարողանայի քեզանից օրհնություն ստանալ... իմ սիրելի ընկեր Սերժ Թովնասյան: Նահատակությունիցդ 22 տարի հետո պիտի միայն երգեր ձոնվեին անմահ հիշատակիդ. 
Մտաբերելով ազգային հայրենասիրական երգերի հեղինակ Ներսիկ Իսպիրյանի «Լիբանան երկիր» երգը, նվիրված ընկեր Սերժին, քթիս տակ ցածրաձայն երգեցի. 
...-Կեցցեք հավերժ դուք ընդմիշտ, 
Լիբանացի հայ քաջեր, 
Սերժ Թովմասյանի նման, 
Հերոս նահատակ ընկեր... 
...Յուրաքանչյուր հերոսի շիրմից հեռանալով մոտենում էի մեկ այլ հերոսի: Այս ի՞նչ է աստված իմ... արդյոք թանգարա՞ն է հերոսական, թե՞ մի շատ սովորական գերեզմանատուն... 
Հեռվից, պատվանդանի վրա նշմարեցի ինձ համար հայտնի մեկ այլ հերոսի... Եղիկ Գայայեանն էր... 
...Այս նահատակ սուրբը, լիբանանյան կռիվների մեջ թրծված ու գաղափարի ջահակիրը դարձած հերոսներից էր: Նրան, ավելի խոր ու տպավորիչ իր հիշողությունների մեջ նկարագրում է ընկերներից մեկը՝ Համբիկ Պիլալեանը, ում հետ բախտ ունեցա ծանոթանալու իր աշխատավայրի մեջ. «...-Այսօր, եթէ երբեք մենք մեզի հարց տանք, թէ ի՞նչ մնաց մեզի Եղիկ Գայայեանէն, անվարան պիտի հաստատենք, որ մենք` հաւաքաբար, կարօտը ունինք անոր բարի ժպիտին, սրամիտ եւ խոհուն խօսքերուն, համակ եռանդին ու նուիրումի պատրաստակամութեան, անկրկնելի ընկերասիրութեան, անօրինակ քաջութեան, մանկունակ ներաշխարհին, ազնիւ հոգիին, կամքի տոկունութեան, ճակատագրորոշ պահերու անոր չընկրկելու կեցուածքին, վարակիչ Արարատասիրութեան, ազգային արժէքներու ցուցաբերած պաշտամունքին, բայց մանաւանդ` դաշնակցական աւանդի եւ ապրումներու հաւատամքին ու հաւատարմութեան»: 
Ահա այսպես կնկարագրեի այս պանծալի հերոսին, եթե միայն ես էլ ճանաչեի նույնքան, որքան, որ ընկերը՝ Համբիկ Պիլալեանը: 
...Նորից հանդիպեցիք տղե՛րք, -կանգնելով Նահատակ Քրմերի շիրիմի մոտ խոսեցի ես: Սարգի՛ս, այս ամբողջ ընթացքում հարազատներիդ հետ էի, եղբորդ կողքին... միայն... ափսո՜ս ընկեր... Փառք քեզ, ընկե՛ր... 
...Սիմո՜ն... իմ... իմ բուրվառի ծուխ... իմ ընկեր-բարեկամ... Այնճարում մի քանի րոպե ապրեցի քո տանը, քո հայրական հարազատ օջախում... Գիտե՞ս Սիմոն, քո անկողնուն նստեցի, հյուրասրահում էի, երբ եկար... հիշու՞մ ես ընկեր... Ձեր տան մեջ ամեն ինչ այլ էր... Դու ամենուր էիր ընկե՛ր... Փառք քեզ Սիմոն, իմ հավատի կոթող... 
...Անմահ իմ ընկեր, Արա սիրելի... Հեղինե մայրիկդ քեզանով շատ է հպարտանում: Ամեն անգամ անունդ տալուց աղջկաս դեմքին թեթե՜ւ ժպիտ է իջնում... Հիմա, երբ կանգնած եմ այստեղ, հանկարծ հիշեցի 3 ամյա դստերս՝ Նանեին, ամեն անգամ երբ թոթովախոս իր լեզվով խոսելիս ինչպես էր կնճռոտվում ճակատը, երբ հարցնում էր «-պա՜պ, Սեդակին կլակել ե՞ն... հա՞..., ըբը ո՞վ կլակեց Սիմոնին, պա՜պ, Սագոն մելել է՞, հա՞... ո՞վ կլակեց, թուլքելը՞... Վաչեին էլ կլակեցի՞ն... հա՞ պապա... ա՜խ թուլքել թուլքել ձել տիլու մելը... Ալաին չեն կլակել չէ՞ պապա... Ալան դու ե՞ս, չէ՞, պապա...»: 
Դե արի ու ես թոթովախոս մանկանը բացատրի, որ ես Արան եմ բայց ո՛չ դու, ընկեր... Դե արի ու ես մանկանն ասա, որ ես միայն քեզ հիշողն եմ... Արա՜... 
...Կներես, եղբայր, չհասցրեցի, չնայած արդարացում չէ, բայց չհասցրեցի նայել վարպետ Օնիկի աչքերին ու լռել նրա հետ... Կներես Սեդրակ, հաջորդ անգամին առաջին գործս դա է լինելու: Հաջորդ անգամները միշտ սարսափելի են... Երանի՜ հաջորդ անգամը վարպետ Օնիկին գոնե ինձ տեսնելու համար պահպանած լինի... Երանի հաջորդ անգամը իր մեջ խեղդած լինի ցավ ու ափսոսանք հիշողությունը... 
...Իմ Երգեհո՛ն, ընկեր, եղբորդ հետ մի քանի օր առաջ, քո մասին էինք խոսում: Եղբորդ՝ Ժակի հոգին խռոված էր, գիտե՞ս: Նրա աչքերում անընդհատ կարոտ էի կարդում, Վաչե՛... Անվանդ հետ կապվող ամեն մանրունքը գոնե ինձ համար բացվող չակերտների նման պատմեց եղբայրդ... Սրտի լեզվով էր խոսում... կարոտի ցավով էր պատմում... Դատարկվում էր գիտե՞ս... ուզում էր ասել ու ասում էր: Ուզում էր, որ... Վաչե՜, իմ ընկեր օրվա վերջում հանդիպելու եմ հարազատներիդ: Նախապես պայմանավորվել եմ ու հիմա նրանք սպասում են... 
...Ես գնում եմ տղե՛րք... մի օր... մի օր կհանդիպենք ու մի տաք զրույցի կբռնվենք, կհիշենք անցածն ու ապագայի նոր ծրագրերի գաղափարով կվառվենք... մի օր ես Ձեզ պիտի ոգեւորեմ նոր սերունդի վճռական կերպարի մասին պատմելով... Դեռ ամեն ինչ կորած չէ՛, տղերք, Ձեր ցանած սերմերի ծիլերը դեռ հասկեր պիտի դառնան ու... ու ջաղացի երկունքի քարերին քսվելով պիտի ալյուրանան ու... հաց դառնան, տղե՛րք... Ես դեռ գալու եմ... Գալու եմ ասեմ, որ փոքրիկ Սիմոնն արդեն հասուն տղամարդ է, գալու եմ ասեմ, որ պատանի Սաքոն ու Վաչէն ձեր հիշատակի կրողն ու գործի շարունակողն են տղե՛րք... իմ սպիտակափայլ տաճարի ադամանդափայլ հոգիներ... Ձեզ բարի՜ երթ, տղե՛րք... Ես կմեկնեմ, բայց մենք դեռ շատ երկար կմնանք իրար հետ: Ես դեռ Ձեզ պիտի պատմեմ զավակիս, աշակերտիս, փողոցում մանկական խաղի հետ կռիվ տվող պատանուն, համալսարանականին ու իշխանավորին... Ես դեռ կկարդամ Հայոց ռազմական աստվածաշնչի Ձեզ պատմող էջն ու կվառվեմ, կայրվեմ... ի տեսություն, տղե՛րք... դեռ կհանդիպենք... 
Լու՜ռ զրույցս տակն ու վրա եղավ, երբ սկսեցի դանդաղ հեռանալն ու... արդեն կարոտում էի... 
...«ՎԱՆԱ ՁԱՅՆ» ռադիոկայանում էի, խմբագիր Աւօ Կիտանեանի մոտ: Զրուցեցինք ընդհանուր թեմաների շուրջ ու մտածեցինք, որ մի հարցազրույց կազմակերպենք ռադիոյի եթերից, հնարավորություն տալով ինձ շփվելու սիրելի հայրենակիցներիս հետ: 
Հարցազրույցի տաղավարում Հուրի Փափազեան-Էմմիյեանի հյուրն էի: /ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԼՍԵՍ ԱՅՍՏԵՂ/ խոսում էի ոգեւորված, պատմում, կիսվում պատասխանում հարցերին: Ամբողջ հաղորդման ընթացքում մտածում էի մի բան բաց չթողնեմ: Հնարավորինս արտահայտվեմ ու փոխանցեմ հոգեկան բավարարվածությունս, որ ունեցա այս մի քանի կարճ ու այնքա՜ն երկար օրերի ընթացքում... 
Յակոբ Հանտեանի խանութի մեջ պատահական հանդիպեսի սոց ցանցերից արդեն երկար ժամանակ հարազատ դարձած ընկերոջս՝ Սիմոն Սիմոնեանին: Ընկերոջ հետ ընդհանուր շատ բաներ ունեի խոսելու, սակայն ժամանակի մեջ չէի կարողանում տեղավորվել: Ինչպես անցած օրերին էի դժգոհում այդպես արագահոս պարպող ժամերից, այնպես էլ հիմա: 
...Նախնական պայմանավորվածություն ունեի ընկեր Համբիկ Խաչերի հետ, որ պիտի հանդիպեինք ու ինքը ինձ պիտի ուղեկցեր Վաչէ Տաղլեանի ընտանիքի հետ հանդիպմանը: 
...Երբ մտա ընկեր Համբիկենց տուն, այնտեղ էր Այնճարից արդեն ինձ ծանոթ ընկերուհի Ռիթա Լաքիսեանը իր դստեր Նաիրիի հետ: Ընկերուհի Ռիթան՝ «ԿԱՐՄԻՐ ԼԵՌ» կոմիտեի քարոզչական հանձնախմբի անդամներից է: Շատ մտերմիկ միջավայրում, շատ հարազատ զրույցի բռնվեցինք ու ժամանակը ինչպես միշտ իր դավաճանական գործին էր լծված: Ընկերուհին պիտի արդեն գնար ու որովհետեւ բավականին ուշ էր Այնճար վերադառնալու համար: 
...Անակնկալ հեռախոսազանգը պիտի ինձ սպասեցնել տար... Ընկերուհի Մարալը վերցրեց լսափողն ու բարեւելուց անմիջապես հետո ասեց. -Այո, այստեղ է, դու Բեյրութ ե՞ս, գալիս ե՞ս, այո դեռ ժամանակ ունի... եւ լսափողը դնելուց հետո ասեց, որ այստեղ է շտապում ինձ արդեն Այնճարից ծանոթ ու հարազատ դարձած Եսուկը՝ Եսայի Աբրահամեանը: Վերջինս եկել էր Բեյրութ իր գործի բերումով եւ, որ մի վերջին անգամ ցանկացել էր հանդիպել ինձ ու հաջողություն մաղթել... 
Ընկերոջիցս բաժանվեցի գրկախառնվելով ու ապագայում նորից տեսնելու մտածումով... 
...Ընկեր Համբիկը սեղմեց Վաչէ Տաղլեանենց բնակարանի դռան զանգի կոճակը: Վայրկյաններ անց դուռը բացվեց ու... իմ դիմաց՝ ընկերուհի Մարոն ու Սոնիկն էին: -Համեցեք ներս ընկեր Արա, -գրեթե միաբերան արտասանեցին քույրերն ու ձեռքով ցույց տվեցին հյուրասենյակի կողմը: Դռների արանքում, դեմ հանդիման դուրս եկավ ինձ համար այնքան ցանկալի Լուսինե մայրիկը... Մայր, ով ինձ ու իմ ժողովրդին է պարգեւել մի բոցավառ ջահ, անունը Վաչէ: Համբուրեցի մայրիկին ու տեղավորվեցի հյուասրահի մեջ, անկյունին դրված բազկաթոռին... Մայրիկը, որ դեռ ուզում էր հասկանալ իմ ով լինելը, որը ես կարդում էի նրա հայացքում, անընդհատ զննում էր ինձ: 
-Էսքան երջանիկ պահեր ունենալու համար մի ամբողջ կյանք պիտի ապրես... -մտածում էի ես ու հասկանում, որ ես հիմա այնտեղ եմ, այն մարդկանց կողքին, ով ծնել ու սնել է իմ փառավոր ընկերոջը, որ ես այնտեղ եմ, նրանց կողքին, ովքեր պատանեկան տարիներին սիրել ու կռվել են իմ փառավոր ընկերոջ հետ... 
...Վաչէ՜, իմ ընկեր, տան բոլոր անկյուններում քեզ հիշեցնող մասունքներ են... 
...Ընտանեկան մեծադիր լուսանկարը, որ փակցված էր հյուասրահի պատից՝ նկարված է 1970-ականներին: Ի՜նչ հետաքրքիր է, աստված իմ... 
-Այս նկարը պատերազմի ժամանակ ենք նկարվել, -խոսեց Լուսինե մայրիկն ու հիշողության գիրկն ընկավ. -լիբանանյան այդ եղբայրասպան պատերազմի տարիներին, երբ ամեն ինչ շուռ եկավ, ամեն կողմում ավերվածություն, սով, կռիվ... ու քանի որ մեր տունն էլ անմասն չմնաց նկարագրածս վիճակներից, ու մի ռումբ պայթեց հենց մեր տան պատի կողքին ու քանդվեց պատը, որոշեցինք, քանի դեռ բոլորս միասին ենք ու դեռ վտանգը ամեն վայրկյան սպառնում է, հավաքվենք իրար ու մի լուսանկար թողնենք հետգայում հիշելու համար: Մեկ էլ տեսար մի օր... Այդ պահին ես անկուշտ հայացքով ուշադիր նայում էի մայրիկի աչքերին, ինչ-որ բան գողանալու նպատակով... Այնքան բան տեսած այս պատկառելի, հանդարդ դիմագծերով կինը մերթ լցվում, մերթ դատարկվում էր... 
Փորձում էր Վաչէին հիշել, խոսում էր, պատմում... 
Չէի ուզում... չէի ուզում, որ այս հերոս մայրիկը իր հոգին տարիներ հետո նորից տակն ու վրա աներ, բայց մի բան հասկանում էի, դատարկվել էր պետք, ինչ որ մեկին ինչ որ բան ասելու եւ պատմելու կարիք ուներ: 
Վաչէ՜... Նազար հայրդ, որ քո ոգու դաստիարակն էր, պիտի խոսեր, պիտի գրեր մի օր, քեզանից հետո, ու որպես պատգամ գալիք հայրերին պիտի ասեր. «...Տակաւին շատ բաներ կուզեմ ըսել, բայց ձեռքս ալ չը երթար գրելու: Հպարտ եմ Վաչէին հայրը ըլլալուս, հպա՛րտ եմ, որ այդպիսի ընկերներ ունէր սիրելի Վաչէս եւ անոնց հետ զոհուեցաւ...»: 
Մարոն ու Սոնիկը մանկացել էին, հիշում ու պատմում էին ոգեւորված, այնպես էին խոսում կարծես երեկ էր... կարծես դեռ պիտի տուն գար Վաչէն ու իրենք նորից պիտի խաղային ու կռվեին, սիրեին ու ապրեին... 
Բազմոցին թիկնած աղջնակը՝ Կարինը, Վաչէի քրոջ՝ Մարոյի աղջիկն էր... ուշադիր նայում ու լուռ խոսում էր... նա երբեք չէր տեսել իմ Վաչէին... իմ գաղափարի մարտիկ ընկերոջս: Նա էլ ինձ պես որոշ բաներ առաջին անգամ էր լսում... 
...Մայրիկ, ես վաղն արդեն պիտի մեկնեմ... հույս ունեմ, ո՛չ, վստահ եմ, մի օր նորից կհանդիպենք... Մայրիկ, դու քեզ լավ նայի... Քեզ պահպանի, գոնե մեզ համար... 
...Աշխարհի ոչ մի մայր այսքան ցավի մեջ չպիտի կարողանար դիմանալ, բայց արի ու տես, որ ցավն անզոր է գալիքի պայծառ ապրումների, հույսի ու վստահության առաջ: 
...Աստված քեզ երկա՜ր կյանք տա մայրիկ... Հաջորդ անգամ անպայման կհանդիպենք ու ավելի երկար կզրուցենք: 
-Մնաք բարով... -ասեցի ես ու դուրս եկանք... 
...Հակոբ Աբրահամեանը սպասում էր մեզ... 
Պիտի հանդիպեինք ու հրաժեշտի փոքրիկ երեկո անցկացնեինք: Շնորհակալության ու երախտագիտության խոսքեր եւ չէ՛ի ասում, եւ չէի կարող չասել, ինձ համար ամենակարճ, բայց հավերժական օրեր անցկացնելու համար... 
Շնորհակալ եմ Ձեզ մարդիկ, ես ինձ այսքան սիրված ու ընդունված դեռ չէի տեսել... 
...Առավոտյան ընկեր Կիրօյի հետ շտապեցի օդանավակայան: Արագ անցա բոլոր անցակետերն ու սպասասրահում հանկարծ հանդիպեցի իմ լավագույն ընկերներից մեկին՝ Մարտիկ Չոկակլեանին, ում հետ ծանոթացել էի Գյումրիի մեջ, «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» գրքի շնորհանդեսի եւ 30-րդ ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: 
Միասին նստեցինք օդանավ ու վայրէջք կատարեցինք «Զվարթնոց» օդանավակայանում,  դիմավորելու էին եկել բարեկամ-հարազատներս:
Ամփոփելով մտքերս, շատ բան հիշելով ու շատ բան էլ մոռանալով, ավելացնեմ, որ այստեղ ամենամեծ հարգանքի ու սիրո, տեղն ունի Հայ Կաթողիկե Եկեղեցու վարդապետ Հայր Անտոնը, որին ինձ պարզապես նվիրեց իմ այս 7 հավերժական օրերս, ամեն օրս 100 տարի ապրելու գործում...




















































Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets