ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.06.2014

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Հալեպահայերին

երգում է ԿՈԿՈ ԹՈՒԹՈՒՆՋԵԱՆԸ


Հալեպ (Ալեպպո, Հալաբ (անտիկ շրջանում՝ Բերոյա, հայկ. աղբյուրներում‘ Բերիա, Տիբերիա, Խալիպոն, Խաղաբ), արաբերեն՝ حَلَب, արևմտահայերէն՝ Հալէպ), քաղաք Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Հալեպ մուհավազի վարչական կենտրոնը, Սիրիայի մեծագույն քաղաքը, Սիրիայի ամենամեծ հայաբնակ քաղաքը։ 1, 5 մլն բնակիչ (1999)։


Հալեպի հայ համայնքը
Հայկական գաղութի վերաբերյալ առաջին հավաստի տեղեկությունը կա 1329-ին Հալեպում գրված հայկական մի ձեռագրի հիշատակարանում, ըստ որի, XIV դ. Հալեպում եղել է հայկական համայնք և եկեղեցի՝ Ս. Աստվածածին։ Հալեպը միջազգային տարանցիկ առևտրի կենտրոն դառնալով՝ նպաստել է հայ համայնքի վերելքին։ 1616-ին Հալեպում կար շուրջ 6 հազար, 1652-ին՝ ավելի քան 20 հազար հայ (Ջուղայից, Երևանից, Ղարաբաղից, Էրզրումից, Սեբաստիայից, Կիլիկիայից գաղթած)։ Հիմնականում վարպետ ոսկերիչներ, ակնագործներ, կաշեգործներ, մետաքսագործներ էին։ Նշանակալից էր հայ խոջաների (խոշոր առևտրականներ) դերը Սիրիայի միջազգային առևտրի և ապրանքափոխանակության մեջ։ Զբաղվելով Պարսկաստանի և Սիրիայի հում մետաքսի առևտրով՝ նրանք աշխույժ կապերի մեջ էին Վենետիկի, Ջենովայի, Լիվոռնոյի, Ամստերդամի, Մարսելի շուկաների հետ։ Նրանց ձեռքում էին Հալեպի մաքսատունն ու փողերանոցը։ XVII դ. վերջին հայ համայնքն անկում է ապրել (կապված միջազգային տարանցիկ առևտրում Հալեպի դերի նվազման և քրիստոնյաների նկատմամբ կամայականությունների ուժեղացման հետ)։ Վիճակը համեմատաբար բարելավվել է XIX դ. 40-ական թթ., երբ օտարերկրյա կապիտալի մուտքը նպաստել է Սիրիայի առևտրական կապերի զարգացմանը։ Եվրոպական վաճառականներն օգտվել են գլխավորապես հալեպահայ միջնորդ առևտրականների ծառայություններից։ 1880-90-ական թթ. հայ առևտրականները, դրամական խոշոր միջոցներ կուտակելով, ձեռնամուխ են եղել գորգագործության, տեքստիլի, պղնձագործության, կաշեգործության և այլ մանուֆակտուրաների ստեղծմանը։ Նրանց արտադրանքն առաքվել է Եվրոպա, ԱՄՆ և այլ երկրներ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո շուրջ 60 հազար հայ գաղթականներ Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից ապաստանել են Հալեպում։ 1999-ին հալեպահայերի թիվը մոտ 70 հազար էր։ Հալեպում են Հյուսիսային Սիրիայի հայության ազգային առաջնորդարանը, ազգային կուսակցությունների Սիրիայի ղեկավար մարմինները։ 1936-ին Հայ աշխատավորական միությունը, հնչակյան և ռամկավար կուս-ները Հալեպում կազմել են ֆաշիզմի դեմ պայքարի Սիրիահայ ժողողվրդական ճակատ։ 1943-45-ին հայերը գործունորեն մասնակցել են Սիրիայի ժողովրդի ազգային անկախության պայքարին։ 1946-47-ին մեծ թվով հալեպահայեր գաղթել են Հայաստան։ 1967-73-ին արաբա-իսրայելական պատերազմները բացասաբար են անդրադարձել նաև Հալեպի հայ գաղութի վրա, մեծ թվով հայեր արտագաղթել են Հալեպից։
Հայերը Հալեպում ստեղծել են մշակութային ուշագրավ արժեքներ։ XVI-XVII դդ. գործել է դպրատուն («դասատուն»), որի գրիչների գործերից պահպանվել են 200-ից ավելի ձեռագիր մատյաններ, ինչպես նաև հալեպահայ վարպետների բարձրորակ որմնանկարներ, սրբապատկերներ ու մանրանկարներ։ Հայտնի էին նկարիչներ Ումեի որդի Անանիան, Հանանիայի որդի Խաչատուրը և ուրիշներ։ XIX դ. 40-ական թթ. Հալեպում գործել է հայկական չորս տարրական դպրոց։ 1858-ին բացվել է առաջին մանկապարտեզը («Ծաղկոց»), 1867-ին՝ առաջին իգական դպրոցը։ 1876-ին հիմնվել են Ներսեսյան (արական) և Վարդուհյաց (իգական) դպրոցները։ 1930-ական թթ. կային 18, 1946-47-ին՝ 21, 1972-78-ին՝ 14 հայկական միջնակարգ և տարրական, 1986-ին՝ 22 դպրոց, 1994-ին՝ 14 դպրոց։ Հալեպի գլխավոր միջնակարգ դպրոցներն են Լազար Նաճարյան-Գալուստ Կյուլպենկյան, Կարեն Եփփե, Կիլիկյան, Մխիթարյան վարժարանները։ Նախակրթարաններից են Տաուտիե թաղամասի հայ ավետարանականը, Կրթասիրացը, Գերմանիկյանը, Անարատ հղության քույրերինը, Հայկազյանը, Ներսեսյանը և այլն։ Հալեպահայ ազգային կյանքը կազմակերպել են Ռուբինյան միությունը (հիմնադրվել է 1846 թ.), Ուսումնասիրաց ընկերությունը (1880), Դպրոցասեր տիկնանց միությունը (1898), 1920-ական թթ-ից գործում են մեծ թվով բարեգործական, հայրենակցական, մշակութային, հայրենասիրական, մարմնամարզական միություններ։ Գնահատելի աշխատանքներ են կատարում ՀԲԸՄ (1910-ից), Թեքեյան մշակութային միության, Համազգային մշակութային միության, ՀԵԸՀ-ի մասնաճյուղերը, Ազգային մշակութային և Կիլիկյան մշակութային միությունները, ինչպես նաև Մարտիրոս Սարյան ակադեմիան և Ս. Ասլամազյանի անվան լարային քառյակը, «Զվարթնոց» երգչախումբը։ Հալեպում հայտնի են Ասատուր Ալթունյանի հիմնած (1911-ին) Ալթունյան հիվանդանոցը և բժիշկ Ռոպեր Ճեպեճյանի 1952-ին հիմնած Ճեպեճյան ակնաբուժարանը։ Հալեպում 1877-ին լույս տեսած արաբական «Ֆռաթ» (Եփրատ) պարբերականն ունեցել է հայկական բաժին։ Երկարատև ընդհատումից հետո հայ մամուլը սկսել է հրատարակվել 1918-ից, և ցայսօր լույս է տեսել ավելի քան 70 անուն պարբերական։ 1975-ից լույս է տեսնում «Գեղարդ» գրակ-գեղ. պատմ. տարեգիրքը, 1980-ից՝ «Նոր ապրիլ» բազմաբնույթ քառամսյան, «Գանձասար» շաբաթաթերթը։

Գրականություն
Սյուրմեյան Ա., Պատմություն Հալեպի հայոց, հ. 3, Փարիզ, 1950։
Թոփուզյան Հ.Խ., Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների պատմություն (1841-1946), Երևան, 1986։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets