ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.06.2014

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

(Լուսանկար.՝ Լուսինե Զաքարյանը Լենինականի
Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբի հետ
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
պատարագից հետո: 1984թ.)
ԼՈԻՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
հուշ Գ

1980 թվականին, երբ ուսանում էի Երևանում, հայտարարվեց Լուսինե Զաքարյանի՝ ուսանողների համար տրվելիք համերգի մասին: Իհարկե, լսել էի Լուսինեին, սակայն ոչ կենդանի կատարմամբ, առավել ևս շփվելու առիթ չէի ունեցել: Եվ ահա, առաջին անգամ՝ 19 տարեկանում, բեմին տեսա Լուսինե Զաքարյանին. բեմ բարձրացավ մի անզուգական երևույթ, որն իր ձեռագրի հետագիծը թողեց իմ կյանքում: Մինչ նա երգում էր, ես համակ սիրով էի լցվում դեպի հոգևոր երաժշտությունը: Այդ իսկ պահից Լուսինե Զաքարյանը դարձավ հոգևոր երաժշտության իմ ուսուցիչը, այն դարբնոցը, որն ինձ կոփեց իբրև երգչուհի. նա ինձ փոխանցեց հոգևոր երգը մատուցելու մշակույթը:
Այդ օրը երգեց «Սուրբ-սուրբը», որ կարծես հնչում էր աստվածային թելադրանքով, «Յորժամը» և «Տէր, ողորմեան»: 
Երկրորդ անգամ Լուսինեի կենդանի կատարումն ըմբոշխնելու բարեպատեհությունն ունեցա, երբ քեռակնոջս առաջարկով գնացինք ունկնդրելու Հարություն Փափազյանին. համերգի երկրորդ մասում ելույթ էր ունենալու աստվածային ձայնով երգչուհին: Երբ Լուսինեն բեմ բարձրացավ, տեսնել էր պետք, թե ինչպիսի խանդավառություն էր ապրում հանդիսատեսը: Նա, ով ուզում էր տիեզերական լիցքեր ստանալ, մաքրվել, խաղաղվել, պիտի լսեր Լուսինե Զաքարյանին...
Երկու տարի անց պատարագ էինք երգում: Վազգեն վեհափառը, որին ես միշտ համեմատում եմ ժողովրդի կյանքով ապրող Խրիմյան Հայրիկի հետ, տեղեկացրեց, որ ընթրիքի ժամանակ մեզ հյուրընկալվելու է նաև Լուսինե Զաքարյանը: Գիտեի, որ նա ու Խորեն Պալյանը ամենշաբաթյա շրջայցեր էին կազմակերպում Հայաստանի տարբեր եկեղեցիներ: Որքա՜ն երախտապարտ եմ, որ ճակատագիրը խաչաձևեց մեր ճանապարհները, և պատեհ առիթը կայացավ նրա հետ առնչվելու:
Պատարագի ավարտից հետո վեհափառն ինձ կանչեց՝ ընծաներ հանձնելու:
_ Մի Լուսինե էլ Լենինականում ունենք,_ ասաց նա:_ Կուզենայի՞ր Մայր Աթոռում երգել:
Ստիպված էի հրաժարվել, քանի որ ծնողներս Գյումրիում էին ապրում: Լուսինեն ևս շնորհավորեց: Շնորհակալություն հայտնեցի, միաժամանակ՝ ուրախությունս, որ բախտ ունեմ իրեն լսելու, անձամբ ծանոթանալու: Պատասխանեց.
_ Ես եմ ուրախ, որ կարողացա Յոթվերքի երգչախմբին լսել և ձեզանից 
ինչ-որ բան սովորել: 
Ես հիացած էի նրա համեստությամբ. մարդ, որ նվաճել էր ճանաչման 
բարձունքը, նույն հարթակի վրա է կանգնում սկսնակների հետ: Այդքա՜ն խոնարհ, այդքա՜ն պարզ ու զգայուն էակ էր նա: Իսկ ամենից ակնառուն նրա չափազանց զուսպ, մեղմ ու քնքուշ բնավորությունն էր և նրբին կանացիությունը: Այդ օրը Լուսինեն ևս ինձ մի գրքույկ նվիրեց՝ իր մակագրությամբ:
Այլևս առիթ չունեցա հանդիպելու սքանչելի այդ մարդուն ու երգչուհուն: Բայց կան մեծություններ, որոնց հետ մեկանգամյա հանդիպումն էլ անջնջելի հետք է թողնում: Այդպես էլ մնացել է Լուսինե Զաքարյանն իմ հիշողության մեջ իր լուսավոր կերպարով. անկրկնելի երգչուհի, որ հայ տոհմիկ երգը ներկայացրեց բարձր մակարդակով ու նվիրումով: Եվ դա արեց արգելքի պատնեշը ճեղքելով ու հայ հոգևոր երգը ճշգրիտ կատարմամբ բոլորին հասցնելով: 
Այսօր նա ֆիզիկապես մեր կողքին չէ, բայց մեզ հետ է իր բարոյական ու լուսավոր կերպարով:

Սաթենիկ Վարդանյան
Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբի 
գեղարվեստական ղեկավար, մեներգչուհի
ՏԵՍ ՆԱԵՎ՝ ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets