ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.06.2014

ՄԱՐԴԸ՝ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԶՈՀ

Բազմաթիվ ավանդություններ ու հավատալիքներ կան այն մասին, որ տարբեր կառույցների հիմքում կամ պատերի մեջ կենդանի մարդու զմռսումը կառույցը դարձնում է ամուր ու անառիկ: Հայ բանահյուսության մեջ նման ավանդություններն ունեն թափառող թեմաներ, որոնցում տների, բերդերի, պարիսպների, կամուրջների կառուցման, կանգուն մնալու երաշխիքը միայն այն է, որ նրանց մեջ ողջ-ողջ, մինչև 16 տարին չլրացրած աղջիկ կամ տղա, կամ էլ առաջնեկ երեխային կերակրող մայր զմռսվի: Այս հավատալիքի հետ կապված բազմաթիվ ավանդություններ են պահպանվել Եվրոպայի ու Ասիայի ժողովուրդների մեջ: 
Շինարարության ամբողջ ընթացքում կառուցող վարպետը հանդես է գալիս քուրմ-արարչի դերում: Շինարարները հայկական հավատալիքներում դիտվել են որպես գիտելիքների, խորհրդավոր ընդունակությունների ու իմացությունների կրողներ և արարողներ: Նրանք միշտ պայքարի մեջ են մտել տիեզերական և չար ուժերի դեմ: Զոհվող մարդկային կյանքը՝ որպես տիեզերքի ստեղծման նպատակ, դառնում է հատուկ նախասկիզբ տվյալ կառույցի համար: Երիտասարդ, սրբազան ու մաքուր կյանքի կենսունակությունը զմռսման միջոցով փոխանցվում է կամրջին:
«Կամուրջ» նշանակում է ջրերի վրա շինված անցք: Հր. Աճառյանը կամուրջ բառը համեմատում է նաև կամար բառի հետ և կամուրջը համարում է առաջացած կամարից՝ «կամար ջուրց», այսինքն՝ կամար ջրերի վրա: «Կամար» նշանակում է շենքի կոր ճակատ: Կամուրջ, կամար բառերը կապվում են դուռ, դռան սյուներ, տուն բառերի հետ: Դուռը, կամարը, կամուրջը այն ճանապարհն են, որոնց միջով անցնում է հաղթանակողը: Իր իմաստաբանությամբ համապատասխանում է արևի հաղթարշավին: Ամեն օր արևն անցնում է անդրիշիրիմյան դռների միջով, երկնային հաղթակամարով: Այն խավարի ու մահվան աշխարհը բաժանում է լույսի աշխարհից: Այդ երևակայական երկնակամարն ունի 3 դուռ՝ մեջտեղում բարձր անցքով, որի տակով անցնում է նաև հաղթանակից վերադարձող արքան՝ անձնավորելով արևի դուրս գալը երկնքի դռների միջով: Այսպիսի հաղթական երթ է եկեղեցում Աստծո դուրս գալը տաճարի կամարների տակից, որն անձնավորում է հոգևոր անձը: Եկեղեցին անձնավորում է երկինքը, եռակամար դռնից մտնում ու մոտենում են զոհասեղանին, որտեղ էլ հենց մատուցվում է զոհը: Այստեղ էլ՝ մահն ու ճաշակումը: 
Ինչպես եկեղեցին, այնպես էլ քաղաքն ու նրա փողոցները հավասարազոր
են երկնքի միացյալ կերպարին: Հաղթակամարն իր գոյությամբ մահից 
ազատվելու, մահվան ու լույսի պայքարի հաղթական երաշխիքն է: 
Պատահական չէ, որ դռան շրջանակի վերևում դրվել է երկդիմի գլուխ, 
մի երեսը մահվան (դեպի դուրս), մյուս երեսը (դեպի ներս) հառնելու և 
վերածննդի խորհրդանիշներն են: Դռների բացումն ազդարարում է աստծո
ժամանումը: Թաղումների ժամանակ պատերի քանդելը կամ դռնբացեքը 
նշանակել են հորիզոնը բացել Աստծո հաղթական մուտքի համար:
Ջրերի, գետերի և ճանապարհների վրա կամուրջ, կամար կապելը ջրերի 
փերիների ու ոգիների հաղթարշավն է: Բնականաբար, այդ ոգիները թույլ 
չէին տա իրենց վրա կամար դնել՝ բաժանելով գետի ջրերը այս ու այն 
աշխարհների: Զոհն իր միջնորդությամբ պետք է խաղաղեցներ այդ 
ոգիներին: Դուռը, կամարը, կամուրջը, որին պահապան է դառնում զոհը, 
նույնանում է դռնբացեքի գաղափարին: Նա, դրվելով կամրջի, կամարի մեջ,
դառնում է կենդանի ծես, դռնբացեքի արարողության միջոց, որից կամարն
ամրանում և սանձում է ջրերի հաղթական երթի հզորությունը: 
Պատահական չէ նաև ողջ-ողջ զմռսումը, որովհետև բոլոր 
գործողությունները բնության մեջ զուգահեռաբար նույնացվում են 
մարդկային կյանքի, մահվան ու անմահության հետ:

(Ժ. Խաչատրյանի «Պարը հայոց մեջ» հոդվածների ժողովածուից)
(Նկարում՝ Ռուբեն Բեդրոսյան՝ «Սանահինի կամուրջը»)

ԱՂԲՅՈՒՐ՝ Ֆիմինե

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets