ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.07.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արամ Սաֆրաստյան

Արամ Խաչատուրի Սաֆրաստյան (1888-1966)` հայտնի հայ գիտնական-թուրքագետ, քաղաքական գործիչ, հրապարակախոս։

Ծնվել է 1888 թվականին Վանի Այգեստան թաղամասում, ուսուցչի ընտանիքում։ Սովորել է Այգեստանի միջնակարգ կենտրոնական դպրոցում, որն ավարտելուց հետո նա մանկավարժական աշխատանք է տանում Վանի Հայնկույսերի դպրոցում, իսկ այնուհետև Աղթամարի վանքի, Բայազեդի և Շաբին-Կարահիսարի դպրոցներում։ 1911թ նա մեկնում է Ստամբուլ և ընդունվում Ստամբուլի բարձրագույն մանկավարժական ինստիտուտի հումանիտար գիտությունների ֆակուլտետը, որը շուտով միանում է Ստամբուլի համալսարանի համանուն ֆակուլտետի հետ։ 1915թ գերազանց դիպլոմով ավարտելով համալսարանը, Սաֆրաստյանը ստանում է Թուրքիայի միջնակարգ դպրոցների մասնագետ-ուսուցչի կոչում և աշխատանքի անցնում Բերա թաղամասի Գալաթասարայի լիցեյում, որտեղ նա ավանդում է 1915-1917թթ։ Երիտթուրքական կառավարությունը պատերազմի առիթն օգտագործելով, 1915-1918թթ իրականացնում է արևմտահայության իսպառ բնաջնջման անմարդկային ծրագիրը, որի պատճառով Արամ Սաֆրաստյանը 1919 թվականի սեպտեմբերին ընտանիքով տեղափոխվում է Հայաստան, իսկ 1920թ` Թիֆլիս։ Երբ 1922-1923թթ սկսվեց արաբական տառերից հրաժարվելու շարժումը, Արամ Սաֆրաստյանը այդ գործի առաջին շարքերում էր։ Նա ակտիվ մասնակցություն է ունենում Թբիլիսիում նոր ադրբեջաներեն տառերով լույս տեսնող Յենի յոլ թերթին և Դան յըլդըզի ամսագրին, որպես վերջինիս պատասխանատու քարտուղար։ Շուտով նա ընտրվում է Վրաստանում նոր ադրբեջանական տառերի կոմիտեի անդամ-քարտուղար։ 1926թ Սաֆրաստյանը մասնակցում է Բաքվում գումարված Համամիութենական թուրքագիտական կոնգրեսին՝ իբրև Վրաստանի պատգամավոր։ Խորհրդային իշխանության կողմից ենթարկվել է հալածանքների. 1937-1939թթ բանտարկվել է, 1949-1955թթ աքսորվել է Սիբիր։ Աքսորից վերադառնալուց հետո տեղափոխվել է Երևան։ Մահացել է 1966թ Երևանում։

Երիտասարդ տարիներից եղել է ՀՅԴ անդամ, Առաջին աշխարհամարտից հետո ղեկավարել է Կ.Պոլսի ՀՅԴ կազմակերպությունը։ Աշխատակցել է պոլսահայ մամուլում, հրատարակել է մանկավարժության նվիրված պարբերականներ։ Որպես արևմտահայության ներկայացուցիչ 1919թ ընդգրկվել է ՀՀ խորհրդարանի կազմում, ընտրվելով նրա քարտուղարների կազմում։ 1921թ հեռանալով քաղաքական գործունեությունից զբաղվել է գիտական և դասախոսական աշխատանքով Թիֆլիսում։ 1958թ մինչև կյանքի վերջը եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հիմք դնելով օսմանագիտական հետազոտություններին Հայաստանում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets