ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.07.2014

ՄԱՀԱՑԵԼ Է ԲԱՆԱՍՏԵՂԾ ՂԵՎՈՆԴԸ

«Հասարակության մեջ սիրել են այն արվեստագետին, ով մտածել է իր ժողովրդի մասին, ով բարձրացրել է իր ժողովրդի խնդիրներ, բայց այսօր ոչ բոլոր արվեստագետներն են, որ ըմբոստանալու այդքան համարձակություն ունեն: Իսկ բոլորս գիտենք, թե ժողովուրդն այսօր ինչպես է ապրում: Երբ ասում են՝ մեր երկիրը ազատ է, խոսքի ազատություն կա, դա թվացյալ ազատություն է, պարզապես պատրանք է: Ժողովուրդն իրավունք ունի լավ ապրելու, իսկ կառավարությունը չի ուզում ապահովել ժողովրդի բարեկեցութունը»,- 2013թ. մայիսն էր, բանաստեղծ Համլետ Մանուկյանի՝ Ղեւոնդի հետ զրուցում էինք ամեն ինչից ու նախեւառաջ, մարդկային արժեքներից, բավականին երկարաշունչ ստացվեց մեր հարցազրույցը: Իրեն բնորոշ հանդարտությամբ նա խոսում էր գրականությունից, մտավորականից, հասարակական ու քաղաքական խնդիրներից՝ ժողովրդի ծանր վիճակի մասին իր մտահոգություններն հայտնելով ու համարձակորեն քննադատելով իշխանություններին:
Հուլիսի 15-ի երեկոյան Ղեւոնդն այլեւս մեզ հետ չէր: Առողջական խնդիրները վերջին շրջանում հանգիստ չէին տալիս նրան, ինչը եւ դարձավ բանաստեղծի մահվան պատճառը: Ինքնատիպ մտածողությամբ պոետը, սակայն, գրականության մեջ կմնա ոչ միայն իր «Եկա»-ով եւ «Ջրերի ցնծության ժամանակը»-ով, ոչ միայն իր բանաստեղծական ինքնամփոփ ու յուրատեսակ աշխարահով, այլեւ նախեւառաջ իր մարդ տեսակով, իսկ գրչակից ընկերները նրան կհիշեն որպես անփոխարնելի ընկեր՝ իր անծայրածիր բարությամբ, մարդկային առաքինություններով ու բանաստեղծական ընկալումներով:
Անդրանիկ Կարապետյան, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ.«Այսօրվա փոխհարաբերություններում ինքը կարողացավ մաքուր մնալ իր մեջ` թե՛ բանաստեղծական դաշտում, թե՛ կյանքում: Չեմ հավատում ու չեմ էլ հավատա մինչեւ վերջ: Իր ներկայությունն առանձին տեսակի ներկայություն էր, որը երբեք հնարավոր չէ կրկնել, կապկել: Ինքն անհատականություն էր, շատ տաղանդավոր բանաստեղծ ու մաքրամաքուր անձնավորություն: Նա հեռացավ ու բոլորիս բարին իր հետ տարավ, ու հողը բոլորիս համար իրենով ավելի սիրելի կդառնա»:
Արա Արթյան, բանաստեղծ. «Առանց չափազանցության եմ ասում՝ Շիրակ աշխարհի լավագույն բանաստեղծն էր եւ հայ իրականությունում ապրող ամենատաղանդավոր պոետներից մեկը: Բացառիկ մաքրության եւ բացառիկ հոգու տեր էր, բացառիկ ազնիվ մի մարդ: Ինքը ծնվել էր բանաստեղծության համար ու սրբազան գործ էր իր համար պոեզիան: Անգամ իր անունը՝ Ղեւոնդ, միջնադարյան սրբոց անուններից է, եւ ինքը կարծես հենց այդպես էլ ապրում էր: Ինքն իր միսսիան կատարեց եւ գնաց: Ես ուղղակի սգում եմ, բառեր չեմ գտնում»:
Գեւորգ Թումանյան, բանաստեղծ. «Հրաշալի ընկեր, հրաշալի պոետ, ապրում էր իր համար, իր աշխարհում՝ առանց որեւէ մեկի նախանձելու: Այդ չարաբաստիկ հիվանդությունները եկան, իրեն կպան, առաջինից խուսափեց, իսկ վերջինից, կարծես թե չէ»:
Սերգեյ Վարոսյան, բանաստեղծ. «Շատ տաղանդավոր բանաստեղծ էր, ռիթմի յուրահատուկ զգացողությամբ: Նրա մահով հայ գրականությունը մեծ կուրուստ ունեցավ: Նա դեռ երիտասարդ էր ու կարող էր նոր բարձունքներ նվաճել: Իր բանաստեղծական տեսակը աշխարհում բացակայում էի, նա միակն էր: Ցավակցում եմ նրա ընտանքին, մեր ամբողջ գրական ընկերությանը»:
Երկնային բարձունքից, վստահաբար, Ղեւոնդն հիմա ժպտում է բոլորին ու իր բանաստեղծական տողերով ասում.

Թե վիճակ է նետված
ու հայացքից հեռու ընկնող քարի նման
քեզ բաժին է ընկել ազատորեն տնքալ
պատմությունը հոսող քո ջրերի
քեզ մեկ անգամ լքած
նայադների նման
ինձ չթողնես հիշել,
որ հայացքից վեր-
ուրիշ բուրմունք ունի
քո խնձորի վերջին տատանումը ճյուղին:

Մարինե Պետրոսյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets