ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.07.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ստեփանոս Սյունեցի

Ստեփանոս Սյունեցի († հուլիսի 21, 735 թ.). հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ, Սյունիքի 22-րդ մետրոպոլիտ։

Հավանորեն ծնվել է 660-ական թվականներին։ Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան Դվինում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել Գեղարքունյաց գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ Հայաստանում մեծ հռչակ վայելող Սյունյաց վարդապետարանում՝ Մովսես Քերթողի մոտ։ Հետագայում ուսումնառության նպատակով եղել է Կոստանդնուպոլսում, Աթենքում և Հռոմում, սերտել է հունարեն և լատիներեն գրականություն և դպրություն, յուրացրել է երաժշտական արվեստը, խորացրել իր իմացությունը աստվածաբանության, մատենագրության մեջ։

Հոգևոր և մշակութային գործունեություն
Դեռևս Կոստանդնուպոլիսում եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին։ Վերադառնալով հայրենիք ծավալել է մշակութային լայն գործունեություն, կատարել է թարգմանություններ հունարենից, գրել ինքնուրույն աշխատություններ, մեկնություններ (որոնց թվում՝ Դիոնիսիոս Թրակացու «Արվեստ քերականության» հայտնի աշխատության մեկնաբանությունը), ճառեր, ինչպես նաև հոգևոր երգեր, շարականներ և կցորդներ։
734թ. ձեռնադրվել է Սյունիքի մետրոպոլիտ։ Մեկ տարի անց սպանվել է Եղեգյաց ձորագավառի Մոզ ավանի մոտ՝ իր կողմից հանդիմանության արժանացած մի անպարկեշտ կնոջ կողմից։ Ըստ ավանդության նրա մահից հետո Վայոց Ձորում քառասուն օր երկրաշարժ է եղել։

Աշխատություններ
Ստեփանոս Սյունեցու թարգմանությամբ մեզ են հասել Դիոնիսիոս Արիոսպագացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գևորգ Պիսիդեսի, Մաքսիմոս Խոստովանողի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։ Մեծ է Սյունեցու ներդրումը հոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում։ Նրան են պատկանում «Աւագ օրհնութեան» կանոնի շարականները։ Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում։

Օգտագործված աղբյուրներ
Ստեփանոս Օրբելյան, «Պատմություն նահանգին Սիսական», գլուխ ԿԱ (31)
Կիրակոս Գանձակեցի, «Հայոց պատմություն»
Մովսես Կաղանկատվացի, «Աղվանից աշխարհի պատմություն», գիրք Գ, գլուխ 17-18

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets