ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.08.2014

ԽՈՍՔ ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻ ԱՌԱՋ

(Ի հիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի) 

Պարզ շինականի համար դու բարի, անկեղծ ու խոնարհ մի առաջնորդ էիր:
Մտավորականի համար դու շնորհաշատ գիտնական էիր՝ հայագետ ու գրող, աստվածաբան ու հռետոր, ...արտասովոր մտքի ու տրամաբանության տեր անձ: 
Ազգային ու մշակութային արժեքների ջատագովների համար դու աշխարհասփյուռ հայության, քո իսկ սիրած խոսքով ասած՝ հայակերտմանն ու ազգային ձեռնարկներին մեծապես սատարող կարևորագույն գաղափարական գործիչ էիր: 
Եկեղեցու գործունեությունը զուտ ծիսական կամ սոսկ հանդերձյալ կյանքում մարդկանց հոգիները փրկելու առաքելությամբ պայմանավորող մարդու համար դու օրինապաշտ հայրապետ էիր:
Քրիստոսի խոսքն ու սերը սերմանելուն կողմնակից մարդկանց ու եկեղեցականի համար դու անսպառ եռանդով ու ինքնամոռաց, գործիդ նվիրված Հիսուսի ճշմարիտ հետևորդն էիր՝ քաջ հովիվ ու մեծ քարոզիչ: 
Վերջապես, միայն առանձին անձանց համար դու քրիստոնեությունն իբրև համամարդկային սիրո ու երջանկության այլընտրանք չունեցող եզակի միջոց համարող, նրա օգնությամբ ուժեղի ու թույլի հավերժական պայքարն աշխարհում սիրով ու փոխադարձ հոգատարությամբ փախարինելուն տենչող, այդ կատարյալ հոգեվիճակը իբրև Ավետարանում հիշատակած Աստծո Արքայություն դիտող և հայ-քրիստոնյա ժողովուրդն ու Հայ եկեղեցին էլ այս առաքելության կարևոր մասնակիցը տեսնող պատմական և համաշխարհային դեմք էիր: 
Մեկ մարդու համար հեշտ չէր ընկալել, որ միասին վերցված այս բոլոր-բոլորն էիր: 
Եւ ուրեմն՝ դու մարգարե էիր ... :
Ու այսօր, ահա, Լուսավորչի մոտ Երկնքում բազմած, քո մեղմ ժպիտը շողացող դեմքիդ նայում ես երկրին:
Նայում ես Մասիսից այսդին Հայոց աշխարհիդ. ափսոս, այստեղի մարդիկ քեզ չհասկացան, երևի թե ժամանակն էր կարճ կամ էլ բավական խորն էր անաստվածության տասնամյակների հետքը թողնված, և միայն մի որոշ մասն այնտեղ մեծությունդ զգաց: Նայում, տեսնում ես ուսանողներին, որոնցից շատերն, ահա, կարդում, հաղորդակցվում են, ազդվում՝ քո խոսքով, խորունկ մտքերով. նրանք դեռ ասելիք ունեն վաղվա մեր կյանքում: Տեսնում ես անշուշտ Ս. Էջմիածինը, ինչպես կասեիր՝ Հայոց Բեթղեհեմը, ուր մինչև գալդ դժվար ժամանակներով հենց պարտադրված կանգնած էր կյանքը: Տեսնում ես նույնպես, այնտեղ՝ սարերում, թե՝ քաղաքներում կառուցածդ ու վերականգնածդ եկեղեցիները: Տեսնում ես, ահա, վարդապետների, քահանաների, որոնց տակավին դեռ երիտասարդ «լծեցիր» Աստծուն ու ազգին սպասավորելու աշխատանքներին: Տեսնում ես նաև միաբանների, ովքեր կաղապարված չեն սոսկ կնունքների, թաղումների ծիսակարգերով, ինչպես նախկինում. նայում են հեռուն, մերձենում մարդկանց: Շատ ու շատ բաներ իհարկե այստեղ սրտովդ չեն բնավ, բայց դու լավատես ես ու մեծահոգի, ինչպես երբևէ...: Հոգ չէ նաև, թե Մայր Աթոռում բավական հաճախ մոռանում են քեզ, ... գուցե միայն ձևանու՞մ են. դու առաջվա պես ջերմագին սիրով որդիների, եղբայրների պես սիրում ես նրանց: Դու տեսնում ես այս ամենը վերևից, նայում՝ ու ժպտում...: 
Դիտում ես երկնքից և համոզվում. այո, կանգուն են այն կամուրջները, որ կառուցեցիր մեր Եկեղեցին ու Քրիստոնեական աշխարհը կապող. դու այլևս աստվածաբանորեն հիմնավորեցիր Հայ Եկեղեցու առաքելական ծագումն ու դավանանքի իսկությունն անխախտ՝ մեր կրոնական Հայրերի ոգով. չափազանց մեծ էր և ներդրումդ, և թե հարգանքդ միջազգային ասպարեզներում: Տեսնում ես նաև, կանգուն է կամուրջն այն Անթիլիասի հետ, որ երկարեցիր դեռ լուսահոգի նախորդիդ օրոք: Ահա, տեսնում ես, թե ինչպես են գալիս ու գնում այդ կամուրջներով, նայում ես, ժպտում ...:
Հայացքդ շարժում ես երկիր Լիբանան, տոկուն է կենսունակ գաղութն այդ հայկազյան, ինչում մեծագույն ավանդն ունեցար: Առաջվա նման շարունակվում են ավանդույթները քո հիմնադրած՝ մշակութային, թե կրոնական: Նայում ես պատերազմական այն տարիներին կառուցածդ շենք-շինություններին, հիշում` դժնդակ տասնութ այդ տարիներին հուսահատ մարդկանց, ում հույս տվեցիր, ապավեն եղար. քո իմաստությամբ, հարգանքիդ շնորհիվ փրկեցիր հոտդ: Հայացքդ շարժում ես Անթիլիաս, ուր ուղիղ կես դար դու ներկա էիր՝ քո բուռն էությամբ, անսպառ եռանդով ու անտակ սիրով. և քո եզակի ու անկրկնելի կերպարի ուժով ներկա ես այժմ...: Տեսնում ես, ահա, քո իսկ սաներն են այնտեղ գտնվում. վարվում են այնպես, ոնց ուսանել ես և ոնց տեսել են, բայց ամեն բան չէ, որ այդպես էիր անում դու ժամանակին և կամ կանեիր հենց այդպես այսօր...: Մի փոքր զարմանում ես. անըմբռնելի ինչ որ պատճառով քեզ համարյա թե չեն մտաբերում, ... գուցե միայն ձևանցնու՞մ են: Մի քիչ էլ զայրանում ես, իհարկե՝ ոչ այս բանից, դու նրանց բոլորին նախկինից էլ առավել չափով հարգում ես, սիրում. բայց գիտես նաև, որ լավն ու բարին չարժեվորող ժողովուրդները ապագա չունեն: Ահա, հայացքդ մեկ անգամ ևս մեկնում ես լիբանանահայությանը, նայում ես ու լիահույս ժպտում: 
Նայվածքդ տեղափոխում ես ավերված Սիրիա ու ծննդավայր Քեսապդ վիրավոր, տեսնում ես տագնապած ժողովրդիդ, տխրում, ափսոսում, տեղդ չես գտնում, որ դու այնտեղ չես՝ հայերիդ կողքին: Բայց դու գործի մարդ ես, այդտեղից ևս հնար կգտնես ձեռք երկարելու ազգակիցներիդ: … Հույսով ես լցվում ու նայում վերից: Այցելում ես Անգլիա, Պարսկաստան, Ամերիկաներ, ամենուր նույնպես տարիների քո բարերար ու անշրջելի հետքերն են առկա...: Չես կարող չայցելել հայկական սփյուռքի մյուս գաղութները ևս՝ որտեղ եղել ես ու քարոզել ես շարունակաբար: ... Նայում, տեսնում ես աշխարհով ցրված հայ երիտասարդներին, այդպիսիների հետ որքան աշխատանք կատարեցիր դու ժամանակին, և հենց նրանցից շատերն են այսօր ազգային կյանքի սատարողները հայկական սփյուռքում: Տեսնում ես նաև տասնյակներով գրածդ գրքերն ու հարյուրներով հրատարակածդ հատորները՝ հայոց տներում, գրադարաններում: Հույզով ես լցվում ու ժպտում վերից...:
Երկնային հայացքդ վերջապես ուղղում ես այն առանձին անձանց: Նրանց վրա ամենամեծն է ներգործությունդ, ովքեր քաջ գիտեն. դու միակն էիր, որ կարողացար համամարդկայինն ու ազգայինը, ... մարդասիրությունը, հայասիրությունն իրար կապակցել: Նրանք բոլորը մերժում են աշխարհում տիրող սպառողական մտածողությունը, նյութի գերիշխանությունը, փոխադարձ մրցակցությունն ու բիրտ ուժը: Հոգևորի ու սիրո, արդարության ու աշխատանքի ջատագովներ են նրանք՝ քո երկրային անզեն զինվորներն ու հետևորդները, ովքեր կոչված են փոխելու մեր էությունը, Հայաստան աշխարհի այս մեր հատվածը, և ինչու չէ, նաև՝ մոլորակն ամբողջ...:
Ահա, նայում ես դու երկնքից ու կրկին ժպտում…:

Արմեն Գրիգորյան,
մանկավարժ

Հ.Գ. Հուլիսի 29-ին Վեհափառի վախճանման 15-ամյա տարեդարձն էր, իսկ օգոստոսի 27-ին նա կլիներ 82 տարեկան:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets