ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.08.2014

ՆԱ ՔՆԱԾ ԷՐ ՔՐԻՍՏՈՍԻ ԴԵՄՔՈՎ



ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ 

Մինաս Ավետիսյան: Որքան շատ էր սիրում նկարել կարմիրով: Տունը կարմիր էր նկարել ու անունը «Լռություն» դրել: 
1970-ին, որքան էլ պտտվեցի Մինասի կտավների ցուցահանդեսում, էլի եկա ու կանգ առա «Լռության» դիմաց: Շիկացած լռությունն ինձ խենթացրել էր. զգում էի՝ ինչ-որ բան ահա-ահա պայթելու է: Եվ այդ լռությունը կապում էի ժողովրդի հետ: 
Բայց նկարչի շիկացած սիրտը չդիմացավ: Ասում են՝ պատահականություն էր...
Մի մարդու գլխին այդքան պատահականությու՞ն: Կրակին կուլ գնաց արվեստանոցը. ի՜նչ գլուխգործոցներ այրվեցին: Փողոցից նրա բնակարանի լուսամուտին նշան բռնեցին, ու փամփուշտը, Մինասի գլխի վրայով սուրալով, մխրճվեց պատի մեջ: Եվ մայթին՝ իր տանից ոչ հեռու, կարմիր գույնի «Մոսկվիչը» նրան պատին սեղմեց... Եվ այս բոլոր «պատահականությունները» տեղացին Մինասի գլխին իրար հետևից՝ չթողնելով, որ ուշքի գար:
Այն ահավոր գիշերը նա տուն էր վերադառնում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնից. դիտել էր «Անտունի» բալետը: Շատ էր սիրում ներկայացումը, որի ձևավորումն իրենն էր: Դեկորները նրա հոգեզավակներն էին, և կարոտը նրան հաճախ էր թատրոն բերում: Նվիրական սեր էր տածում հատկապես պարարվեստի նկատմամբ, նրանից էր վերցնում իր կտավների պլաստիկան, գույնը, երաժշտական հնչերանգը:
... Մինասը չէր կարող նախազգացում չունենալ, այն Մինասը, որ իր կտավներում և հատկապես վերջին տարիների գրաֆիկական գործերում ասես շարունակ սգացել է իր մահը: Հետմահու Մ. Սարյանի տուն-թանգարանում բացված Մինասի գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդեսն ասես այդ նշանաբանով էր. ինքը, զավակները, կինը, ծնողները, բոլորը գլխիկոր են, վիշտ է ամբարված աչքերում: Այդ ի՜նչ նախազգացում է, որ տարիներ շարունակ մխացել է նկարչի հոգում: Մահ, կորուստ, բաժանում: Այդ են ասում Մինասի հարազատների և, առավել, ինքնանկարների աչքերը: 
Այդ ճակատագրական գիշերը Մինասը վերադառնալիս է եղել Սպենդիարյանի անվան թատրոնից: Հրաչուհի Ջինանյանը, Ռոզա Հարությունյանը և նրա ամուսինը վերադառնալիս են եղել Երևանի դրամատիկական թատրոնից: Տեսել են, թե ինչպես մի կարմիր «Մոսկվիչ», մայթ դուրս գալով, ուժգնորեն մխրճվել է շենքի պատին: Մոտորն անշարժացել է, իսկ մեքենայի ու պատի արանքում մի մարդ է մնացել...
Երբ տուժածին դնում են պատգարակի վրա, Ռ. Հարությունյանը նկատում է, որ նա շարունակ աջ ձեռքի մատները կծկում է ու բաց թողնում, ասես ստուգում է ձեռքը: Ոչ մեկը չի ճանաչում, թե ով է զոհը, ջանում են փրկել: Եվ միայն հիվանդանոցում է պարզվում, որ երիտասարդը Մինաս Ավետիսյանն է: Մինասը մաքառեց մեկ օր:
Երևանը սգի մեջ էր, իսկ նա աչքերը փակել էր հավետ ու դեմքին ինչ-որ խաղաղություն էր իջել: Ժողովուրդը հրաժեշտ էր տալիս Մինասին, նրա վերջին ճանապարհը գնում էր վիշը կրծքին սեղմած: Նայում էի Մինասին. մորուքով էր, լուսավոր դեմքով: Նա խաղաղ էր, քնած էր Քրիստոսի դեմքով և գնում էր այս աշխարհից՝ միանալու հայոց մեծերին: Նայելով դագաղում պառկած Մինասին՝ ակամայից շշնջացի. «Մինաս, դու զոհ գնացիր քո կարմիր, հրդեհված լռությանը»:

(Կ. Թերզյանի «Ճակատագեր, ճանապարհներ ու կարոտ» գրքից)

ԱՂԲՅՈՒՐ՝ Ֆիմինե

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets