ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.08.2014

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Նորայր Քարտաշյան և Վան նախագիծ «Ետ ու առաջ»

Հայ ժողովրդական «Ետ ու առաջ» խմբապարն է՝ Էրզրումից: Կատարում է «Նորայր Քարտաշյան և Վան նախագիծը»: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նորայր Քարտաշյան:
Կոմիտասը, ստեղծագործելով հիմնականում վոկալ ժանրում, անտարբեր չէր նաև գործիքային երաժշտության հանդեպ: 1906 թվականին Փարիզում ստեղծեց դաշնամուրային վեց պարեղանակներից բաղկացած շարք: «Հետ ու առաջ»-ն ընդգրկված է այդ շարքի մեջ: Կոմիտասի այս մշակում - ստեղծագործությունները խորապես և հարազատ կերպով արտահայտում են հայ ժողովրդական ազգային ոճը: Այս պարեղանակների մեջ, հետաքրքիր է, որ Կոմիտասը նպատակ չի ունեցել ցուցադրել վիրտուոզային կատարողականություն: Ինչպես իր մյուս ստեղծագործություններում ու ժողովրդական երգերի մշակումներում, այնպես էլ պարերում, Կոմիտասն առաջին հերթին հանդես է գալիս որպես ազգագրագետ:
Դրա շնորհիվ դաշնամուրը, որ առնչություն չունի հայ ժողովրդական նվագարանների հետ, կարծես հնչում է իբրև նվագախումբ և հնարավորինս պահպանում ժողովրդական գործիքների տեմբրային առանձնահատկությունները:
Կոմիտասյան այս պարերում երաժշտական արտահայտչական միջոցները նպաստում են ստեղծագործական կերպարների բացահայտմանը: Իսկ այդ կերպարները հիմնականում գալիս են հայ կանացի պարերից, որոնք հիացնում են իրենց ջերմությամբ, սահունությամբ ու նազանքով: Դրանց համադրվում է տղամարդկանց պարերի հատու ռիթմը՝ ստեղծելով առույգ տրամադրություն: 
Այս պարերի մասին Կոմիտասը հատուկ նշել է դրանց տարածման վայրերը: Հեղինակային նշումներն օգնում են թե՛ կատարողին, թե՛ ունկնդրին ավելի խորն ըմբռնել պարի էությունն ու բնույթը։
Այս պարերի շարքում առանձնահատուկ տեղ է գրավում «Ետ ու առաջ»-ը: Սա Կարնո (Էրզրումի) պարերից է և կատարվում է փողի ու թմբուկի ոճով: «Ետ ու առաջ»-ը խմբապար է: Դաշնամուրն այստեղ պոռթկում է 12-րդ տակտում ու հնչում օկտավաներով` «վեհափառ և հզոր», ինչպես Կոմիտասն է նշել: Կոմիտասի «Հետ ու առաջ» պարում հորիզոնական հնչյունային ընթացքը բախվում է ուղղահայաց ակորդների խոչընդոտներին, և, թափը կոտրելուց հետո, տեղում դոփող մոտիվների կրկնությամբ, կուտակված էներգիան հետզհետե սպառվում է: 
Ահա, այս մեղեդին Նորայր Քարտաշյանը մշակել է ժողովրդական նվագարանների համար:
«Սա միշտ դաշնամուրային կատարումներով էր հնչում, շատ դասականացված: Կարծես մոռացված էր, որ այն, մինչ Կոմիտասի մշակումը, ժողովրդական նվագարաններով է հնչել: Բայց սա պար է: Որևէ գործի մոտենալիս՝ պետք է հասկանաս, թե ինչի հետ գործ ունես: Կոչվում է «Ետ ու առաջ»: Պարի անունն արդեն որոշ տեղեկություն է տալիս մեզ պարի շարժման մասին: Նրա տակտը 9/8 է: Այսինքն մի քանի քայլ՝ առաջ, մի քանի քայլ՝ ետ: Ես, բնականաբար, անխախտ պահելով Կոմիտասից ավանդված մեղեդին, պարզապես այն փոխադրել եմ ժողովրդական նվագարանների համար»:
Նկարը՝ Հայկ Սայադյանի:
Armenian folk dance melody from Karin (Erzrum). Performs "Norayr Kartashyan and Van project". Art director and conductor Norayr Kartashyan. Picture by Hayk Sayadyan.



ԱՂԲՅՈՒՐ՝ Արշակ Ադամյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets