ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.08.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Գագիկ Գինոսյան

Գինոսյան Գագիկ Մարտիրոսի, արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի երախտավոր գործիչ, մասնագիտութեամբ՝ կիբեռնետիկ։ Զբաղվել է բանահավաքչական գործունեութեամբ՝ մոռացութիւնից փրկելով բազմաթիւ աւանդական պարեր, հիմնադրել «Կարին» աւանդական երգի-պարի խումբը։ «Կարինի» շրջանակներում շարունակում է զբաղուել ազգագրական պարերի վերականգնման և տարածման գործով՝ հաւաքելով, մշակելով և բեմադրելով Մեծ Հայքի տարբեր գաւառների պարերը։ 2008-ից ցայսօր աշխատում է «Մխիթարեան Միաբանութիւն» կրթահամալիրում՝ որպէս զինղեկ և պարուսոյց։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2011):
Գագիկ Գինոսեանը սերում է հայոց հինաւուրց Կարին քաղաքից մի քանի կիլոմետր հիւսիս-արևմուտք գտնուող Եղեգիս (թրքական արտասանութեամբ՝ Իլիջան) փոքրիկ քաղաքից, ուր հաստատուած է եղել Գինոսէնց տոհմը։ 1829թ. Ադրիանապոլսի պայմանագրով ծանր ռազմական և միջազգային կացութեան մէջ յայտնուած Ռուսական կայսրութիւնը հարկադրուած օսմանեան կայսրութեանը վերադարձրեց նրանից գրաւած հայկական քաղաքներն ու գիւղերը։ Հաշտութիւնից յետոյ, կայսրութեան լծի տակ մնացած և պատերազմի ընթացքում ռուսներին օգնած հայերի անվտանգութիւնն ապահովելու պատրուակով՝ Ռուսաց կայսրութիւնը կազմակերպում է արևմտահայերի վերաբնակեցում նոր գրաւուած Արևելեան Հայաստան։ Նախկին իլիջանցիները հաստատւում են Ախալցխայի Ծուղրութ գիւղում։
Այդ ճակատագիրն է վիճակուել նաև Գինոսէնց տոհմին։ Պէտք է ենթադրել, որ տոհմն ունի հնամենի պատմութիւն՝ կապուած նրա յունաբան անուան հետ՝ γέν+ος, իմա՛՝ «բարեծնունդ»։
Ինքն իր ծագման մասին այսպէս է գրել.
Ծանօթանանք... Ես կարնեցու տոհմիկ ժառանգ,
Ազգանունս մի տոհմածառ, իսկ անունս՝ նոր գաղտնագիր,
Մնացածը ամենը թող ինքն իր համար յայտնագործի։
Մէկի համար՝ անհաս գագաթ, միւսի համար՝ սարսափի վիհ...

Ուսումնառութեան և մասնագիտացման տարիներ
Գագիկ Գինոսեանը ծնուել է 1966թ. օգոստոսի 3-ին ներկայիս Վրաստանի Հանրապետութեան Ախալցխա հայկական քաղաքում։
1972-1982թթ սովորել և աւարտել է Յովհաննէս Թումանեանի անուան Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցը (նախկինում՝ Կարապետեան վարժարան՝ հիմնադրուած 1830 թ.։
1982թ. աշխատանքի է անցել հայրենի Ախալցխայի №3 Շարժական մեխանիզացուած շարասիւնում՝ որպէս բանուոր։
1983թ. ընդունուել է Պոլիտեխնիկական ինստիտուտի (ներկայիս՝ Ճարտարագիտական համալսարան) կիբեռնետիկայի ֆակուլտետի աուտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։ Ուսումը շարունակել է Խորհրդային բանակից զօրացրուելուց յետոյ՝ 1987թ.-ից. և աւարտել է 1990թ
Համալսարանական ուսումն աւարտելուց յետոյ աշխատանքի է անցել արդէն Երևանում՝ Ֆիզիկայի ինստիտուտի ռելեատիւիստիկ մասնիկների լաբորատորիայում՝ որպէս ինժեներ։
1997-1999թթ աշխատել է «Շանթ» հեռուստառադիոընկերութիւնում՝ որպէս Երևանեան մասնաճիւղի տնօրէն։

Մարտական ուղին
1985-1987թթ զօրակոչուել է Խորհրդային բանակ և ծառայել Զաբայկալեան շրջանում՝ Չիտա քաղաքում։
Արցախեան պատերազմի բորբոքման առաջին օրերից նախապատրաստուել է մեկնելու ռազմաճակատ։ 1992-1994թթ «Ազատագրական Բանակ» ջոկատի (հրամանատար՝ Լէոնիդ Ազգալդեան) «Իքս» դասակի կազմում՝ հրամանատարութեամբ Աղեքսանդր Թամանեանի, մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։
1992թ. օգոստոսին սպարապետ Վազգէն Սարգսեանի զօրակոչով Ժ.րդ դասակով ընդգրկուել է Մահապարտների «Արծիւ» յատուկ նշանակութեան գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ մասնավորապես ոչնչացրել է թշնամու երկու տանկ։
Զինադադարից յետոյ՝ 1994թ.-ից ծառայել է ՀՀ Բանակում՝ որպէս սպայ։
1995-1996թթ ընթացքում աւարտել է Խորհրդային Միութեան մարշալ Շապոշնիկովի անուան «Վիստրել» բարձրագոյն սպայական դասընթացը։ Ստացել է գնդի և բրիգադի հրամանատարի որակաւորում։
1996թ. սեփական դիմումի համաձայն զօրացրուել է ՀՀ Բանակից, սակայն ռազմագէտի կոչմանն ամբողջութեամբ հրաժեշտ չի տուել։ 2001-2008թթ.. աշխատել է Պերո Եաւորովի անուան №131 միջնակարգ դպրոցում՝ որպէս զինղեկ։ 2008-ից մինչ օրս աշխատում է «Մխիթարեան Միաբանութիւն» կրթահամալիրում՝ որպէս զինղեկ և պարուսոյց։
Գագիկ Գինոսեանը 1997թ. ՀՀ Պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանի հրամանագրով պարգևատրուել է «Արծիւ Մահապարտներ յուշամեդալով», իսկ 1998թ.-ին՝ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարեանի հրամանագրով «Արիութիւն» մեդալով։
Պարգևատրուել է նաև ՀՀ ՊՆ «Վազգէն Սարգսեան» մեդալով, Արծիւ Մահապարտների միութեան «Վազգէն Սարգսեան» շքանշանով, ԱՊՀ ՄՏՊԿՄ-ի «За заслуги» շքանշանով և այլ մեդալներով։

Մշակութային գործունէութիւնը
Գագիկ Գինոսեանն դեռևս 1987թ.-ից սկսել է պարել Հայրիկ Մուրադեանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում։ Այդ մասին ինքը՝ Գագիկ Գինոսեանը, պատմում է, որ պարի հետ իրեն կապել է իր ուսանողական ընկերը, ում սիրած աղջիկը յաճախում էր պարի խմբակի։ Ընկերոջ խնդրանքով՝ Գագիկն ընկերակցել է զոյգին՝ յոյս ունենալով, որ պարուսոյցն իրեն չի ընդունի։ Սակայն պարուսոյց Հայրիկ Մուրադեանն իր մարգարէական հեռատեսութեամբ Գագիկին ընդմիշտ կապել է պարերին...
Արդէն ՀՀ Բանակից զօրացրուելուց յետոյ՝ 1996թ., ընդգրկուել է «Ակունք» ազգագրական երգի-պարի խմբում։
1987-2001թթ. «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրեայ մի քանի շրջագայութիւնների և դարձել 4 տարբեր միջազգային փառատօնների դափնեկիր՝ 1996թ. Իտալիայի Լիկատա քաղաքում երրոդ միջազգային և Պիետրապերցիա քաղաքի փառատօններում, 1999թ. Ռումինիայի Եասսի քաղաքում հինգերորդ միջազգային «Կատալինա» և Խորուաթիայի Կառլովաց քաղաքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-յի նշանաբանի տակ անցկացուող երկրորդ միջազգային փառատօններում։
Երկար տարիներ աշակերտելով հայ ազգային անաղարտ արուեստի մերօրեայ զարթօնքի նահապետ Հայրիկ Մուրադեանին՝ Գագիկ Գինոսեանը խորապէս զգաց Հայաստանի տարբեր գաւառների, յատկապէս՝ Կարնոյ, Ախալցխայի, Ախալքալաքի, ազգագրական պարերի գրեթէ ի սպառ բացակայութիւնը, ինչը սպառնալից կերպարանքներ էր ընդունում։ Այս մտահոգութիւնը Գագիկն ունէր դեռ ուսանողական տարիներից, ինչն իր արտայայտութիւնն է գտել նրա արձակ բանաստեղծութիւնների մէկի մէջ. «Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ յանկարծ պարը գրաբար դառնայ»։
Այս մտահոգութեամբ ահա՝ Գագիկը լծուեց Կարնոյ, Ախալքալաքի և Ախալցխայի պարարուեստին և երգարուեստին նոր շունչ տալու, այն ժողովրդին վերադարձնելու գործին և փորձեց գիտական ընթացքո տալ արուելիք գործին։ Լրջօրէն ուսումնասիրելով մեծն Կոմիտասի, ազգագրագէտ Սրբուհի Լիսիցեանի, պարագէտ Վահրամ Արիստակէսեանի ժառանգութիւնները՝ համոզուեց, որ այդ ուսումնասիրութիւնները պէտք է զուգորդել նաև բանահաւաքչական աշխատանքներով։ համերգային գործունէութիւնը փոխարինուեց բանահաւաքչական աշխատանքով. Գինոսեանը, շրջելով գիւղից գիւղ, հաւաքելով, վերականգնելով և գրառելով բազում պարեր, կորստեան վտանգից փրկեց Կարնոյ և Ջաւախք աշխարհների բազում պարեր, ծագումով բազում կարնեցի մեծահասակներ անմահացան տեսաժապաւենների վրայ՝ միաժամանակ դառնալով հարուստ ազգագրական արքիւ։
Ինքն ըստ ինքեան պահանջ էր առաջանում ստեղծելու ազգային երգի-պարի խումբ, որն ի վերջոյ իրականութիւն դարձաւ՝ սկզբում «Ծովակ» մանկապատանեկան, ապա և «Կարին» աւանդական երգի-պարի խմբերի տեսքով։
2007թ.-ին «Կարին» աւանդական երգի-պարի խմբի հետ հիմնել է Ազգագրութեան թատրոն և բեմադրել երեք ներկայացում՝ «Հայոց երգի հայրիկը»՝ նուիրուած Հայրիկ Մուրադեանին, «Խնկահոտ Էրգիր», ուր Էրգիրը կորցրած պապն այն կտակում է իր թոռանը։ Երրորդ նմանատիպ նմոյշը 2009թ. ՀՀ Մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ բեմադրուած «Վարք հայոց» ներկայացումն էր, որի հիմքում Պարոյր Սևակի «Եւ այր մի Մաշտոց անուն» պոեմն էր՝ համեմուած ազգային գաղափարախօս Գարեգին Նժդեհի գաղափարներով։
2011թ. Գագիկ Գինոսեանի ղեկավարած «Կարինը» Հայաստանի Հանրապետութիւնն առաջին անգամ ներկայացնելով Սպանիայում 1985թ.-ից ի վեր անցկացուող ազգային պարերի ԺԴ.րդ համաշխարհային մրցոյթ-փառատօնին՝ պարերի անուանակարգում զբաղեցրել է յաղթական առաջին տեղը, իսկ երաժշտական նուագակցութեան անուանակարգում նուաճել է երրորդ մրցանակ, ինչի համար ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը Գագիկ Գինոսեանին՝ «Կարին» աւանդական երգի-պարի խմբի հիմնադրին և գեղարուեստական ղեկավարին, ազգային պարարուեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի աւանդի համար պարգևատրել է ՀՀ Մշակոյթի նախարարութեան Ոսկէ մեդալով։

Գրական գործունէութիւնը
Ռազմագիտութեանն ու մշակութային գործունէութեանը զուգահեռ՝ Գագիկ Գինոսեանը նաև ստեղծագործում է։
2000թ. արժանացել է Աւետիք Իսահակեանի անուան երիտասարդ ստեղծագործողների հանրապետական գրական մրցոյթի 1-ին մրցանակի։
2006թ. լոյս է տեսել Գինոսեանի անդրանիկ «Ողջո՜յն, տղե՛րք» գիրքը, որում ընդգրկուած են հեղինակի արձակ բանաստեղծութիւնները, աֆորիզմները, ինչպէս նաև հրապարակախօսական յօդուածներն ու նոթերը Արցախեան պատերազմի մասին։ Գիրքը նուիրուել է «զանոնց, ովքեր գերեզմանին մէջ ննջելով, իրենց գլխուն ներքև դրին բարձը, ովքեր իջան գերեզման՝ մի լուսավառ հաւատքով, որ իրենց աճիւնէն նոր շանթանման հերոսներ պիտի ծնին», մասնաւորապէս՝ հեղինակի հրամանատարներին՝ Լէոնիդ Ազգալդեանին, Աղեքսանդր Թամանեանին և «բոլոր իմ ընկերներին, ում մահուամբ կերտուեց Հայաստանի անմահութիւնը»։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets