ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.08.2014

ԲԵՐԴԱՁՈՐԻ ԻՇԽԱՆԸ

1992թ. օգոստոս 28-ին զոհվել է Արցախյան ազատագրական շարժման ղեկավարներից մեկը` Անդրանիկ «Բերդաձորցի Անդո» Հարությունյանը

Ծնվել է 1956թ. մարտի 7-ին Երևանում: Արմատներով վանեցի է: 1987թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտը: Մասնագիտությամբ լրագրող էր: 1990-ից ՀՀ գրողների միության անդամ էր: Գրական անունը՝ «Կարին»: Ղարաբաղյան շարժման առաջին օրերին անդամակցել է «Հայ Դատի պաշտպանության ընկերությանը», իսկ 1988թ. դարձել նախագահության անդամ:
1990թ ընդունվել է ՀՅԴ շարքեր: Նույն տարին կուսակցության հանձնարարությամբ, որպես Դաշնակցության ջոկատների հրամանատար մեկնել է Բերդաձոր: Մեծ է Անդրանիկի դերը Բերդաձորի պաշտպանության գործում, և դա գնահատվեց հենց իր կենդանության օրոք: Նա դարձավ Ղարաբաղի առաջին խորհրդի, ապա Արցախի Ազգային խորհրդի անդամ, ԼՂԻՄ-ի պատգամավոր:
Որպես պատգամավոր մեկնել է «Արտեկ» ճամբար: Եղել է Կոմերիտմիության քարտուղար: Գրել է երգեր, բանաստեղծություններ, պատմվածքներ: Մինչ զինծառայության (1974-1976թթ.) մեկնելը (Վլադիվոստոկ) և վերադառնալուց հետո աշխատել է ՀԿԿ Կենտկոմի հրատարակչությունում և այնտեղ տպագրել բանաստեղծություններ: Ծառայությունից վերադարձել է պատվոգրով:
Երբ 1992թ. Քարին տակի ճակատամարտում նա կորցրեց իր ամենամտերիմ ընկերներին, մթնեց, բայց չերերաց: Գրեց. «Ու գնում են նրանք, որ կռունկներ դարձած ետ վերադառնան», և նկատեց՝ «Քարին տակի ճակատամարտից հայը դուրս եկավ բարոյահոգեբանական հաղթանակով»: Եվ մահվանը զուգահեռ՝ եղան ծնունդներ… և Բերդաձորն ապրեց:
1991թ. ադրբեջանցիների հայաթափման ծրագրում Գետաշենից հետո Բերդաձորն էր, որի ժամանակ Անդրանիկի 5 զինվորները գերվեցին և Բաքվի Բայլովյան բանտում դատապարտվեցին գնդակահարության: ԱՄՆ-ում ՄԱԿ-ի շենքի մոտ ցույց կազմակերպվեց, և Անդրանիկի հանդիպումը Ջորջ Բուշի հետ տվեց ցանկալի արդյունք՝ գնդակահարությունը հետաձգվեց, և «Կարմիր խաչին» հանձնարարվեց այցելել Բաքվի բանտ, իսկ Ադրբեջանի նախագահ Մամեդովին՝ կանխել գնդակահարությունը: Անդրանիկը հանդիպումներ շատ ունեցավ նշանավոր մարդկանց հետ, եղավ Վարազ Սամվելյանի արվեստանոցում, և Վարազի հետ այցելեց Անդրանիկ զորավարի հուշարձանին, եղավ Դրոյի տանը, գերեզմանոցում, ուր տիկին Գայանեն նվիրեց Դրոյի գիրքը և ձայներիզը, ուր Սիմոն Վրացյանը, Դրոն և մեկը (որ չգիտեր և տիկին Գայանեն) պատմում էին Բաշ-Ապարանի կռիվների մասին: Եվ առաջին անգամ Դրոյի ձայնը 1992թ. հնչեց հայկական հեռուստաէկրաններից: Անդրանիկը երկու Ամերիկաների բոլոր նահանգներում, փոքր ու մեծ քաղաքներում ունեցավ ելույթներ, և դրամահավաքի աշխատանքը՝ ի օգնություն Արցախի բավականին մեծ հաջողությամբ պսակվեց: Բոլոր թերթերն արձագանքեցին: Եվ ինչպես Վարդգես Պետրոսյանն է ասում. «Ամբողջ Ամերիկան առ այսօր սիրահարված և հիացած է Անդրանիկով…»:
Անդրանիկն ունի երկու զավակ՝ աղջիկ և տղա: Նա շատ քչերից մեկն էր, ով դեռ 10 տարին չբոլորած իր որդուն կրակել էր սովորեցրել, որպեսզի մասնակցի մարտական գործողություններին: Նույնիսկ Էջմիածնի Մայր տաճարում, մկրտության արարողությանը որդու ձեռքը զենք էր տվել: Երեխային տանում էր Մարտակերտի շրջանի ամենաթեժ կետերն, ու երբ հարցնում էին, թե ինչու է փոքրիկին իր հետ բերում, ասում էր, որ եթե պիտի իր մինուճար որդուն կորցնի, ապա թող կորցնի կռվում… Թուրքերը 5 մլն գլխագին էին սահմանել նրան բռնելու, կամ ոչնչացնելու համար: Իսկ նա միշտ շեշտում էր, թե իրեն թուրքի գնդակ չի դիպչի: Կարծես կանխազգում էր: 1992թ. օգոստոսի 28-ին Այնթափից Երևան վերադառնալու ճանապարհին զոհվում է ավտովթարից: Թաղված է Եռաբլուրում:
1990թ. Բերդաձորի դպրոցը կոչվեց Անդրանիկ Հարությունյանի անունով, նկարահանվեց ֆիլմ-խրոնիկա՝ Անդրանիկ Հարությունյանի մասին, 1991թ. Արտակ Արզումանյանը նկարահանեց «Ավնի ճանապարհը՝ Բերդաձոր» ֆիլմը և Շուշվա ազատագրումից հետո՝ «Ճանապարհը բաց է» (2 մասից), որը նույնպես նվիրված էր Անդրանիկ Հարությունյանին և իր մարտական ընկերներին:
1992թ. ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպան Անդրեյ Սախարովի հուշամեդալն Անդրանիկին է հանձնել Սախարովի այրին՝ Ելենա Բոնները: 1992թ. օգոստոսի 28-ին՝ մահվան օրն իսկ, Լոս Անջելեսում ստեղծվել է «Անդրանիկ Հարությունյան» հիմնադրամը:

Բերդաձորի իշխանի մտքերից.
  • «Որքան առողջ է ազգի ինքնապաշտպանական բնազդը, նույնքան և հզոր է ու անկասելի գոյության իրավունքի գործադրումը նրա կողմից: Մի ազգ, որն իր գոյության իրավունքը փնտրում է օտար ճամփաներում, իրավունք չունի ո՛չ ազատության, ո՛չ երջանկության և ո՛չ էլ գոյության: Այսօր մենք՝ հայերս դուրս ենք եկել ազգային-ազատագրական պայքարի, բայց լիովին չենք ընդունել այս ճշմտարության իմաստը, չենք վերափոխել մեր մեջ մենակության սարսափը և շարունակում ենք մեր պայքարի տաճարը կառուցել՝ որպես հիմնասյուներ օգտագործելով այլոց կարծիքները: Քանի դեռ այս մտայնությունն է իշխողը, հայ ժողովուրդը չի կարող հույս ունենալ որևէ հարցի վերջնական լուծմանը: Այո՛, հայ ժողովուրդն ունի հողային պահանջ և չի հրաժարվի իր պահանջատիրությունից: Բայց առայժմ մենք զուգահեռաբար այլ հարցեր պետք է լուծենք. նախ բարոյահոգեբանական, ապա՝ գաղափարական: Նախ պետք է հասնենք այն բանին, որ հայ ժողովուրդը հաղթահարի իր մեջ մենակության սարսափը, գիտակցի, որ ուժեղն ավելի հզոր է, երբ մնում է մենակ, հասկանա, որ մենակ մնալու գիտակցությունն է ազգին տանում ուժերի գերագույն լարման և կենտրոնացման…»:

  • «Մենք չպետք է մոռանանք, որ վրեժ ունենք, արյան վրեժ ունենք: Ես չեմ ընդունում էդ լալկանությամբ վրեժը: Վրեժը մեկն է, էս աշխարհում միշտ ուժեղներն են իրենց համար Անդրանիկ Հարությունյանտեղ բացել, միշտ ուժեղների ձեռքն է եղել և՛ ճշմարտությունը, և՛ արդարությունը, միշտ ուժեղներն են իրենց կամքը թելադրում: Նախ ուժեղանալ է պետք: Արդյո՞ք էս ամեն ինչը թույլ չի տալիս մեզ մտածելու, որ մենք մենակ ենք էսօր: Եվ ինչի՞ անպայման էդ մենակությունից մենք միշտ սարսափում ենք: Ինչի՞ էդ մենակությունը մեզ չի տալիս ընդհակառակը, էն իմպուլսը պետք է տա, որ մենք մեզ ավելի ուժեղ զգանք, ավելի միասնական, մենք պետք է հասկանանք, որ վերջին հաշվով յուրաքանչյուր մարդ ինչպես իր երեխային, իր ընտանիքին խնամում պահում է, նույնպես նաև Հայրենիքը՝ յուրաքանչյուր ազգ ինքն է իր Հայրենիքը խնամում և պահում…»:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets