ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.09.2014

ՄԻՀՐ-ԱՐՏԱՎԱԶԴ

Հայոց պատմության մեջ կան դեմքեր, որոնց կերպարը թերի է լուսաբանվել պատմագրության մեջ, և արդյունքում նրանց հայրենանվեր գործունեությունը արժանի գնահատական չի ստացել: Այդպիսին է հայ բանահյուսության (առասպելի, վիպերգերի)խորհրդավոր հերոս դարձած հայոց արքա Արտաշես Ա-ի ավագ որդի Արտավազդ Ա-ն՝ գահակալած մ.թ.ա. 160-115թթ.:

Արտավազդի գործունեությունը ծավալվեց այն ժամանակ, երբ Մուրացյան (մարաց)օտարացեղ տոհմը հաստատվել էր Այրարատ աշխարհում դեռևս Հայկազյան Տիգրանի օրոք, ով ճակատամարտում սպանելով մարաց Աժդահակին, գերեվարեց նրա տոհմը և բնակեցրեց Մասիս լեռան ճեղքվածքի մոտ: Ողջ այդ ժամանակ Մուրացյան տոհմը հասցրել էր հզորանալ այն աստիճան, որ տեր ու տնօրինություն էր անում երկրի տնտեսապես զարգացած գլխավոր ճանապարհի մի մասն ու Նախճավանը ընդգրկող արքունի կալվածքներին ու մայրաքաղաքներին (Երվանդակերտ, Արտաշատ) հարևան շրջանում(խոսակցականում այս տարածքը Մարաստան էր կոչվում): Այն ունենալով ազդեցիկ զինուժ (երևելի նիզակակիրներ) վճռորոշ եղանակ էր ստեղծում երկրի քաղաքական կյանքում: Թեկուզ և այն, որ իր նախորդ Երվանդին գահընկեց անող Արտաշեսը ստիպված էր ունենալ այդ տոհմի զինակցությունը և այդ նպատակով տոհմի նահապետ Արգամին խոստացավ հայոց երկրորդական գահը՝ արդեն խոսուն փաստ է:
Իսկ Արտաշեսին հաշվենկատ զինակցություն ցույց տված Արգամն ունենալով հայոց երկրորդական գահը փորձում է տիրել նաև առաջինին՝ հայոց գերագույն իշխանությանը: Այդ նպատակով նա իր իշխանության ոլորտն էր գցել Արտաշեսի կնոջը՝ Սաթենիկին, ով սիրահարված էր նրան: Մեր կարծիքով սրան նպաստել էր այն, որ ալան արքայադուստր Սաթենիկը Արտաշեսի հետ ամուսնացել էր ոչ թե սիրուց դրդված, այլ՝ գերված եղբորը փրկելու համար: Այնուհետև, Արգամը անդրանիկ արքայորդի Արտավազդին խնամող իր տոհմի կանանց միջոցով դեռ օրորոցում խեղում է նրան, որի արդյունքում Արտավազդին ամբողջ կյանքում բաժին հասավ ցնորվածության նոպաներով արտահայտվող (միգուցե՝ էպիլեպսիա) հիվանդություն:
Սակայն չափահաս դարձած և իրողությունը ճիշտ ըմբռնած Արտավազդի խոհեմ ու վճռական քայլերի միջոցով ի չիք է դառնում հայրենյաց հողում օտար ու նենգ ցեղի ինքնահաստատման մղումը: Նա առանձին ապարանք ունենալու պատրվակով բերաքաղաք է կառուցել տալիս Մուրացյան տան կալվածքում, որը հետագայում հենակետ է ծառայում ռազմական գործողությունների ընթացքում, ապա Արտաշեսի առաջ բացահայտում իրողությունը և համոզում նրան Արգամից վերցնել երկրորդական գահը ու տալ իրեն՝ նման ձևով կենտրոնացնելով երկրի իշխանությունը հայազգի թագավորական տան ձեռքում:
Արգամն իր հերթին դիմում է համապատասխան գործողությունների, դավադրություն կազմակերպում և փորձում սպանել Արտաշեսին ու նրա որդիներին: Սակայն դավադրությունը կանխվում է, և արդյունքում սկսված զինված պայքարը տևում է մի քանի տարի, որը սակայն հաղթանակ չի բերում հայերին: Հաստատվում է հայերի համար նվաստացուցիչ հաշտություն, որի համաձայն, Մուրացյան տոհմին է թողնվում զբաղեցրած տարածքներն և ետ վերադարձվում գրաված հողերը: Սակայն, արքայորդին խախտելով այն՝ նախահարձակ է լինում և վերսկսված պատերազմի ընթացքում գրավում է նրանց զբաղեցրած տարածքները, կոտորում Մուրացյան տոհմի բոլոր երևելիներին և տրամաբանական ավարտի հասցնում հայրենի հողը օտարներից մաքրազերծման գործընթացը:
Իսկ ավելի ուշ դրսևորվում է Արտավազդի սկզբունքայնությունը նմանօրինակ մեկ այլ հարցում: Երբ հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին խաղաղեցնում է ապստամբած Կասպից երկիրը ու գերեվարում տեղացիներին՝ Արտաշեսն ըստ արժանվույն գնահատելով նրա ծառայությունները, արքունի կալվածքներից նրան պարգևում է հողեր և թողնում ամբողջ ռազմավարը: Տրամաբանական է, որ այդ «պարգևականք» հողերը կբնակեցվեին գերիներով և արդյունքում Հայքի կենտրոնական մասը նորից կլցվեր օտարներով: Հասկանալի է, որ նման երևույթի դեմն առած արքայորդին չպետք է թույլ, տար, որ դա կրկնվի: Սմբատի և Արտավազդի հարաբերությունները սրվում են թշնամության աստիճան, և նրանց վեճին խառնված Արտաշեսը այն լուծում է հօգուտ արքայորդու: Սմբատը, թողնելով սպարապետությունը, գերիների բազմությունը հետը վերցրած հեռանում է երկրի ծայրամաս Կորդրիք: Թափուր մնացած սպարապետության պաշտոնը Արտաշեսը հանձնում է Արտավազդին, որն իրեն լավագույն կողմերով արդեն դրսևորել էր հայ-մարական, հայ-վրացական պատերազմների ժամանակ:
Արտավազդի մյուս սխրանքը դրսևորվեց հասարակական կյանքում: Դա հայոց մեջ տեղ գտած (միգուցե արմատավորված) և Արտաշեսի թաղման ժամանակ դրսևորված սովորության դեմ ընդվզումն էր, երբ նրա կանայք, հարճերը, մտերիմները «ինքնակամ» մահվան էին դիմում (երևի հանգուցյալին հանդերձյալ կյանքում կողակից լինելու և ծառայելու նպատակով): Անկախ նրանից, որ նման սովորության արտաքին կողմը պահելու համար բռնի մահերը անխուսափելի էին, արդյունքում ստացվում էր մի շարք անփոխարինելի մարդկանց՝ արքայական ընտանիքի անդամների, պալատական ծառայության մեջ հմտացած անձանց անդառնալի կորուստ: Կարծում ենք, որ Արտավազդի ընդվզումն այս սովորության դեմ («Երբ դու գնացիր, ու բոլոր երկիրը քեզ հետ տարար, ես այս ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ»), հավանաբար ունեցել է իր շարունակությունը՝ գործնական քայլերն այն վերացնելու ուղղությամբ:
Որոշակի տեղեկություններ հիմք են տալիս ենթադրելու, որ Արտավազդի գործունեությունը չի սահմանափակվել միայն նշված սովորության շուրջ, այլ առնչվել է նաև կրոնական պաշտամունքին: Այսպես, հայտնի է, որ Արտաշեսի օրոք հայրենի և օտար դիցերի պաշտամունքը դրսևորվել է մեհյաններում տեղադրված նրանց կուռքերի պաշտամունքով՝ կռապաշտությամբ: Ավելի ուշ Տիգրան Մեծը նույն և այլ դիցերի արձաններ է բերել տալիս Հունաստանից ու Միջագետքից և տեղավորում Հայաստանի հոգևոր կենտրոններում՝ Բարձր Հայքում, Տարոնում, Այրարատում: Հարց է ծագում, եթե դրանք կային՝ էլ ի՞նչ անհրաժեշտություն կար նորը բերելու: Նշանակում է, որ դրանք բացակայում էին: Կամ դրանք թշնամու կողմից երկրի անփառունակ պարտության դեպքում դուրս էին տարվել, որի մասին այդ շրջանին վերաբերող պատմական ոչ մի տեղեկություն չկա, կամ էլ Արտաշեսի մահից հետո (Արտավազդի և նրա եղբայր Տիրանի օրոք)հայոց մեհյաններում վերացված էր օտար դիցերի պաշտամունքն ու կռապաշտությունը:
Կարծում ենք, Արտավազդին հեշտ չտրվեց նման արմատական հարցերի լուծումը և նա անպայման կունենար իր հակառակորդները: Դրանք կարող էին լինել քրմության այն ներկայացուցիչները, որոնց վրա էր դրված սովորույթների, ծեսերի կատարումը և որոնք եկամուտներից ու արտոնյալ վիճակից զրկվելու մտահոգությամբ պետք է որ դեմ գնային նրան և ի վերջո, Արտավազդի եղերական մահվանը տային խորհրդավոր ցանկալի բացատրություն, որ իբր նա գոռոզացավ, մեղանչեց աստծո և հոր հանդեպ, հայրական անեծքի ու աստվածային պատժի արժանացավ և քաջքերի կողմից բանտարկվեց Մասիս լեռան մթին քարանձավներից մեկում: Սակայն, Արտավազդն անկասկած ունեցավ և նվիրյալներ, ովքեր նրա խորհրդապաշտության ստեղծողները, տարածողները և ավանդողները եղան:
Արտավազդի կերպարը ամբողջականացնելու համար ներկայացնենք հետևյալ իրողությունը ևս: Երբ Արտաշեսի օրոք Հայաստան է արշավում Սելևկյան թագավոր Անտիոքոս Դ Եպիփանեսը, Արտաշեսը պարտվեց, ապա վճարեց անցած տարիների հարկը և պարտավորվեց նույնն անել հետագայում: Այդ նույն ժամանակ, Արտավազդի եղբայր Մաժանը, ով հայոց քրմապետն էր, անձնական ակնկալիքներից մղված (միգուցե՝ եղբոր քաղաքականությունից դժգոհ լինելով) օտար նվաճողի մոտ մատնություն է անում Արտավազդի ու Տիրանի վրա, ասելով, որ եթե նա նրանց երկրից չվտարի և սպարապետությունը չհանձնի մյուս եղբորը՝ Զարեհին,ով պատերազմական գործում երկչոտ ու դանդաղկոտ էր, ապա հարկերը հեշտությամբ չեն հասնի իրեն: Սա արդեն խոսուն փաստ է, որ Արտավազդն ու Տիրանը օտար նվաճողի հլու-հնազանդ հպատակներ չէին, այլ օտարի լուծը թոթափող ու շրջանցող պետական այրեր: Իհարկե, մատնությանը արժանի հատուցումը չուշացավ: Եղբայրները իմանալով այդ մասին, որսի ժամանակ դարանակալեցին և սպանեցին Մաժանին: Այնուհետև, նրան թաղեցին որպես քրմապետի՝ նպատակ ունենալով վերացնել բարձրաստիճան դավաճանին և միաժամանակ չսրել երկրում քաղաքական իրավիճակը, որը կարող էր տեղի ունենալ օտար նվաճողի և Մաժանի հետևորդների կողմից:
Արտավազդի գահակալության տարիներին հզորացած պարթևական տերությունը Միհրդատ Բ Մեծի օրոք նվաճելով Հայքին հարևան երկրները, պատերազմ է սկսում Արտավազդի դեմ, որի ընթացքում թեև նրան չի հաջողվում նվաճել Հայքը, սակայն հայերը ժամանակավոր պարտություն են կրում և հայոց արքան պարթևներին պատանդ է տալիս Տիրանի որդի Տիգրանին (հետագայում՝ Տիգրան Մեծ):
Արտավազդի մահը պարուրված է խորհրդավորության շղարշով: Խորենացին հայտնում է, որ որսի գնալու ժամանակ Արտաշատի կամրջի վրայով անցնելիս նա հանկարծակի ցնորվում է, ձիուց վայր ընկնում մի խոր փոսի մեջ և սուզվում, անհետանում: Մահվան հանգամանքները պարզ չեն և մտորելու տեղիք են տալիս: Առաջին, որ իրոք նկարագրվածը համապատասխանում է իրականությանը, և նրա անժամանակ մահվան պատճառը հիվանդությունն էր: Երկրորդ, որ նա որսի ժամանակ կազմակերպված դավադրության զոհ դարձավ, որի կատարողները հավասարապես կարող էին լինել թե՛ իր գործունեությունից դժգոհ քրմերը (վիպերգերում՝ աստծո հրամանը կատարող քաջքերը), և թե՛ Մասիս լեռան քարանձավներում թաքնված «վիշապազուն» մարերը (առասպելում՝ դևերը կամ վիշապները):
Սակայն մահը վերջակետ չդրեց Արտավազդի փառքին: Նա դարձավ դիցական անմահ անձնավորություն («կենդանի աստված»)՝ բանտարկված դևերի կամ քաջքերի կողմից, հայոց փառքի վերածնունդի խորհրդանիշ, ազգային փրկիչ (մեսիա), աշխարհակալ, և նրա շուրջ ձևավորված պաշտամունքը հարատևեց մինչև շատ ավելի ուշ ժամանակներ: Այսպես, Եզնիկ Կողբացու վկայությամբ (մ.թ. 5-րդ դար), դիցապաշտ հայերը հավատում էին, որ Արտավազդը չի մահացել, կենդանի է, բանտարկված է դևերի կողմից ու մի օր ազատվելու և տիրելու է աշխարհին: Եթե ոմանք, արդեն նշված պատճառներով, փորձում էին վարկաբեկել Արտավազդին, ապա քրիստոնեական կրոնին ծառայողները օտար գաղափարախոսության հաղթանակի համար նաև դիվացրեցին նրա դիցական կերպարը:
Այսպես, եթե Մովսես Խորենացու մոտ Արտավազդը դիտվում է, որպես ինքնահավան ու նախանձ անձնավորություն, ապա ավելի ուշ ժամանակներում («Հայսմավուրք», ևն) նա արդեն խելագարի մեկն է (այս որակմանը, իհարկե, նպաստեց նրա հիվանդությունը) և աշխարհակործան չար ուժ, որին պետք է ամեն ձևով (նույնիսկ դարբինների կռանահարության հմայական գործողությամբ) բանտարկված պահել:
Բնական է, որ քրիստոնեական գաղափարախոսությունը, ընդունելով միայն մարդկության փրկչի հեղինակությունը, պիտի չհանդուրժեր հայության փրկչի մրցակից հեղինակության գոյությունը:
Հետաքրքիր է նաև այն, որ Արտավազդի հեղինակության դեմ պայքարելով՝ պայքարում էին հին հավատքի դեմ: Այսպես, դարբինների կռանահարության հմայական (մոգական) գործողությունը, որի նպատակը բանտարկված արքայի շղթաները ամրացնելն էր, կատարվում էր ամեն կիրակի՝ հուր-արև (արեգ) Միհրին խորհրդանշող օրը, և Տարեմուտին՝ Արեգ ամսի Արեգ օրվա նախաշեմին, և նրա հովանավորությունը վայելող անձանց՝ դարբինների ձեռքով: Այս գործողության խորհուրդը հետևյալն է. Հայի ձեռքով բանտարկվում էին իր իսկ դիցերը, դրանով հանդերձ՝ սեփական հզորությունը¹:
Առասպելաբանության համաձայն Արտավազդի բանտարկվելը Մասիս լեռան մեջ համանման է մեր ազգային էպոսում Փոքր Մհերի Ագռավաքարում փակվելուն², սակայն այն էական տարբերությամբ, որ առաջինը բռնի է շղթայվել և ամեն կերպ փորձում է ազատվել շղթաներից ու դրանում նրան օգնում են իրեն հավատարիմ շները, իսկ երկրորդը ինքնակամ է փակվել ու սպասում է ավելի բարենպաստ ժամանակների և օգնող էլ չունի: Այստեղ առկա է գաղափարական այն մեծ վիհը, որ կա մարտնչող սերնդի և կրավորաբար սպասողական վիճակում գտնվող սերնդի միջև: Չնայած այս երկու կերպարների տարբերությանը, երկուսի մոտ էլ առկա է կյանքի ու սխրանքների միևնույն խորհուրդը: Այսինքն, թե՛ առասպելում (վիպերգերում) և թե՛ էպոսում հարատևել է հայարիական Միհր դիցի խորհրդապաշտությունը, իսկ Արտավազդն ու Փոքր Մհերը միհրական ոգու կրող հերոսներ են կամ նրա տարբեր հայտնությունները՝ կենդանի Միհրերը (հիմքեր կան պնդելու, որ Փոքր Մհերի հավաքական կերպարի հիմքում ընկած է Արարատյան թագավորության երևելի արքայի կերպարը³):
Իսկ թե ինչու՞ Արտավազդը կապվեց միհրականությանը և ոչ թե հայոց մեկ այլ դիցի՝ Վահագնի կամ Տիրի խորհրդապաշտության հետ, փորձենք հիմնավորել: Բանն այն է, որ Միհրը թագավորական իշխանության հովանավոր, ներհասարակական հարաբերությունների ու միասնության նախախնամ դիցն է տիեզերական հուրի խորհրդանիշներով: Նա օրենսդիր ու դատավոր դից է, հաստատում և պահպանում է Արարչից սահմանված կարգը և պատժում օրինազանցներին: Իսկ Արտավազդի սխրանքները ուղղված են հայոց աշխարհի միասնականության պահպանմանն ու հասարակության ներսում «ճշմարիտ» հավատքի ու սովորությունների հաստատմանը: Եվ օրինաչափ է, որ Հայերս ազգային փառքի վերածնունդը կապել ենք Միհր-Արտավազդի ու Փոքր Մհերի նոր հայտնությունների հետ, որոնք ներցեղային կյանքի բարեփոխիչներ լինելով՝ ճանապարհ են հարթել Հայ զենքի հաղթանակի համար:
Իրավամբ, հայոց պետության հզորացումը հնարավոր է եղել միայն այն հայրենանվեր անհատների շնորհիվ (Հայկ, Արամ, Արգիշտի Ա, Արտաշես Ա, ևն), որոնք երկրի ներսում ուժեղ կազմակերպիչներ և բարեփոխիչներ են եղել: Օրինակ, Տիգրան Մեծին չէր հաջողվի հագուրդ տալ իր աշխարհակալ հակումներին, եթե չժառանգեր իր նշանավոր նախորդների հզորացած ու բարեկարգված տերությունը:

***
Այժմ ներկայացնենք Արտավազդի և Փոքր Մհերի կյանքի ու սխրանքների նմանությունը, որը բացահայտում է միհրականության մի շարք խորհուրդները.

Ա. Մհերը անժառանգ մնաց, իսկ Արտավազդը որդի (ժառանգորդ) չունեցավ:
Բ. Մհերը ծնվեց մի ձեռքի ափը փակ վիճակում՝ որպես նախանշան իր առաքելության իրականացման, իսկ Արտավազդին դեռ օրորոցում բաժին հասավ հիվանդություն, որն էլ նախադեպ եղավ նրա հետագա գործունեության համար:
Գ. Ինչպես Մհերը հոր տմարդի սպանության դիմաց վրեժխնդիր եղավ Չմշկիկ Սուլթանի «չինի» աչքերով օտար ցեղից, որը հաստատվել էր հայրենի հողում և լուրջ սպառնալիք էր հանդիսանում երկրի ներքին հաղորդակցության համար, այնպես էլ Արտավազդը նույն ձևով վարվեց Մուրացյան օտարացեղ տոհմի հետ:
Դ. Մհերն ակամայից հանդիմանում է հորը, երբ վերջինս տարիքով իրենից շատ ավելի փոքր աղջկա հետ վերադառնում էր տուն՝ ասելով, որ այդ աղջիկն ավելի շատ իրեն է սազական: Դա էլ դառնում է հոր ու որդու վեճի և որդու՝ հայրական անեծքին արժանանալու պատճառը: Սակայն այն, որ հայրական անեծքը տեղին չէ, հուշում է հետևյալը. Մհերն Ագռավաքար մտնելիս թրով խփում ու մեջտեղից կիսում է այն՝ ապացուցելով իր անմեղությունն աստծո առաջ (հակառակ դեպքում թուրը քարը չէր կտրի): Կամ երբ Պաճիկ թագավորը Մհերին տեղեկացնում է, որ Դավթի ու իր համաձայնությամբ Մհերը պետք է ամուսնանա իր աղջկա հետ՝ նա պատասխանում է, որ կամուսնանա միայն նրան հավանելու դեպքում: Նմանապես, Արտավազդը ևս չի առաջնորդվում Հայի էությանն անհարիր, թեկուզև, հայրական սովորույթներով:
Ե. Երբ թշնամիները Մհերին հորն են գցում, մի ջհուդ պառավ խոստանում է օգնել նրան՝ դիմացը պահանջելով, որ վերջինս ամուսնանա իր աղջկա հետ, քանզի ակնկալում էր նրանից թոռ ունենալ: Մհերը համաձայնվում է և երդվում կատարել այն, սակայն հորից դուրս գալուց հետո երկուսին էլ սպանում է: Նա չի կրկնում իր պապի՝ Մեծ Մհերի, գործած սխալը, երբ վերջինս հավատարիմ մնալով թշնամուն տված երդմանը՝ լքում է հայրենիքն ու ընտանիքը և կենակցում օտարազգի կնոջ հետ, որից ծնված խառնածին որդին էլ՝ Մսրա Մելիքը, պատուհաս է դառնում իր ազգի գլխին: Նույն բարոյականով առաջնորդվող Արտավազդը, խախտելով Արտաշեսի ու Արգամի միջև կայացած նվաստացուցիչ հաշտությունը, նախահարձակ է լինում և ջախջախում նենգ ու հզոր թշնամուն:
Զ. Մհերին հորեղբոր՝ Ձենով Օհանի առաջ զրպարտում է նրա կինը՝ Սառյեն (եբրայեցիների նահապետ Աբրահամի կնոջ անունն է), որն անհաջող փորձ է անում կենակցելու Մհերի հետ: Արդյունքում, Մհերը վիճում է հորեղբոր հետ ու լքում Սասունը: Արտավազդի եղբայրներն էլ՝ իրենց կանանց հրահրմամբ, նախանձում էին նրան, որն էլ պատճառ հանդիսացավ, որ Արտավազդը չվստահեր նրանց (Տիրանից բացի) ու հեռացներ արքունի ոստանից՝ հնարավոր դավերից խուսափելու համար:
Է. Ինչպես Մհերն է սպանում Մատղավանքի մատնիչ վանահորը, այնպես էլ Արտավազդը սպանում է մատնիչ քրմապետ եղբորը:
Ը. Մհերը գոռոզանում է, աստծուն կռվի է հրավիրում, սակայն պարտվում է, և ըստ էպոսի որոշ պատումների՝ շղթայվում: Սրան հավասարազոր է Արտավազդի կողմից կրոնական բարեփոխումների կատարումը և նրա մահից ոչ շատ հետո օտար դիցերի պաշտամունքի և կռապաշտության վերականգնումը Տիգրան Մեծի կողմից:

Պատմություն է դարձել հայոց արքան, սակայն նրան առաջնորդած հայոց միհրական ոգին անմահ է, և այսօր, ազատված կապանքներից, դուրս է եկել լույս աշխարհ՝ վերստին վերականգնելու Հայոց Փառքը:

***

1. Հնարավոր է, որ դարբինների կռանահարության հմայական գործողությունը իրականում «կենդանի» Արտավազդի պաշտամունքի խորհրդածես էր և ուղղված էր նրա շղթաները կոտրելուն, և ոչ թե՝ դրանք ամրացնելուն, ինչպես ընդունված է ասել:
2. Հայոց դիցական խորհուրդներին ու պաշտամունքավայրերին, ազգային էպոսի հետ դրանց առնչություններին, ինչպես նաև՝ քրիստոնեական ծիսախորհուրդների վրա դրանց թողած հզոր ազդեցությանը, առավել հանգամանալից կարող եք ծանոթանալ հեղինակի՝ «Հայոց դիցաբանության և քրիստոնեության համեմատություն» աշխատության մեջ (Հ.Գ.):
3. Օրինակ,Արտավազդի բանտարկվելն արքայական ոստանի սրբազան Մասիս լեռան մեջ ու դրան համարժեք՝ Փոքր Մհերի փակվելը Վան արքայանիստ քաղաքի մոտակա պաշտամունքային ժայռում, հուշում են Մհերի՝ Վանի թագավորության արքաներից մեկը լինելը: Այն կարող էր լինել Արգիշտի Ա-ն (Էրեբունի ամրոցի հիմնադիրը), որի գահակալության տարիներին թագավորությունը հասավ իր ռազմա-քաղաքական բարձունքներին: Եվ չի բացառվում, որ «Արգիշտի» անունը հայահունչ «Արեգշատ-Արևշատ» բուն հայկական անվան օտարահունչ կամ սխալ ընթերցված տարբերակն է (նույն երևույթը առկա է ուրարտական բազում անձնանունների և տեղանունների դեպքում):

1 комментарий:

  1. Ինքնաոչնչացումը տեսնես մինչև ե՞րբ է ուղեկցելու մեզ: Հավե՞րժ: Այ, դա էլ կլինի աշխարհի վերջը:

    ОтветитьУдалить

Blogger Widgets