ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.09.2014

ՄԵԾ ԲԻԹԼԻՍՑԻՆ

«Սերն անմահ է, ատելությունը մեռնում է ամեն վայրկյան»
Վիլյամ Սարոյան
(1908 -1981) 

Վիլյամ Սարոյանը համաշխարհային գրականության բացառիկ երևույթներից է: Բացառիկ՝ ոչ իր հզոր տաղանդով - բազում են հզոր տաղանդները համաշխարհային գրականության մեջ: Բացառիկ՝ ոչ իր շեշտված ինքնատիպությամբ - ամեն մի ճշմարիտ տաղանդ արդեն իսկ ինքնատիպություն է ենթադրում: Բացառիկ՝ ոչ իսկ իր ստեղծագործություններում ապրող անչափելի ու անպարագիծ բարությամբ - բոլոր ճշմարիտ գրողներն, ի վերջո, բարության ջատագովներ ու սերմանողներ են:
Սարոյանը բացառիկ ու զարմանալի է բոլորովին այլ իմաստով. լինելով ամերիկյան գրող, նա միաժամանակ հայ ազգային գրող է: Այդպիսի երևույթ համաշխարհային գրականության մեջ չկա: Սարոյանի բացառիկությունն այն է, որ գերաճելով իր միջավայրից ու իր որդեգրած լեզվից, դարձավ նաև իր հարազատ ժողովրդի ազգային գրողներից մեկը: Եվ դա ամենից առաջ հենց ինքը Սարոյանն է հասկացել և ձևակերպել շատ սեղմ ու դիպուկ. «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ինձ համարում եմ հայ գրող»:
Ինչո՞ւ, ի՞նչ պատճառաբանությամբ, ինչի՞ վրա հենվելով է, որ նա իր գրական գործունեության հենց սկզբին արել է շատերի համար անհասկանալի ու վիճելի այդ հայտարարությունը: Չէ՞ որ գրողի այս կամ այն գրականությանը պատկանելը ամենից առաջ որոշում է այն լեզուն, որով նա գրում է:
Բայց տեղնուտեղը Սարոյանը բացատրել ու պատճառաբանել է իր հայտարարությունը: Այդ պատճառաբանությունը խորն է ու հիմնավոր. «Լեզուն, որով գրում եմ, անգլերեն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, բայց ոգին, որ ինձ մղում է գրելու՝ հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:
Այսպիսով, Սարոյանը գրականության մեջ կարևորագույնը ոգին է համարում և երիցս ճշմարիտ է, որովհետև գրականությունը, առհասարակ արվեստը, ամենից առաջ ոգի է և այդ ոգուց բխած կենսափիլիսոփայություն:
Իսկ Սարոյանի ստեղծագործությունների ոգին ստուգապես հայկական է, նրանից բխող կենսափիլիսոփայությունը հայ ժողովրդի դժվարին ճակատագրով դարերի ընթացքում ձևավորված, զտված ու բյուրեղացած կենսափիլիսոփայությունն է:
Եվ դա նկատել, արձանագրել ու շեշտել ենք ոչ միայն մենք՝ հայերս, այլև ուրիշները: Ըստ այլազգի քննադատների՝ Սարոյանը, նրա կյանքը, գրվածքների թեմաներն ու հերոսները, հենց ստեղծագործության ոգին ու ոճը անխզելիորեն կապված են հայ ժողովրդի ավանդների ու բանաստեղծության հետ:
Այո, բանստեղծության և ամենից առաջ այդ բանաստեղծության գլուխգործոցի՝ «Սասնա ծռերի» հետ: Ես ստույգ չգիտեմ, իր գրական գործունեության սկզբին Սարոյանն արդյոք ծանոթ եղե՞լ է «Սասնա ծռերին», թե ոչ, բայց ստույգ գիտեմ, որ նրա մեջ ապրում էր այդ էպոսի ոգին, ապրում որպես արյան ժառանգություն ու բաղադրություն:
Եվ թեև բախտը այնպես չտնօրինեց, որ նա ծնվեր հայրենի հողի վրա ու իբրև նրան ծննդավայր տվեց ազգերի այնպիսի մի վիթխարի խառնարան, ինչպիսի Ամերիկան է, բայց, միևնույն է, նա թեև այլ լեզվով, թեև գրական այլ ժանրերով վերապատմեց իր ժողովրդի մեծ էպոսը, վերապատմեց այդ էպոսին հատուկ այնպիսի անհուն բարությամբ ու խաղաղասիրությամբ, մարդկային խղճի ու արդարության նկատմամբ ունեցած այնպիսի անսպառ հավատով, այնպիսի կենսահաստատ փիլիսոփայությամբ, որ նրա խոսքը XX դաժան դարի խաչմերուկներում հնչեց եզակիորեն տեղին ու ժամանակին, հարուցելով իրեն արժանի հիացմունք ու արձագանք:
Դարասկզբին հայրենի Բիթլիսը թողած ու այդ հեռավոր ափերը նետված նահապետական ընտանիքը թարմ ու անխաթար էր պահել հայրենի երկրի վարքն ու բարքը, կենցաղը, ավանդները, բառն ու բանը, զրույցները, մի խոսքով՝ ոգին: Սարոյանի հոգում առանձնապես մեծ հետք է թողել տատը՝ Լուսնթագ Ղարօղլանյանը. «Իմ մեծ մայր, - պատմում էր Սարոյանը, - Ամերիկայի մեջ ալ Բիթլիս կապրեր: Ան առանձին աստված ուներ, կրոն չէր գիտեր, անոր աստված ուրիշ էր, ան ամենեն շատ մարդու խելքին ու գութին կհավատար ու չէր վհատիր ու չէր հուսահատիր»:
Բայց ոչ միայն Սարոյանների ընտանիքում էր, որ թարմ ու անխաթար էին հայրենի երկրի բարքն ու վարքը, կենցաղը, ավանդները, բառն ու բանը, հոգեբանությունը: 1915 թվի Մեծ եղեռնը դաժան մի ալիքով այդ հեռավոր ափերն էր նետել մի հոծ հայություն, որի զգալի մասը ապաստան էր գտել Սարոյանի ծննդավայրում՝ Ֆրեզնո քաղաքում: Սարոյանի վկայությամբ իր մանկության ու պատանեկության տարիներին Ֆրեզնոն կիսով չափ հայկական քաղաք էր: Բիթլիսի, Վանի, Մշո, Խարբերդի խոսքն ու զրույցն էր ամենուր, փողոցներում, բակերում, սրճարաններում: «Ջարդեն փախած հայեր պզտիկ ուրախություններու վրա անանկ կխնդային, անանկ կպոռային, որ ամբողջ փողոց, ամբողջ թաղ կբռներ: Տեղացիներ կզարմանային, կնեղվեին, է~, մեզի ինչ, մենք կխնդայինք, կպոռայինք… Հայ իր բոլոր դժբախտություններու մեջ կատակ կսիրե, կոմիկը կսիրե, որովհետև լավատես է…»:
Սարոյանը մանկուց է շփվել այդ մարդկանց հետ, սիրել է նրանց, հասունանալով խորամուխ է եղել նրանց էության, նրանց կենսափիլիսոփայության մեջ, հայտնաբերել այնտեղ հոգևոր մեծ ու ստույգ արժեքներ, կեցության պարզ, բայց իմաստուն ու կայուն օրենքներ և ժառանգել դրանք:
Տարիների հետ հոգեկան այդ ժառանգությանը նա գումարել է մի այլ մեծ արժեք՝ մարդկային քաղաքակրթության ստեղծած հարստությունը: Մեր ազգային ոգու, ոճի, հոգեբանության, ավանդների և միջազգային գեղարվեստական մտածողության համաձուլվածքից ծնունդ է առել գրական վիթխարի մի երևույթ, որ մեկ բառով սարոյանական է կոչվում: Եվ այնքան բնական է այդ համաձուլվածքը, որ դժվար է անգամ որոշել, թե որ կետում են այդ երկուսը հանդիպում միմյանց ու սերտաճում: Սարոյանի ստեղծագործությունների մեջ զարմանալիորեն «չեն երևում» նրա բազմահարուստ գիտելիքները, ստեղծագործելիս նա ասես «մոռանում» է այդ ամենը և նմանվում մեր ժողովրդական այն բացառիկ բանասացներին, որոնք միայն բնատուր մղումով սքանչելի ասքեր ու վիպերգություններ են հյուսել: Այդ, այսպես ասած «մոռացումը» մեծերի մենաշնորհն է: Փոքրերն են, որ ընթերցողին զարմացնելու հավակնությամբ իրենց բոլոր գիտելիքներն ու իմացությունները շռայլորեն փռում են իրենց ստեղծագործությունների մակերեսին, մինչդեռ մեծերը այդ ամենը տարալուծում են պատկերի, կերպարի, գեղարվեստական մտածողության, ներքին շերտերի մեջ և աննկատելիորեն վերածում փիլիսոփայության:
Մեծ արվեստի գաղտնիքներից է սա, որին այնպես հիանալիորեն տիրապետում էր Սարոյանը: Տիրապետում հենց սկզբից: Եվ պատահական չէ, որ Սարոյանը այն քիչ գրողների թվին է պատկանում, որոնք մի առավոտ արթնանում են նշանավոր դարձած:
Ի՞նչն էր այդ մեծ հաջողության գաղտնիքը:
Իմաստուն, թախծալի ու հեգնական հայ պոեզիայի թանձր բուրմունքով հագեցած սարոյանական ստեղծագործությունը ի՞նչ էր ասում ամերիկացիներին ու աշխարհին: Այդ հարցի ամենակարճ պատասխանը տալու համար պետք է դիմել հենց իրեն՝ Սարոյանին, որն աշխատելով բացատրել, թե ո՞րն է «Իմ սիրտը լեռներում է» պիեսի իմաստն ու բարոյախոսությունը, գրել է. «Դա հասարակ ու հին է, ինչպես աշխարհը՝ ավելի լավ է լինել բարի, քան լինել չար»: Ճիշտ է, դա միայն մի պիեսի մասին է ասված, բայց վերաբերում է նրա ամբողջ ստեղծագործությանը:
Իսկ եթե փորձենք մի փոքր ավելի ընդարձակ պատասխանել այդ հարցին, ապա դարձյալ ստիպված ենք դիմել Սարոյանին, քանի որ ինքներս հազիվ թե կարողանանք գտնել ավելի դիպուկ ու ավելի սպառիչ պատասխան. «Փնտրիր բարին ամենուրեք, և թող նա լինի ազատ և աներկյուղ … Արթնացրու առաքինությունը, ում սրտում էլ որ նա գաղտնի ու տրտում թաքնվելիս լինի աշխարհի սարսափներից ու ամոթից … Եվ քանի ապրում ես … ոչ մի բան չավելացնես աղետներին ու տխրությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ»:
Սարոյանի ստեղծագործությունները թաթախված են անհուն մի բարությամբ: Սակայն Սարոյանն ամեևին էլ չարին չհակառակվելու քրիստոնեական միամիտ բարոյախոս չէ, այստեղ ևս նա հայ ժողովրդի կենսափիլիսոփայության, նրա էպոսի գաղափարների հարազատ ժառանգորդն է: «Մի ամաչեք լինել բարի ու քնքուշ, գրում է Սարոյանը իր գլուխգործոցներից մեկի՝ «Ձեր կյանքի ժամանակը» պիեսի նախաբանում, - բայց եթե երբևիցէ ձեր կյանքի ճանապարհին սպանելու հերթը կգա, սպանեցեք և մի զղջացեք»: Եվ հենց այդպես էլ կատարվում է այդ պիեսում, բարու ճանապարհին կանգնում է չարը: Ու երբ բարւության խոսքն անզոր է դառնում նրա դեմ, փայլատակում է հատուցման դաշույնը, ճիշտ այնպես, ինչպես մեր հինավուրց էպոսում:
«Ատեցեք չարությունն ու ստորությունը, բայց ոչ չար ու ստոր մարդկանց», ասում է նա, հաստատ համոզված լինելով, որ մարդն ի բնե ավելի լավն է, և միջավայրն ու պայմաններն են հաճախ նրան դարձնում այդպիսին:
Ընտանիք, փոխադարձ սեր ու ըմբռնողություն... Դարձյալ հայկական կենսափիլիսոփայությունից եկող ճշմարտություն, որ Սարոյանը հակադրում է ժամանակակից աշխարհի տարանջատվածությանը, մարդու միայնությանը …
Ընտանիք, տոհմ, ազգ, ժողովուրդներ, մարդկություն … Նրանց կապը, փոխադարձ սերը, համերաշխությունը, բարեկամությունը ամենաբարձր ու գեղեցիկ արժանիքներն են Սարոյանի համար, չարին դիմադարձ լինելու ամենազորեղ միջոցները:
Քայլելով աշխարհի, իր խոսքերով ասած, «չարության ու ագահության, ատելության ու սարսափի, արատավորության ու նեխվածության» միջով, նա երևի սկսեց ավելի ու ավելի խոր զգալ իր ակունքների կարոտը: Նախ կրկին այցելեց Հայաստան, ապա գնաց Բիթլիս, իր ծնողների ու նախնիների բնօրրանը:
Հուզմունքով էր պատմում այդ մասին. «Քաղաք ավերակ էր, միայն բերդ կանգուն էր: Քուրդ մը կար, ութսուն տարեկան, հորս հիշեց, ճանչցավ: Ան էր, որ ինձի մեր տան տեղ ցուցուց: Տուն ավերակ էր, բայց օջախ կար … Հետս մարդիկ կային, քուրդեր, թուրքեր, ըսի՝ դուք գացեք, կուզեմ մենակ մնալ»: Ու մենակ էր մնացել հայրենի տան ավերակների մեջ: Ինչքա՞ն է մնացել, ի՞նչ է խորհել, ի՞նչ է զգացել …
Ինչ իմանաս …
Հայրենի ավերակված տունը …
Այդ տան քարե պատերի մեջ դարեր շարունակ ապրած խղճի, բարության, առաքինության, կեցության պարզ ու բարդ փիլիսոփայության ժառանգորդն էր նա: Ու թեև ավերակ էր տունը, բայց այդ տան մեջ ապրած կեցության պարզ ու բարդ փիլիսոփայությունը, տեղափոխվելով Սարոյանի պատմվածքների, վեպերի, պիեսների մեջ, մնացել է անվթար, անխաթար և փոխարկվել մի մեծ համանվագի … Այդ համանվագի մեջ պղնձե փողեր են ղողանջում, որ ասես անվերջ կրկնում են. «Իմ սիրտը լեռներում է» … Բարության ձայնը, գթության բարբառն ու ցավի շշուկը գալիս, միահյուսվում ու փոխվում են մինչ այդ աշխարհում չլսված մի զարմանալի մեղեդու: Ծնծղաներն այնտեղ հպարտորեն հնչեցնում են. «Ուր որ կերթաս, պոռա Հայաստան», իսկ ջութակները թավշե ձայնով կրկնում են. «Սերը անմահ է, ատելությունը մեռնում է ամեն վայրկյան»:

Վահագն Դավթյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets