ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.09.2014

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Վուրգ Ոսկանյան


Խոսքերի և երաժշտության հեղինակ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ոսկանյան Վուրգ Արշակի (28.5.1941, գ. Բռնակոթ (այժմ՝ Սյունիքի մարզում) – 31.3.1993, գ. Կոչլու (Լաչինի շրջան))

Վուրգ Ոսկանյանը վաղուց էր խորհում իր մտքի աշխարհում, և հայտնի էր հանրությանը հայրենասերի ու հայրենապաշտի իր համոզմունքներով։ Պատահականություն չէր 1988թ. նրա հայտնվելը հայոց զարթոնքի հանգրվանում, որովհետև նա իսկական ռազմիկի մարտական ու ոգեղեն ծնունդ էր՝ ոգեկոչող ու ոգեպնդող, խանդավառ ու հուզախռով։ Երկու տասնամյակից ավելի ռազմագիտություն դասավանդելով Սիսիան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ իր սաներին կրթում ու
դաստիարակում էր հայ գոյի վերածնվող անկախության ոգով։ Նրա նախաձեռնությամբ ու անմիջական ջանքերով է հայրենի Բռնակոթ գյուղում կանգնեցվել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանը, որն առաջինն էր Սիսիանի շրջանում։ Նա զոհվեց 1993 թվականին, բայց մշտապես նրա մասին ներկայով են խոսում ու հիշում, որովհետև զինղեկ էր ու հայրենագիտական ջոկատի հրամանատար, ուսուցիչ էր թե՛ աշակերտի, թե՛ զինվորի, թե՛ ընկերոջ համար, մեծ հայրենասեր էր՝ ի սկզբանե զինապաշտության իր դավանանքով։ Նա իր էությամբ զենքինն էր ու կռվի բաժինն էր, որոնց համար երկար ու բարդ ճանապարհ էր անցել՝ իր ինքնատիպ կեցվածքով, մտածողությամբ, ոգով ու գաղափարներով։


Վուրգ Ոսկանյանը ծնվել է Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում, մայիսի քսանության նորօրյա առաջին հանրապետության օրը։ Ընդամենը 47 տարեկան էր, երբ "եկավ" իր սպասած պահը՝ Մեծ ժամանակը։ Բնականորեն առաջիններից էր, որ գնաց իր վաղեմի երազանքին ընդառաջ։ Մի շարք նվիրյալ հայրենասերների հետ հիմնեց Սիսիանի շրջանային "Ղարաբաղ" կոմիտեն՝ իր շուրջը համախմբելով գաղափարակիցների մի խումբ։ Նա առաջինն էր, որ ստեղծեց զինված կազմավորում հայրենի շրջանի սահմանները պաշտպանելու համար։ Զենքն էլ ի՞նչ էր, որսորդական հրացան։ Վուրգ Ոսկանյանի ավանդը մեծ է շրջանի հարավարևմտյան հատվածի սահմանները պաշտպանելու գործում։ Նրա ջոկատի բազմաթիվ մարտական սխրանքներից ընթերցողին եմ ներկայացնում մի դրվագ, որը տեղի է ունեցել Նախիջևանի Շահբուզի շրջանի Արավսա գյուղի մոտակայքում (մասնակից կամավորականների հուշերից)։ Ջոկատը, որը հսկում էր Սիսիանի շրջանի Արևիս և Բարձրավան (Մուցք) գյուղերին պատկանող բարձունքները, որոնք սահմանամերձ են Շահբուզի շրջանին, հրամանատարը տեղեկություն է ստանում, որ Արավսա և Բեչենեկ գյուղերում տեղակայված են թշնամու մեծաքանակ ռազմական տեխնիկա և զինվորական ուժ։ Հավանաբար նրանք՝ ազերիները, նախապատրաստվում էին հարձակողական գործողություններ սկսել Սիսիանի շրջանի այդ տարածքում գտնվող հայաբնակ գյուղերի վրա։ Այդ բոլորին տեղյակ լինելով և ճիշտ կռահելով ազերիների ռազմավարական պլանները՝ Վուրգ Ոսկանյանը հետևյալ կարգախոսով է դիմում իր ջոկատի քսաներեք կամավորականներին. "Սահմանները հսկում ենք միասին, պետք է կռվենք միասին, իսկ հարկ եղած դեպքում պետք է զոհվենք միասին։ Հետադարձ ճանապարհ չկա, ուրեմն` միայն առաջ"։ Երբ հասնում են Արավսա գյուղին հարող ծառախիտ տարածքը, նրանց լսածն ու իմացածն այլևս կասկած չեն հարուցում։ Այդ ժամանակ հրամանատարը, ուսապարկը գետնին դնելով, նրանից հանում է մի քանի տասնյակ հրթիռ (ՐՈՍպՑՈ) և կտրելով նրանց ճատրուկները՝ յուրաքանչյուր կամավորականին հանձնում մեկական հրթիռ և մեկ տուփ լուցկի՝ հրամայելով երկու թևերից շրջափակել գյուղի տարածքը և վառել հրթիռն ու լուցկին այն պահին, երբ օդում կերևա իր կողմից արձակված կարմիր հրթիռ-ազդանշանը։ Մեկ ժամ հետո իրականացվում է այդ հնարամտությունը։ Այդ պահին կարծես ողջ գյուղը շրջապատված էր, որի արդյունքում թվում էր, թե ուր որ է գյուղի վրա կտարափեն հրազենի կրակոցները։ Արավսա գյուղի տարածքում տեղակայված թշնամու զորամիավորումը խուճապի է մատնվում և ափալ-թափալ հեռանում գյուղի տարածքից։ Այսպիսով՝ հմուտ հրամանատարի մտահղացումն այդ պահին խաթարում է թշնամու մարտավարական պլանները, փրկում ջոկատի ողջ անձնակազմը։ Իսկ ինչու չէ, նաև ապահովում Սիսիանի շրջանի այդ տարածքում գտնվող հայաբնակ գյուղերի բնակչության անվտանգությունը։ Գուցե և դրանով խափանվեցին ազերիների հարձակումները Սիսիանի շրջանի և ընդհանրապես Զանգեզուր աշխարհի վրա, որը վաղուց ի վեր ոսկորի պես մխրճված էր թուրքերի կոկորդում։
Վուրգ Ոսկանյանը 1992թ. օգոստոսից Սիսիանի նորաստեղծ թիվ 142 պահեստային գումարտակի 4-րդ վաշտի, ինչպես նաև գումարտակի հետախուզական դասակի հրամանատարն էր։ 1993թ. պայմանագրային զինվորական ծառայության է անցել Սիսիանի թիվ 80046 զորամասում՝ որպես զորամասի հրամանատարի ռազմական գծով տեղակալ։ Մասնակցել է Կապանի շրջանի բնակավայրերի վրա թշնամու հաճախակի հարձակումների կասեցմանը, Քելբաջարի շրջանից թշնամու կողմից գործի դրվող կրակակետերի ոչնչացմանը, Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանությանը։ 1993թ. մարտի 31-ին՝ Լաչինի մարդասիրական միջանցքին հարող Կորչու գյուղի տարածքում հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, տեղի է ունենում աստվածային մեծագույն հրաշք. անհավասար մարտում մարտիրոսվում և դեպի հավերժություն են գնում ազգային-ազատագրական պայքարի դարակազմիկ հորձանուտում կոփված, նժդեհական շնչով ապրած ու կռված Սիսական աշխարհի տասնմեկ կորյուններ, որոնք իրենց մարտական սխրանքներով դարձան հավերժ լեգենդ, իրենց իսկ պաշտպանած հողի մշտարթուն ժամապահներ։ Նրանք անմահացան՝ ժողովրդի սրտում թողնելով անգնահատելի փառք ու անմոռանալի հիշողություններ։ Ընդամենը 52 տարեկան էր հրամանատար Վուրգ Ոսկանյանը, երբ նա զոհվեց։ Հերոսական ու նրան բնութագրող շատ էջեր ունեն Արցախյան գոյամարտերը՝ սիսիանյան մարտական փառավոր ուղին նշող, որը նաև ըստ արժանվույն է գնահատվել։ Լաչինի շրջանի ազատագրված գյուղերից մեկը 1995թ. անվանակոչվել է նրա անունով՝ Վուրգավան, նրա անունով են կոչվում նաև Լաչինի շրջանի Վակունիս և Սիսիան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցները։ Նրա ու տասը զոհված ազատամարտիկների նահատակության վայրում կանգնեցվել է նրանց հիշատակը հավերժացնող "Խաչքար-հուշարձան", որտեղ ամեն տարի՝ մարտի 31-ին, Վուրգ Ոսկանյանի և նրա ջոկի տասը ազատամարտիկների նահատակության օրը ուխտագնացության են գնում նրանց հարազատները, զինակից ընկերները, դպրոցականները։ 2003թ. "Սիսական" հայրենակցական հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Սիսիան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի (որտեղ իր աշխատանքային կենսագրությունն է կերտել որպես ռազմագիտության ուսուցիչ Վուրգ Ոսկանյանը) տնօրինության հետ, ստեղծեցին "Մարտական փառքի անկյուն", որն ամբողջությամբ նվիրված է քաջազուն հրամանատար Վուրգ Ոսկանյանի բացառիկ հայրենասիրությանը, անձնվիրությանը, նրա ջոկատի մարտական սխրանքներին և Սիսիանի շրջանից Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկներին։ Այնտեղ ցուցադրված են մասունքներ ազատամարտիկների անձնական իրերից, ինչպես նաև այն տեղանքի մանրատիպարը, որտեղ մարտական գործողություններ են իրականացրել Սիսիանի կամավորական ջոկատները և "Սիսական" մոտոհրաձգային գունդը։ Վուրգ Ոսկանյանի անունով է կոչվում նաև Սիսիան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի՝ իր իսկ ստեղծած ռազմագիտության դասասենյակը։
2011թ. մայիսի 28-ին լրացավ Վուրգ Ոսկանյանի ծննդյան 70 տարին։ Այդ կապակցությամբ Սիսիանի քաղաքապետարանը և ԵԿԱ Սիսիանի վարչատարածքային խորհուրդը ձեռնամուխ են եղել Սիսիան քաղաքում՝ ազատամարտիկների անունը կրող հրապարակում, Աշոտ Մինասյանի հովանավորությամբ կանգնեցնել Վուրգ Ոսկանյանի քարակերտ կիսանդրին։
1996թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ Վուրգ Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է "Մարտական խաչ" 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և Արցախյան հերոսամարտում ունեցած ակտիվ մասնակցության համար արժանացել է "Արիության համար" շքանշանի։ Անահիտը և Սուրենը պետք է հպարտ լինեն, որ իրենք Վուրգ Ոսկանյանի զավակներն են, որ իրենց հայրը մերօրյա մնայուն արժեքներ թողեց, ազնիվ ու սկզբունքային հատկանիշներով հավերժացրեց հայրենասեր մարդու կերպարը։ Դրանցով պետք է աշխատել, մարտնչել, ոգեշնչվել և հարկ եղած դեպքում՝ նաև նահատակվել։
Ժ.ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ "Սիսական" ՀՀԿ նախագահ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets