ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.10.2014

ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

Հայ մշակույթի պատմության, հայ դասական գրականության պատմության մեջ 5րդ դարի թարգմանիչների և թարգմաչաց շարժման դերը, հրիտակած արդյունքը մեծ ու նշանակալից է եղել: Այն մտավորականությունը, որ 5րդ դարում, հայոց տառերի գյուտից հետո, թարգմանական, ապա նաև հեղինակային ու ստեղծագործական աշխատանքով, հայոց նորաստեղծ գրության ուսուցման, դասավանդման ու տարածման ազգաշեն նվիրվածությամբ հայապահպանման հսկայական գործը իրականացրեց, իսկապես մի որակյալ որյար էր, որ արդարացիությամբ արժանացավ եկեղեցական տոնացույցի մեջ մտնելու ու տոնվելու. նրանցից ոմանք նույնիսկ սրբացվեցին, դասվեցին սրբերի շարքը։
Հայերեն տառերի գյուտի, թարգմանչաց շարժման և հայ մշակույթի դասական երախտավորներին հայոց եկեղեցին երկու տոն է սահմանել. հունիսի վերջին, կամ հուլիսի սկզբին, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթեվի տոնը. և հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, Սբ Թարգմանիչների տոնը՝ Սահակ Պարթեվի, Մեսրոպ Մաշտոցի, Հովսեփ Պաղնացու, Հովհան Եկեղեցացու, Ղեվոնդ Վանանդեցու, Կորյուն Սքանչելիի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Մովսես Խորենացու, Մամբրե Վերծանողի, Աբրահամ Զենակացու, Արձանի, Մուշեի, Խոսրովի, Ղազար Փարպեցու, Գրիգոր Նարեկացու և այլն: Դիտավորությամբ եմ հիշատակում այդ սրբանունները, որովհետեվ պատմական նվիրականության ջերմությամբ են լցնում մեր սրտերը։ Սա տոնն է Սուրբ գրքերի թարգմանության, այնուհետեվ շարունակված հայ դպրության ու գրականության պանծացման տոնը: Պատմական ներբողներ են նվիրվել թարգմանիչներին, ինչպես՝ Վարդան Արեվելցու հորինած «Որք զարդարեցին» շարականը, որով ներբողում է թարգմանիչների կատարած ազգանվեր գործը, որով զարդարեցին հայերեն սկզբնավորվող դպրությունը, զարդարեցին մեր ժողովրդի մտավոր կյանքը: Հինգերորդ դարը Մաշտոցյան տառերի սքանչելի գյուտով ու թարգմանիչների կատարած մեծ գործով դարձավ Ոսկեդար: Պատկերավոր ասած՝ թարգմանիչները իսկապես եղան Ոսկեդարի ոսկերիչները:
Հայտնի է, որ հայոց եկեղեցու՝ թարգմանիչներին նվիրած տոնը Գարեգին Արքեպիսկոպոս Հովսեփյանցը, որ ամերիկահայության առաջնորդն էր 1938-43 թթ, հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, առաջադրեց, տոնել որպես Մշակույթի Տոն։ Առաջարկը ժողովրդականացավ։ Այնուհետեվ նախ սփյուռքում, ապա հայրենիքում, հոկտեմբեր ամսի երկրորդ շաբաթ օրը դարձավ Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տոն, հայ մշակույթի տոն։
4րդ դարի սկզբից քրիստոնեութեան հաստատման հետ Հայաստանում ուժեղացած ծավալներով տարածվում էր հունարենի ազդեցությունը: Արեվելյան տարածքներում զորավոր էր ասորերենի ազդեցությունը: Քրիստոնեական կրոնական արարողությունները կատարվում էին հունարեն Սուրբ Գրքերի օգտագործմամբ, կամ ասորերեն Սուրբ Գրքերի օգտագործմամբ, որ հասկանալի չէին ժողովրդին: Ըստ կարիքի առաջացավ արարողությունը հայերենի թարգմանելու խնդիրը: Թարգմանիչ հայրերը սկսեցին տեղի վրա, արարողության ընթացքում, միաժամանակ կատարել ընթերցվածի հայերեն թարգմանությունը: Եվ դա կարեվոր ու մասնագիտական գործ էր. Սուրբ Գրքի խոսքը պետք էր ճշգրիտ թարգմանությամբ մատուցվեր ժողովրդին. այլապես սրբապղծություն կլիներ: Պարզ է, որ բանիմաց, լեզուները լավ իմացող, մտավորական անհատներ պիտի լինեին... Եվ եղան ու էին թարգմանիչները: Նրանք միաժամանակ զգացին, ըմբռնեցին ազգային լեզվի գործածության, պահպանության և տարածման կարեվորությունը: Հանճարը շողարձակեց այր մի Մեսրոպ Մաշտոցի մտածումից, որով սկիզբ առավ հայերեն տառերի մեծասքանչ գյուտի մեծուղին: Սբ Մեսրոպ Մաշտոցը իրականացրեց տառերի գյուտի հրաշքը. նաեվ իրականացրեց հայերեն գրքի ընթերցումը հայերեն տառերով, հայերեն լեզվով: Մասնավորաբար այդ հիմքով ամրացավ քրիստոնեությունը հայության մեջ: Այդ ամրացած հավատքով էր, որ հայությունը, ընդամենը հիսուն տարի հետո, պատերազմեց կրակապաշտության ու կռապաշտության դեմ: 451 թվականում քրիստոնյա հայ ժողովուրդը ազգային կրոնի ու ազգային հավատքի պատերազմ մղեց կրակապաշտ Պարսկաստանի դեմ: Տասնամյակներ տեվեցին այդ պատերազմները, մամիկոնյանների ղեկավարությամբ, ավարտվելով Նվարսակի Դաշնագրով, որով հայությունը պարտադրեց իր ազգային կամքը: Մնաց հայ քրիստոնյա: Ազգային-կրոնական ինքնության պահպանման Վարդանանց Պատերազմները ղեկավարեցին հայ ուխտապահ իշխանները՝ Մամիկոնյանները, Ամատունիները, Խորխոռունիները, Հովսեփ Վայոցձորեցիները, Ղեվոնդյան քահանաները...
Հայերեն Աստվածաշունչը, հազար տարիներից ավելի ժամանակաշրջանում, զորավոր դեր է կատարել մեր ժողովրդի դաստիարակության, գրաճանաչության, ուսումնառության ու կրթության, զարգացման գործում. իրականություն է, որ մինչեվ 19րդ դարի վերջերը Աստվածաշունչն էր գործածվում որպես դասագիրք մատաղ սերունդներին գրաճանաչ դարձնելու, կրթելու համար։
Կաթողիկոս Սահակ Պարթեվի հովանավորությամբ Թարգմանչաց Շարժումը 5րդ դարում սկսելով պայքար մղեց հունական և ասորական, ապա նաեվ պարսկական ազդեցությունների դեմ. հիմնվեցին հայոց դպրոցներ, որոնցով կրթությունը դուրս եկավ մեհենական-եկեղեցական մենատիրությունից, հասարակական ավելի լայն շերտերի ընդգրկելով․ թարգմանվեցին քրիստոնեական բազմաթիվ գրքեր հայերենի. հայացվեց եկեղեցական ծիսակատարությունը. սկզբնավորվեց ինքնուրույն հայալեզու դպրություն, գրականություն: Դա եղավ հայ ժողովրդի ազգային ինքնուրույնությունը ամրացնող ու պահպանող հիմնաքարերից ամենակարեվորը: Հայոց պետականության ժամանակի վերնախավը և Արշակունի Վռամշապուհ թագավորը միացան Սահակ Պարթեվին ու Մեսրոպ Մաշտոցին թարգմանչաց շարժման ազգային պայքարում, որովհետեվ հայկական պետականության շահն էլ այդ էր պահանջում:
Հայ դասական գրականության մատենագետները մինչեվ վերջերս զարմանում էին, թե տառերի գյուտից անմիջապես հետո, գրաբար լեզուն ինչպես ձեռք բերեց այնպիսի արտահայտչական կարողություն ու ճկունություն, այնպիսի հարազատությամբ ու գեղարվեստական բարձր որակով արտահայտելու թարգմանված բարդ երկերը: Ես հավատացած եմ, որ դա արդյունքն է թարգմանիչների կատարած տքնաջան աշխատանքի, որ կրոնական արարողությունների ընթացքում, տեղի վրա միաժամանակ կատարած բանավոր թարգմանությունների միջոցով մշակում, կոկում ու հղկում էին գրաբարը, ժամանակի հանրային, հասարակական հաղորդակցության լեզուն. վարժվում էին թարգմանության աշխատանքում: Հայոց քրիստոնեության ընդունումից մինչև տառերի գյուտը շուրջ մեկ դար է լինում. այդ հարյուր տարիների ընթացքում կրոնական արարողությունների ժամանակ թարգմանիչները շարունակ հայերենի թարգմանեցին հունարենն ու ասորերենը, մշակեցին հայերեն լեզուն, հմտացան թարգմանության գործում, ու երբ գործը եկավ սուրբ գրքերի հիմնավոր գրավոր թարգմանությանը, թարգմանիչները հմտացած, պատրաստ էին. Սուրբ Գրքերի և մնացյալ կարեվոր երկերի թարգմանությունը հաջողությամբ իրականացրին։ Լեզվաշինության ազնիվ ու ներհուն աշխատանքում դա էլ թարգմանչաց շարժման նվաճումներից է:
Հայտնի է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, կատարված 5րդ դարում, որպես «Թարգմանությանց Մայր Թագուհի»: Այդ ժամանակաշրջանում հունարենից և ասորերենից հայերենի թարգմանվեցին բազմաթիվ երկեր, ինչպես՝ Աթենաս Աղեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Սեբերիանոս Գաբաղացու, Կյուրեղ Երուսաղեմցու, Եվսեբիոս Կեսարացու, Եփրեմ Խուրի Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու, Պրոկլի, Դիոնիսիոս Թրակացու, Փիլոն Եբրայեցու, Տիմոթեոս Կուզի, Պորփյուրի, Արիստոտելի, Պլատոնի գործերը։ Այդ երկերից մի քանիսի բնագրերը կորած լինելով հայերեն օրինակները բնագիր են համարվում:
Սահակ Պարթեվի և Մեսրոպ Մաշտոցի աշխատասիրած հոգեվոր և ծիսական երկերը, Կորյուն Սքանչելիի, Ղազար Փարպեցու, Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու, Եղիշեի և մյուսների գործերը հեղինակային աշխատություններ ու ստեղծագործություններ լինելով հանդերձ, շահվել են նաեվ թարգմանական վաստակից։ Այսպիսին է եղել թարգմանիչների և թարգմանչաց շարժումի ազդեցությունը և արդյունքը հայոց ազգային զարգացման հոլովույթում: Մշակութային, բանասիրական, մատենագիտական և գրական տոներով ենք ըստ արժանավորի մեծարում հայ դասական թարգմանիչներին և գրական ստեղծագործող քանքարավորներին: Փառք հայ մշակույթին։

Գլենդել, Կալիֆորնիա

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets