ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.11.2014

ՍԵՐՆ ԱՂՈԹՔԻ ԱՌԱՋԻՆ ԲԱՌՆ Է

... Սիրում ես, երբ շոյում եմ գլուխդ, շա՜տ ես սիրում:
Իսկ գիտե՞ս, որ ափիս մեջ կա խոնավ մի արցունք: Մի՛ արտասվիր, թե կրակի միջով անցա... Անցա, որ քե՛զ գտնեի: Ինձ համար աշխարհը կրկնակի տեսանելի է, երբ ժպտում եմ քեզ. ասես ծնվել եմ քեզ ժպտալո՜ւ համար: Ժպտո՜ւմ ես: 
Գիտեմ՝ հավատում ես, որ սերը հավիտենության թևերին Անհայտի կերպարանքով է, իսկ ես հավատում եմ քո սիրո անհայտությանը, այն ամեն անգամ հայտնվում է իմ տագնապները ցրելու համար: Իսկ դու կարծում ես, թե ես միմիայն շուրջս եմ հսկում և ոչ քեզ... 
Գիտե՞ս, կարոտ կա, որ անանուն է, այն հենց մեր հոգու գիշերի մեղեդին է, որ թախիծ է և մշուշված աչքեր: 
Լռո՜ւմ ես ու նորից ժպտո՜ւմ. սովորել ես տխրությունս ճանապարհել անշշո՜ւկ... 
Կյանքում ամեն բան ունի իր զարկերակը, և մենք այն անվանում ենք բարություն: Մարդկային առաքինության բարձրագույն վիճակը բարությունն է. ես քեզ երբե՛ք չեմ դավաճանել, և ծանր է նստում վրաս այդ սոսկալի բառն արտաբերելը. տիեզերքն այդ պահին փոխում է իր
ընթացքն ու անկառավարելի է դառնում. դավաճանությո՜ւն... 
Ասում ես, որ ես հավերժ եմ ապրելու... 
Սիրելի՛ս, այդ դո՛ւ ես, իսկ ես քո անմեկնելի շշուկը՝ հավերժի՛ շշուկը: Սե՛ր, սե՜ր... Ասում են, որ ասպետները գաղափարի մարտիկներ էին, իսկ նրանց սպասող օրիորդները` գաղափարակիցներ...: Ահա նույն աշխարհն է, ահա նույն աշխարհի տրտմությունն ու հրճվանքը, նույն կապույտ հեռուն ու մոտը, և սերն էլ այդպիսին է` հեռու և մոտ՝ փարված և՛ տրտմության, և՛ հրճվանքի թևերին:
Թող պոետները ոսկեզօծեն այս աշնան շշուկը, իսկ ես ուզում եմ քո հայացքն առնել ալիքվող կապույտ ջրերի շրջանկարում:
Թող պոետները սիրո ծարավը հագեցնեն չմեռնող բառով, իմ երազը մարմին է հագել և հիմա ինձ ժպտում է այդ չմեռնող բառով, որի ամեն մի տառը տարերքն է աստվածաշնչյան... 
Եվ աշխարհն անէանում է տիեզերքի լսարանում, քանզի մեր հանդիպումը աղոթքի առաջին բառն է...

15.11.2014 թ., գիշեր
© Ռաֆայել Սերենց

3 комментария:

  1. Սիրելի իմ Պոետ ՌԱՖԱՅԵԼ ՍԵՐԵՆՑ Դուք այնքան անկեղծ եք գրում ու ինձ թվում է թե Ձեզ ես վաղուց եմ ճանաչում, գիտեմ ու Դուք իմ հետ եք միշտ եղել անհիշելի ժամանակներից: Ձեր ամեն մի տողում,ամեն մի բառ ում ընթերցողներս մեզ կգտնենք: Ամեն անգամ կարդալիս ես ապրում եմ նոր ու տվյալ պահի գեղեցիկ զգացումներ: Դուք գրեք, ստեղծագործեք և հասեք բարձունքների, որովհետև Դուք կարող եք : Շնորհակալություն գեղեցիկ այս պահի համար, որ կարդացի ու ապրեցի:

    ОтветитьУдалить
  2. Կյանքը մեզ պարգևում է գեղեցիկ անակնկալներ: Զգում եմ և ընդունում , որ եթե կյանքում լավ գործեր արած լինես և բարիություն տարածես, ապա սիրտդ կլցվի անհուն սիրով: Ես հիմա ուզում եմ սերս արտահայտել,ասել որ Ձեզ մարդիկ սիրում եմ: Ուզում եմ , որ լավ ապրեք ,որ երջանիկ լինեք, որ ազնիվ լինեք ձեր զգացմունքներում: Եթե որոնես և շատ ուզենաս, կգտնես: Գտեք այն ինչ ուզում եք: Բայց մի բան հիշեք, որ ամեն ինչում զորավորը և աստվածայինը սիրո լույսն է: Ամեն ինչում գերական սերն է:
    Իմ թանկ բարեկամ գտիր և ամուր պահիր քո մեծ սերը...

    ОтветитьУдалить
  3. Анонимный16 июля 2016 г., 2:02

    Երբ սիրում ես,ծնված այդ զգացմունքը զորեղացնում է քեզ, դառնում ես ուժեղ և ցանկանում ես, որ միայն բարին կատարվի:Սիրով լցված սիրտը բարիք է միայն տարածում:Հրաշալի տողեր: Եվս մեկ անգամ կարդացի-շնորհակալություն Ձեզ և նոր հաջողություններ:

    ОтветитьУдалить

Blogger Widgets