ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.12.2014

ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՆԱՄԱԿԻ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ

ԱՎԱԳՅԱՆ ԻՆԳԱ (ԿԱԹ) 

2002-ի դեկտեմբերին «Կումայրի» արգելոց-թանգարանը նախաձեռնեց Շիրակի մարզում՝ մասնավորապես Գյումրիում, Մեծ եղեռնի ականատեսների թողած գրավոր և իրեղեն աղբյուրների որոնողական գիտարշավ, որը լույս աշխարհ հանեց հանրությանը դեռ անծանոթ արժեքավոր նյութեր: Վերջիններիս մեջ հատկապես ուշագրավ են Մեծ եղեռնի ականատեսների գրառումները՝ հուշագրություններ, նամակներ, նաև եզակի լուսանկարներ, որոնք շուրջ հարյուրամյակի պատմություն ունեն և գալիս են փաստագրելու և լրացնելու ականատեսների հիշողությունները: Մեր որոնումների արդյունքում հավաքված շուրջ չորս տասնյակի հասնող նամակների մեջ, որոնց հեղինակները արհավիրքի
ականատեսներն են, առանձնանում է հայ ազգային-ազատագրական շարժման ականավոր դեմքերիցմեկի՝ Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան) կնոջ՝ Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) 1949-ին գրած մի նամակը, որի հետ Սոսե Մայրիկը Լենինական է ուղարկել նաև իր փոքրիկ լուսանկարը: 
Եգիպտոսի ՀՕՄ-ի ներկայացուցիչ Սոնա Բայրամյանի հաղորդմամբ՝ իր կյանքի վերջին տարիները Սոսե Մայրիկը անցկացրել է երեք հայ ընտանիքների հոգածության ներքո, որոնցից մեկը Խանամիրյաններն են: Մյուս ընտանիքի մասին տեղեկություն կարելի է քաղել նրա լենինականյան նամակից, որում Սոսե Մայրիկը մեծագույն ակնածանքով է խոսում 1949թ. Լենինական տեղափոխված Կարապետ Ճեպինլեանի և նրա ընտանիքի մասին: Ստորև ներկայացնում ենք նամակը՝ թվագրված 1949-ի փետրվարի 21-ով: Արդյոք Սոսեն ի՞նքն է գրել նամակը: Պարզելու համար դիմեցինք ՀՀ Ազգային արխիվ, որտեղ Հայաստանի առաջին հանրապետության կառավարության անդամ՝ ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի ֆոնդում (նախնական գործ N 113) պահվում են Սոսեի՝ Ալեքսանդրիայից Ռուբենին ուղարկված ևս երկու նամակ, առաջինը՝ «19 Յուլիս 1939 Ալեքսանդրեա», երկրորդը՝ «10 նոյ. 1939 Ալեքսանդրեա» թվագրություններով: Այս նամակների և մեր ձեռքի տակ եղածի նախնական համադրումը թույլ է տալիս ենթադրելու, որ դրանք ամենայն հավանականությամբ գրված են տարբեր ձեռագրերով, թեև առայժմ դրանց ձեռագրափորձագիտական քննություն չի արվել: Կարծում ենք, որ գոնե մեր ձեռքի տակ եղած նամակը, որ գրված է նախորդներից տասը տարի անց, երբ Սոսե Մայրիկը շուրջ 80 տարեկան էր, կարող է նրա կողմից թելադրված լինել: Դա ավելի հավանական է թվում, մանավանդ որ նամակի հետ ուղարկված նրա լուսանկարն էլ՝ մակագրված ոմն Մկրտչի, որը Սոսե Մայրիկի կարծքիով՝ իր քրոջ Նվարդ աղջկա տղան պիտի լիներ, և թվագրված 1949-ի փետրվարի 24-ով, գրված է մի բոլորովին այլ ձեռագրով: 


Անկախ այս ամենից՝ բոլոր երեք նամակնմերն էլ, որ ունեն նույն՝ «Սօսէ-Սերով Աղբիւր» ստորագրությունը, աչքի են ընկնում նաև գրելաոճի և բովանդակության ամուր աղերսներով. ներանձնական բնույթի են, արտացոլում են սփյուռքում ընտանիքը կորցրած և միայնակ Մեծ Մայրիկի անսահման կարոտն ու վիշտը, որ ողջ կյանքի ընթացքում ուղեկցել են նրան, մինչև մահ տանջել և կեղեքել նրա հոգին: Այդ նամակներում ավանդապաշտ հայ կնոջ անկորնչելի ձգտումն է՝ նույնիսկ մահից առաջ գտնել իր կենդանի մնացած մերձավորներից կամ բարեկամներից որևէ մեկին՝ քաջ գիտակցելով իր ազգի ճակատագրի յուրահատկությունը. Հայը կարող է կորցնել ամեն ինչ, սակայն հույսը՝ երբեք: 


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets