ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.12.2014

ԻՍՈՅԻ ՀԱՆՐԱՀԱՇԻՎԸ

-Սաշա, այ Սաշա, ժամը չորսն է, արի, որ գնաս հաց առնելու, -ասաց Անյան` Սաշայի ռուս մայրիկը, որ նոր-նոր էր սովորել հայերեն: Ամառվա տապին լվացք էր փռում և աչքի պոչով հսկում բակում խաղացող երեխաներին, որ իրար չկծեն նորաթուխ մոծակների նման:
Սաշան դժկամությամբ իջավ հեծանիվից, եկավ դեպի մայրը, որպեսզի փողը վերցնի ու գնա խանութ... Հանկարծ դեմքը պայծառացավ, հիշեց, որ հայրը` ռմկանքցի Իսոն, որդուն խոստացել էր յոթ վաֆլու փող տալ, որը Սաշան վաստակել էր «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» էպոսի «Սանասար և Բաղդասար» ճյուղը անգիր անելու համար: Լավ էր: Սաշայի առաջին «աշխատավարձը» ճամփա էր ընկել խանութ` յոթ վաֆլի դառնալու մեծ պատրաստակամությամբ:
Իսոն նստել էր խոհանոցի պատշգամբամերձ պատի տակ և խորհում էր, թե.
-Ըդ Սանասար ու Բաղդասար ըդ իմալ ծուռ ին, առաջ ժողովրդի համար է տուն կշինին, նոր ուրանց համար: Բա հորի ըսօր էդպես չի` առաջ ուրանց համար, ուրանց թոռի, ծոռի...
Իսոն որբ էր մեծացել, այսինքն` առանց մայր ու...
Խորթ մայր ու քույրերի ստվար շարան` մեկ, երկու, երեք... Մինչև յոթ:
Իսոյի հայրը գաղթել էր Արևմտյան Հայաստանի Հազոյի շրջանի Ռմխանք կամ Ռմկանք գյուղից, որտեղ կար ընդամենը ութ հայկական տուն, որոնք սոսկ տուն չէին` չորս կամ հինգ հոգուց բաղկացած ընտանիք, այլ մեծաթիվ մարդկանցով մի հզոր գերդաստան:
Հիշում էր ու ա՜խ քաշում, որովհետև պապի գերդաստանից փրկվել էր միայն հայրը, հետո էլ ինքը` մեն-մենակ, անօգնական, ուրախանում էր միայն երեք աղջկանից հետո ծնված Սաշայով, թեև մեկ-մեկ սիրտը սև էր ընկնում. «Չլնի թե քաշի ու հելնի վըր Վերգոյին, ուր նման վխկոտ»: Հետո ինքն իրեն սիրտ էր տալիս, թե կքաշի Սանասարին ու Բաղդասարին...
Երբեմն ֆիզիկապես դժվարանալով իր ձեռնարկած գործի մեջ` Իսոն սկսում էր անիծել իր բախտը և իր մենակությունը ու համոզում էր աշխարհին, թե «Մինակ մարդ չպետք է աշխարհ իկա, եթե գիկա` թըղ էղնին, իմալ Սանասարն ու Բաղդասարն ին, որ համ մարդկության պիտանի էղնին, համ ուրանց»:
Ծխում էր Իսոն ու այդ կապուտծուխ հակումների մեջ էր, երբ հանկարծ մոտեցող երեխայի համընթաց ու սրտակեղեք լացի ձայն լսեց. Սաշան էր, սթափվեց մտքերից, փորձեց կռահել եղելությունը, բայց ապարդյուն:
-Ինչը էղե,- մոտենալով իր որդուն, հարցրեց Իսոն` բեղերը մի տեսակ ոլորելով և մի քիչ էլ զարմացած` իբր թե ոչինչ չի եղել:
Այ պա, -լացի վերջին նոտաներն ավարտելով` ասաց Սաշան, -խանութից վերադառնալիս էդ... էդ... գրմավցի Մուրադը տեսավ իմ յոթ վաֆլին...
-Հետո ինչ...
-Հացն էլ տեսավ, բայց չուզեց: Երկու վաֆլի ուզեց, ես էլ չտվեցի, ինքն էլ հարձակվեց իմ վրա, ինձ ծեծեց, յոթը վաֆլին էլ առավ ու փախավ:
Սաշայից յոթ-ութ տարի մեծ Մուրադը գողացել էր նրա ողջ հարստությունը` չթողնելով գոնե մեկ վաֆլի: Իսոյի երակներում ահագնացավ զայրույթը, որն ուղղված էր դեպի իր պարզամիտ զավակը: Գլուխը տարուբերելով մռնչաց.
-Քու տիրու հերն իմ անիծե, որ իմ հերն ի, եթե էրգուս իդեր Մուրադին, հինգ կփրկե՞ր ըդ գիլու ձեռքից, կփրկե՜ր...
Տղան ընկավ մտորումների մեջ, իրոք, եթե երկուսը տար, ապա հինգը կփրկեր...
Գըր-մավ-ցի, գըր-մավ-ցի, -Մուրադին հեռվից հեռու փորձում էր վիրավորել Սաշան, կարծես թե գրմավցի ոչ թե նշանակում էր ծագում ու պատկանելություն, այլ մի ռազմատենչ վիրավորանք ու նվաստացում` ուղղված Մուրադին:
Իսոյի աներորդին` Միշան, որն ամառվա սկզբին Ռուսաստանից գալիս էր քրոջն ու փեսային տեսության, գերանդին ուսին դրած` այգու ներքևից բարձրանալով` մոտենում էր Իսոյին: Լսելով «գրմավցի» բառը` նա զարմացած կանգ առավ ու հարցրեց.
-Исо, что такое грмавцы?
-Грмавцы, ето это не нация, -մռնչաց Իսոն` գրեթե շնչահեղձ լինելով: Նրա աչքերը լճացան արցունքով, ու նա սկսեց մտորել, թե ինչու է որդին միշտ թվաբանորեն նայում կյանքին, ոչ թե հանրահաշվորեն, ինչու այս կյանքի փոթորկվող ծովում իր միայնակ նավակը վարող Սաշան չի ուզում այդ ծովահեններին մի պատառ զիջել... Բա որ մենք էլ Էրգիր ենք կորցրել, որ գտնենք` թուրք ծովահենից մազապուրծ լինելով, մի բուռ մնալով: Տո դու հորի չըս ուզի մի բուռ զիջիս, քու մնացած քրտինք պահելու համար, տու Սասնա պզտիկ ծուռ...

15.07.2005թ.
ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ 
«ԱԶԱՏ ՔԱՅԼԻՐ» 2011թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets