ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.01.2015

ԱՐՑԱԽԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մուրադյան Ս. (ԵՊՀ, Հայաստան)
muradyan.samvel45@gmail.com

Բանալի բառեր` Արցախ, պատմագրություն, գեղարվեստական գրականություն, Հովհաննես Շիրազ, մշակութաբանություն, Ղարաբաղի ողբ, հերոսամարտ:
Նորագույն ժամանակների մեր հզորագույն բանաստեղծներից մեկի` Հովհ. Շիրազի ստեղծագործություններում Հայոց մեծ եղեռնի, բռնազավթված Արևմտյան Հայաստանի արծարծումների հետ միասին կարևոր տեղ ունի նաև Արցախի թեման, որն առանձնակի սրությամբ էր արծարծվում հատկապես խորհրդային իշխանությունների կողմից հայության բնօրրաններից մեկի հանդեպ թույլ տրված ճակատագրական անարդարությունների պատճառով:
Դրանց դեմ էր ընդվզում Հովհ. Շիրազ բանաստեղծը և իր հրեղեն խոսքով կանգնում արդարությունը վերականգնելու համար մարտնչողների առաջին շարքերում:
Արցախի խնդիրն արծարծելիս, ինչպես հայոց հարցին վերաբերող մյուս բոլոր դեպքերում, բանաստեղծի համար հիմք են եղել դեռևս
պատմահայր Մ. Խորենացու ժամանակներից սկզբնավորված, միջնադարի բովով անցած և մինչև Աբովյան ու Րաֆֆի, Մուրացան ու Լեո ձգված գիտական ու գրական ավանդները, մյուս կողմից` մեր ժողովրդի պատմական հիշողությունն ու դրան հակակշիռ` խորհրդային իշխանությունների թողտվությամբ Արցախի ու Նախիջևանի նկատմամբ գործված ոտնձգությունները: 
Հայության այս հնագույն բնօրրաններից մեկը` Հայոց Արևելից կողմը կամ Արցախական աշխարհը, մատենագրական ու գեղարվեստական երկերում ներկայացվել է թե՞ պատմաաշխարհագրական, հնագիտական-ազգագրական ու մշակութաբանական բնութագրումներով, թե՞ որպես Հայաստանի անբաժանելի տարածք, որտեղ կայացել է հայության կենսագործունեությունն ու հարատևումը: Այդ տարածքը նաև գեղարվեստական այն միջավայրն է, որի համապատկերում կերտվել են նրանով սնված և նրան հավատարիմ վիպական կերպարները:
Հայոց մեծ եղեռնից և ողջ Արևմտյան Հայաստանը, Արևելյան Հայաստանի մի մասը Թուրքիային, իսկ Նախիջևանը նորահորջորջ Ադրբեջանին նվիրաբերելուց հետո հայությանը հասցված ծանրագույն հարվածը ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի 1921 թ. հունիսի 5-ի ապօրինի որոշումն էր, որով «վավերացվեցին» Հայաստանից Արցախի անջատումն ու Ադրբեջանին բռնակցումը:
Նախիջևանի պարագայում հետևանքը ողբերգական էր. հայոց պատմական Գողթան գավառը հենց խորհրդային տարիներին աչքներիս առաջ ադրբեջանականացավ` տեղաբնիկ հայերի արտաքսումով ու մշակութային եղեռնով: Նույն ճակատագրին էր արժանանալու և Արցախը, եթե չազատագրվեր ադրբեջանական գերությունից: 
Պատմական ճշմարտության մասին գիտական խոսքն անթույլատրելի էր հայերին, իսկ ազերի կեղծարարներին թույլատրվում էր ամեն ինչ: Մնում էր ապավինել գեղարվեստական խոսքին: Մինչև Խորհրդային Միության փլուզումը, սակայն, ազատատենչ Արցախի հայության ձայնը խլացվում էր ժողովուրդների եղբայրության և սուտ ինտերնացիոնալիզմի քարոզներով ու պետական որոշակի պարտադրանքներով: Իսկ արդարության վերականգնում պահանջող հատուկենտ ընդվզումները լռեցվում էին ադրբեջանամետ քարոզներով և պետական կուսակցական կարգախոսներով ու պատիժներով:
Ստեղծված չափածո գեղարվեստական խոսքն էլ, մանավանդ արցախաբնակ բանաստեղծներինը, հայրենի եզերքի բնական գեղեցությունների գովերգից այն կողմ չէր անցնում: Այդ ընթացքում Հովհ. Շիրազը, խորապես գիտակցելով իր խոսքի ուժն ու կշիռը, Արցախի բանաստեղծականացումը համարեց գերնպատակ, որովհետև դա էր օրախնդիր քաղաքական հարցը, մեր ժողովրդի ազատաբաղձ ձգտումներն արծարծելու միակ ներգործուն միջոցը:
Արցախի գեղարվեստականացումը Շիրազն իրագործում էր տարածաժամանակային լայն ընդգրկումներով` պատմական անցյալի, ներկայի և գալիքի համապատկերում: Եթե«Անի», «Տիգրան Մեծի վիշտը և հավերժությունը», պատմափիլիսոփայական պոեմներում, «Հայոց դանթեականը» դատաստանամատյանում Արցախը դիտարկվում էր պատմության հոլովույթում, ապա «Վերջին իղձս», «Ղարաբաղի ողբը», «Մի արցախուհու» խորագրերով բանաստեղծություններում նա շոշափում էր համայն հայությանը հուզող արդիական խնդիրներ: Երկու դեպքում էլ նրա ելակետը հայ-թուրքական հարաբերությունների ճիշտ ընկալումն էր. համոզված էր, որ մեր ողբերգությունների ու կորուստների բուն պատճառը ոչ միայն ամենազավթ ու արյունարբու թուրքերի իշխելատենչությունն է ու մեծ Թուրանի տեսլականը, այլև` գերտերությունների թուրքամետ քաղաքականության հետևանքը.
Թուրքն հայի արնից ձեռքերը հանում,
Աստծու արցունքի մեջ է լվանում,
Սրբում սրբիչով ազգերի տված,
Ցնծում լռությամբ նրանց անաստված…
Հիմնականում Հ. Շիրազի գրավոր ու բանավոր ելույթների շնորհիվ զարթոնքի սերնդի մեջ ամրակայվեց ու զորեղացավ Արցախի պահանջատիրության ու նրա ազատագրության համար պայքարի համաժողովրդական գիտակցությունը: Դեռևս 1950-ական թթ. գրված «Վերջին իղձս» և «Ղարաբաղի ողբը» բանաստեղծությունները չզոհվող ու անմեռ, աննահանջ ու նպատակասլաց զինվորների պես կատարեցին իրենց պատմական դերը: Նրանք արթնացրին արդարության ծարավի մեր ժողովրդի քնեցված հիշողությունն ու արժանապատվությունը և նախապատրաստեցին 80-90-ական թթ. հերոսական սերնդին: Այդ սերունդն էր, որ, շիրազյան պատգամները սրտում ու մտքում, 1988-ին նախ միլիոնանոց բռունցքներով արտահայտեց իր պատրաստակամությունը, ապա զենք վերցրեց և թշնամու պարտադրած պատերազմում տարավ փառահեղ հաղթանակ:
Զեկուցման մեջ հանգամանորեն դիտարկվում է «Ղարաբաղի ողբը» բանաստեղծությունը:

ARTSAKH IN THE WORKS OF HOVHANNES SHIRAZ
Muradyan S. (Yerevan State University, Armenia)

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets