ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.01.2015

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ Է»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ
Նա այդ զգացողության տերն էր անգամ այն ժամանակ, երբ ստիպված հեռացավ հայրենիքից` մշտապես խորհելով, սակայն, որ դա ընդամենը ժամանակավոր հեռացում է: Այն կապանքները, որոնց պատճառով հեռացել էր, վերացան միայն 20 տարի անց, և մաեստրոն վերադարձավ հայրական տուն: Վերադարձավ, որ «Տալիքը տա, կարոտն առնի»: Սա իր ձևակերպումն է. «Ամեն ոք տալիք ունի հայրենիքին` այստեղ ապրի, թե դրսում»: 
1992-ի հուլիսի 23-ին «Արամ Խաչատրյան» դահլիճում իր ծննդյան 70-ամյակին նվիրված համերգն էր: Այդ վերաբերմունքից այնքան էր շոյված, այնքան հուզված, որ կարծես թե տալիքը տալու քննության էր եկել: Համերգի ծրագիրը հրաշալի էր ընտրված` համաշխահային և հայ դասականների գործեր, Էմմա
Ծատուրյանի ղեկավարած երգչախմբի հետ դժվարին մի համար` Վերդիի «Ռեքվիեմ»-ի ամենափայլուն համարներից մեկը, իր հեղինակած «Կոմիտասյան»-ի սիմֆոնիկ շարքը… Այն գրվել է հեռավոր Մարսելում` «Կռունկ»-ի կանչի մեջ հայրենիքի կարոտի ապրումներով: Այդ համերգի, արվեստագետների գնահատանքի խոսքերն ու մաեստրոյին կարոտած դահլիճի անսքող հրճվանքը և, ընդհանրապես, ամբողջ երեկոն սիրողական տեսախցիկով իմ նկարահանած կադրերն ինձ հաճախ են առիթ տալիս` հաճելիորեն մտովի վերադառնալու այդ օրվան: Դա տոն էր ոչ միայն Դուրյանի համար, որ այդքան շուքով նշվում էր իր հոբելյանը, այլև ու ավելի՛ շատ տոն էր մեզ համար, որ կրկին հաղորդվում ենք նրա մեծ արվեստին, կրկին ապրում այդ մեծ երաժշտի ներկայությունը մեր կողքին: 
Քսանամյա հեռուներից նա հայրենիք էր վերադարձել, ինչպես որդին է երկար բացակայելուց հետո տուն դառնում: Սովորաբար հայրն ի՞նչ կարող է հարցնել տուն դարձած որդուն. «Տղաս, մի ցույց տուր քեզ, ցույց տուր, թե ինչի՞ ես հասել, ի՞նչ ես դարձել»: Դուրյանի համար այդպես էր այս պարագայում` լեփ-լեցուն դահլիճում իր արվեստին կարոտած հանդիսատես, կուլիսներում իրենց մուտքին սպասող երաժշտական խմբեր ու անհատներ, որ մի համարի կատարումով, մի ջերմ խոսքով մաեստրոյին հայտնեն իրենց վերաբերմունքը: Իսկ Դուրյանը…հերթական համարից հետո քրտնքածոր ժպտուն դեմքով, երախտագետ հայացքով, չդադարող ծափահարություններին ի պատասխան` ձեռքն ի սրտե զգետինս խոնարհվող ու… երջանիկ, երջանիկ, շա՜տ երջանիկ:
Եվ կրկին դասական մի գործի կատարում, և կրկին դիրիժորական վահանակի մոտ է նա` առանց դիրիժորական փայտիկի, առանց պարտիտուրային հայացք ձգելու, կիսախուփ աչքերով նվագախմբին շունչ ու տրամադրություն տվող մաեստրոն: Ու երբ հնչեց նրա հեղինակած «Կոմիտասյան»-ը, պարզ էր այլևս, թե հայրենակարոտ այդ մարդն օտարության մեջ ի՜նչ ապրումներ է ունեցել, որոնցից մի մասն ահա այնքան հրաշալիորեն արտահայտված է Կոմիտասի մորմոքի, ամեն հայի համար խորին խորհուրդ պարունակող կռունկ-թռչունի կերպարի ու կարոտի մեջ: Գեղեցիկ մի գործ` կոմիտասյան բազմաձայնության սկզբունքներին համահունչ: 
Երբ համերգի ընդմիջմանը հարցրի «Կոմիտասյանի» գրելու շարժառիթների մասին, ժպտաց, մտերմորեն հանդիմանեց. «Միամիտ տղա, հայրենիքի կարոտը սփոփելու ուրիշ ավելի լավ առիթնե՞ր գիտես»: 
Ասաց, մի պահ իրեն բնորոշ աչքերի կիսախուփով փորձեց հիշել իր սիրած տողերը Համո Սահյանից. 
«Դուք ինձ չե՞ք ասի որբացած բներ, 
Ի՞նչ էին խոսում իրար ականջի 
Արագիլները չվելուց առաջ»: 
Հետո բացեց աչքերն ու դարձավ ինձ.
_ Գիտե՞ս՝ բներն ինչ են պատասխանում. կարոտում էին:
… Տարիների հեռվից երբեմն ես դառնում եմ այդ օրվա նկարահանած կադրերին և մտածում, թե մեզ համար արդյո՞ք լրիվ ըմբռնելի է եղել Դուրյան-արվեստագետը՝ աշխարհաճանաչ ու անկրկնելի, Դուրյան-մարդը՝ երեխայի պարզությամբ երբեմն խռովող, մեծ արվեստագետին ներհատուկ պահանջկոտությամբ, կյանքում ոչ մի պահանջ չներկայացնող, բացի բեմից ու նվագախմբից: Ես հիմա էլ խորին ցավ եմ ապրում նրա դեգերումների համար, նաև խորին ափսոսանք, որ առիթ-անառիթ նրան վշտացրին հաճախ, և այդ անկրկնելի արվեստագետը խռովմունքի պահեր ապրելու առիթներ շատ ունեցավ: 
Բանաստեղծ ընկերոջս տողերը հիմա հիշեցի. 
«Ինձ պահեք, մարդիկ, 
Ինչպես սերն եք պահում 
Ձեր սրտում»: 
Շա՞տ են դուրյանները, որ այդպես անտարբերության շռալումներ ենք թույլ տալիս մեզ, և, հաճախ էլ դեպի հայրենի երկրի բեմեր առաջնորդելու փոխարեն… միտինգների ենք տանում: 
Այնինչ... 
60-ական թվականների հայ երաժշտական արվեստի ծաղկումը դժվար է պատկերացնել առանց Օհան Դուրյանի դիրիժորական արվեստը վկայելու. այդ տարիներին ծնվեցին հայ սիմֆոնիզմի փայլուն երկեր` Ջիվան Տեր-Թադևոսյանի առաջին սիմֆոնիան, Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան…, որոնք առաջին անգամ կատարվեցին Օհան Դուրյանի ղեկավարությամբ: Այդ տեսագրությունները կան, և Դուրյանի արվեստի երկրպագուներն իրենց անձնական տեսարխիվների շնորհիվ են երբեմն կարողանում ըմբոշխնել դրանց հաճույքը: Ափսոս, սակայն, որ այդ գործերը հեռուստաէկրաններին հաճախ չեն ցուցադրվում: Երաժշտագետների բանն է` մտահոգվել, խորությամբ բնորոշել այդ մեծ մարդու անցած ճանապարհը, գնահատել նրա վաստակը: Ես պարզապես չիմացողներին հիշեցնեմ հայրենիքից մաեստրոյի 20-ամյա բացակայության շարժառիթներից մեկը, որովհետև անտեղյակների կողմից հաճախ հնչում է չափից դուրս անտեղի հարցը` ինչու՞ թողեց-գնաց: Պատեհ առիթ է, ահա, ուշացած մի տեղեկություն տալը: 1973-ին Օհան Դուրյանը առաջարկ ստացավ պայմանագրային կարգով համերգներ ղեկավարել արտերկրի մի քանի քաղաքներում: Մեկ տարվա պայմանագիրը… վեց ամիս անց չեղյալ հայտարարվեց խորհրդային ղեկավարների կողմից, և Դուրյանը ստիպված եղավ մնալ նախ Ավստրիայում, ապա` Ֆրանսիայում:
Երաժշտությունը դուրս է ու բարձր ամեն քաղաքականությունից, և մաեստրոն հայրենքի հանդեպ մաքուր պահեց իրեն` վերադարձի առաջին իսկ հնարավորությունն օգտագործելով Հայաստան գալու համար: Այդ հնարավորությունը երկրի անկախությունն էր, և երկրի համար այդ դժվարին տարիներին վերադարձող Դուրյանի համար ամենաանհասկանալին այն էր, որ անկախանալուց հետո էլ երկրից էլի գաղթողներ կան՝ «փոխանակ մնան ու ամրապնդեն իրենց անկախությունը»: Ու շարունակում է իր յուրովի հանդիմանությունը երկրից հեռաացողներին. «Ճիշտ հիմա, որ անկախ ենք, ավելի պետք է աշխատենք, ավելի պետք է զգանք մեր պարտականությունները հանդեպ մեզ և առ հայրենիք: Խելացի լինենք, խելացիորեն մտածենք, թե այս դժվար ձեռք բերված անկախությունն ինչպես պիտի կարողանանք պահպանել: Չկրկնենք անցյալում ունեցած սխալները. ցավոք, մեր պատմության քառուղիներում սխալներ ունեցել ենք: Այս մեր վերջին հաղթանակը սրբագրեց այդ սխալները, ուրեմն փայփայենք, պահպանենք մեր անկախ երկիրը»:
Շարունակությունը` յուրաքանչյուրիս մտորումի մեջ...

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets