ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.02.2015

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ (Բանտային կյանքից)

1937թ. փետրվարի 22-ին՝ մռայլ մի երեկո, կանչվեցի Հայկական պետական անվտանգության կոմիտե, ու ինձ կալանավորեցին: Խուզարկելուց հետո տարան ու հրեցին ներքնահարկի նկուղներից մեկը՝ կարծեմ 21 կամերան, ուր գտնվում էր գրող Ակսել Բակունցը: Դուռը զրնգալով իջավ վրաս, բանալին պտտվեց ու վերջ...
Կամերայի լույսն աղոտ էր, մեռելային ու ճնշող: Զգացվում էր գաղջ բույր: Մարդկանցից շատերը անտարբեր եղան իմ նկատմամբ: Նրանցից առաջինը գունեղ վերմակի տակից գլուխը վեր բարձրացնողն ու ինձ նայողը Ա. Բակունցն էր. 5 օր առաջ մենախցից էին տեղափոխել այդ կամերան. մենախցում արդեն նստել էր 9 ամիս: Այստեղ նա համեմատաբար իրեն թեթև էր զգում, որ գտնվում է մարդկանց մեջ և, հետևաբար, աշխարհում: 
Նա մեղմ շշնջաց. «Մոտ արի, նստիր այստեղ՝ կողքիս»: Խոսում էր նվաղած: Նրա դեմքը գունատ էր, ինչպես արև չտեսած բույս, բայց աչքերը առկայծում էին: Իմ շփոթվածությունը նկատելով՝ ճիգով ժպտաց: Աչքերը կապտավուն էին, խոհական, բայց գունատ, մազակալած դեմքի վրա հոգեկան տագնապից, զայրույթից ու ջղագրգռությունից խիստ էին փայլատակում: Բայց դեմքին ուներ բնական խրոխտություն: Այդ գիշերը ինձ երեք անգամ վերուվար տարան քննության համար: Բակունցն ինձ նախապես զգուշացրեց. «Գիտեմ՝ դու ևս անմեղ ես, բայց ուրիշ անմեղների անուն չտաս, իմացիր, որ շատերը այդ ճանապարհով անմեղ զոհեր են դարձել»: Առավոտյան կես շերեփի չափ վարսակի կաշ ու 400-500 գրամ տարեկանի հաց տվեցին ամեն մեկիս. դա մեր օրվա սնունդն էր:
Բակունցի նախնական քննությունն ավարտված էր, սպասում էր: Նա մեղադրվում էր 11 հոգու հետ, որոնք իբր թե ունեցել են տեռորիստական խմբակ՝ Բերիայի և պետության մյուս ղեկավարների դեմ տեռոր իրականացնելու նպատակով: Նա ասաց, որ իր վրա դրված է եղել մեղադրական 4 հոդված, որոնցից ամեն մեկը նախատեսում է մահապատիժ, և երնեկ էր տալիս ինձ, որ իմ հոդվածը թեթև է, և ես կապրեմ: Բակունցը օրեցօր սպասում էր, որ շուտով իրեն կկանչեն դատարան, և կիրականացվի մահապատիժը: Ցավով էր հիշում, որ իր ուղեղը ցամաքում է առանց կարդալու և գրելու: Նրա մեծ տառապանքը գրելու հնարավորությունից զրկվելն էր: Նա ապրում էր դառն ողբերգություն, երբ զգում էր, որ բանտերն օրեցօր լցվում են մարդկանցով: Կալանքից առաջ չգիտեմ՝ Բակունցն ինչպիսին է եղել, բայց այդ ժամանակ շատ դյուրագրգիռ էր, վերին աստիճանի ջղագար: Հաճախ դուռը ծեծում էր, երբ հսկիչը դռան նեղանցքը բացում էր, նա պահանջում էր թարմ ջուր, բայց հսկիչը հեգնանքով ասում էր. «Տեղդ նստիր, այստեղ քեզ համար սանատորիա չէ»: Այդպիսի պատասխաններից շատ էր տանջվում:
Օրական երկու անգամ մեզ տանում էին զուգարան, բայց մի քանի րոպեով: Բակունցի տրամադրությունն այդ ժամաանկ մի թեթև բարձրանում էր: Հափշտակված մոտենում էր ջրի ծորակին լվացվում, գլուխը թեքում ծորակի տակ ու լսում ջրի ձայնը. չէ՞ որ բնության հազարերանգ երևույթներից միայն ջրի նվաղ գլգլոցն էր մուտք գործել բանտ: Նա անզուսպ կերպով կարոտում էր բնությունը: Այդ պահին, ինչպես հաճախ, երևակայությամբ թռչում էր դեպի բնությունը և երբեմն էլ բացականչում: Անընդհատ ինչ-որ բանի մասին խորհրդածում էր, փիլիսոփայում և ամեն բան ասում էր գեղեցիկ ու պատկերավոր: Բակունցը շատ կենսասեր էր, ապրել ու տեսնել էր ուզում, բայց միաժամանակ չէր սարսում նրանից, ինչ որ գալու էր իր գլխին: Նա միայն տանջվում էր նրանից, որ աննպատակ, քմահաճ ու մութ գործերի զոհ է դառնում: Երբեք իրեն չցուցեց, որ գրող է ու կարևոր գործեր է ստեղծել: Ափսոսում էր, որ անավարտ են մնացել «Աբովյան» և «Կարմրաքար» վեպերը, ասում էր, որ նպատակ է ունեցել վիպերգության վերածել թոնդրակեցոց շարժումը: Որևէ դեպք պատմում էր սրտով, հուզիչ, դեպքերի մեջ դնում էր իմաստնություն, կյանքի թրթիռ: Պատմելիս երբեմն ժպտում էր, երբեմն թախծում, ճակատը շոյում ու խաղում մազերի հետ: 
Հետաքրքրվեց Չարենցով, ասացի, որ Չարենցի մասին թերթերում լռություն է: Խոր ախ քաշեց: Սիրում էր Չարենցին անչափելիորեն, կախարդված էր նրա պոետական թափով, հոգու անսահման ուժով, մաքառումների ձիրքով..
1937թ. կարծեմ ապրիլի 3-ն էր, Բակունցին կանչեցին քննիչի մոտ: Վերադարձին շատ հուզված էր ու մռայլ: Քննիչը նրան կարդացել էր մեղադրական եզրակացությունը և պահանջել ստորագրել: Ամբողջ գիշեր չքնեց: Առավոտյան չէր կարողանում վեր կենալ: Շրթունքները սպիտակել էին, դեմքը՝ գունատվել, դեմքի մկանները շարժվում էին, աչքերն էլ՝ առկայծում: Մի քանի րոպե հետո հենվեց արմունկի վրա, հետո նստեց: Բոսորացավ քիչ առաջ նրա նիհար ու գունատ դեմքը, և սկսեց իրեն խոսել. «Ես ներկայացրել եմ մի քանի տասնյակ էջ կազմող գրական երկեր, այդ էջերում են շաղ տրված իմ սիրտն ու հոգին, իմ կարոտն ու տենչանքը, իմ տառապանքն ու հույսը: Եվ ահա ես ու իմ երկերը, ահա երկու անմեղ զոհեր...»:
Նրա մեջ կար գրելու ծարավ, կուտակված մտքեր ու պատկերներ, բայց ոչ թուղթ կար, ոչ էլ թանաք: Որևէ բան գրում էր ծխախոտի փոքրիկ թղթիկների վրա՝ լուցկու այրված ծայրով, որոնց պահպանելը հնարավոր չէր: Բակունցը՝ պարզ ու գրականության մարդ, խորամանկ քննիչը նրան առել էր իր ճանկերի մեջ ու տրորել նրա անարատ ու անբասիր հոգին ու մարմինը: 
Ծանր օր էր 1937 թվի ապրիլի 30-ը: Ինձ հայտնեցին շտապ հավաքել «իրերը» և դուրս գալ: Այդ լուրը տագնապ առաջացրեց Բակունցի սրտում: Նա մոտեցավ ինձ՝ մի բան ասելու: Գրկեցինք իրար: Մեր սրտերի զարկերը լսվում էին ժամացույցի տկտկոցի պես: Լուռ էինք, այդ լռությունը բարձր էր ամեն խոսքից: Նա խուփ աչքերով գլուխը հենեց իմ կրծքին. իր ներքին աշխարհի հետ էր: 
_ Աշխարհին ասեք,_ զրնգաց Բակունցի առնական ձայնը,_ որ ես ժողովրդի թշնամին չեմ: Կնոջս ու տղայիս էլ հաղորդեք, որ իմ առիթով իրենց կրած տառապանքների համար ինձ չանիծեն...
Դուրս եկա կամերայից: Փակ դռան ետևում մնաց Բակունցը: Նա մի քանի անգամ ներսից հարվածեց դռանը: Կամերաներից հավաքած մի խումբ մարդկանց հետ... իջանք բանտի դարպասի առաջ: Նստեցինք պարսպի տակ, մինչև մեզ տեղավորելը: Հանկարծ մեզանից մի քանիսը գոչեցին՝ Չարենցը՜, Չարենցը՜, տեսե՜ք: Այո՛, Չարենցն էր: Մի քանի քայլ գնալուց հետո կանգ առավ ու ասաց. «Տղաներ, բժշկի մոտ եմ գնում»: Մտածեցի, թե ինչ ապրումներ կունենար Բակունցը, եթե մեզ հետ լիներ ու տեսներ Չարենցին, եթե նրանց հայացքները հանդիպեին միմյանց...
Ինձ թվում է՝ Բակունցը դատված կլինի 1937 թ. ամռան ամիսներին: Խորհում եմ, թե որտեղ է տարվել նրա դին: Սիրտս լցվում է արյունով ու թախիծով, երբ մտաբերում եմ այդ թվականներին մամուլում լույս տեսած 2-3 գրողների ու քննադատների հոդվածները մեր երկու մարտիրոսվածների մասին: Այդ հանցագործ սրտով նրանք ինչպե՞ս են գրիչ վերցնում նոր մարդու կերպարը գծելու համար:

Գուրգեն Մանուկյան
(Նկարում՝ Ա. Բակունցը որդու՝ Սևադայի հետ)

ԱՂԲՅՈՒՐ՝ ՖԻՄԻՆԵ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets