ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.03.2015

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ

(Վահրամ Ալազանի հուշերից)
Օտարության մեջ երկարատև թափառումներից հետո 1928թ. հայրենիք վերադարձավ բազմավաստակ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: Մեր առաջին ծանոթությունը կարճ ժամանակից հետո վերածվեց ջերմ և մտերիմ բարեկամության: Ես և Մարոն հաճախ էինք այցելում Թերլեմեզյանի բնակարան-արվեստանոց ցուցահանդեսը, ուր նա ամեն անգամ անակնկալի էր բերում մեզ՝ ցուցադրելով նորանոր կտավներ: Մի անգամ, բազմաթիվ նկարների ծալքերից հանելով, ցույց տվեց գարնանային նորափթիթ ծառերի ստվերի տակ նստած մի կնոջ պորտրեն և խորհրդավոր տոնով, համարյա շշուկով ասաց:
-Մարդու բան մը չըսեք, այս կինն ատենոք իմ սիրո առարկան եղած է,-և անմիջապես նկարը թաքցրեց մեր տեսողությունից:
Իր բուռն, փոթորկոտ, անդաստական կյանքի ավելի քան 60 տարիների ընթացքում նա «չէր հասցրել» ամուսնանալ, ընտանիք կազմել՝ գերադասելով կյանքն ամբողջովին նվիրել իր ժողովրդին, նրա ցավերին ու կարիքներին:
Թերլեմեզյանը վերին աստիճանի աշխատասեր մարդ էր: Նա չէր սիրում զուր տեղ ժամանակ վատնել, թրևել և օրն անցկացնել կաֆեներում: Չէր ծխում, չէր խմում: Չէր շռայլում ոչ իր նկարները, ոչ էլ նրանցից ստացված գումարը: Ապրում էր համեստ, հաշվով և առանց աղմուկի: Չարքաշ, թափառական կյանքն էր նրան դաստիարակել այդպես ապրել: Ոմանք Թերլեմեզյանի համեստ ապրելակերպը ժլատություն էին համարում: Չնայած ինքը չէր խմում, բայց տանը հյուրերի համար միշտ կոնյակ ուներ պահած, որը հրամցնում էր խիստ չափավոր դոզայով: Բերում էր շիշը, դողացող ձեռքերով լցնում փոքր բաժակի մեջ և հրամցնում: Երկրորդ բաժակից հետո խցանում էր շիշը, դնում պահարանի մեջ՝ ամեն անգամ կրկնելով՝. «Շատ խմողներեն հազ չեմ ըներ»: Ըստ ամենայնի՝ ամեն անգամ հարբեցող իր հորն հիշելիս է, որ անվանի նկարիչը «հազ չէր ըներ շատ խմողներեն»: Իսկ ցավագնորեն դողացող նրա ձեռքերն, ինչ կասկած, որ հոր հարբեցողության տխուր ժառանգությունն էին մնացել նկարչին: 
Փանոս Թերլեմեզյանի բազմաթիվ նկարների մեջ կար ուշագրավ մի էտյուդ: Ինքը՝ նկարիչը, Կոմիտասը, Սիամանթոն և վերջինիս սիրո առարկան՝ երիտասարդ գրող Մաննիկ Պերպերյանը: Չարենցը հրապուրված էր այդ նկարով և ամեն կերպ աշխատում էր այն ձեռք բերել: Բայց Թերլեմեզյանը ոչ մի կերպ չէր ուզում բաժանվել այդ նկարից: Մի անգամ իմ ներկայությամբ Չարենցը խաղալիք պահանջող մանկան համառությամբ Թերլեմեզյանին թախանձում է, որ այդ էտյուդն իրեն ծախի: Նկարիչն այլևս չկարողացավ դիմադրել և ստիպված նկարը նվիրեց բանաստեղծին: Չարենցը, ուրախության ճիչ արձակելով, նկարը կրծքին սեղմեց, և մենք, Թերլեմեզյանի մոտից դուրս գալով, գնացինք նրա սենյակը: Նա անմիջապես նկարը կախեց գրասեղանի մոտի պատին: Հաջորդ օրը, երբ Չարենցի մոտ եղա, գյուտարարի պես բացականչեց:
-Ա՛յ տղա, տեսնու՞մ ես՝ ինչ նկար եմ ստացել: Այստեղ ինձ ամենից շատ հետաքրքրում են Սիամանթոն ու Մաննիկը, Կոմիտասի ու Փանոսի նկարներն ունեի... 
1931-32թթ. նա սկսել էր նկարել մեր գրողների դիմանկարները: Մի օր ասաց ինձ.
-Տղա՛, կուզեմ քեզ ալ նկարել:
Պայմանավորված ժամին գնում էի մոտը: Աշխատում էր դանդաղ ու ջղային: Դողացող ձեռքը տանջում էր նրան, հուզում ու ջղայնացնում: Այդպիսի դեպքերում սկսում էր բարձրաձայն կռվել ինքն իր հետ: 
-Քո խե՛րն անիծեմ, Փանո՛ս, անպիտա՛ն քեզի... Տղա՛, ես քեզի քանի՞ անգամ ըսեր եմ, որ խելքդ գլխուդ ժողվես... Եթե խելոք տղա ըլլաս նե, քեզի կարգեմ պիտի... 
Եվ այսպես, ջղայնությամբ ու կատակով, համառ մաքառումերով ստեղծագործում էր մեծ նկարիչը:
Ինձ նկարելու ժամանակ նրա մոտ եկավ պրոֆեսոր Աճառյանը:
-Չես ըսեր, Փանո՛ս, ի՞նչ եղեր է: Մեյեն, Պոլիս գալով, այցելած է Կենտրոնական վարժարանը, որ տեսնի այն դասարանը, ուր սովորած եմ ես: Սկսեր է պատերուն վրա փնտրել իմ նկարը: Երբ չէ գտեր, նախատեր է դպրոցի ղեկավարներուն: Եվ այժմ տնօրենները հավարը զիս ձգեր են և նկարս կը խնդրեն:
-Է՛, տղա՛, եկուր սա իմ ըրած նկարը տամ, ղրկե,-պատասխանեց Թերլեմեզյանն աշխուժանալով: 
Թերլեմեզյանը նկարել էր մեծ գիտնականի շատ հաջողված դիմանկարը՝ գրքերի վրա հակված, խորաթափանց հայացքով: Ցույց տալով այդ ստեղծագործությունը՝ ժպտալով ասաց.
-Շատ կուզեի սա տղուն նկարել: Ինչպե՞ս ընեի, որ աչքերու շլդիկությունը չերևար: Կմտածեի՝ միջոց մը գտնել: Սա տղուն նստեցուցի, գիրք մը դրի առաջ և ըսի. «Հրաչյա՛, դուն գիտնական մարդ ես, սա գրքին նայելով եկուր նկարեմ քեզի»: Եվ ահա, ինչպես կտեսնես, նկարի մեջ Հրաչյան իսկական ինքն է, շլդիկ ալ չէ, խորհող և իրմե ավելի գեղեցիկ:
Աճառյանն ու ես լիաթոք ծիծաղեցինք նկարչի այս սրամիտ պատմության առթիվ, մինչ նա նորից, դիմելով նկարչին, ասաց:
-Տղա՛, ավելի աժան կհաշվեմ, վերցրու՛, ղրկե՛ սա նկարը:
-Բան մը կմտածենք.-անտարբերությամբ պատասխանեց Աճառյանը:
Մի շաբաթ հետո ես նկարչի մոտն էի, երբ նորից եկավ Աճառյանը: 
-Տղա՛, ի՞նչ կխորհիս,_ ասաց Թերլեմեզյանը,-ինչու՞ չես գա նկարը տանելու:
-Ջանըմ, մեկ ռուբլիով գործը լմնցուցի, գնաց,-պատասխանեց Աճառյանը:-Գնացի բուլվար, մեկ ռուբլի վճարեցի, նկարվեցի, ղրկեցի իրենց... լմնցա՜վ, գնա՜ց...
Թերլեմեզյանը այլևս չկարողացավ պահել իրեն և պոռթկաց, ինչպես ամպրոպ:
-Տղա՛, դուն խե՛նթ ես... Խելքդ կորսնցուցիր գրքերուն մեջ...Վայրկենական նկարն ի՞նչ պիտի ընեն հոն, խելքի՜ պտուկ... Վա՜յ, թմախքյար (ժլատ), վա՜յ: Դրամ չունեիր նե, ըսեիր, ձրի կուտայի:
-Եղածը եղած է, ջանըմ, գործիդ նայե,_ ժպտալով պատասխանեց Աճառյանը:

ԱՂԲՅՈՒՐ՝ ՖԻՄԻՆԵ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets