ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.03.2015

«ՆԵՄԵՍԻՍ»

Գիւմրիում 1975 թուականին տեղադրուեց քանդակագործ Արա Սարգսեանի՝ Մայր Հայաստան արձանը: Ասում են՝ այն յատուկ է կանգնեցուել Հայաստանի 2-րդ մայրաքաղաքում՝ հայ-թուրքական սահմանին, որովհետեւ սահմանի հակառակ կողմից արձանը հրէշ է յիշեցնում:
Յովհաննէս Թումանեանի, Ալեքսանդր Սպենդիարեանի, Նելսոն Ստեփանեանի եւ բազմաթիւ այլ արձանների ու քանդակների հեղինակ Արա Սարգսեանն իր հսկայական ժառանգութիւնից բացի հպարտանալու այլ առիթ եւս ունէր: Նրա ներդրումը մեծ է Հայոց Ցեղասպանութիւնը կազմակերպած երիտթուրք պարագլուխների նկատմամբ իրականացրած դատավճռի՝ «Նեմեսիս» գործողութեան իրականացման մէջ: Բայց ի տարբերութիւն «Նեմեսիս»ի միւս՝ հերոսացած մասնակիցներին, Խորհրդային Հայաստանում բնակուող Արա Սարգսեանի անունը գաղտնի էր պահւում: Նա ստիպուած էր թաքցնել իր հերոսութիւնը:
Երեւանում՝ Պուշկինի փողոցի աննկատ հատուածում քանդակագործ Արա Սարգսեանի տուն-թանգարանն է: Թանգարանի նման շատերի համար աննկատ ու անյայտ են նաեւ մեծ քանդակագործի կեանքի կարեւոր որոշ էջեր: Հայաստանի եւ աշխարհի տարբեր թանգարաններում պահուող նրա գործերը, տարբեր քաղաքներում տեղադրուած արձաններն անմահացրել են Արա Սարգսեանի անունը: Բայց նրա ազգային ընդյատակեայ գործունէութեան մասին խօսուեց միայն Հայաստանի անկախացումից յետոյ:
1919ին ՀՅԴն որոշում է ի կատար ածել հայերի կոտորածները ծրագրած եւ իրականացրած երիտթուրքական ղեկավարների նկատմամբ դատավճիռը: 6 լեզուի գերազանց տիրապետող Արա Սարգսեանը ներգրաւուում է «Նեմեսիս» գործողութիւն մէջ, նպաստում եւրոպական երկրներում թաքնուած թուրք ղեկավարների յայտնաբերմանը:
«Նրանք նստում էին մարդաշատ վայրերում, ետեւում էին թուրքերին, որոնք կերպարանափոխուած էին: Թուրքերէն, գերմաներէն, իտալերէն գերազանց իմացող Արա Սարգսեանը յայտնաբերում էր նրանց, կանչում էին Շիրակեանին, եւ նա էդ գործն անում էր», պատմում է Արա Սարգսեանի տուն-թանգարանի տնօրէն թոռնուհին՝ Աննա Սարգսեանը:
Վիեննայում սովորելու տարիներին Արա Սարգսեանը հէնց այս նպատակով էր Գերմանիա գործուղւում եւ ոչ թէ՝ թանգարաններ ուսումնասիրելու, ինչպէս կարծում էին: «Նեմեսիս» գործողութեան հետ կապուած նամակներն ու գումարները գալիս էին նրա անձնական փոստին: Վրիժառուներին փնտռելիս՝ որեւէ մէկը չէր մտածում երիտասարդ տաղանդաւոր քանդակագործի մասին:
Եւրոպայում սովորելուց յետոյ Արա Սարգսեանը լուրջ երկընտրանքի առջեւ էր կանգնած՝ շարունակե՞լ ազատ ստեղծագործել ու ապրել արտերկրում, թէ տեղափոխուել հայրենիք՝ Խորհրդային Հայաստան: Նա ընտրեց վերադարձի տարբերակը: Ի հարկէ, մինչ այդ խնդրեց, որ Դաշնակցութիւնը գործողութեան մասնակիցների ցուցակից հանի իր անունը:
Թաքցրեց նաեւ ակտիւ դաշնակցական եղբօր գոյութիւնը: Խորհրդային Հայաստանում Արա Սարգսեանը հիմնում է Նկարիչների միութիւնը, Գեղարուեստա-թատերական ինստիտուտը, որը ղեկավարում է մինչեւ Բրիւսելում համաշխարհային էքսպոյին մասնակցելը:
«59 թուականին գնում է Բրիւսել, հանդիպում է եղբօրն ու նրա կնոջը: Յետոյ սկսւում են նրա նկատմամբ հետապնդումները», ասում է Աննա Սարգսեանը:
Արա Սարգսեանը յայտնւում է իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում: Ցեղասպանութեանը, իր ժողովրդի տառապանքներին քանդակագործը շարունակում էր անդրադառնալ՝ դրանց ոչ թեմատիկ վերնագրեր տալով կամ քօղարկելով այլ դետալներով: Հայրենական պատերազմին նուիրուած այս քանդակն իրականում ներկայացնում է Տիրամօր ողբը, բայց շեղելու համար Քրիստոսին քանդակել է երկարաճիտ կօշիկներով ու զէնքը ձեռքին: Քօղարկուած իմաստ ունի նաեւ նրա յայտնի Մայր Հայաստան արձանը Գիւմրիում:
«Մայր Հայաստանը մեր հայ Նեմեսիդան է՝ հին յունական վրէժի, հատուցման աստուածուհին: Քանդակը տեղադրուած է Գիւմրիում՝ հայ-թուրքական սահմանին եւ հակառակ կողմից որ նայում էք, ես ինքս եմ գնացել, նայել, կարծես՝ նստած հրէշ լինի», ասում է Աննա Սարգսեանը:
60ական թուականներին «Նեմեսիս» գործողութեան մասնակիցները դուրս են գալիս ընդյատակից, Եւրոպայում եւ Ամերիկայում նրանց մասին խօսում են իբրեւ հերոսների: Իսկ Արա Սարգսեանի մասին շարունակում են յիշատակել միան անուան Ա.Ս. սկզբնատառերով: Նոյնիսկ ընտանիքը չգիտէր նրա գործունէութեան մասին, միայն որդուն էր յայտնել:
1969 թուականին Արա Սարգսեանը կոտրում է ոտքն ու տեղափոխւում հիւանդանոց: Այդ ընթացքում Ամերիկայից Հայաստան է գալիս դաշնակահարուհի Լիւսի Իշխանեանն ու փոխանցում Արշալոյս Շիրակեանի՝ «Կտակն էր նահատակներուն» յուշագրութիւնը՝ «Նեմեսիս» օպերացիայի մասին: Հաւանաբար զգալով, որ իրականութիւնը շուտով կը բացայայտուի, քանդակագործն անմիջապէս գրում է իր կտակը՝ պահանջելով մահից յետոյ անպայման դիահերձել իրեն: Մի քանի օր անց նա մահանում է: Կտակը կատարում են, բայց նրա մահուան իրական պատճառը, ըստ հարազատների, մինչ օրս յայտնի չէ:
«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets