ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.05.15

ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ...


Ծիծեռնակները վերադարձել են Սպիտակած գլուխը ափերի մեջ առած, նստել էր գրասեղանի առջև: Նոր ծաղկած յասամանի ճյուղերը ներս էին մտել բաց լուսամուտից, հայացքը բակում էր՝ յասամանի ծառի տակ խաղացող թոռնիկների կողմը: ...Երբ ծնվեց առաջնեկը, ինքն, իր ձեռքով կառուցած տան բակում, յասաման տնկեց ու երեսունհինգ տարվա մեջ ոչ ոքի, երբեք թույլ չտվեց քաղել ծաղիկները... Հայացքը թոռների կողմն էր՝ մտքերը անցյալում... ...Սոնայի վարսերից յասամանի բույր էր գալիս: Անձրև էր, թաց հագուստը կպել էր մարմնին, բայց Սոնան նստել էր մի քարի ու խաղում էր գետի ալիքների հետ, թե՞ ալիքներն էին խաղում Սոնայի գեղեցիկ ոտքերի հետ: Աղջիկն ուսերին թափված թաց մազափնջերը քամում էր գետի մեջ, ծիծաղում, ծիծաղում, ծիծաղում... Հեռվում կանգնած հետևում էր նրա ամեն մի շարժմանը, ոտքերը մեխվել էին տեղում, հանկարծ սիրտն ուզեց դառնալ վարար անձրև ու երկնքից թափվել, փաթաթվել Սոնայի մազերին, մարմնին, ոտքերին... Ուշքի եկավ ընկերոջ ձայնից, անձրևը խանգարեց բնության գիրկն եկած ուսանողների հանգիստը,պիտի վերադառնային քաղաք, մոտեցավ անձրևանոցը մեկնեց աղջկան ու հեռացավ, քիչ հետո ավտոբուսն արդեն բռնել էր քաղաք տանող ճանապարհը... Սոնան հանկարծ, առանց զգուշացնելու, առանց համաձայնության գալու, խուժել էր իր կյանք ու իր հետ բերել էր քունը խանգարող մոխրագույն աչքեր ու յասամանի բույր... Հենց առաջին սեպտեմբերի մեկին հազար աղջիկների մեջ նկատեց նրան,ուրախությանը չափ չկար, երբ Սոնան մտավ նույն լսարանը, քիչ ուշացած մտավ և արագ տեղավորվեց առաջին նստարանին ու յասամանի բույրը շուրջ հինգ տարի մնաց լսարանում... Սոնան վերջում նստող Սուրենին չէր նկատում... Քանի, քանի անգամ փորձեց մոտենալ, քանի քանի անգամ Սոնայի համար բերած յասամանները բաժանեց կուրսընկերուհիներին, արդեն չի հիշում... Ավարտեցին, ավարտական երեկոյի ընթացքում խմեց, շատ խմեց ու մոտեցավ Սոնային, երկար խոսեց, բայց մոռացավ գլխավորն ու կարևորը... Յասամանի բույրով արբած տուն եկավ,քնեց, առավոտյան տունը բուրում էր վարդերի բույրով՝ մոր ընկերուհին աղջկա հետ եկել էր շնորհավորելու համալսարանն ավարտելու կապակցությամբ, իբր պատահաբար մայրն ու ընկերուհին դուրս եկան, ինքը օդում փնտրեց յասամանի բույրը, բայց վարդի բույր զգաց ու ձեռքերը ծակեցին վարդի փշերը... Անցել էր կես տարի, զանգահերեց ուսանողական ընկերն ու ասաց, որ Սոնային գնացքով ճանապարհում են այլ երկիր, սիրտը փուլ եկավ, դադարեց բաբախել, փլվեց բազկաթոռին, յասամանի բույրը լցվեց սենյակն ու խառնվեց վարդի բույրին... Ճանապարհելու եկել էին, մոտ ընկերներն ու բարեկամները: Աղջիկները հուզվել էին իսկ Սոնան ծիծաղում էր, բոլորը հերթով հրաժեշտ էին տալիս, ինքն ամենավերջում մոտեցավ, Սոնայի հայացքը տխրեց, ինքը մի պահ կարկամեց, բայց գրկեց՝ դեմքը թաղեց աղջկա երկար վարսերի մեջ, երկու խոշոր արցունք թրջեցին իր պարանոցը... Գնացքի շարժվելուն չսպասեց, յասամանի բույրով պարուրված, երկու կաթիլ արցունք պարանոցին՝ հեռացավ կայարանից... Տանը դարձյալ վարդի բույր էր ու վարդի փուշ: Մայրն իբր նեղացած սենյակից սենյակ էր անցնում, մոտեցավ մորն ու սկսեց համբուրել ճակատը, այտերը, մայրը դա համաձայնության նշան համարեց ու ընկերուհուն աղջկա հետ, դարձյալ տուն հրավիրեց... Մի քանի օր անց թեթև նշանդրեք, մի քանի ամիս անց հարսանիք ու ճամփորդություն... Ինքն ու կինը կանգնած են նույն կայարանում, սպասում են նույն գնացքին, որով Սոնան գնաց հեռու, հեռու... Թեև ձմեռ էր, բայց կայարանը յասամանի բույրով էր հարուստ... Օգնեց կնոջը բարձրանալ գնացք, իսկ երկու օր անց օտար երկիր, օտար քաղաք ու նորապսակներ... Վերադարձի նախորդ օրը՝ հուշանվերների խանութում, ականջին մայրենի լեզվով խոսակցություններ հասան, շրջվեց, քարացավ՝ Սոնայի եղբայրներն էին, մոտեցան, ողջագուրվեցին բարեկամաբար, ներկայացրեց կնոջը, ասացին որ վաղը վերադառնում են տուն ու շուրջը նայելով՝ ինքն իրենից թաքուն, հարցրեց Սոնայի մասին... ...Կնոջը մի կերպ հյուրանոց հասցրեց... Քիչ հետո, ինքը Սոնայի եղբայրների հետ, կանգնած էր թարմ հողաթմբի մոտ... Երեք ամիս առաջ, Սոնան ամուսնու հետ, մեքենայով բախվել էին, մեծ բեռնատար մեքենայի... Սպիտակած գլուխը ափերի մեջ առած, նստել էր գրասեղանի առջև... Հուշերի տետրը վերնագրեց Յասամանի բույրը և սկսեց գրել. Սոնան իմ վերքն էր, մեղքն ու լացը... ...Եվ բակից լսեց Սոնա թոռան կանչը. -Պապիկ, մեր ծիծեռնակները վերադարձել են...

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets