ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.05.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Ալեքսանդր Թամանյան

ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակներիդափնեկիր Ալեքսանդր Թամանյանը հայ նոր ճարտարապետության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթների զարգացման և նորի ստեղծման համար՝ սկզբնավորելով ճարտարապետական թամանյանական դպրոցը:

Ալեքսանդր Թամանյանը սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում: 1904 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: 
Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է (1906 թ.): Նրա նախագծով 1907–13 թթ-ին կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը` Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը` Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա–Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը՝ Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո) որտեղ Թամանյանը կիրառել է դասական և XVIII դարի ու XIX դարի սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը` ինքնատիպ մեկնաբանմամբ: 
1914 թ-ին Թամանյանն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, 1917 թ-ին` ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 1919 թ-ին տեղափոխվել է Երևան, իսկ 1921 թ-ին՝ Իրան (Թավրիզում հիմնադրել է գեղարվեստի ստուդիա), 1923 թ-ին հրավիրվել է Հայաստան: Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, Հյուսիսային պողոտան (բացվել է 2007 թ-ին): 
1934 թվականին ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925–33 թթ-ին Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը: Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի, անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական (այժմ՝ ճարտարագիտական համալսարան) ինստիտուտների, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը, առաջին ջրէկը և այլն: Թամանյանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի (սկզբում կոչվել է Ժողտուն) շենքը, առանձնանում են իրենց հորինվածքային բարձր հատկանիշներով. թատրոնի շենքը երկդահլիճ է` մեկ ընդհանուր բեմով, ըստ մտահղացման` դահլիճների և բեմի փոխակերպման հնարավորությամբ (1937 թ-ին նախագիծն արժանացել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալի): Կառավարական տունը և թատրոնի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների՝ նախ` Հանրապետության հրապարակի համալիրի, ապա՝ թատրոնի շրջակա տարածքի և Հյուսիսային պողոտայի լուծումները:
Թամանյանի անունով Երևանում կոչվել են փողոց, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը, Հայաստանի ճարտարապետների տունը, թանգարան-ինստիտուտը: 2001 թ-ին Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets