ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.05.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Ալեքսանդր Հարությունյան

Կոմպոզիտոր, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

Ալեքսանդր Հարությունյանն իր երկերում առաջնորդվել է դասականության ժամանակի սկզբունքներով, ազգային սիմֆոնիկ երաժշտության ավանդույթները միահյուսել է դասական սիմֆոնիզմի առանձնահատկություններին: 

Ալեքսանդր Հարությունյանը 1941 թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական և դաշնամուրի բաժինները, 1946–48 թթ-ին կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան ստուդիայում: 1954–91 թթ-ին եղել է Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար: 1970–2008 թթ-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թ-ից՝ պրոֆեսոր): 
Հարությունյանի առաջին ծավալուն երկերից են «Հանդիսավոր ձոն և քայլերգ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար և Դաշնամուրի կոնցերտը: 1940–50-ական թվականներին նրա ստեղծած խոշոր կտավի ստեղծագործություններից են «Հայրենիք» կանտատը, որտեղ սերտորեն միահյուսված են ազգային դասական երաժշտությունը և գեղջկական ու գուսանական երգը, «Տոնական նախերգանքը»՝ նվագախմբի, Կոնցերտը՝ շեփորի և նվագախմբի, «Հայկական ռապսոդիան» (համահեղինակ՝ Առնո Բաբաջանյան)՝ երկու դաշնամուրի, «Մեր հին երգերը» ռապսոդիան՝ դաշնամուրի և նվագախմբի համար, «Հայաստանի պարերը» սիմֆոնիկ սյուիտը և այլն: Դրամատիզմով հագեցած «Ասք հայ ժողովրդի մասին» քառամաս վոկալ-սիմֆոնիկ պոեմը ժամանակակից հայ երաժշտության արժեքավոր ձեռքբերումներից է: Հայկական սիմֆոնիզմի զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել Հարությունյանի մոնումենտալ և դրամատիզմով հագեցած Սիմֆոնիան:
«Սայաթ-Նովա» քնարական-դրամատիկական օպերայում հեղինակն ստեղծագործաբար օգտագործել է մեծ աշուղի մի քանի երգ: Օպերային բնորոշ են գունագեղ զանգվածային տեսարանները, երաժշտական լեզվի պարզությունը: Փոքր կտավի երկերից են «Հայրենիքիս հետ» (ըստ Հովհաննես Թումանյանի) երգ-կանտատը, «Հուշարձան մայրիկիս» (ըստ Հովհաննես Շիրազի) վոկալ շարքը, դաշնամուրային մանրանվագներ և այլն:
Հարությունյանի ստեղծագործության մեջ առանձնանում են կոնցերտները. գրել է 13 կոնցերտ՝ տարբեր գործիքների (դաշնամուր, գալարափող, տուբա, տրոմբոն, ֆլեյտա և այլն) համար: Լավագույն գործերից են նաև Սիմֆոնիան՝ երգչախմբի և հարվածային գործիքների, Սիմֆոնիետը՝ լարային նվագախմբի, Թեմա և վարիացիաները՝ շեփորի ու նվագախմբի, Պոեմ՝ թավջութակի և նվագախմբի, Սյուիտը՝ ջութակի, կլառնետի և դաշնամուրի, «Քարավան» պիեսը՝ կլառնետի և էստրադային նվագախմբի համար, գործիքային սոնատները և այլն:
Գրել է նաև խմբերգեր, երգեր: 1988 թ-ին կոմպոզիտորն ստեղծել է հանրահայտ Ջութակի կոնցերտը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին: Նրա ստեղծագործություններին բնորոշ են մեղեդայնությունը, ճկուն և յուրահատուկ ռիթմը, ազգային վառ կոլորիտը, կառուցվածքի հստակությունը, ինքնատիպ արտահայտչամիջոցները: 
Հարությունյանը գրել է երաժշտություն թատրոնի և կինոյի [«Ուրվականները հեռանում են լեռներից» (1955 թ.), «Սիրտն է երգում» (համահեղինակ՝ Կոնստանտին Օրբելյան, 1956 թ.), «Իմ ընկերոջ մասին» (1958 թ.), «Նահապետ» (1977 թ.), բոլորը` Հայֆիլմ] համար:
Հարությունյանն արժանացել է ԽՍՀՄ (1949 թ.), ՀՀ (1973 թ.), Պետական, ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1986 թ.) մրցանակների, Ալեքսանդր Ալեքսանդրովի անվան Ոսկե մեդալի (1977 թ., Ռուսաստան), «Օրփեոս» դիպլոմի (1983 թ., ԱՄՆ), ՀՀ Մովսես Խորենացու մեդալի (1998 թ.) և ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի (2001 թ.), Հայ եկեղեցու Սբ Սահակ – Սբ Մեսրոպի (2004 թ.) շքանշանների, «Կոմիտաս» հուշամեդալի (2008 թ.):
Գրել է «Հուշեր» (2000 թ.) գիրքը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets