ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.05.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Ավետիք Իսահակյան եւ տիկին Սոֆյա Իսահակյան

Ավետիք Սահակի Իսահակյան (հոկտեմբեր 30, 1875, Ալեքսանդրապոլ - հոկտեմբեր 17, 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902թ. վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908թ. դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911թ. Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։
Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։
Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։
XIX-րդ դարի վերջի և XX-րդ դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...», - սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։
1919-1921թթ., Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին: Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլերյանի մասին: Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին: Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները: Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ: Թեհլիրյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը: 1921թ. մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլիրյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին: Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում: Հետևաբար Ավետիք Իսահակյանը՝ Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում:
Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ: Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա: Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»: Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922-ի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային:
1926թ. Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946-1957թթ. Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի պանթեոնում։ 1963թ. հոկտեմբերի 31–ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets