ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.05.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Արամ Խաչատրյան

ՀԽՍՀ, ՎԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Արամ Խաչատրյանը XX դարի խոշորագույն կոմպոզիտորներից է: Նա մեծ ազդեցություն է թողել հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայ ազգային երաժշտարվեստը:

Արամ Խաչատրյանի երաժշտական ունակությունները բացահայտվել են վաղ տարիքից: 1929թ-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և ստեղծագործական, 1934թ-ին՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1934–36թթ-ին՝ կատարելագործվել ասպիրանտուրայում: 1950թ-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում (այժմ` Ռուսաստանի երաժշտական ակադեմիա): 1957թ-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարն էր (1939–48թթ-ին՝ կազմկոմիտեի նախագահի տեղակալը): 
Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»` սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»` ջութակի ու դաշնամուրի համար, և այլ գործեր: Մոսկվայի հայ մշակույթի տանը հանդիպել է Ալեքսանդր Սպենդիարյանի, Մարտիրոս Սարյանի, Շարա Տալյանի և հայ անվանի այլ արվեստագետների հետ: Երաժշտություն է գրել հայկական դրամատիկական ստուդիայում Ռուբեն Սիմոնովի բեմադրած 3 ներկայացման (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») համար: Առաջին սիմֆոնիայով սկզբնավորվել է Խաչատրյանի արվեստի հասունության, տաղանդի ծաղկման շրջանը: Սիմֆոնիան, որ նվիրված է Հայաստանին, էպիկական ասք է նրա հնագույն մշակույթի, ժողովրդի կյանքի և բնաշխարհի մասին: 
Խաչատրյանի 1930-ական թվականների ստեղծագործությունները նշանավորել են հայկական երաժշտարվեստի պատմական զարգացման նոր շրջանը: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է համաշխարհային երաժշտարվեստի փորձի հիման վրա և բխում է հայ երաժշտական մշակույթից: 
Խաչատրյանի, Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի արվեստը սերում է նույն ակունքից. կոմպոզիտորն իր սիմֆոնիկ երկերում լայնորեն օգտագործել է հայկական ժողովրդական մեղեդիներ ու ռիթմեր, հասել է սիմֆոնիկ մտածողության այնպիսի մակարդակի, որը լավագույն օրինակ է Արևելքի ժողովուրդների ազգային կոմպոզիտորական դպրոցների զարգացման համար: Դրանով էլ մեծ մասամբ բնորոշվում է նրա ստեղծագործության նորարարական էությունը՝ որպես նոր էջ համաշխարհային երաժշտարվեստի պատմության մեջ: 
Խաչատրյանը հայ երաժշտությունը հարստացրել է նոր կերպարներով ու ձևերով, արտահայտչամիջոցներով, ընդլայնել ժանրային շրջանակները: Բացի 3 սիմֆոնիայից` գրել է գործիքային կոնցերտներ (դաշնամուրի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի), սոնատներ, Թավջութակի և Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաները, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարքը և այլ գործեր: Խաչատրյանն ազգային առաջին բալետի՝ «Երջանկության» (1939թ.), ՀԽՍՀ օրհներգի հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրա հանրաճանաչ գործերից են «Գայանե» և «Սպարտակ» (բեմադրվել է բազմաթիվ երկրների բալետի թատրոններում, Երևանում 2009թ-ի բեմադրության բալետմայստերը Յուրի Գրիգորովիչն է) բալետները: Գրել է նաև թատերական («Վալենսիայի այրին», Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես», հատկապես հանրահայտ է վալսը) և կինոերաժշտություն («Պեպո», 1935թ., «Զանգեզուր», 1938թ., «Ստալինգրադյան ճակատամարտ», 1949թ. ֆիլմերի համար): 
1950թ-ից, որպես դիրիժոր, հեղինակային համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում: 
Խաչատրյանը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի (ԳԱ) անդամ էր, Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ, Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ԳԱ թղթակից անդամ: 
Երևանում Խաչատրյանի անունով են կոչվել Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, որի առջև տեղադրված է նրա արձանը, երաժշտական դպրոց և փողոց: 1984թ-ին Երևանում բացվել է Խաչատրյանի թանգարանը, 1993թ-ին տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան-93» սիմֆոնիկ երաժշտության փառատոնը, 2003թ-ից կազմակերպվում է երաժիշտ-կատարողների` Արամ Խաչատրյանի անվան ամենամյա միջազգային մրցույթ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets