ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.05.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Գոհար Գասպարյան

ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Գոհար Գասպարյանը XX դարի խոշորագույն երգչուհիներից է (քնարակոլորատուրային սոպրանո): Գասպարյանի երգեցողությունը հեղաշրջում էր վոկալ արվեստում: Նրա 
երգարվեստին հատուկ են ստեղծագործության գեղարվեստական բովանդակության խոր դրսևորումն ու համոզիչ իմաստավորումը: 
Ավետիք Իսահակյանը Գոհար Գասպարյանին անվանել է 
«Հայաստանի սոխակ»:

Գոհար Գասպարյանը (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյան) 1936–1939թթ-ին սովորել է Կահիրեի ֆրանսիական քոլեջում: Հետագայում երգեցողության դասեր է առել իտալացի հայտնի երաժիշտներ Էլիզ Ֆելդմանից և Վինչենցո Կարրոյից: 1940թ-ից ելույթներ է ունեցել Կահիրեում, եղել ռադիոյի մենակատար: 1948թ-ին Գասպարյանը հայրենադարձել է, 1949թ-ից երգել Երևանի օպերայի և բալետի թատրոնում (առաջին դերերգը՝ Լակմե, Լեո Դելիբի «Լակմե» օպերայում): 1964թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1973թ-ից): 
Գասպարյանն ուներ մեծ ձայնածավալ (դիապազոն) և կատարողական բարձր տեխնիկա: Նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ: Լավագույն դերերգերից էին՝ Անուշ, Շուշան (Արմեն Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Գոհար (Հարո Ստեփանյանի «Հերոսուհի»), Ռոզինա (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Կարինե, Օլիմպիա (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի», «Արշակ II»), Մարգարիտ (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Լյուչիա (Գաետանո Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»), Նորմա (Վինչենցո Բելլինիի «Նորմա»), Մարֆա (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»): 
Գասպարյանն ունեցել է 4000-ից ավելի համերգներ. ընդգրկել է Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Հենդելի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Յոհան Շտրաուսի, Էդվարդ Գրիգի, Ռեյնհոլդ Գլիերի, Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի և ուրիշների ստեղծագործություններից: Նա հանդես է եկել նաև թեմատիկ համերգներով՝ իտալական վարպետների գործեր, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտաս, օպերային սիրված դերերգեր. Մանոնի ծիծաղը (Ֆրանսուա Օբերի «Մանոն Լեսկո»), Ամինա (Վ. Բելլինիի «Սոմնամբուլա»), Դինորա (Ջակոմո Մեյերբերի «Դինորա»), Օֆելյայի խելագարության տեսարանը (Շառլ Թոմայի «Համլետ»), Տիկնիկ (Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները») և այլն: Նշանավոր էր Վիլյամ Շեքսպիրի թեմաներով XIX–XX դարերի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված Գասպարյանի ծրագիրը: Համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Թուրքիայում, Իրանում, Ճապոնիայում, Եգիպտոսում, Հարավային Ամերիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Անգլիայում և այլուր:
Պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1997):


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets