ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.05.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Թորոս Թորամանյա

Ճարտարապետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Թորոս Թորամանյանը հայկական ճարտարապետության գիտական 
ուսումնասիրության հիմնադիրն է: 

Թորոս Թորամանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում, Կոստանդնուպոլսի Գեղարվեստից վարժարանի ճարտարապետության բաժնում: 1895թ-ին մեկնել է Բուլղարիա, որտեղ 1898թ-ից նրա նախագծերով կառուցվել են առանձնատներ և հասարակական շենքեր: 1900թ-ին տեղափոխվել է Ռումինիա, ապա շրջագայել է Պարսկաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում: 1902թ-ին մեկնել է Փարիզ՝ կատարելագործվելու: 
1904թ-ի գարնանը Թորամանյանը սկսել է Զվարթնոց տաճարի հետազոտությունը. ղեկավարել է Խաչիկ վարդապետի նախաձեռնած պեղումները, կատարել չափագրման աշխատանքներ: 1905թ-ին ավարտել է տաճարի վերակազմության նախագիծը, որը հաստատվել է 1906թ-ին Անիում Նիկողայոս Մառի արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերված Սբ Գրիգոր (Գագկաշեն) տաճարի մանրակերտի նույնանման հորինվածքով:
Թորամանյանի «Զվարթնոցի եկեղեցին» (1905թ.) հոդվածով սկզբնավորվել է հայկական ճարտարապետության գիտական գրականությունը: Թորամանյանն ուսումնասիրել ու չափագրել է նաև Հոռոմոսի համալիրը, Արգինայի եկեղեցին, Տեկորի տաճարը, Շիրակ և Արագածոտն գավառների հատկապես V–VII դարերի հուշարձանները: 
1904–12թթ-ին Անիում պարբերաբար մասնակցել է Նիկողայոս Մառի գիտարշավախմբի պեղումներին, ուսումնասիրել ու չափագրել է բազմաթիվ եկեղեցիներ, պալատներ, հյուրատներ, բնակելի տներ, պարիսպներ, կամուրջներ, ստեղծել վերակազմության նախագծեր: Թորամանյանի «Էջմիածնի տաճարը» (ռուսերեն` 1909թ., հայերեն` 1910թ.), «Տեկորի տաճարը» (առանձին գրքով` 1911թ.), «Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ» (1911թ.), «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին» (1911թ.), «Անի քաղա՞ք, թե ամրոց» (1912թ.) և այլ ուսումնասիրություններ վկայում են հայկական ինքնուրույն ճարտարապետության զարգացման բարձր մակարդակը: Շնորհիվ այդ ուսումնասիրությունների` բազմաթիվ օտար գիտնականներ վերանայել են իրենց թյուր տեսակետները հայկական ճարտարապետության վերաբերյալ: 
1913թ-ին Թորամանյանը Վիեննայի համալսարանին կից Արվեստի պատմության ինստիտուտի գիտական նստաշրջանում լավագույն աշխատանքի համար արժանացել է Գլխավոր մրցանակի: Նրա 1000-ից ավելի գծագրերի, ուսումնասիրությունների և այլ նյութերի հիման վրա Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին 1918թ-ին հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն երկհատորյակը, որի շնորհիվ հայկական ճարտարապետությունը՝ որպես ինքնուրույն ճարտարապետական դպրոց, արժանացել է համաշխարհային ճանաչման: Առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918թթ.) և նրան հաջորդած գաղթի տարիներին կորել են Թորամանյանի` հրատարակության պատրաստ 10-ից ավելի աշխատություններն ու մեծ քանակությամբ այլ նյութեր: 
Թորամանյանի աշխատությունների հիմնական մասը 2 հատորով լույս է տեսել գիտնականի մահից հետո՝ «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» խորագրով (1942–48թթ.): 1923թ-ին նրա մասնակցությամբ ստեղծվել է Հուշարձանների պահպանության կոմիտեն: Նա շուրջ 30 տարի չափագրել, լուսանկարել ու նկարագրել է Հայաստանի հարյուրավոր հուշարձաններ, որոնցից շատերը պահպանվել և վերակազմվել են նրա նյութերի շնորհիվ: Թորամանյանը ստեղծագործական սերտ կապեր է ունեցել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ, որի արվեստանոցում 1928թ-ից աշխատել է որպես խորհրդական, կատարել նաև հատակագծման ու նախագծման աշխատանքներ: 
Թորամանյանն առաջինն է դասակարգել ու բնութագրել հայկական ճարտարապետության զարգացման շրջանները, բացահայտել նրա ինքնատիպությունը, ամբողջականությունը և ոճական ինքնուրույնությունը: Նրա աշխատություններն սկզբնաղբյուր են ուսումնասիրողների համար:
ՀՀ ԳԱԱ-ն 1969թ-ին սահմանել է Թորամանյանի անվան մրցանակ: Նրա անունով Երևանում կոչվել է փողոց, տան առջև, որտեղ ապրել է Թորամանյանը, դրվել է հուշաքար:


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets