ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.05.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Լեո

Պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս, 
ՀԽՍՀ գիտությունների և արվեստի ինստիտուտի իսկական 
անդամ, պրոֆեսոր Լեոյի ընդհանրացումներն արժեքավոր են 
հայ պատմագիտության մեջ:

Լեոն (իսկական անուն-ազգանունը՝ Առաքել Բաբախանյան) 1878թ-ին ավարտել է Շուշիի քաղաքային դպրոցը: 1895–1906թթ-ին Թիֆլիսում եղել է «Մշակ» թերթի մշտական աշխատակիցն ու քարտուղարը: 1906–07թթ-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել է Թիֆլիս և նվիրվել գիտական աշխատանքի: 1924թ-ին հրավիրել են Երևան. դասավանդել է պետական համալսարանում:
Լեոն գրել է հարյուրավոր քննադատական հոդվածներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ: Հայոց պատմության հանգուցային շատ հարցեր լուսաբանել է նորովի: Արժեքավոր են հատկապես «Հայկական տպագրություն» (2 հատոր, 1901–02թթ.), «Հովսեփ կաթողիկոս Արղության» (1902թ.), «Գրիգոր Արծրունի» (3 հատոր, 1902–05թթ.), «Ս. Մեսրոպ» (1904թ.), «Հայոց հարցը» (1906թ.), «Հայ գրքի տոնը» (1912թ.), «Վանի թագավորությունը» (1915թ.), «Հայոց հարցի վավերագրերը» (1915թ.), «Անի» (հրատարակվել է 1946թ-ին) աշխատությունները:
Լեոյի գիտական ժառանգության մեջ բացառիկ է «Հայոց պատմություն» եռահատոր մենագրությունը (1-ին հատորը լույս է տեսել 1917թ-ին, 2–3-րդը՝ 1946–47թթ-ին), որտեղ ներկայացրել է հայոց պատմությունը նախապատմական ժամանակներից մինչև XVIII դարի վերջը՝ բացի XII–XV դարերից: Նրա աշխատությունները պարունակում են հայ և օտար պատմիչների, ժամանակագիրների մեծարժեք վկայություններ, հնագիտական, վիմագրական, լեզվագիտական, բանասիրական հարուստ նյութեր, ճանապարհորդական նոթեր ու հուշեր, գիտական ուսումնասիրություններ, վավերագրեր և այլն:
Մինչև 1920-ական թվականները հրատարակած երկերում Լեոն հասարակության զարգացման համար կարևորել է հոգևոր և աշխարհագրական գործոնները, մեծ տեղ հատկացրել անհատի դերին: Հետագայում` «Անցյալից» (1925թ.), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927թ.), «Խոջայական կապիտալ» (1934թ.), «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» (2 հատոր, 1934թ.) և այլ աշխատություններում վերանայել է իր սկզբունքները՝ փորձելով մոտենալ պատմության նոր ըմբռնմանը: Հատկապես հայ ազգային-ազատագրական շարժումների, հայ-ռուսական հարաբերությունների, Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման գնահատման հարցերում առաջադրել է իր նախկին տեսակետներին հակառակ կարծիքներ ու դրույթներ, հայ առևտրական կապիտալը համարել է մեր ժողովրդի նոր պատմության հիմնական շարժիչ ուժը:
Լեոն գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական երկեր: Հայ ժողովրդի պայքարի առանձին դրվագներ գրողն արտացոլել է «Վահան Մամիկոնյան» (1888թ.), «Սպանված հայրը» (1891թ.), «Վերջին վերքեր» (1891թ.), «Թաթախման գիշերը» (1892թ.), «Լեռնցիները» (1896թ.) պատմական զրույցներում, «Մելիքի աղջիկը» (1898թ.) ավանդավեպում և «Վարդանանք» (1916թ.) դրամայում: Նման գաղափարներ են արտահայտված նաև «Ուխտավորի հիշատակարանը» (1885թ.), «Իմ հիշատակարանը» (1890թ.) գործերում:
Լեոն անդրադարձել է Սայաթ-Նովայի, Միքայել Նալբանդյանի, Մատթեոս Մամուրյանի, Ստեփան Ոսկանի, Սրբուհի Տյուսաբի, Մկրտիչ Խրիմյանի, Րաֆֆու, Ղազարոս Աղայանի և ուրիշների դիմանկարներին: Հայ, ռուս և համաշխարհային գեղարվեստական երևույթներին վերաբերող տեսական հոդվածներում, «Ռուսահայոց գրականությունն սկզբից մինչև մեր օրերը» (1904թ.) և այլ ուսումնասիրություններում մեկնաբանել է գրական հարստությունները՝ հնագույն շրջանից մինչև XX դարի սկիզբը:
Լեոյի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:





Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets