ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.06.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Հակոբ Մանանդյան

Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական աշխարհագրությանը, չափագիտությանն ու վիմագրությանը նվիրված հիմնարար ուսումնասիրությունների հեղինակ է: 

Հակոբ Մանանդյանը 1883–93թթ-ին սովորել է Թիֆլիսի 1-ին դասական գիմնազիայում, 1893–97թթ-ին՝ Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում. մասնագիտացել է արևելագիտության, լեզվաբանության և փիլիսոփայության մեջ: 1898թ-ին էքստեռն ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների, 1909թ-ին՝ Յուրևի (այժմ՝ Տարտու) համալսարանի իրավաբանության ֆակուլտետները: 1921թ-ին եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, 1921–25թթ-ին՝ պատմագրական ֆակուլտետի դեկան և հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925–31թթ-ին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր:
Մանանդյանը 1903թ-ին Հրաչյա Աճառյանի համահեղինակությամբ հրատարակել է «Հայոց նոր վկաները» վկայաբանական ժողովածուն, որտեղ ընդգրկված են 1155–1843թթ-ին հանուն դավանանքի նահատակվածներին նվիրված պատմական ու գեղարվեստական ստեղծագործություններ: Զբաղվել է հունական իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների, հայոց մատենագիտության, հունաբան դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ («Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները», 1928թ.): 
«Մեսրոպ Մաշտոցը և հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար» (1941թ., ռուսերեն) աշխատության մեջ հանգել է այն եզրակացության, որ մաշտոցյան գրերն ստեղծվել են 392–393թթ-ին: Մեծարժեք են «Արմավիրի հունարեն արձանագրությունները նոր լուսաբանությամբ», «Գառնիի հունարեն արձանագրությունները և Գառնիի հեթանոսական տաճարի կառուցման ժամանակը» (երկուսն էլ՝ 1946թ.) աշխատությունները, որոնք վերաբերում են Հայաստանի հունարեն վիմագրերի վերծանմանն ու ուսումնասիրությանը: «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» (1936թ.) երկում և այլ գործերում ուսումնասիրել է Հայաստանում և հարևան երկրներում գործածվող չափերն ու կշիռները:
Մանանդյանն առաջիններից է զբաղվել Հայաստանի հասարակական-տնտեսական խնդիրների հետազոտությամբ: «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին...» (1930թ., ռուսերեն) մենագրությունը վերաբերում է մ. թ. ա. V – մ. թ. XV դարերում Հայաստանի քաղաքների առաջացման, զարգացման ու անկման պատմությանը, նրանց դերին համաշխարհային առևտրում: «Տիգրան Բ և Հռոմը» (1940թ.) մենագրության մեջ փաստական և աղբյուրագիտական հարուստ նյութերի հիման վրա շարադրել է Տիգրան Բ Մեծի (մ. թ. ա. 95–55թթ.) ժամանակաշրջանի գիտական ու քննական պատմությունը:
Մանանդյանը 1940-ական թվականներին ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատությունը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի՝ մ. թ. ա. VI – մ. թ. XVI դարերի ամբողջական քննական պատմությունը: Նրա աշխատությունները կարևոր ավանդ են նաև Այսրկովկասի ու Մերձավոր Արևելքի երկրների պատմության ուսումնասիրման համար: 
Երևանում 1977–85թթ-ին հրատարակվել են Մանանդյանի երկերի 6 հատորը, 2010-ին` 7-րդը:


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets