ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.06.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Կոմիտաս


Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը նկատելի ազդեցություն է ունեցել նաև արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման վրա:

Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ, 1895թ-ին՝ վարդապետ: 1895թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և
Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր: 
1899թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:
1915թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը մնացել է Փարիզի հոգեբուժարաններում: Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը: 
Անգնահատելի է Կոմիտասի հավաքչական ու գիտական աշխատանքը: Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ: Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա: 
Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները: Նա հիմնականում գրել է մեներգային և խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո'ւր ես գալի, ա՜յ գարուն» կանտատը (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Կաքավի երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը, նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ շարքեր: 
Կոմիտասը դիմել է նաև այլ ժանրերի. եզակի են նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառել է ժամանակի համաշխարհային երաժշտության համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ: Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի, Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասներ» կատակերգության, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները և օպերային էսքիզները: Իր անհուն խորությամբ առանձնանում է «Պատարագը», որը կանտատ-օրատորիայի դասական նմուշներից է: 
Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:
Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ:
Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր:


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets