ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.07.15

«ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ» հայոց արիական դիցարանի ԳԻՆԵՁՈՆԸ

ԱՌԱՍՊԵԼԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐ
ԱՆԱՀԻՏ ՏԱՐՈՆՑԻ
20 հունիս 2015թ. Վայոց Ձոր

Քո կարոտը կիջնի հայոց Մասիսներից, 
Կփշրվի քո իղձերի լազուրներում,
Ու կհառնի որպես բոցե արքա երկրիս, 
Կհաստատվի մի նոր Վահագն ու Արամազդ...

Անահիտ Տարոնցի

«Աստվածադուռ հայոց արիական դիցարանի» հեղինակ, բազմաշնորհ բանաստեղծ, արվեստաբան Արա Նախշքարյանը կերտել է վիպասքների հուշարձան, ուր իր գունեղ գրչով վրձնել է հայոց

առասպելական ժամանակների դյուցազուններին իրենց գերբնական ուժով, արիներին հատուկ նկարագրով: Սա պատմություն չէ, քնարական վիպասք է` ուր հնչում է սիրո չքնաղ մեղեդի, բնության կախարդանք, հայրեններից թափվող արցունք, գետերից հոսող մարգարտե կոհակներ, որտեղից ջրդեղվել են գրքի հերոսները և մենամարտել ոչ պակաս հզոր տերությունների դեմ` հայրենի երկրի անկախության համար մղվող պայքարում: 
Երիտասարդ պատմաբանը գրքում աստվածացրել է սուրբ հայրենին, փարվում է նրա մեհյաններին, տաճարներին ու բերդերին, որոնց վրա թագավորել են ամենակարող աստվածները` Հայկ, Արամազդ, Անահիտ, Աստղիկ, Նանե, Վանատուր, Արեգ, Արա Գեղեցիկ, Արալեզներ, Տորք Անգեղ, Ծովինար և ուրիշներ: 
Հեղինակի հոգուց բխած սիմֆոնիայի հնչյունների տակ անցնում են հայոց տոմարի ամսանունները, ավելյաց ամսվա օրանունները, հին հայկական ցերեկվա ու գիշերվա ժամանունները, որոնք հազարավոր մայրամուտների բոցե արևների միջով դարձել են ասք ու փշրվել Արայի ափերի մեջ, դարձել երփներանգ վրձնի թանկագին կտավ:
Հետաքրքիր է, որ Խորենացուց և բազմաթիվ հետազոտողներից հետո Նախշքարյանը կարողացել է ստեղծել համահավաք տեքստերի ամբողջություն, որ գիտամշակութային արժեք է ներկայացնում: Այն պահպանում է հայոց հին վիպական բանահյուսության լեզուն, ոճը, տաղաչափական հատկանիշները: Կարծում եմ ընթերցողի աչքից չի վրիպի այն , որ հեղինակը ուշագրավ հատվածներ է տեղադրել գրքում` օգտվելով առասպելի աղբյուրագիտական այլալեզու բանահավաքներից` Մար Աբաս, Բերոսոսյան Սիբիլիան, Ոլիմպիոդորոս. ըստ վերջինի ասքերը մեզ հասել են հույն գեղջուկների երգերից «...ի գեղջկաց զրուցեն մինչև ցայժմ»:
Գրքի փառահեղ էջերի սկզբի ոսկե բանալին հեղինակի խոստովանությունն ու խոնարհումն է, ով փորձում է հաջորդ սերունդներին պատառիկներ հասցնել մեր հնամյա, դիցական անցյալ ունեցող ժողովրդի և սուրբ հողի վեհաշուք պատմությունից: Շիրազի խոհերն են արծաթում էջերն Ավախորիկից մինչ թագադրումը Սիփանա սարերի:
Արևորդի Վահագն է տիրակալը դիցարարանի, հեղինակի եկրպագած հրեղեն հերոսը, ըստ Խորենացու Տիգրանի երրորդ որդին է, ում առասպելական ծննդի երգը բանաստեղական մշակույթի բացառիկ նմուշ է.

Երկնէր երկին, երկնէր երկիր, 
Երկնէր եւ ծովն ծիրանի, 
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ. 
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, 
Ընդ եղեգան փող բոց ելաներ, 
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ. 
Նա հուր հէր ունէր, 
Բոց ունէր մօրուս, 
Եւ աչքունքն էին արեգակունք:

                             ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Հաջորդը ասքերի դիցուհին է` Աստղիկը, ով դարձյալ հայկական չէ. ըստ Խորենացու, ջրհեղեղից հետո Քրոնոս-Զրվանի, Տիտանի և Հաբեթոսի /Սեմ, Քամ, Հաբեթի/ քույրն է, եղբայրների աշխարհաբաժանման հակամարտության միջև ծագած վեճի ժամանակ հաշտարարի դերում է, և հետնագույն դիցարանում հայոց Աստղիկն է:
Գրքում ոսկեհյուս ժանյակի լազուրներում սահում են հայոց առասպելների արիներն ու դիցուհիները, ովքեր իրենց գործողություններում ձուլվում են հայրենի հողին, ուժ առած` հառնում և գնում հավերժություն, մի լուսավոր այգաբաց թողնում մեր սրտերում: Ահա Նահապետն իր լայնալիճ աղեղով...գրքում հրաշալի քերթված է մեջ բերել հեղիակը`

Պրկի՛ր աղեղդ, Նահապետ, 
Լայնալիճ աղեղդ պրկի՛ ր, 
Զորացրու մեր ոգին առհավետ, 
Որ փրկենք հայրենիք ու երկիր: 
Թշնամին նույն ժառանգն է Բելի, 
Նույնքան նենգ, անհագուրդ ու չար, 
Տենչում է մեր մահը էլի 
Իր ծուռբաց երախով մոլագար:

Հնչեցրո՛ւ մարտակոչը քո բամբ, 
Թող սուրա սլաքն հարատև, 
Հեռանան թուխպերը սևամպ, 
Երկնքից ճառագի Արև՜:

Եռաթև նետդ մխրճի՛ ր, 
Եվ պատռիր զրահը թշնամու, 
Հրկիզիր հորիզոնը կարմիր, 
Քո զարկով հատուցումն է գալու:

Մեր հողն իսկ հայերեն է խոսում, 
Կոփի՛ր, որ դառնանք մեծազոր, 
Մեր ներսում Նաիրյանն է հոսում 
Եվ ծնում սխրանքներ փառավոր:

Պրկի՛ր աղեղդ, Նահապետ, 
Լայնալիճ աղեղդ պրկի՛ր, 
Թող սուրա քո զարկն առհավետ, 
Եվ ցնծա սրբազան մի երկիր: 

                                   Վարուժան Խաստուր

Տողերի հեղինակը արդի տաղանդավոր պոետ, հրապարակախոս, թարգմանիչ` Վարուժան Խաստուրն է: Դիցարանում կինոժապավենի նման մեր աչքերի առջև հառնում են իրական հերոսներն աշխարհասասան պատերազմերի, հրեղեն թռիչքների, կործանարար ջրերի, աստվածների ու օրենքների միջով, միանում գեղահյուս հայրեններին, որով էլ ոսկեզօծվում է երազ միջնադարը: Աստվածադուռը կատարելության է հասնում, երբ գրքի ակորդն է հնչում Դութաղի դաշտում:

Դե խոսե՜ք, լեռնե՜ր, լեռներ հայրենի, 
Ալեհեր Մասիս քո Սիս եղբոր հետ, 
Նաիրյան Բյուրակն՝ լեռ իմ ծերացած: 
Ձե՞զ ինչ պատահեց: Ձեր ուժն ուր կորավ: 
Ա՜խ, ուր ես, Արա: Ա՜խ, Արա, Արա... 
Նեմրո՛ւթ իմ ոսկյա, դե խոսի՜ր, օգնի՜ր, աղաչում եմ... 
Խոսի՛ր Սիփանա լեռ իմ հնօրյա, 
Ձայնի՛ր Մարութա սար իմ Սասնա: 
Հո՛ղ, երկինք ու ծով... Հառաչեք: Շառաչեք հողմեր, 
Թագավորն ընկել է, էլ չկա արքան: 
Ա՜խ, ուր ես Արա՜: Ա՛խ, Արա, Արա՜: 
Մուսա լեռ, Մռավ, Դաղոնք եւ Սիմսար, 
Տավրոսի սպիտակափայլ լեռներ վիթխարի: 
Ինձ չե՞ք ճանաչում... 
Ես եմ, ձեր Նուարդ, Նուարդ թագուհին: 
Էլ Արան չկա՜, թագավոր չունեք: 
Ա՜խ, ուր ես, արքա: Ա՜խ, Արա, արքա: 
Դու էլ Վանա լիճ: Ի՞նչ կասես հապա... 
Եփրատ ու Տիգրիս, ինչո՞ւ եք լռում... 
Ալեկոծվի՛ր, իմ Արածանի, փրփրադեզ Երասխ... 
Դե՜... 
Դե մի բան ասեք, գժվում եմ ահա: 
Ա՜խ, Արա, Արա: Ա՜խ, ուր ես արքա՛: 
Եվ դու Մեծ Զաբ, Զագրոշի արյուն, 
Քո ջրերո՞վ հոսեց արյունն Արայիս 
Գուցե դո՞ւ օգնես, 
Գուցե դո՞ւ խոսես... 
Դո՞ւ ասես գուցե... 
Ում եմ պետք այսպես մենակ ու լքված: 
Առանց թագավոր թագուհին ո՞ւմ է պետք: 
Ա՛խ, ո՞ւր ես, սե՜ր իմ: Ա՜խ, արքա Արա: 
Առնոս ու Անդոկ, Թոնդուրեկ հանգած, 
Արտոս, Սրմանց լեռ, Այծպտունք, Արագած, 
Ծաղկավետ, Սուկավետ, Կապուտաջիղ, Խուստուփ, 
Միհրավան, Աժդահակ... զորավիգ եղեք հանգած թագուհուս: 
Սիրտս ջուր դառավ, երկինքս փլվեց երկրիս գխին: 
Արքաս ընկել է զինվորի մահով: Արդեն չեմ կարող: 
Հանգել եմ արդեն: 
Արդեն ինձ համար հոգնատանջ է, անտանելի: 
Սանդարամետ է ողջ կյանքս դարձել: Դադար եմ ապրում: 
Հոգիս մարում է ձեր լռությունից: 
Ո՞ւմ սրով ընկավ, ասե՛ք, այդ ինչպե՞ս... 

- Արեւը պաղ աղբյուրին 
Ընկել, կդողա, 
Ծարավ եմ քո համբույրին, Աչքի լույս տղա: 
Տղա, դու ո՞ւր ես, չկաս, 
Եկել եմ, արի՜, 
Իմ սիրտը ծարավ մի թաս, Դու աղբյուր սարի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ 
«Սիամանթո եւ Խջեզարե»

Էպոսին Արայական մոտեցումն էլ դիցական է, այլ երանգ է վրձնած, անանուն գույն է ստացել երկնակամարը, քարուքանդ է լինում երկիրը...Անահիտի մեհյանն է խոնարհվում աղոթքի պես, Նանեն նստած է Ծովասարին…

Իսկ ահա Մհերը-Միհր, 
Զձին առավ, քաշեց էկավ, 
Հասավ Վանա մոտ սարի մի տակ: 
Մեկ քար մի պատահավ էդոր: 
Էդ քարին Վանա քար կ՛ասեն: 
Ագռավաքար կ՛ասեն էդ ժայռին: 
Ասաց. «Կանգնի, իմ թուր զարնեմ էդ քարին,
Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր. 
Թե չը կտրեց, մեղավորցեր եմ»: 
Թուր որ էզար քարին, Քար երկու կողմեն փեղկվավ, 
Ինք, իր ձին գնացին մեջ. 
Քար էկավ, իրար կպավ:

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ

Սահում են հազարավոր առավոտների ու մայրամուտների բոցե արևներ...
Լռություն է իջել առասպելական աշխարհի երկնակամարին...մանուշակամրմունջը Նանեի շուրթերից դեռ շղարշվում է մայրամուտների երկնակամարում... և ննջում Տորք Անգեղի մուրճի սահմռկեցուցիչ հարվածների տակ:
Գրքում լուսաշող օրերի նկարագիր է. Լազուրվեց երկրի երկնակամարը... Կառուցվում են տաճարներն ու մեհյանները, բագին- զոհասեղանները, ծիրերում առկայծում են աստղերը, մոխիրներից հառնում էր երկիրը...

Աստվածներն են իջնում այստեղ,
Դրասանգներ հեղում լույսի,
Ու բագինն է բոցավառվում,
Ծիրանիով հայոց երկնի ....

Անահիտ Տարոնցի

Նավասարդյան մեղեդին նորից պիտի հնչեր տաճարների խորաններից, բագին-զոհասեղաններին մատուցվելու էին միրգն ու գինին... Իսկ Մի՜հրը-Մհե՜րը... Մհերի դուռը կբացվի, երբ հին աշխարհը քանդվի, նորեն կառուցվի, և բարությունն ու սերը իշխի աշխարհին, այն ժամանակ գարին կդառնա հանց ընկուզ մի, իսկ ցորենը` մասուր մի... ու Մհերի դուռ կբացվի՜... Արա Նախշքարյանի շնորհիվ ժամանակների մոռացության փոշուց մաքրվեց հայոց անդրանիկ առասպելական վեպը /ըստ Խորենացու/ «Վիպասանք վիպաշարը» և ընթերցասեր հասարակության գրասեղանին դրվեց «ԱՐՏԱԳԵՐՍ» հրատարակչության շնորհիվ: Տպագրության և հրատարակման գործում ջանք և եռանդ չեն խնայել թե' խմբագիր Վարուժան Խաստուրը և թե' հրատարակիչ Լուսինե Ավետիսյանը: 
Հարգարժան տիկնա'յք և պարոնա'յք, շնորհավորենք մեր սիրելի հեղինակին` Արա Նախշքարյանին, մաղթենք նրան դիցական ուժ, աստվածային միտք, երկնելու բազում հրաշալի ստեղծագործություններ: Իսկ «Հայոց արիական դիցարանին»՝ հարթ և կանաչ ճանապարհ դեպի առասպելական լեռնապար՝ իր ստեղծողի հետ: Ամենավերջում` ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Թումանյանի սևագիր մի քառյակի, որը զրույց է մարդու և աշխարհի, ժամանակի և հավերժության հետ.

ՄԵՐ ԿՅԱՆՔԸ - ԿԱՐՃ ՄԻ ՎԵՐԵԼՔ, 
ԱՆՑՆԵԼ ՀԱՆԳԻՍՏ ԱՄԵՆ ՏԱՆՋԱՆՔ ՈՒ ՎԱՅԵԼՔ, 
ԱՊՐԵԼ ԱՆԱԽՏ, ԱՆՑՆԵԼ ԱՆՀԱՂԹ-
ՀՈԳԻԱՆԱԼ ՈՒ ՆՈՐԵՆ ՆՅՈՒԹԻՑ ԶԱՏՎԱԾ,
ԱՆՄԵԿ ԱՍՏՎԱԾ-ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԴԵՊ ԻՐԵՆ....

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets