ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.07.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Հովհաննես Շիրազ

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը (27 ապրիլի, 1914թ., Գյումրի - 14 մարտի, 1984թ., Երևան) XX դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: Նա գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր՝ նորովի ներկայացնելով հայրենիքի, բնության, մայրական սիրո և ավանդական այլ թեմաներ:

Հովհաննես Շիրազը (իսկական անուն-ազգանունը՝ Օնիկ Կարապետյան) փոքր տարիքում կորցրել է հորը, մանկությունն անցկացրել որբանոցում: Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա՝ ջուլհակ: 
1925-1932թթ. սովորել է ծննդավայրի 7-ամյա դպրոցներից մեկում, այնուհետև աշխատել է տեքստիլ կոմբինատի «Մանածագործ» թերթում, որտեղ էլ 1932թ. տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները:
1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1956թ.՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1941-1945թթ. աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում:
1935թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որտեղ դրսևորվել է հեղինակի անհատականությունը` նախընտրած թեմաների յուրովի մեկնաբանություն, զգացմունքների արտահայտման անմիջականություն, պատկերային ինքնատիպ գույներ:
«Գարնանամուտ»-ին հաջորդել են «Սիամանթո և Խջեզարե» (1935թ.) վիպերգը, «Արևի երկիր» (1938թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942թ.), «Լիրիկա» (1946թ.) ժողովածուները, որոնք նշանակալի երևույթ են հայ քնարերգության մեջ:
1946թ. լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը, որի հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումների մեջ: Ցավն ու տառապանքը այդ մարդուն մաքրում են մեղքերից, դարձնում հնարամիտ, հրաշագործ և որոնող, որն էլ իմաստավորում է կատարելության հասնելու նրա ձգտումը:
Շիրազը մեծ ժողովրդականության է արժանացել «Քնար Հայաստանի» (3 հատոր, 1958, 1964 և 1974թթ.), «Հուշարձան մայրիկիս» (1968թ.), «Համամարդկային» (1975թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ) ժողովածուներով, «Հայոց դանթեականը» (1965թ., Բեյրութ, 1990թ., Երևան), «Խաղաղություն ամենեցուն» (1982թ.) պոեմներով:
Շիրազի քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը («Մայր իմ բարի», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» և այլն): Մայրը Շիրազի համար վեր է ամեն ինչից, նա սրբություն է, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ, նաև մարդկային ցավի խտացում:







Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets