ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.07.15

ՄԱՐԻԱՄ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ: «ԳՈՂ ԱՆՁՐԵՎԸ...»

ԵՏԵՎՈԻՄ ՄՆԱՑԱԾ ԱԿՆԹԱՐԹՆ ԻՄ ԿՅԱՆՔՆ Է

Թթենու թթվաքաղցր հոտը խառնվելով ճանճերի տզզոցին, պարապություն էր տարածում: Գիշերվա սաստիկ քամին հողին էր հավասարեցրել ողջ բերքը:
Արևը դանդաղ սևացնում էր գետնին թափված ու հետզհետե փոքրացող զանգվածը:
Օրը լցված էր մեղմ ամառնամուտով:
Գարեգին պապը ծնկի էր եկել ծառի տակ ու չարաճճի տղուկի նման մի ձեռքով համառ հավերին էր քշում, մյուսով, ափը բուռ դարձրած, թութը արագորեն բերանն էր լցնում:
Շտապում էր Գարեգին պապը: Կողքից նայողին կթվար, թե ինչ-որ տեղից ուշանում է:
Արդեն որերորդ գարունն է, նրան թվում է, թե վերջին թութն է վայելում:
Միայն թթենու կողքին է իրեն երիտասարդ զգում, համոզված, որ ծառն իրենից հին է ու նաև համոզված, որ իրենից երկար է ապրելու` հողին կառչած մնալով:
Մտորումներով տարված, չնկատեց ինչպես ամպերը գլխավերևում կուտակվեցին, անգութորեն ծածկելով շռայլորեն ճառագայթներ տարածող արևին:
Մի ակնթարթում ցերեկը գորշացավ ու անձրևը երկինքն ու երկիրը իրար խառնեց: 
Մինչ կհասցներ ծնկները հավաքելով վեր կենալ ու արագ ձևավորված փոքրիկ առվակից հողաթափերը փախցնել, ծառի տակ կուտակված թութը մասերի բաժանվեց ու լողալով մոտակա գետակը լցվեց:
Կանգնել էր պապը հողաթափերը կրծքին սեղմած ու նեղացկոտ հայացքով գետակին էր նայում:
Հաստատ ուղեղում փայլատակեց այն միտքը, թե մարդ չգիտի հաջորդ ակնթարթն ինչով է հղի:
Գուցե մտքում հայհոյեց: Կարող էր նաև բարձրաձայնել, քանի որ վաղուց մենակ էր իր մենության հետ ու սովորել էր նրա հետ զրույցի բռնվել: 
Եղածի հետ կռիվ տալով տան կողմը շրջվեց ու հանգիստ քայլելով, ասես անձրևից նեղացած, բայց հպարտորեն նրան դիմադրելով շարժվեց:
Տուն մտնելով կանգնեց սենյակի կենտրոնում ու հայացքն ուղղեց աթոռները շուրջը հավաքած սեղանին:
Դեմքին ջերմ ժպիտ իջավ:
Ասես հրաշագործի փայտիկի հպումով փոքրիկ տղայի վերածվեց, թրջված ու վախվորած տղայի, ով կանգնել էր սեղանից քիչ հեռու ու նախատինքի էր սպասում: Անսպասելի հայտնված երբեմնի մեծ գերդաստանը դեպի սեղանն էր ձգվում: Լսվեց մոր քնքուշ ձայնը, ով վերնաշապիկը թևքին գցած, մոտեցավ նրան ու համբուրեց թաց գլուխը: 
Արդեն չոր ու մաքուր հագուստով էր:
Լսվեց հոր ձայնը.
_Շուն, շան որդի, ի՞նչ էիր անկուշտի նման ծառի տակ ընկել, չտեսա՞ր անձրև է: 
Քույրերն ու եղբայրները սկսեցին քրքջալ: 
Վիրավորանքն ու կարոտը ճզմեցին սիրտը ու թվաց հոգին բերանից դուրս կթռչի:
Հայրը նստեց սեղանի վերին մասում, ձեռքերն իրար շփելով, հայացքով մորը կանչեց: 
Մայրը մանրիկ քայլերով, կաթսայի ծանրությունից փոքր-ինչ կռացած, սեղանին մոտեցավ: Ավագ եղբայրը գդալը բարձրացրած իր հերթին էր սպասում: Մեծ քույրը, դեմքին դժգոհ արտահայտություն տալով, փորձում էր հասկացնել, որ գերադասում է վայրկյան առաջ տանից դուրս փախչել, որպեսզի արժանանա հանդից տուն վերադարձող հարևան Վաղոյի հայացքին: Գուցե հասցնի մի կոկետ հայացք էլ ինքը վերադարձնի: Փոքր քույրերն ու եղբայրները արագ-արագ խժռելով ապուրը, հավաքվել էին սենյակի խորքում ու խաղում էին դրսից տուն բերած ծռմռված դույլով, ականջի ետևում թողնելով ծնողների հորդորանքը: Տունը լցվել էր ապուրի անուշ հոտով ու գլորվող մետաղի զրնգույնով, որն աստիճանաբար նվազելով, եկեղեցու զանգ էր հիշեցնում:
Հանկարծ ամեն ինչ քարացավ:
Քաղցր նիրհից մեկեն արթնացավ:
Կանգնել էր պապը սիրտը բուռն արած, ասես ժամանակի անիվը ետ պտտվելով կոկորդին էր դեմ առել: Փոքրիկ արևներ հիշեցնող աչքերից արցունքներ էին հոսում: 
Ու ակնթարթը կանգ առավ:
Կայծակի շառաչյունը խախտեց դրախտ հիշեցնող լռությունը: 
Տունը դղրդաց ու օրը մեկեն լուսավորվեց:
Պատուհաններից երևացող սպիտակը համառորեն դուրս էր հրավիրում:
Դուռը բացելուն պես, ներս թափանցող հսկա լույսի շողը ուղեցույց եղավ:
Դուրսը հանգիստ էր ինչպես երբևէ: 
Թոքերը լցվեցին թաց ու մաքուր օդով:
Շրջվելով, գետնից վերցրեց ձեռնափայտը ու հաստատուն քայլերով դեպի լույսն առաջնորդվեց:
Արդեն հաստատ էր, որ վերջին թութն անձրևը գողացավ:

4 комментария:

  1. Մարիամ ջան ապրես: Հետաքրքրությամբ կարդացի, կլանված եւ ուշադիր... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ

    ОтветитьУдалить
  2. Анонимный26 июля 2015 г., 9:39

    Մարիամ Խուրշուդյան
    Շնորհակալ եմ

    ОтветитьУдалить

Blogger Widgets