ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.08.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Հրանտ Մաթեւոսյան

Հրանտ Մաթևոսյանը հայ նորագույն արձակի նշանավոր 
ներկայացուցիչներից է: Նրա գրական ժառանգությունը՝ կերպարների մտածողությամբ ու հոգեբանությամբ, պատմության մշտարթուն 
հիշողությամբ, խորապես ազգային է: 

Հրանտ Մաթևոսյանը 1962թ-ին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ համալսարան), 1967թ-ին՝ Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: 1996–2001թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:
Մաթևոսյանը գրական աշխարհ է մտել՝ իր հետ բերելով մանուկ օրերի վառ տպավորություններ և կյանքի զարմանալի ճանաչողություն: Նրա առաջին գործը՝ «Ահնիձոր» ակնարկը, որտեղ արծարծել է կենսական կարևոր խնդիրներ, տպագրվել է 1961թ-ին: Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967թ-ին: Շարունակելով հայ գրականության համար ավանդական դարձած գյուղի թեման՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ («Ծառերը», 1978թ.) ժողովածուների վիպակներում («Մենք ենք, մեր սարերը», «Կենդանին ու մեռյալը», «Ծառերը», «Աշնան արև» և այլն) ու
պատմվածքներում գրողը ներկայացել է նոր ասելիքով և ոճով. նա հայրենի հողը համարում է ոչ միայն կեցության, այլև բարոյական մնայուն արժեքների, սերնդակցական հաստատուն կապերի, հայրենիքի ըմբռնման հիմք ու հենարան:
Կենդանիների կերպավորման, մարդու և կենդանու «դաշինքի» ու հավատարմության, անհատի և բնության կապի նոր որակ են Մաթևոսյանի «Ալխո», «Նարինջ զամբիկը», «Կանաչ դաշտը» պատմվածքների, «Գոմեշը» վիպակի հերոսները:
«Օգոստոս» ժողովածուի մեջ եթե Ծմակուտը՝ գրողի ստեղծած գեղարվեստական պայմանական միջավայրը, անաղարտ բնաշխարհ է՝ հակադրված քաղաքակիրթ կոչվող անբարո աշխարհին, ապա «Տերը» (1980թ.) վիպակում այն այլևս նախկինը չէ. մարդիկ խորթացել են բնությունից, դարձել անհայրենիք ընչաքաղցներ, ավերում ու ամայացնում են երկիրը: Եվ այդ մարդկանց դեմ պայքարում երկրի տիրոջ իր մտածողությամբ ողբերգականորեն մենակ է վեպի գլխավոր հերոսը՝ Ռոստոմը: «Անձրևած ամպեր» («Տաշքենդ», 1978թ.) վիպակում նույնպես հեղինակը մտահոգված է ներդաշնակ կեցությանն սպառնացող երևույթներով ու բարոյական անկումներով:
Մաթևոսյանի արձակը հարուստ է մանկությունից պատանեկություն ոտք դնող երեխաների հրաշալի կերպարներով: «Մեր վազքը» (1978թ.) մանկապատանեկան ժողովածուի մեջ նույնպես հեղինակը հավատարիմ է կյանքի արժեքների գնահատման իր սկզբունքին և աշխատանքով գեղեցիկն արարելու բարոյախոսությանը: 
Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Օգոստոս» (1976թ.), «Աշնան արև» (1977թ.), «Տերը» (1984թ.) գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը» (ՀՀ Պետական մրցանակ՝ 1983թ.), «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: «Քո տոհմը» (ռուսերեն) ժողովածուն 1984թ-ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի:
Մաթևոսյանը 1996թ-ին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
2004թ-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets