ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.09.2015

ԻՄ ԿԱՊՈՒՅՏ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

 Աշուն է ու խոհերի տերևաթափ: Եվ ինձ թվում է, որ քեզանով է սկսվում հավիտենության կրկնությունը, որտեղ ևս մեկ անգամ պիտի հնչի սիրո շշո՜ւկը… Այստե՛ղ, հիմա՛, այս բնությա՜ն մեջ, այս տաք ցրտի մենաստանում քե՜զ հետ է ծնվում բանաստեղծը, և պատահակա՞ն է, որ բնությունն է հիմա իմ պոետական հարկը, և այստեղ ես ամեն ակնթարթ ընդունում եմ քեզ, և զարթնում է գիշե՜րը…Եվ զարթնում եմ ես… Տերևների կանաչ հատվածներում դեռ զրնգում է գարունը, ուր հանդիպեցի քո լուսանկարին, ուր հանդիպեցի ինքս ինձ… Սիրելի՜ս և հազար անգամ` սիրելի՜ս… Շատերն են փորձում իմ տխրության մեջ ողողել իրենց սեփականը, իրենց վախը վերերկրյա, այնտեղ թափառում է Մեղքը… Իսկ ես ի՛մ մեղքի հետ եմ` քե՜զ հետ, և դադարել եմ վախի հետ բարձր խոսել, շշո՜ւկն է իմը: Եվ տերևաթափի շրշյունը, որ կարծես ինձ է մեկնում քո շրջազգեստի թափանցիկ զրույցը, գլխահակ կանգնել է իմ դիմաց. և այստե՞ղ չէ, որ մենք հիշում ենք անաղարտ ամոթը… Առաջին անգամ, երբ փորձեցիր խոսել, հիշեցիր բարությունս, գիտեմ, որ շատ ավելին կար քո շուրթերին, քան բարին, քան երկրային ամեն մի սփոփանք, քան մեր հանդիպման ստվերների խաչելիությունը. չէ՞ որ այդպես խոսեց սե՜րը… Դու դեռ շա՜տ ես երիտասարդ, իսկ ես ունեմ դեռ մի թաքուն գարուն, բայց որքա՜ն աննյութ է գիշերը, երբ ժամանակի մեջ մենք չենք տարբերում հավիտենականը, ձուլվում ենք մութին, իսկ լուսաբացը թողնում գալիք կյանքի թևին. այստեղ էլ մենք ճանաչում ենք հսկումը տագնապի: Եվ ապագան խոսում է ինչ-որ սիրուց, որտեղ մենք պատրանքի աչքերով համեմատում ենք իրականն ու թաքո՜ւնը… Իմ գարունն ունի մեկ անուն, ես հիշում եմ նրան քե՜զ կանչելիս, երբ թախիծը շոյում է իմ երևակայությունը, իմ աղոթքը` քե՜զ… Չի՛ հոգնել, բնավ չի՛ հոգնել իմ ձեռքը, երբ գիշերին, անունդ տալով, մութի մեջ ուրվագծում է ստվերը մեր հանդիպման, այդտեղ, լոկ այդտեղ է աշխարհի կնտրոնը, հենման կետը, որի վրա կարելի է պտտել երկրագունդը, որպեսզի տեսանելի լինեն աշխարհի բոլոր սերերը, որպեսզի տեսանելի լինի կյանքը իր կապույտ աչքերո՜վ, որպեսզի տեսանելի լինես դո՜ւ, իմ կապո՛ւյտ, կապո՜ւյտ օրհնություն… 19.09.2015 թ., Արագյուղ, երեկո © Ռաֆայել Սերենց

6 комментариев:

  1. ՛՛Իմ Կապույտ օրհնություն՛՛ սրանք լոկ խոսքեր չեն, պատգամ է բոլորին: Թող սիրո արշալույսները բացվեն բոլորի սրտերում: Գտնեն ու ամուր պահեն իրենց անաղարտ՝ կապույտ սերը : Հիշեն, որ միայն սիրով ու ջերմությամբ իրենց գալիք օրերը կլինեն օրհնված: Թող չտառապեն , անպատասխան սեր չունենան: Միշտ սիրեն մեր երիտասարդները , կազմեն ամուր ընտանիք:Տղաները լինեն լավ ամուսին,լավ հայր, իսկ աղջիկները լավ մայր,սիրված կին, ազգի հպարտություն, պատիվ: Միայն մաքուր, անաղարտ սերը կփրկի աշխարհը:

    ОтветитьУдалить
  2. Սիրելի Ռաֆայել գրել եք հոգով,զգալով : Դուք կարողանում եք փոխանցել այդ վեհ զգացումը մեզ: Շնորհակալություն , վայելեցի կարդալով Ձեր հիասքանչ տողերը:

    ОтветитьУдалить
  3. Սոֆա Արծրունի Սիրելի Սերենց, այս „Կապույտ օրհնանքը„ թող տարածվի աշխարհով մեկ, թող ո'չ ոք չհամտեսի թախծի դառնահամը, քո յուրաքանչյուր տողի տակ ապրեցի, հուզվեցի,,,, Առանձնահատուկ շնորհակալությոուն մեր շատ սիրելի Արա Նախշքարյան հայորդուն: Սերենց ջան, ձեր կատարածգործով հպարտանալու է եկող սերունդը....Խոնարհումս երկուսիդ Մարդ տեսակի առաջ....„Կապույտ օրհնություն„ բոլորին....

    ОтветитьУдалить
  4. Գոհար Մարտիրոսյան21 сентября 2015 г., 16:59

    Սերը և թախիծ է և կարոտ: Թող այն չվերածվի տխրության: Թող սիրել տրվի բոլորին: Լինել սիրված, լավ է , առավել լավ է, եթե դու ես սիրում: Այդ զգացմունքից մաքրվում , գեղեցկանում, բարիանում է հոգին: Չէ՞ որ .՛՛ Իմ գարունն ունի մեկ անուն, ես հիշում եմ նրան քե՜զ կանչելիս, երբ թախիծը շոյում է իմ երևակայությունը, իմ աղոթքը` քե՜զ… ՛՛

    ОтветитьУдалить
  5. Սեր... սեր դու այդ ի՞՞նչ զգացում ես, որ փոխում ես մարդուն , դարձնում բարի, գեղեցիկ , ներող , զիջող, համբերող: Սեր դու կարող ես ուժ տալ ապրելու, թևեր տալ թռչելու համար: Դու շատ գեղեցիկ զգացումով պարուրում ես մարդու հոգին:Աշխարհը փոխվում, հրաշք է դառնում:Հավիտենության կրկնությունը դա սերն է ...կապույտ օրհնությունը սիրո օրհնությունն է ... Սիրեք ու եղեք սիրված ... մնացեք բարի գեղեցիկ սիրո գրկում...

    ОтветитьУдалить
  6. Սերը վեհ ու գեղեցիկ զգացմունք է ,սակայն սիրելու շնորհ շատերին չի տրվում: Թող սիրո լույսը թակի բոլոր փակ դռները : Ոչ մի փակ դուռ չմնա: Թող սերը լինի փոխադարձ, սիրեն զույգերը իրար ու հասկանան կես խոսքից: Լինեն ներող ու բարի: Միայնակները գտնեն իրենց որոնած կեսին ու պահեն ամուր - ամուր: Թող նրանց սերը այցելի ժամանակին , չլինի ուշացած...

    ОтветитьУдалить

Blogger Widgets