ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.09.2015

ՎԵՐԱԴԱՐՁ

Նա քայլում էր մոլոր, շտապելու համար տանն սպասող էր պետք, բայց կինը երեխաներին վերցրել հանգստյան տուն էր գնացել, ինքն էլ իրեն հույս էր տալիս, թե շուտով կգան, բայց մտքում հավատացած էր, որ սա վերջին անգամն է, էլ հետ չի գա։ Ճիշտ է կինը երեխաների ծնվելուց հետո իրեն ուշադրություն չէր դարձնում, բայց նա ուզում էր գնա տուն ու Մարիամը տանը լինի, թեկուզ մի երկու բերան էլ փնթփնթա, բայց տանը լինի, թեկուզ կնոջ վրայից միշտ բորշի հոտ էր գալիս, բայց նա հանկարծ այդ հոտն ուզեց, և քայլերը կամաց տարան մոտիկ գարեջրատունը, ներս մտավ, կուչ եկավ պատի տակ դրած սեղաններից մեկի մոտ, կծկվեց, ձեռքն ալարելով գրպանից հանեց ու մատուցողին կանչեց, երկու մեծ գավաթ գարեջուր պատվիրեց, իսկ երբ բերեցին գավաթներից մեկն իր դիմաց դրեց, իբր մենակ չէ...
Նոր էին ծանոթացել, ինքը վերջին կուրսի ուսանող էր, գյուղից եկել՝ հանրակացարանում էր ապրում, Մարիամն էլ համալսարանում էր աշխատում, բնիկ մայրաքաղաքցի էր, տնով ապահոված, աշխատավարձ էլ ստանում էր, բայց փեսացու չկար ու չկար, ինքն էլ չորս տարվա մեջ երկու շալվար փոխեց, ու երկու վերնաշապիկ, բանակ գնացած եղբոր վերարկուն էլ այնքան բարակել ու մաշվել էր, որ ձմեռվա մի օր, երբ հեռու ազգականի տնից ոտքով գնում էր հանրակացարան, սոված շները սկսեցին հետևից քայլել, հետո վազել ու նրանցից մեկը իր ծուռ ատամով Ստեփանի վերարկուն հագից հանեց, բախտը քմահաճ էր, թե չար կատակ էր խաղում, ինքն իրենից էլ անկախ թակեց Մարիամի տան դուռը, արյունլվա ուսանողին իր տան շեմքին տեսնելով Մարիամը գործի անցավ, մինչ գազօջախի վրա ջուրը կտաքանար, նա սեղանի վրա բազմատեսակ ուտեստներ էր շարում։ Ստեփանը սկզբից ամաչելով, հետո տանտիրուհու սիրալիր ժպիտից քաջալերված, սկսեց ավելի համարձակ օգտվել սեղանի բարիքներից, երբ արդեն կշտացել էր, Մարիամը հորից մնացած հագուստը տվեց Ստեփանին ու առաջնորդեց լոգարան... Մինչ Ստեփանը կլողանար Մարիամը երկուսի համար էլ անկողին պատրաստեց... Թարմ սպիտակեղենի բույրը Ստեփանին գյուղ տարավ, իսկ երբ ուշքի եկավ՝ լուսանում էր, և Մարիամի մեծ ու փափուկ թևերը գրկել էին պարանոցը, կլոր, անգույն աչքերը փակ էին և փափլիկ հյութեղ շուրթերով համբուրում էր Ստեփանի այտը... վեր թռավ տեղից, հագավ «աներոջ» շորերը, ուզում էր տնից դուրս փախչի, ախր գյուղում իրեն էր սպասում կապուտաչյա... էն... ի՞նչ էր անունը... էն... Մարիամը բարակ գիշերանոցով, փարվեց իրենից տարիքով փոքր ուսանողի պարանոցին ու քաշեց անկողին ու Ստեփանն այդպես էլ չհիշեց, թե գյուղում իրեն ով էր սպասում... այդպես ավարտեց համալսարանը, մի օր Մարիամի անկողնում, մի օր՝ հանրակացարանում...
Երբ ծնվեց տղան, ինքը երջանիկ էր, բայց գյուղում... գյուղում սպասում էին, որ Ստեփանը պիտի ավարտի, գա ամուսնանա էն նամուսով, կապուտաչյա... էն... ու դառնա գյուղի... բայց Ստեփանը մնաց քաղաքում, իրենից մեծ, հաստ թևերով, անգույն աչքերով, փափլիկ շուրթերով, գիրուկ Մարիամի հետ ու դարձավ Ստյոպա...
Մոտ քաշեց դիմացը դրած գարեջրի բաժակը, դատարկեց մի շնչով, գումարը թողեց սեղանին ու դուրս եկավ։ Տունը ցուրտ էր,անկողինը արդեն մեկ շաբաթ կլիներ չէր թարմացվել, շորերով էլ պառկեց...
Երբ ծնվեց երկրորդ որդին, չգիտես որտեղից հայտնվեցին Մարիամի ազգականները, ու մի օր լսեց թե ինչպես նրանցից մեկը կնոջն ասում է.
-Բայց լավ քեզանով արեցիր, խելացի, խելոք, անշառ ու տարիքով փոքր, ասացին ծիծաղեցին իրենք իրենց ասածի վրա...
Որքան հարաբերություններում շատ էր ներխուժում կենցաղը, այնքան Ստեփանը գյուղն էր երազում, որքան շատ էր Մարիամը ամուսնու փաղաքշանքներին, վայ գազի վրա կաթը թափվեց, կամ երեխան լաց եղավ պատասխանում, այնքան Ստեփանը մտածում էր, որ գյուղում, լավ ագրոնոմ չկա, եթե ինքը ավարտելուց հետո գյուղ գնար...
Արթնացավ երեխաների ու կնոջ աղմուկից, տան իրերն էին դուրս տանում, վեր թռավ,—Մարիամ, Մարիամ ջան եկե՞լ եք, բա սա ի՞նչ է, կահույքն ինչու՞ են տանում։ Կինը իր անգույն (ոչինչ չասող) աչքերով նայեց Ստեփանին, ու թե տան իրերը վաճառել եմ,երեխաների հետ արտասահման եմ գնում։ Ինքը մնաց միջանցքում տնկված, բեռնակիրները մի քանի անգամ հրեցին աջ ու ձախ, երբ տունն արդեն դատարկ էր, ներս մտավ Մարիամը, հետևից դանդաղ ամաչելով ներս մտավ Ստեփանից ջահել, բարձրահասակ, գեղեցկադեմ երիտասարդ... Ստեփանը սկսեց մտածել, որ երիտասարդը Մարիամի... ամաչեց մտքերից... Դեպի ապագան սլացող ավտոմեքենայի հետևից կարողացավ ասել.
-Գնա Մարիամ, լուր կուղարկես, կգրես Մարիամ...
Երբ աստիճաններով տուն էր բարձրանում, եսիմ որ հարկում, եսիմ որ թվականներից այրի մնացած Սվետը թևը քաշեց, Ստեփանը թևը հետ քաշեց, չէ, չէ, չէ, ես գնում եմ գյուղ, էն կապույտ աչքերով, էն... էն Սոնայի մոտ, հիշեց Ստեփանը... Մեքենան կանգնեցրեց դաշտերի մոտ, գյուղից ներքև, որ ոտքով բարձրանա, որ մինչև իր հորենական տունը հասնելը լացն արդեն լացած լինի՝ ծիծաղն արդեն ծիծաղած։ Քայլեց սիմինդրի դաշտերի միջով, սիրտն իր մոր թխած լավաշն ուզեց, հուզմունքից սիրտը կծկվեց, հոգին կուչ եկավ, ու վազեց, արագ վազեց, տեսավ իրենց տան կտուրը, սիրտը փուլ եկավ, ու գյուղի ջահելները, որ դպրոցի բակում ֆուտբոլ էին խաղում չհասկացան, թե ինչու է էս քաղաքացին չոքած համբուրում հողը...
Ստեփանը տանն էր, մայրը ոտքերը դրել էր տաշտակի մեջ ու լվանում էր, ճամփի ու քաղաքի փոշին մաքրում էր Ստեփանի հոգնած, աշխարհից խաբված ոտքերից, և առաջին անգամ Ստեփանը թույլ էր տալիս, որ մայրը լվանա ոտքերը, ու կամաց, ասես իրեն էլ անլսելի ձայնով մորը հարցրեց, էն... հարևանի... էն աղջկա մասին... Երեկոյան մայր ու որդի հարևանի տանն էին, ու որոշում էին թե հարսանիքին ում են կանչելու...
Տաթեւ Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets