ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.10.2015

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետը. ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Զրույց, նվիրված երկրի սահմանների պաշտպանության մարտերի մասնակից, Առաջին աստիճանի մարտական խաչի շքանշանակիր, Փանիկցի հերոս Արտակ Բաղդասարյանին:

-Մի օր արկերը լցվելու են վարդի թերթիկներով ու հրանոթն էլ ուղղված է լինելու խնամիների բակին, որտեղ հավաքվածները, հարսն ու փեսան ականատես են լինելու վարդաթերթերի աստղաթափի, ի նշանավորումն և հուրախություն հայոց հողում հերթական ամուսնության արարողության: Թող այսուհետ հրանոթները միայն երկինք նայեն,
դիմավորեն այգաբացն ու սպառնան միայն բնության արհավիրքներին: Այսպես է մտածում, այսօր հայրենի եզերքից հազարավոր կիլոմոտրեր հեռու ապրող, սակայն իր հող ու ջրի համար մարտնչած հայրենիքի զինվոր, Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ Արտակ Բաղդասարյանը: 
Այս անունն առանց կոչումների ու պարգևների, ընդամենը մեզանում տարածված տղամարդու անուն է, իսկ ազգանունն էլ կրում են բազմահազար հայեր, սովորական մարդիկ՝ մանուկներ, երիտասարդներ, ծերեր, կանայք ու տղամարդիկ:
Մինչդեռ, խոսքը Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախյան գոյապահպանության մարտերում աննկուն զորականի անուն վաստակած, հայկական բանակի շարքային, ապա սպա, հրետանային դասակի հրամանատար, Առաջին աստիճանի մարտական խաչի շքանշանակիր Արտակ Բաղդասարյանի մասին է: Որպեսզի այս պարգևի մասին մեր ռադիոլսողները լիարժեք պատկերացում ունենանան, հիշեցնենք, որ դեռևս 1993 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար: Ու քանի որ Արտակ Բաղդասարյանը բանակ է զորակոչվել 1992 թվականին, իսկ պարգևին արժանացել է 1994 թվականին, պարզ է դառնում, որ շքանշանն ստացել է ռազմի դաշտում ցուցաբերած բացառիկ խիզախության և արիության համար:
Շատերն են այն դժնդակ տարիներին զինվորագրվել հայ ժողովրդի բնաջնջման դեմ ազերի հետ կենաց ու մահու պայքարին՝ հայրենիքի սահմանների պաշտպանության համար մղվող մարտերին: Հիմա ամեն մի հայկական գյուղում ու քաղաքում այդ պայքարում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող կոթողներ կան, իսկ տոնական օրերին այդ շիրիմներին այցելող մարտական ընկերներ: 
Նրանցից ամեն մեկն իր լուման է ունեցել հայրենի սահմաններն անառիկ պահելու, հայրենի հողն ու Արցախը բռնազավթումից ազատագրելու սրբազան գործում: Բայց նրանց սխրանքներն արդեն պատմություն են ու դեռ շատ սերունդներ, որ թերթելու մեր նորագույն պատմության էջերը, կարդալու են հերոսամարտերի ու դրանք կռող դարբինների մասին, իսկ էջերից մեկում անպայման կհանդիպեն այս ակնարկի հերոսի՝ Արտակ Բաղդասարյանի անվանն ու նրա անօրինակ սխրանքներին: 


Փանիկը Շիրակի մարզի հին բնակավայրերից է, վկան՝ անտիկ դարաշրջանի կառույցների հետքերն ու պատմական վկայությունն այն մասին, որ այստեղ եղել է նաև գրչատուն: Գյուղն հիմնել են 1840-ականներին, Ալաշկերտից գաղթած ընտանիքներ ու այն անվանել Զվարճաձոր: Հետագա տարիներին գյուղը մի քանի անուն է փոխել և ի վերջո ստացել հեղափոխական գործիչ, բժիշկ Արշալույս Փանյանի անունը, որ կրում է մինչև օրս: 
Այստեղ ապրում են շիրակյան դաժան բնությանը սովորած, հող ու ջրի հետ կռիվ տվող արժանապատիվ մարդիկ, իրենց քրտինքն հողին խառնելով հաց արարող, հայրենի գյուղին սիրահարված մարդիկ: Հող են մշակում, անասուն են պահում, երեխեքին ուղարկում են սովորելու հեռու քաղաքներ, որ գրագետ մարդ ու մասնագետ դառնան, իմանան կրթության գինը, երևաններում ու այլուրեք բարձր պահեն Փանիկի անունն ու հպարտանան, որ այդ հող ու ջրի ծնունդ են: Նրանցից մեկն էլ իմ դասախոսն է եղել՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ամալյանը, գործընկերներս՝ կրթության ոլորտի մասնագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ասլանյանը և հայտնի ֆինանսիստ Հովհաննես Մամիկոնյանը, երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը: Գուցեև ավելի հայտնի Փանիկցի մարդիկ կան, որոնց ես չեմ ճանաչում, սակայն այս մի քանի անունների շարքում են նաև նրանք, ովքեր վտանգի պահին, զենք վերցրեցին ու առանց երկմտելու համալրեցին հայրենիքի պաշտպանների շարքերը, նրանց թվում նաև Արտակ Բաղդասարյանը: Նրա սխրանքը հայրենի գյուղի գույներին նոր երանգներ ավելացրեց՝ սրտի ջերմություն ու աներեր կամք:

***

Արտակն էլ Փանիկ գյուղի իր հասակակիցների հետ վազվզել է ցողաթաթախ խոտերի մեջ, բոլոր նման հետապնդել հորթերին, նրանց հետ տրտինգ տվել, պահվել աթարի բլրակի մեջ ու ամենից շատ սիրել է պառկել չորացող խոտի դեզի վրա ու մարող արևից հետո երազել՝ աչքը հեռվում շողացող ու մարմրող աստղերին: Բացի սովորող, լսող ու պարկեշտ պահվածքից ոչնչով աչքի չընկնող մանուկ էր, իր թաքուն ու խենթ մտադրություններով, աղջիկների անցուդարձից, սեթևեթանքից հալումաշվող պատանի, որի բեղ-մորուսը տարեցտարի խտանում, էր, դեռ մանկական, կարմրելու ունակ այտերն ու վերին շրթունքը ծածկելով աղվամազով: 
Սովորաբար, հերոսների մասին գրելիս, խոսում են նրանց ուսման, հետաքրքրությունների, նպատակների ու երազանքների մասին: Սակայն, ի տարբերություն շատերի, Արտակը տանը և դպրոցում ակնառու ոչնչով աչքի չէր ընկնում, ծնողասեր, պատվախնդիր տղա էր, գյուղի հասակակիցների խաղընկերը, նրանց նման երազկոտ ու ռոմանտիկ, բայց նաև ընտանիքի հոգս ու բեռն ուսող, մեծաց խորհրդին ականջալուր, պահանջների մեջ համեստ, իր խոսքն ու գործը հարգող: Երբ լրացավ զորակոչվելու ժամ, Արտակն առաջիններից էր, որ ներկայացավ զիվորական կոմիսարիատ ու այդ օրվանից իր ծառայությունն ու կյանքը կապեց նորաստեղծ ազգային բանակում ձևավորվող հակատանկային զորամասի հետ: 
Իմ ձեռքի տակ ժամանակի թերթերի կտրածոներ են, որոնցում սառը թվեր ու փաստեր են, սակայն դրանց հետևում մի ամբողջ մարդկային կենսագրություն է թաքնված, երկրի բախտով մտահոգ ու նրա ազատության զինվոր Արտակ Բաղդասարյանի կյանքի մի կարևոր հատվածը, ըստ որի Արտակը 1992 թվականին զորակոչվել է բանակ, ընդգրկվել նոր ձևավորվող հակատանկային զորամասում: Դա այն ժամանակն էր, երբ հայկական ջոկատների հրետանին կազմված էր հակակարկտային կայանքների հրետանային մարտկոցներից ու ազերիների տանկերի դեմառդեմ մարտնչող խիզախ մարտիկներից: Այդ շրջանում Արտակը որպես հակատանկային հրանոթի հաշվարկի կազմում, առաջնագծում էր, Խնձորեսկում: Այստեղ էլ իր ընկերների հետ, այցելեց հայոց պատմության լեգենդներից մեկի՝ Մխիթար Սպարապետի գերեզմանին ու խոստացավ հավատարիմ մնալ զինվորական երդմանն ու եթե պետք լինի, կյանքի գնով պահել երկրի սահմաններ, առավել ևս, որ իրենց բաժին է հասել մի այնպիսի տեղամաս, որի ազատագրությունն ու պաշտպանությունը կապված է նաև Զանգեզուրի փրկիչ Գարեգին Նժդեհի անվան հետ:
Հետո արդեն զորամասը նոր սպառազինություն ստացավ, հակատանկային հրթիռային սարքավորումներ, որ ավելի նոր էին ու դիպուկ: Զինվորներն ու սպաները միասին սովորեցի դրանք մարտական վիճակի բերել, կրակային գոտում գործողությունների դիմել, սպասարկել: Նրանք միասին էին նաև թշնամու դիմաց՝ դիրքերում, իսկ պատերազմի վերսկսումը մազից էր կախված:
Ոչնչացված թշնամական զինտեխնիկայի հաշվարկը սկսեցին տանել 1994 թվականի սկզբներին, երբ ադրբեջանական բանակն սկսեց լայնամասշտաբ գործողություններ իրականացնել հարավարևելյան ռազմաճակատում: Ոչնչացվեց թշնամու 25 տանկ: Դրանցից 9 տանկը և մեկ զրահամեքենան գրանցված են Արտակ Բաղդասարյանի անվան դիմաց, երեքը՝ լեյտենանտ Մելիքսեթ Բաղդասարյանի: 
Այդ շրջանում Արտակը դեռևս ջոկի հրամանատար էր, ավելի ուշ դարձավ դասակի փոխհրամանատար: Շատ բանով է երիտասարդ զինվորականը պարտական իր փոխհրամանատար Կարապետ Հովհաննիսյանին, որի օգնությամբ ծանոթացավ ու հետագայում փայլուն տիրապետեց հրետանավորի մասնագիտությանը, ավելի ուշ, երբ տեղափոխվեց այլ մարտկոց, նաև հրանոթին փոխարինած կառավարվող հրթիռային համակարգերին: 
1994-ի հունվարյան այդ մառախլապատ օրվա վաղ առավոտյան, երբ հորիզոնի գիծը դիրքերից մի երկու հարյուր մետրի վրա էր, դիմացի բլուրը շրջանցելով թշնամական 7 տանկ էին առաջանում, կծու ծխահոտով ապականելով խոնավ առավոտվա օդը, ընդհուպ մոտենալով խրամատներում դիրքավորված մեր առաջապահ վաշտերին: Բայց մեր հակատանկային ստորաբաժանումն աչալուրջ էր ու միշտ պատրաստ մարտի բռնվելու: Ամեն մի նախահարձակ փորձ թշնամու համար ավարտվում էր կամ զինտեխնիկայի, կամ էլ մարդկային լուրջ կորուստներով: Այդպես էլ եղավ հերթական գրոհի ժամանակ: Հարավ-արևելյան ռազմաճակատում, իր ծառայության ընթացքում կառավարվող հակատանկային հրթիռներով Արտակը ոչնչացրեց 9 տանկ և մեկ հետևակի մարտական մեքենա։ 
Ինչպես ինքն է պատմել պատերազմից վերադառնալուց հետո, սկզբում, երբ դեռ նորաթուխ զինվորներ էին, իրենք սարսափում էին տարածում ուժգին հրետակոծումներից, սակայն վառոդի հոտի հետ մտերմանալուց հետո դրանք դարձան սովորական: Երբ տեղափոխվեց կառավարվող հակատանկային հրթիռային կայանքի անձնակազմ, աշնանը մեկնեց Երասխ, իսկ ավելի ուշ՝ 94–ի առաջին օրերին արդեն հարավարևելյան ռազմաճակատում էր, իր անբաժանելի մարտական ընկերներ Միշա Մանուկյանի, եղբայրներ Սերոբ և Շիրակ Սահակյաններ հետ՝ նույն հաշվարկում: Արտակի կողմից հրթիռի անդրանիկ մարտական արձակումը վճռորոշ եղավ: Նա առաջին անգամ տեսավ հրթիռի հզոր պայթյունն ու դրա հետևանքները, անշարժացած, այրվող թշնամական տանկ, հետևակի ապրած աննկարագրելի ուրախությունը, սովորեց ծխի, մթության, մառախուղի քուլաների միջից նկատել տանկն ու դրան ուղղել սլացող հրթիռը, ապա անմիջապես նահանջել, փոխել դիրքը։ Այդ օրերին Արտակը հասկացավ, որ ինքը տիրապետում է մի սարքավորման, որ ցանկացած տանկից ուժեղ է։
Թշնամին այնպես էլ չէր հասկանում թե ինչ զինատեսակով են խփվում իրենց տանկերը, որ ամիսներ առաջ գրեթե անպարտելի էին: Մի քանի օր անց կրկնվեց իրավիճակը:
Շփոթահար թշնամին գերադասեց մի քանի օր զրահատեխնիկա չմտցնել մարտադաշտ։ Իսկ հունվարի 26-ի լուսադեմին ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն հարձակում նախաձեռնեցին ռազմաճակատի ողջ երկայնքով։ Շուտով նրանց զրահատեխնիկան ճեղքեց ճակատի գիծն ու անցավ հայկական ստորաբաժանումների թիկունքը։ Փորձելով հարմար դիրք գրավել, Արտակն ու Սերոբն ընկան շրջապատման մեջ։ Թշնամին, ձգտում էր տիրանալ հակատանկային կայանքին: Բայց կայանքը տեղադրելով հարմար դիրքում, Արտակին հաջողվեց երեք «Տ–72» տանկ ոչնչացնել և դուրս պրծնել շրջապատումից:
Հայկական ստորաբաժանումների խրամատների մոտ մերթընդմերթ կռիվը ձեռնամարտի էր հասնում: Արտակը ստիպված վերջին երկու հրթիռներն արձակեց ադրբեջանական հետեւակի կուտակումների ուղղությամբ՝ կենդանի ուժի կորուստներ պատճառելով թշնամուն, որը դեպքերի նման անակնկալ զարգացումից շփոթվելով սկսեց խուճապահար նահանջել...
Տաք, պարզկա օրեր էին, դաշտերում կանաչը կուրացնում էր իր թավիշով: Ապրիլի 26-ն էր, ադրբեջանական «Տ–72»–ը բավական մոտենալով հայկական դիրքերին, սկսեց ուղիղ նշանառությամբ կրակել անմիջապես խրամատների մեջ։ Երբ Արտակի կառավարվող հրթիռը խոցեց նրան, պայթյունը մի փոքր ուշացավ, ու սպաների մի մասը բացահայտ թերահավատությամբ վերաբերվեց տանկը վնասազերծելու լուրին։ Բայց մեկը մյուսի հետևից սկսեցին պայթել նրանում եղած մարտագլխիկներն ու տանկի աշտարակը հայտնվեց օդում: Սակայն մինչ մարտական կայանքը դուրս կբերեին կրակի գոտուց և իրենք կթաքնվեին, ընկան ուժգին հրետակոծման տակ և Արտակը ոտքից վիրավորվեց։ Արկի բեկորներից մի քանիսն առ այսօր մնում են հերոսի մարմնում՝ ժամանակ առ ժամանակ հիշեցնելով նրան չարաբաստիկ ապրիլի 26-ի մարտի մասին։
Զինադադարից հետո Արտակը զորացրվեց, ու թեև տարբեր ծրագրեր ուներ, վաղուց ցանկանում էր ռադիոտեխնիկայով զբաղվել ու արդեն բավականին փորձ էր կուտակել ուսումնարանում, տանը նստել չկարողացավ։ Կարոտում էր ու գրեթե ամեն օր գալիս էր զորամաս՝ աստիճանաբար հասկանալով, որ կապվել է բանակին:
Մեկ ամիս անց, տեղի տալով զորամասի հրամանատարության հորդորներին, նա կրկին վերադարձավ զինվորական ծառայության, նշանակվելով դասակի հրամանատար։ Իսկ մի քանի շաբաթ անց արդեն կազմ ու պատրաստ, իր նոր հաշվարկի հետ մարտական հերթապահության մեկնեց հարավարևելյան ռազմաճակատ։
Եվ մարտական պատրաստության ու զինվորական կարգապահության բարձր մակարդակով մշտապես առանձնացող նրա դասակի զինվորները սիրում ու հարգում էին իրենց հերոս հրամանատարին։ Տարիներ շարունակ Արտակ Բաղդասարյանի ղեկավարած դասակը լավագույններից մեկն էր գնդում, իր մարտական պատրաստականությամբ, ինչպես նաև մարտիկների միջև հրամանատարի կողմից հաստատված բարի, ընկերական հարաբերություններով:
2002 թվականին, արդեն փորձառու հրետանավորը զորացրվեց, հայրենի տուն բերելով իր տասնամյա զինծառայության ընթացքում ձեռք բերած միակ,,ռազմավարը,, Առաջին աստիճանի մարտական խաչի շքանշանը: 
Դեպքերի բերումով հիմա նա և իր ընտանիքը ապրում են Եկատերինբուրգում, երբեմն գլուխ են բարձրացնում պատերազմական տարիների վերքերն ու մարմնում խլրտացող բեկորները: Նա հեռու-հեռվում էլ քաջատեղյակ է Հայրենիքում ու հատկապես հայկական բանակում տեղի ունեցող իրադարձություններին, գյուղի անցուդարձին, ուր իրեն հիշում ու կարոտում են բոլորը:
Այսպիսին է մեր հերոսը, իր արյան գնով Հայրենիքի ազատությունը կոփած Արտակ Բաղդասարյանը: Նրան կրկին մեր կողքին տեսնելու և նրանով հպարտանալու ակնկալիքով էլ եթեր հեռարձակեցինք մեր այս զրույցը: Առողջություն ու բարձր տրամադրություն քեզ, հայրենիքի զինվոր:

Հեղ. Հակոբ Հարությունյան

2 комментария:

  1. Почему с фотографии срезали лица наших родителей и меня(брата),а всяких оставили там.оригинал этой фото у нас на страницах есть.фотошопом не стоит убрать самых близких.гавно корочье.гена мери ари сирем.

    ОтветитьУдалить
  2. Почему с фотографии срезали лица наших родителей и меня(брата),а всяких оставили там.оригинал этой фото у нас на страницах есть.фотошопом не стоит убрать самых близких.гавно корочье.гена мери ари сирем.

    ОтветитьУдалить

Blogger Widgets