ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.10.15

Մարիամ Խուրշուդյան. «ԵՎԱՆ ՔԱՅԼՎԱԾՔԸ ՉՓՈԽԵՑ»

/Քեզ կորցնելով գտա քո դեմքը,
Որը ծպտվել ու կուչ էր եկել
Կեղծ դեմքիդ ներքո/

Վրեժ... զգայարանների գերագույն ցնցման հետևանքով առաջացած երևույթ, որի բավարարվածության արդյունքը հաճույքն է: Պատկերներ, պատկերներ, պատկերներ... բազմիցս կրկնվող, բայց նաև հակասող՝ երևակայության խթան, գուցե նաև նպատակ, կամ ցավը մեղմելու դադար, ինքնապաշտպանվածություն, ուժ... ներսումդ առաջացած կրակ, անվերջ վառվող, երբեմն բոցավառվող, երբեմն հանդարտվող, բայց չմարող... դատարկություն:
Վրեժը բնավորվեց Եվայի հոգում: Ե Վ Ա գեղեցիկ ու իմաստալից անուն: Կարճ, բայցև ամենաերկար անունը: Աստված իմ, ամեն ինչ իր բացատրությունն ունի: Կյանքը բացահայտումների կծիկ է, որը գլորվելով բացվում է ու մի օր հասնում իր տրամաբանական ավարտին: Ստացվում է ծնվելուն պես կծիկը ձե՞ռքդ են տալիս: Այո՜...
-Եվա՜, -ինչ-որ մեկը ձայն տվեց: Աղջիկը դժկամորեն շրջվեց,
բոլորովին շփման ցանկություն չուներ, քայլում էր իր մտքերով, իր բացահայտումներով, քայլում էր ինքն իր հետ:
Տղան շնչակտուր մոտեցավ ու գրկեց նրան:
-Քայլվածքիցդ ճանաչեցի, հիշում ես՞, դպրոցում ասում էինք Եվան Չապլինի նման է քայլում:
-Հա, մարմնամարզության հաճախելու արդյունքն էր, -իմիջայլոց պատասխանեց աղջիկն ու ինքն իրեն մտածեց , որ պետք էր փոխել քայլվածքը:
-Ոնց ես՞ Եվ, շտապում ես, քայլե՞նք միասին:
-Քայլենք, -չքայլենքի տոնով պատասխանեց Եվան ու թևանցուկ արեց դասընկերոջը:
-Հիշում ես՞, դպրոցի միջանցքով ինչքան էինք գնում-գալիս, փորձում էի սովորեցնել ոտնաթաթերդ ուղիղ գցել ... բայց հավատա, Ե՛վ, քայլվածքդ քեզ շատ է սազում:
-Այդ մասին չեմ էլ մտածել, ինչ կա՝ կա՛, -պատասխանեց Եվան:
-Տխուր ես՞, Եվ:
-Չէ՛:
-Ուր էի՞ր գնում:
-Քայլում էի:
-Դեպի անորոշությու՞ն:
-Դե՜, երևի... դու՞:
-Ե՛ս էլ ... քայլե՞նք միասին:
-Երկու դեպի անորոշությու՞ն, ին՛չ կստացվի:
-Մեկ մեծ անորոշություն, -ծիծաղեց տղան ու Եվայի գոտկատեղը գրկելով շարունակեց,
-Պատմի՛ր Եվ:
-Ին՞չ պատմեմ, -զարմացավ աղջիկը:
Տղան կանգ առավ Եվային դեմ դիմաց, նայեց ուսին գցած պայուսակին ու հարցրեց.
-Հայելի ունե՞ս:
-Հայելին ին՞չ ես անում, -ձեռքը պայուսակը տանելով, զարմացած հանեց ու նրան մեկնեց:
-Ինձ պետք չի, ինքդ նայիր, տխուր ես Եվ, աչքերդ խամրել են:
-Կարո՞ղ եմ մի բան խնդրել ,- ու պատասխանին չսպասելով, շարունակեց.
-Արի լու՛ռ քայլենք:
-Պարզ է ...- այլևս չհամառեց տղան:
Եվան քայլում էր դեպի անորոշություն:
Վրեժը ցավ է, ատելություն ... լույս: Այո, վրեժն էլ լույս ունի: 
Ընտրություն ... ու գլորվող կծիկ:
Եվա , Եվա ... ամեն դեպքում գեղեցիկ անուն է, ժպտաց Եվան:
"Եվ"- ը կնշանակի շարունակելի:
"Ա"-ն՝ ասել է սկսում ենք նորից:
Եվան նկատեց, որ ամբողջ ընթացքում հայելին ձեռքում էր պահել: Բացեց պայուսակը, ներսից լույս ընկավ աչքերին: Հազարերորդ հաղորդագրությունը սպառել էր ընդունման քանակն ու հեռախոսի ազդակ հիշեցնող լույսն էր վառվում: Առանց ոգևորվածության, սկսեց կադալ: Բոլորը նույնն էին՝ Եվա, ների՛ր ինձ: Պատասխանեց կարճ, կոնկրետ, հաստատուն... Ո՛չ: 
Ու վրա հասավ դատարկությունը: 
Դատարկություն... թվացյալ դադար, փշրված երազանք ու անավարտ հեքիաթ: Հեքիաթ, որտեղ հերոսին է ընծայված կառուցելու ավարտը:
Քայլում էր Եվան, քաղաքն անծայրածիր ու դատարկ էր թվում: Այդքան ցանկալի միայնությունը ճմլեց սիրտը, զղջաց Արամից արագ ձերբազատվելու համար... ինչ էլ անհեթեթ պատրվագ գտավ, իբր հանդիպում ունի: Հիշեց տղայի անհավատ ու կարեկցող հայացքը:
Եվային ժամանակ է պետք, անցնող օրեր, որոնք մեկ օրով ևս ետ կմղեն ցավը: Միտքն եկավ վերջերս տպավորված տողեր,- «Առաջին անգամ զգացի ջրի ցավը, երբ մեջը քար են նետում, բութ ու անզգա ցավ, դաժան ու անմարդկային ցավ՝ ծնված մարդկային վերաբերմունքից: Փորձում էի վերապրել ջրի տնքոցը: Քարը ծանր էր և իսկույն սուզվեց, փոխեց կենցաղը ու ոչինչ չզգաց: Իսկ քար նետողը գնաց իր գործին ու ցավը մնաց»:
Մի կաթիլ էլ ավելացավ կոկորդում ու այնքան շատ էին արդեն, որ միքիչ էլ՝ ու կխեղդվեր: Օգնություն էր պետք, մի միտք, որից կառչելով պետք էր փրկվել:
Ստեղծում ենք երազանք, պտտվում նրա շուջը, հետո հասկանում, որ սովորական պատրանք էր, միստիկա, հեքիաթ...
-Եվա՛,- լսվեց քիչ հեռվից:
Շատ ծանոթ ձայն էր, նման այն ձայնին, որը քնից արթնացնում է ճիշտ պահին, երբ վատ երազից շնչահեղձ ես լինում:
-Արա՞մ, - փրկվածի նման բացականչեց Եվան ու փարվելով տղային, արցունքներին ազատություն տվեց:
-Դու չգնացի՞ր... այդքան ժամանակ...
-Հանգստացիր, -ընդհատեց Արամը, քնքշորեն Եվայի արցունքները սրբելով, - ապա թևանցուկ արա՛ ու փորձի՛ր ոտնաթաթերդ ուղիղ գցելով, քայլել:
-Ո՜չ, - ծիծաղեց Եվան, - ես քայլվածքս չեմ փոխի: 
Եվ իրականությունից կտրված, հիշողություններով տարված, քայլեցին դեպի անորոշություն:
Կյանքն իրենով անորոշություն է: Կարող ես երջանկությունից ցնծալ, հետո ցավից խենթանալ... հյուրընկալել դատարկությանը, ի վերջո հարմարվել իրականության հետ, որը թերևս ճակատագիրն է:
Արամը Եվային տուն ուղեկցեց և հոգում փայփայած հույսը թարմացրած հեռացավ:
Անակնկալներով լի օրն ամփոփեց մի ավարտ ևս ու պատմություն դարձավ:
Դատարկությունը ամուր բույն էր հյուսել Եվայի հոգում ու շատ արժեքներ իմաստազրկվել էին: Հոգու թիթեռնիկները հանգստի էին անցել: Միայնությամբ զրահապատված իրեն ավելի պաշտպանված էր զգում, անտարբերությունը վարպետորեն սողոսկել էր հոգին ու առօրյան թաթախվել բնազդով:Եվայի նոր կերպարը ճնշում էր Արամին...նա ընդմիշտ հեռացավ:
Օրերը սահուն ամիսների էին վերածվում ու տարին ավարտին էր մոտենում:
Ձմեռ էր: Ու ձմեռը սպիտակ էր : Մի քանի օր անդադար ձյուն էր տեղում:
Եվան բակ դուրս եկավ ու անհետք ճերմակը ներծծվեց մարմնով մեկ: Ձյունը դադարել էր, գլխավերևում արևն էր, որը սովորականից շատ ավելի մեծ էր թվում: Գերբնական մի ուժ պատեց Եվային, ասես վերածնվեց, ինչ-որ մի բան, բաժին-բաժին դուրս ժայթքեց հոգուց:
Քայլում էր սպիտակ քաղաքով, զգալով անցորդների զարմացած հայացքները: Պատճառն ակնհայտ էր, Եվան ժպտում էր բոլորին: Հանկարծ ծանոթ հայացք նկատեց: ՆՐԱՆՆ էր: ՆԱ էր: Եվայի սիրտը հանգիստ էր բաբախում ու առաջին քայլը իր կողմից արվեց: Անշտապ մոտեցավ, լիաժպիտ հայացքով բարևեց ու հեռացավ:
Դատարկությունը լցվել էր ազատությամբ ,որը զերծ էր ցավից, տառապանքից... վրեժից: Այդ ամենը ներքևում էին մնացել... շատ ավելի վեհ ու անհասկանալի զգացում էր պատել նրան, ճերմակ մի զգացում...
Քայլում էր Եվան իր անսովոր քայլվածքով ու մտածում,
-Գեղեցիկ անուն է Ե Վ Ա-ն՝ "Եվ"- ը կնշանակի շարունակելի, "Ա"-ն՝ ասել է սկսում ենք նորից:

Հոգիս խզբզած հետքերը բոլոր 
Ուզում եմ մաքրել, հիմնովին մաքրել:
Ու չեմ թողնելու հետքի հետքն անգամ:

4 комментария:

  1. Հրաշալի գործ,մեծ փիլիսոփայություն...

    ОтветитьУдалить
  2. У автора большой потенциал

    ОтветитьУдалить
  3. Մարիամ ջան, հիանալի լուծում-ավարտ....քո հերոսուհին բավականին ուժեղ գտնվեց,չհենվեց ոչ մեկի ուսին և ինքնուրույն հաղթահարեց իր հոգեկան անկումային վիճակը......չնայած, ուժեղ անհատները միայնակ են մնում....չէի ցանկանա Եվային նման ճակատագիր բաժին ընկներ.... ՋԵՄՄԱ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ

    ОтветитьУдалить
  4. Hetaqrqir u nor dzeragir

    ОтветитьУдалить

Blogger Widgets