ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.10.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ. Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարգսի Սարյան (փետրվարի 28 (16), 1880թ., Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն - մայիսի 5 1972թ., Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեծ նկարիչ, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ (1945 - 51)։

Սարյանի նախնիները եղել են անեցի, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել են Նոր Նախիջևանի հայկական գաղութի ստեղծմանը։
1895-ին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը։ Հ. Արծաթպանյանի ղեկավարությամբ մասնագիտական նախնական գիտելիքներ ստանալուց հետո, 1897-1904-ին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901-ին, առաջին անգամ, մեկնել է Կովկաս, եղել Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902-ին՝ Անիում։ Ճամփորդության ընթացքում, ինչպես և հետագա տարիներին, հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, ճարտարապետության, քանդակագործության, որմնանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձանները, որը վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման ու զարգացման վրա։ 1903-ին ավարտել է ուսումնարանի հիմնական դասընթացը և մոտ երկու տարի կատարելագործվել նույն հաստատությանը կից Վ. Ա. Սերովի և Կ. Ա. Կորովինի «Դիմանկարի արվեստանոցում»։ Ուսումնառության տարիներին մոտիկից շփվել է ռուս մտավորականության լավագույն ներկայացուցիչներից շատերի հետ, ինչը զգալի նշանակության է ունեցել նրա՝ առաջադեմ մտավորականի և քաղաքացի արվեստագետի դիրքորոշման մեջ։
Արդեն ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող արվեստագետը հաճախ է ճանապարհորդել. 1910-ին եղել է Կոստանդնուպոլսում, 1911-ին՝ Եգիպտոսում, 1913-ին՝ Պարսկաստանում։ Վերադառնալով ուղևորություններից՝ Սարյանը ակտիվորեն մասնակցել է «Ոսկե Գեղմ» («Золотое руно»), «Արվեստի աշխարհ» («Мир искусства») և այլ ընկերությունների ցուցահանդեսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին անգամ գնել է Տրետյակովյան պատկերասրահը։
1915-ին, Մեծ Եղեռնի օրերին Սարյանը աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»։ Մեկնել է Էջմիածին՝ թուրքական սրից հալածական հայ գաղթականներին տեղում օգնություն ցույց տալու համար։ Հ. Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, բոլոր ջանքերը գործադրել է Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայերի վերջին մնացորդներին մահվան ճիրաններից փրկելու համար։ Անքուն գիշերների հետևանքով և տեսածի ծանր տպավորության տակ հոգեկան ցնցում է ստացել։ Հովհաննես Թումանյանի հանձնարարությամբ Սարյանին տեղափոխել են Թիֆլիս՝ հիվանդանոց։ 1916-ին, Վ. Սուրենյանցի, Փ. Թերլեմեզյանի, Ե. Թադևոսյանի և այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, Վ. Սուրենյանցի հետ ձևավորել Վ. Բրյասովի «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան, 1919-ին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան։
Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921-ին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում, որտեղ էլ 1972 թ-ի մայիսի 5-ին վախճանվել է։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1967-ին Երևանում բացվել է Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։ Սարյանի գործերը կենտրոնացված են Հայաստանի պետական պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ինչպես և Տրետյակովյան պատկերասրահում, ԱՊՀ երկրների տարբեր թանգարաններում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets