ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.10.2015

«...Առաջին շինութիւնն է Երեւանայ..»


Երևանի մզկիթներից ամենահայտնին համարվում է Գյոյ-Ջամին է, որը («կապույտ» կամ «երկնագույն» մզկիթը), որն իր օժանդակ շենքերով հանդերձ այժմ էլ կանգուն եւ գործող է, որտեղ ժամանակին տեղադրված էին Երևան քաղաքի պատմության և հանրապետության բնագիտական թանգարանները՝ պլանետարիայի հետ միասին: 
Գյոյ-Ջամին կառուցվել է Երևանի կիսանկախ սարդար Զանդյան տոհմից Հուսեյն-Ալի խանի կողմից: (1762-1783թթ.) Հիջրեթի կամ Հիջրայի 1179 թվականին (1760թ. կամ 1765- 1766թթ..): Հ ուսեյն-Ալի խանը 18-րդ դարի երկրորդ կեսին համարվում էր Երեւանի խանը
(բեգլարբեկը): (Պարսից գրող Աբու Հասան Ղաֆարի-Քաշանին իր «Գոլշեն Մորադ» գրքում նշում է, որ Կաջարական դինաստիայի վերջում եւ Սեֆյան հարստության սկզբնական շրջանում Զանդյան իշխանատոհմը ապրում էր Երեւանում եւ Գանձակում: Նաեւ անրադառնալով կոնկրետ Երեւան քաղաքի 1796թ. ընդհանուր իրադարձություններին Հուսեյն Ալի խանին ներկայացնում է որպես Երեւանի Բեգլարբեկ:) Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը: Արձանագրության մեջ հիշատակված մզկիթի կառուցման թվականը Հովհ. Շահխաթունյանցը կարդացել է ոչ թե 1179, ինչպես այն կա, այլ՝ 1186, իսկ Լինչը նշում է, որ մահմեդական հոգևորականները մզկիթի կառուցումը վերագրում են Նադիր-Շահի ժամանակներին (1736-1747թթ.): 
Գյոյ-Ջամիի կառուցողը՝ Հուսեյն-Ալին Երևանի ժառանգական կիսանկախ չորս խաներից երկրորդն էր, որը, Երվանդ Շահազիզի ասելով՝ «կառուցելով այդ մեծ ու շքեղ մզկիթը, ինչպես երևում է, կամեցել է դրանով յուր անկախ իշխանության վայելել մի հուշարձան թողնել. դրա համար նա չի խնայել ոչ ծախք և ոչ ժամանակի ոգուն համապատասխան ճարտարապետական հասկացողություն ու խնամք՝ ընդօրինակելով պարսկական լավագույն մզկիթներին հատուկ ձևն ու ոճը...: Ամեն բանում երևում է կառուցվող ճարտարապետի սիրող ձեռքը, նրա՝ պարսկական արվեստի հմտությունը և արևելյան վառ ճաշակը»: Ընդհանուր առմամբ, համաձայնելով Երվանդ Շահազիզի այդ կարծիքի հետ, միժամանակ պետք է նշել, որ Երևանի Գյոյ-Ջամին, չնայած իր գեղեցկությանն ու խնամքով կառուցված լինելուն, այնուամենայնիվ ճարտարապետական առումով նորություն չէր, այլ կրկնություն էր պարսկական-արաբական նույնատիպ մզկիթների, որոնք դրանից շատ առաջ կառուցված էին Պարսկաստանի մի շարք քաղաքներում: Այնուամենայնիվ, և´ հայ, և´ օտար հեղինակներն ու ճանապարհորդները Երևանի մզկիթների մեջ առանձնահատուկ ուշադրություն են դարձրել դրանց պսակը կազմող Հուսեյն-Ալի խանի կառուցած Գյոյ-Ջամիի վրա: 
Գյոյ-ջամին պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Այն Երևանի մզկիթների մեջ ոչ միայն ամենագեղեցիկն ու շքեղն էր, այլև ամենամեծն էր: Նա մի քառանկյունի ընդարձակ շինություն է՝ բարձր մինարեով. և լայնանիստ գմբեթով: Աղյուսակերտ է և մինարեն: Գմբեթն ու պատերի մի մասը պատած են երկնագույն հախճապակով: Բուն մզկիթի շինվածքները գտնվում են հարավային և հյուսիսային կողմերում, իսկ թևերում և դիմացը կառուցված են օժանդակ մի շարք մանր շենքեր ու խցիկներ, որոնք բուն մզկիթի հետ միասին շրջապատում են մի քառակուսի գեղեցիկ ու ընդարձակ բակ: Վերջինիս կենտրոնում կառուցված է մի փոքրիկ ջրավազան, որի շուրջն ընկած է ստվերախիտ ծառերով ծածկված լայն ու խնամքով սալահատակված հրապարակը: Մզկիթն ունի երեք մուտք, երկու փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային: Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում: Այն բաղկացած է երեք կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար հետ: Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է նրա գմբեթը: Դրան կից եղած մյուս երկու դահլիճները փոքր են և համեմատաբար ցածր առաստաղ ունեն: Դահլիճներն ընդհանրապես անզարդ են, կառուցվածքով պարզ և ունեցել են հասարակ կահավորում: Զարդարված են միայն դահլիճների՝ դեպի բակը բացվող լուսամուտները: Իսկ դրանց զարդն էլ կազմում են գույնզգույն ապակիներով շրջանակների մոտ զետեղված արևելյան նախշերը: 
Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը, որն իր մեծությամբ ու շքեղությամբ հարավայի կողմում եղած հիմնական մզկիթի հետ չէր կարող նույնիսկ համեմատվել: Շատ գեղեցիկ է մինարեն, որը հին Երևանի կառուցվածքների բարձրագույն կետն էր և ուշադրություն էր գրավում շատ հեռվից: Նրա գագաթից մահմեդական հասարակությանը ամեն օր աղոթքի է կանչել ազանչին: 
Գյոյ-Ջամին նկարագրել են շատ-շատերը՝ Հաքստհաուզենը, Ե. Լաչինովան, Հովհ. Շահխաթունյանցը, Լինչը, Ուվարովան և ուրիշներ, որոնք նշել են նաև դրան կից գործող հոգևոր տարրական դպրոցի մասին: 
Դրանք բոլորը գովեստով են խոսում Գյոյ-Ջամիի մեծության, գեղեցկության և ունեցած հարմարությունների մասին: Առանձնապես այն բարձր է գնահատված Հաքստհաուզենի մոտ: Գերմանացի ճանապարհորդը, որը Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ ծանոթացել է Երևանի այս կամ այն չափով նշանավոր գրեթե բոլոր շինություններին, Գյոյ-Ջամիի մասին գրում է, որ իր գեղեցկությամբ ու հարմարություններով «առաջին շինութիւնն է Երևանայ»: 
Գյոյ-Ջամին գտնվում էր շուկայի մոտ, նրա հարավային կողմի պարիսպն անմիջապես ձգվում էր շուկայի հրապարակի հյուսիսային մասում: Այն իր օժանդակ շենքերով և բակով այժմ էլ գոյություն ունի և, ինչպես ասվեց, որը խորհրդային ժամանակներում վեր էր ածվել թանգարանների: Գյոյ-Ջամին գտնվում էր Երևանի Ձորագյուղի թաղամասում:
Գյոյ-Ջամին կամ Երեւանի Կապույտ մզկիթը հայտնի էր ժամանակին նաեւ Երեւանի կենտրոնական մզկիթ կամ Խանի մզկիթ անվանումներով: Խորհրդային աստվածամերժության տարիներին Կապույտ մզկիթը շնորհիվ հայ նշանավոր հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ջանքերի վեր է ածվել ՀԽՍՀ Երեւանի պատմության եւ բնության թանգարանի եւ դրանով իսկ փրկվել է ախուսափելի կործանումից: Այստեղ եղել է խորհրդահայ գրողների հանգստատեղին եւ նրանց գրեթե մշտական հավաքավայրը Այս ամենի շնորհիվ Կապույտ մզկիթը մնաց կանգնուն ի տարբերություն Երեւանի թվով յոթ մզկիթների, որոնք խորհրդային իշխանության կողմից բազում հոյակերտ հայոց եկեղեցիների հետ եւս կործանվեցին: Միաժամանակ ավերվել են նաեւ «Թափե Բաշ» մզկիթը կառուցված 1678թ., «Ջաֆար»՝ կառուցված 1898թ. եւ 18-րդ դար թվագրվող Սարթապե» մզկիթները եւ Երեւան քաղաքի մյուս մզկիթներն եւ սրբավայրերը,որոնց մենք անդրադարձել ենք առանձին հոդվածով:
Դեռեւս 1907-1910թթ..( Հիջրայի1325-1328թթ) Գյոյ-Ջամին ամբողջությամբ թարմացվել եւ վերանորոգվել է: Իսկ մինչեւ 1951թ. համաձայն այստեղ այդ ժամանակահատվածում գտնվող Երեւան քաղաքի պատմության թանգարանից եւ ՀՀ Ազգային Արխիվից ստացված եւ հավաքված նյութերի եւ այլ իրեղեն աղբյուրների տրամադրած տեղեկությունների Կապույտ մզկիթում շարունակել է գործել է տեղի մահմեդական հոգեւոր դպրոցը (մեդրեսեն): Այն ինչպես եւ նախկինում դարձյալ համարվում էր այս դեպքում Խորհրդային Հայաստանի մահմեդական բնակչության՝ ի դեմս ադրբեջանցիների եւ քրդերի հիմնական հավատքի միավորող շաղախը: Երեւան քաղաքի ընդհանուր զարգացման շրջանակներում երբ կառուցվեցին նոր պողոտաներ եւ այլ շինարարական նախագծեր այս ամենի արդյունքում շատ է տուժել նաեւ Գյոյ-Ջամին: Մզկիթի գլխավոր մուտքը եւ որոշ այլ հատվածներ քանդվել են եւ հիմնահատակ ավերվել են: Այս ամենի արդյունքում նաեւ երբ աստիճանաբար մզկիթի հարակից փողոցները բարձրացվեցին մոտ երկու մետրով Կապույտ մզկիթը հայտնվեց մի խոր փոսորակի մեջ որը պատճառ դարձավ որ այս գեղեցիկ աղոթատունը հայտնվի սաստիկ խոնավության պայմաններում: Արդյունքում հարակից հողերի ուժգին խոնավության, ինչպես նաեւ անձրեւների պատճառով մզկիթի արեւելյան եւ արեւմտյան հատվածների ներսի պատերը, կամարներն ու սենյակները մասամբ քայքայվեցին: Նաեւ մզկիթի պատերին եւ գմբեթներին մեծ ու փոքր ծառեր եւ խոտեր էին բուսնել:
Սակայն վիճակը փոխվեց 1991թ ի վեր երբ Հայաստանը վերատիրացավ իր անկախությանը: ՀՀ-ի' եւ ԻԻՀ միջեւ հսստատվեցին ջերմ, բարդրացիական հարաբերություններ: Այս ամենի արդյունքում 1995թ. հոկտեմբերի 13-ին (Հիջրայի 1374թ. մեհրի 21-ին) ՀՀ Գյոյ-Ջամին նվիրաբերեց ՀՀ-ում արդեն գործող Իրանի դեսպանատանը: Այս ամենի արդյունքում 1996թ հուլիսից ներառյալ. արդեն լիովին վերանորոգվել եւ կրկին գեղեցկացել է քաղաքամայր Երեւանում գտնվող պերճաշուք Կապույտ մզկիթը:
Գյոյ-Ջամին ունի շուրջ 7000 քառ. մ ընդհանուր տարածք: 28 սենյակ՝ բակի աջ եւ ձախ կողմերից յուրաքանչյուրում 14 սենյակ: Մզկիթի ներքին խորանը ունեցել է 70 X 50 մմ տարածք, իսկ հարավ-արեւմտյան հատվածում գտնվող մինարեի կամ մինարեթի բարձրությունը կազմում է շուրջ 24 մ. Քանի, որ մզկիթի գմբեթը ունի կապույտ գույն, դրա պատճառով էլ մզկիթը կոչվում է նաեւ «Կապույտ» կամ «Երկնագույն» մզկիթ: Ներկայումս բարեկարգված այս գեղեցիկ մահմեդական գործող աղոթատան մեջ դարձյալ իրականացվում են իսլամական- հոգեւոր, կրոնական միջոցառումներ,առկա է ընդարձակ գրադարան, Իրանական տեղեկատվական կենտրոն, պարսից լեզվի խորացված ուսուցում եւ այլն:









 



















Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets