ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.11.15

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Հրայր Դժոխք

ՀՐԱՅՐ ԴԺՈԽՔ (ԱՐՄԵՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ 1864-1904թթ․), հայ ազգայաին-ազատագրական պայքարի խոշոր գործիչ, ուսուցիչ, ֆիդայի, ռազմական տեսաբան, Սասունի 1894 և 1904թթ ապստամբությունների ղեկավարներից։
Ծնվել է 1864թ, Սասունի Խուլբ գավառի Ահարոնք գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է հոր՝ տեր Մամփրե քահանայի մոտ, ապա 1874-ից Սուրբ Կարապետ վանքում՝ աշակերտելով այդ թվականների ազատագրական պայքարի առաջամարտիկներից Վարդան վարդապետին։ 1880թ․ Հրայրի ընտանիքը տեղափոխվել է Մուշի Ղզլաղաճ գյուղ և հաստատվել այնտեղ։ Հրայրը Մուշում սովորել է տեղի վարժարանում, ապա 1884-ին վերադարձել Ահարոնք, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ։ 1885-ին Ահարոնքում հայ-թուրքաքրդական հարաբերությունները քննարկելու համար տեղի է ունենում Սասունի գավառի հայ երևելի գործիչների ժողով, որին մասնակցում է նաև Հրայրը։ Այդ ժողովից հետո նա ակտիվորեն մասնակցում է հայ ազատագրական պայքարին և հետզհետե դառնում տեղի հայության ամենաազդեցիկ գործիչներից մեկը։ Կազմակերպում է ֆիդայական խումբ և շրջելով Սասունում՝ պատժում հայերին հալածող թուրք և քուրդ հարստահարիչներին։ Մի որոշ ժամանակ անց Հրայրը համոզվում է, որ ֆիդայական փոքրաթիվ վրեժխնդրությունները ի զորու չեն ազատագրել ժողովրդին Օսմանյան բռնապետությունից, իսկ ազատագրվելու համար հարկ է ապստամբության հանել հայության բոլոր հատվածներին։ Սկսում է թղթակցել արտասահմանում հրատարակվող հնչակյանների «Հնչակ» և դաշնակցականների «Դրոշակ» թերթերին՝ վերջիններիս լսարաններին ներկայացնելով արևմտահայերի ծանր կացությունն ու հայության բոլոր հատվածներին տոգորելով օգնել Սասունի ժողովրդին։ Որպես ժողովրդական պայքարի կազմակերպիչ և կռվող՝ մասնակցում է 1891, 1892, 1893թթ․ Սասունի մարտերին, իսկ 1894-ին Մեծն Մուրադի, Շենիկցի Գրգոյի, Գելիեգուզանցի Պետոյի և այլոց հետ գլխավորում Սասունի ապստամբությունը։ Չնայած նա հիացած էր ապստամբության ժամանակ հայերի ցուցաբերած միասնականությամբ և սխրանքներով, բայց պարտությունը Հրայրին իրատես գործչից դարձնում է իրապաշտ։ Նա ևս մեկ անգամ համոզվում է, որ սասունցին միայնակ չի կարող հասնել ազատության, ուստի ավելի ամուր է կառչում ընդհանուր ապստամբության գաղափարին։ 1894թ․ մեկնում է Կովկաս՝ հնչակյաններից զենք ստանալու և Սասուն փոխադրելու համար, սակայն վերջիններս զենք չեն տրամադրում։ Հրայրն այստեղ հանդիպում է դաշնակցական ղեկավարներին և առաջադրում ընդհանուր ապստամբության իր տեսակետը։ Այն հավանության է արժանանում դաշնակցականների կողմից, իսկ Հրայրը դուրս է գալիս Հնչակյան կուսակցությունից և անդամագրվում Դաշնակցությանը։ Այդ տարիներին ՀՅԴ-ն Սասունում դեռ հաստատված չէր, իսկ Հրայրի շնորհիվ շուտով դառնում է Սասունում իշխող հայկական գաղափարական ուժ։ ՀՅԴ-ին են անդամակցում բազմաթիվ ֆիդայապետեր՝ իրենց խմբերով Հրայրը Սասունում դառնում է այնպիսի հեղինակություն, ինչպիսին Ռոստոմն էր ողջ Կովկասում։ ՀՅԴ-ի կողմից գաղափարական աջակցությունը ոգևորիչ էր նրա համար։ Հրայրը եթե նախկինում զուտ դավանում էր «Ընդհանուր ապստամբություն»՝ ապա այդուհետ զբաղվելու էր դրա նախապատրաստությամբ։ Այսպիսով՝ «Ընդհանուր ապստամբության» համար Հրայրի գլխավոր անելիքներն էին․ 1․ Հնարավորինս վերջ տալ ֆիդայական նախահարձակ առճակատումներին, քանի որ դրանց հաջորդում էին իշխանությունների վրեժխնդրությունները։ 2․ Յուրաքանչյուր գյուղում և քաղաքում հիմնել ապստամբության նախապատրաստությունները գլխավորող կոմիտեներ, ենթակոմիտեներ և զինված խմբեր։ 3․ Արտասահմանից զինված խմբեր տեղափոխել Արևմտյան Հայաստան։ 4․Զենք ներկրել Կովկասից։ 5․Հակաթուրքական դաշինք ստեղծել օսմանահպատակ մյուս ժողովուրդների հետ և հեղափոխական ծիլեր սերմանել նաև թուրք մտավորականության շրջանում։ 6․ Հաշտեցնել ժողովրդական պայքարը հովանավորող հայ ազգային կուսակցություններին՝ հորդորելով մի կողմ դնել նրանց ներկայացուցիչների միջև անձնական խնդիրներն ու գաղափարական անհամաձայնությունները։
1895-ից նա արդեն զբաղվում է արտասահմանից հայ կամավորական խմբերի տեղափոխությամբ Արևմտյան Հայաստան։ 1895-ին լինում է Էրզրումում, Տրապիզոնում, Բաթումիում, Թիֆլիսում, Բալկաններում, Ռումինիայում և հավաքագրում շուրջ 50 հոգուց կազմված խումբ, որի մեջ էին նաև Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, Սեպուհը։ Սահմանն անցնելւոց հետո, սակայն, խումբը նկատվում է քրդերի կողմից և ճակատամարտը դառնում է անխուսափելի։ Մի քանի տասնյակ հայդուկներ Հրայրի մասնակցությամբ Դալիբաբայի ճակատամարտում կատարյալ հաղթանակ են տանում 500 զինված քրդերի նկատմամբ, բայց հետապնդումները չեն դադարում։ Խմբի մի մասին ճանապարհելուց հետո Հրայրը Թաթուլի (Արամ Արամյան) հետ ձերբակալվում է։ Թաթուլը ենթարկվում է մահապատժի, իսկ Հրայրը բանտ է նետվում։ Մի որոշ ժամանակ անց համաներմամբ ազատ է արձակվում և նորից շարունակում իր ազգանվեր գործունեությունը։ 1896թ, Բասենում դարձյալ բռնվում է։ Թուրքերը նրան ուղարկում են Ղզլաղաճ և արգելում դուրս գալ գյուղից։ Իշխանություններից խույս տալու համար նա դերվիշի հագուստով միայնակ սկսում է շրջել հայկական գյուղերում և գործակիցներ գտնել «Ընդհանուր ապստամբություն» կազմակերպելու համար։ Բոլոր վայրերում նրա այցելությունների մասին ժողովրդական լայն զանգվածներն իմանում էին միայն իր գնալուց հետո։ Այդ էր պատճառը, որ ստանում է Ուրվական մականունը։ «Հեղափոխականը կա՛մ պիտի մեռնի կախաղանով, կա՛մ բանտում, կա՛մ գնդակից»,-ամենուր հայտարարում էր նա անքննելի վճռականությամբ։
Բազմաթիվ գյուղերում Հրայրի հիմնած կազմակերպությունները աշխուժորեն մասնակցում էին Կովկասից զենք փոխադրելու և տեղական ինքնապաշտպանությունը գլխավորելու գործերին։ Հուսադրող էր նաև Գուրգենի (Բաղդասար Մալյան) և Վազգենի (Տիգրան Տերոյան) օժանդակությունը այդ աշխատանքներին, բայց Վազգենը 1898թ․ իսկ Գուրգենը՝ 1899-ին զոհվում են։ Հրայրը հայ-քրդական դաշինք ստեղծելու համար հանդիպումներ և պայմանավորվածություններ է ունենում քուրդ ցեղապետերի հետ։ Մասնակցում է նաև հայկական գյուղերի տնտեսական խնդիրների լուծմամբ։ Ամեն ջանք ներդնում է իր ծրագիրն իրագործելու համար, հաճախ ի շահ պայքարի՝ ընդհուպ մինչև ծեծելը պատժում հեղինակավոր ֆիդայիների և այլ անձանց (Մախլուտոյին, Գևորգ Չաուշի կնոջը՝ Եղսոյին)։ 1895թ․ տեսնելով ժողովրդական պայքարը հովանավորելու կոչված հայ ազգային կուսակցությունների անհանդուրժողականությունը միմյանց նկատմաբ՝ «Դրոշակ» թերթին գրած նամակում խիստ քննադատում է կուսակցական գործիչներին, և սթափեցնելու համար տեղեկացնում, որ յուրաքանչյուր րոպե օրհասական է արևմտահայության համար, պետք է միանալ։ Այդ աշխատանքներով նա զբաղվում է մինչև 1899 թ․, երբ զոհվում է Աղբյուր Սերոբը։ Քանի որ Սերոբի մահից հետո ֆիդայիները մնացել էին առանց առաջնորդի, պետք էր նոր ֆիդայապետ ընտրել։ Քննարկվում էին Գևորգ Չաուշի, Անդրանիկի, Սպաղանաց Մակարի թեկնածություները։ Գևորգը համեստ մարդ էր և չէր ուզում լինել ղեկավար, Անդրանիկը դեռ այդքան փորձառու չէր՝ գլխավորելու ֆիդայիներին, իսկ Մակարը, չնայած ուզում էր, բայց հակված էր դեպի Հրայրը և նրա ծրագրերը։ Բոլորը համաձայնության են գալիս Հրայրի շուրջը, բայց վերջինս ավելի շատ կարևորում էր «Ընդհանուր ապստամբության» կազմակերպումը, իսկ ֆիդայապետ լինելու դեպքում ինքը չէր կարող ողջ ժամանակը տրամադրել դրան։ Ֆիդայիները Գևորդ Չաուշի նախաձեռնությամբ որոշում են նրան բռնի դարձնել ֆիդայապետ, բայց ծրագիրը ձախողվում է։ 1900թ․Շենիկում տեղի է ունենում Սասունի զինված ուժերի և ֆիդայիների ժողով, որը հրավիրել էր Հրայրը։ Նա համաձայնում է դառնալ ֆիդայապետ, պայմանով, որ հայդուկները պիտի վերջ տային նախահարձակ ու անժամանակ կռիվներին, իսկ այդ որոշումից դժգոհ մի քանի ֆիդայիներ, օրինակ՝ Անդրանիկը, Համբարձումը պիտի դուրս գային երկրից և զբաղվեին զենք փոխադրելու գործով։ Դա բորբոքում է Անդրանիկի ջղայնությունը։ Նա Հրայրին մեղադրում է վախկոտության մեջ։ Ծագած վեճի արդյունքում Անդրանիկը զենքն ուղղում է Հրայրի վրա և սպառնում սպանել նրան, բայց գյուղացիներն անմիջապես վրա են հասնում, զինաթափում Անդրանիկին և վերջինիս համախոհներին, կապում և սպանելու պատրաստ սպասում Հրայրի հրամանին։ Հրայրը, սակայն, ֆիդայու կերպարը ժողովրդի աչքի առաջ չնվաստացնելու համար չի թողնում ձեռք բարձրացնեն հայդուկների վրա, այլ բավարարվում է միայն նրանց պատժելով և զենքերը վերցնելով։ Այսպիսով, ակամայից հաստատվում է, որ Հրայրը Սասունի ամենահեղինակավոր գործիչն է։ Շենիկի ժողովի խռովությունը խոր անջրպետ է բացում Հրայրի և ֆիդայիների միջև, ուստի շատ չանցած Գևորգ Չաուշը կարողանում է համոզել Հրայրին վերադարձնել զինաթափված հայդուկների զենքերը։ Հրայրը շարունակում է զբաղվել ապստամբության նախապատրաստությամբ։ Ըստ նրա ծրագրի՝ դա տեղի պիտի ունենար 1905թ․, սկսվեր Սասունից և ներառեր Վասպուրականը, Էրզրումը և մնացած շրջանները։ Վասպուրականում նախապատրաստությունը կազմակերպելու համար մեկնում է այնտեղ, պարբերաբար այցելում նաև Սասուն, Խնուս, Խլաթ՝ ստուգելու այդ բնակավայրերի անցուդարձը։ Նա չթուլացնելու համար ժողովրդի ըմբոստության կորովը, ամեն տեղ կենդանի է պահում Աղբյուր Սերոբի հիշատակը, օրինակներ բերում նրա քաջագործություններից և եզրափակում իր խոսքն այսպես․ «Ապավինիլ միայն սեփական ուժին, սեփական միությանն ու կազմակերպությանը։ Պիտի ջանալ, որ ամեն հայ Սերոբ դառնա, ոչ թե ստեղծիլ մեկ-երկու Սերոբ և նրանցից փրկություն սպասիլ»։ 1903-ին կառավարությունը մեծ ուժեր է կենտրոնացնում Սասունի վրա և ակնհայտ է դառնում, որ գարնանը պիտի հարձակում տեղի ունենա։ Փաստորեն այդ կերպ Հրայրի «Ընդհանուր ապստամբության» ծրագիրը վիժեցվում էր։ Այդ էր պատճառը, որ նա խորին ափոսանքով է հանձն առնում գլխավորել Սասունի ինքնապաշտպանության հյուսիսային ճակատը։ Այդ պատրաստակամությամբ ապացուցվում էր, որ չնայած Հրայրը դեմ էր հայերի կողմից ռազմական վաղահաս գործողություններին, բայց ցանկացած կռվի ժամանակ նա առաջիններից էր հայտնվում մարտադաշտում։ 1904թ․Սասունի ապստամբության ժամանակ նրա հրամանատարության տակ էին կռվում Սպաղանաց Մակարը, Մուրադը, Կոտոյի Հաջին, Սեպուհը, Շենիկցի Ղազարը, Մանուկը, Լաճկանցի Արթինը իրենց մարտական խմբերով։ Ապրիլի 13-ին Սեմալից Հրայրը հեռադիտակով տեսնում է, որ թուրքերը ներխուժում են Շենիկ, այնուհետև, երկու մասի բաժանված, շարժվում Սեմալ և Ալիանք հայկական գյուղերի վրա։ Հրայրն անմիջապես տալիս է հակահարձակման հրաման, իսկ ինքը Սեպուհի, Սեմալցի Մանուկի, Գրգոյի և մի քանի տասնյակ զինվորների հետ կազմակերպում խաղաղ բնակիչների նահանջը Գելիեգուզան՝ կռվելով թիկունքում։ Գելիեգուզանում վիրավորվում է Սեպուհը և ինքնասպան լինելու փորձեր անում։ Չնայած Սեպուհը հորդորում է չօգնել իրեն, բայց Հրայրը իրեն բնորոշ համառությամբ ու հաստատակամությամբ ասում է․ «Կա՛մ կսպանվիմ, կա՛մ քեզ ալ ազատելով հետս կտանիմ» և շտապում օգնության։ Հրայրը այդ պահին էլ զոհվում է։ Նրա դիակը նահանջող հայերը տանում են և թաղում Գելիեգուզանի հայկական եկեղեցու բակում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets